14:56 29.05.2019
Ղազախստան աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Նուր-Սուլթանում` Անկախության պալատում, մասնակցել է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հոբելյանական նիստին: Այն նվիրված է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրման 5-ամյակին:
Անկախության պալատում Հայաստանի վարչապետին, ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարներին դիմավորել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը: Տեղի է ունեցել ձեռքսեղմման և արարողակարգային լուսանկարահանման արարողություն:
Այնուհետև կայացել է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը՝ սկզբում նեղ, ապա ընդլայնված կազմով:
Նեղ կազմով հանդիպման ժամանակ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին Եվրասիական տնտեսական միության պատվավոր նախագահի կոչում շնորհելու և նրան «Եվրասիական տնտեսական միության զարգացման գործում ունեցած ավանդի համար» շքանշանով պարգևատրելու մասին` հաշվի առնելով նրա պատմական ներդրումը Եվրասիական տնտեսական միության կայացման գործում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.
«Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի հարգելի անդամներ
Հարգելի Նուրսուլթան Աբիշի
Նիստի հարգելի անդամներՆախ և առաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ղազախական կողմին` գերազանց ընդունելության և ավանդական հյուրընկալության համար, ինչպես նաև մեր հոբելյանական գագաթնաժողովի փայլուն կազմակերպման համար:
Ցանկանում եմ շնորհավորել նաև Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին` Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի պատվավոր նախագահի կոչումն ստանալու կապակցությամբ: Նուրսուլթան Աբիշի, Ձեր դերը Միության ձևավորման գործում իսկապես անգնահատելի է:
Ինչպես բազմիցս նշել եմ, մենք շահագրգռված ենք Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի առավելագույնս արդյունավետ մասնակցությամբ և կգործադրենք բոլոր ջանքերը` համագործակցության մեխանիզմների կատարելագործման և չորս ազատությունների գործնական ձեռքբերման համար:
Հարգելի գործընկերներ
Այսօրվա հանդիպման օրակարգի հարցերի վերաբերյալ կցանկանայի նշել հետևյալը. որպես նախագահող երկիր՝ Հայաստանն առանձնակի կարևորում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական կապերի ընդլայնումը: Մենք նպատակադրված ենք արդյունավետորեն ավարտին հասցնել բանակցությունները Սինգապուրի, Սերբիայի, Եգիպտոսի, Իսրայելի և Հնդկաստանի հետ: Իրանի հետ համաձայնագիրն արդեն իսկ վավերացվել է Հայաստանի Ազգային ժողովի կողմից:
Կցանկանայի ձեզ տեղեկացնել, որ վերջերս Պեկին կատարած իմ այցի ընթացքում Չինաստանի նախագահի և վարչապետի հետ հանդիպումների ժամանակ Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցության համաձայնագիրը հիշատակվում էր որպես մեր երկու երկրների միջև տնտեսական համագործակցության աճին նպաստող առանցքային գործոններից մեկը:
Գոհունակությամբ կցանկանայի նշել Սինգապուրի հետ բանակցություններում ձեռք բերված առաջընթացը, չնայած նրան, որ, ըստ էության, այդ բանակցությունները վարվում են երեք առանձին ուղղություններով` ապրանքներ, ծառայություններ և ներդրումներ:
Հաշվի առնելով, որ Ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները գործնականում գրեթե ավարտվել են, իսկ Ծառայությունների և ներդրումների առևտրի մասին համաձայնագրի շուրջ բանակցությունները նախաեզրափակիչ փուլում են, կարևոր եմ համարում ամեն ջանք գործադրել, որպեսզի Սինգապուրի հետ համաձայնագրերի փաթեթն ստորագրվի այս տարի:
Ես նաև ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ այս տարվա հուլիսին մտադիր եմ այց կատարել Սինգապուր, որի ընթացքում կանեմ հնարավորը, որպեսզի այս ուղղությամբ առաջընթաց ապահովվի:
Հայաստանի Հանրապետությունն ակտիվորեն մասնակցում և աջակցում է ԵԱՏՄ թվային օրակարգի ստեղծման և իրականացման գործընթացին: Մենք առանձնահատուկ կարևորություն ենք տալիս «կարգավորիչ ավազանների» հատուկ իրավական ռեժիմների ստեղծման, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության, թվային տրանսպորտային միջանցքների աշխատանքների կազմակերպման, ինչպես նաև թվային զարգացման կենտրոնների ստեղծման հարցերով խմբերի գործունեությանը:
Համոզված ենք, որ ԵԱՏՄ թվային օրակարգի շրջանակում իրականացվող և անդամ պետությունների կարողությունների ընդլայնմանը միտված աշխատանքի դինամիկ զարգացումը կնպաստի համագործակցության մակարդակի բարձրացմանը և հարմարավետ պայմաններ կստեղծի բիզնեսի համար: Նշված ուղղությամբ առաջխաղացումը թույլ կտա անդամ պետություններին բարձրացնել իրենց մրցունակությունը, ավելացնել ապրանքների և ծառայությունների առևտուրը` ինչպես անդամ երկրների միջև, այնպես էլ երրորդ երկրների հետ:
Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի ձևավորումը թույլ կտա անդամ պետություններին զարգացնել համագործակցությունն իրավահավասարության, փոխշահավետության, արդար մրցակցության ապահովման սկզբունքների հիման վրա՝ ելնելով էլեկտրաէներգիայի արտադրողների և սպառողների տնտեսական շահերից:
Այս կապակցությամբ Հայաստանի Հանրապետությունը ողջունում է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունների ստորագրումը, որոնք կատարվել են անդամ պետությունների միջև էլեկտրաէներգիայի միջպետական փոխանցումն իրականացնելու մեթոդաբանության լրացման նպատակով` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության և Ղրղըզստանի Հանրապետության՝ ԵԱՏՄ-ին միանալու առանձնահատկությունները:
Մեթոդաբանության մեջ արվող փոփոխությունները թույլ կտան ձևավորել անդամ պետությունների միջև էլեկտրաէներգիայի մատակարարման ծավալների պլանավորման, սահմանման և համաձայնեցման սկզբունքները: Դրանք նաև թույլ կտան սահմանել անդամ պետությունների և երրորդ երկրների համակարգային օպերատորների միջև համագործակցության սկզբունքները:
Եզրափակելով խոսքս` կցանկանայի նշել, որ ուրախ կլինենք ողջունել ձեզ Երևանում այս տարվա հոկտեմբերի 1-ին՝ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստին:
Շնորհակալություն ուշադրության համար»:
Նիստում քննարկվել են 2018թ. ԵԱՏՄ միջազգային գործունեության հիմնական ուղղությունների իրագործմանը, 2019-2020թթ. ԵԱՏՄ անդամ պետությունների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններին վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել ԵԱՏՄ թվային օրակարգի իրականացման ընթացքին, 2017-2018 թթ. ԵԱՏՄ անդամ երկրների կողմից ծառայությունների և գործունեության առևտրի կարգավորման կանոններով նախատեսված դրույթների կատարման մոնիթորինգի արդյունքներին, ԵԱՏՄ շրջանակում ծառայությունների առանձին ոլորտների ազատականացման ծրագրերի իրագործմանը: Ստորագրվել են ԵԱՏՄ մասին 2014թ. մայիսի 29-ի պայմանագրում փոփոխությունների իրականացման արձանագրությունները, ԵԱՏՄ 2017թ. ապրիլի 11-ի Մաքսային օրենսգրքի մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը, ԵԱՏՄ մաքսային տարածք ներմուծվող ապրանքների շարժին հետևելու մեխանիզմի մասին համաձայնագիրը: Ստորագրվել են Ղրղըզական Հանրապետության կողմից ԵԱՏՄ մասին 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրի կիրարկման պայմանների ու անցումային դրույթների մասին արձանագրությունում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը:
Քննարկվել են ԵԱՏՄ և երրորդ երկրների միջև առևտրային համաձայնագրերի կնքման արդյունքում արձանագրված արդյունքները և հետագա անելիքները: Ներկայացվել է սահմանամերձ շուկաներում մրցակցության վիճակի և մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների վերացման նպատակով ընդունված միջոցների վերաբերյալ ԵԱՏՀ տարեկան հաշվետվությունը:
Խորհուրդը որոշում է ընդունել Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հաջորդ նիստը 2019 թվականի հոկտեմբերի 1-ին Երևանում անցկացնելու վերաբերյալ:
22:39 31.07.2025
Երևանում թիվ 2 երթուղին սպասարկող տրոլեյբուսը բախվել է լուսացույցի լարերին, ինչի հետևանքով այն ընկել է «Opel»-ի վրաՀուլիսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:45 սահմաններում Ագաթանգեղոս փողոցի և Տիգրան Մեծ պողոտայի խաչմերուկում Երևանի բնակիչ 32-ամյա Սուրեն Ս․-ն իր վարած թիվ 2 երթուղին սպասարկող տրոլեյբուսով բախվել է հետիոտնային լուսացույցի լարերին, ինչի հետևանքով այն ընկել է Կոտայքի մարզի բնակիչ 28-ամյա Մուշեղ Մ․-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայի վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, […] ...
22:27 31.07.2025
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
22:21 31.07.2025
Ադրբեջանի վրա ճնշումներ կան թե Եվրոպայից, թե ԱՄՆ-ից․ Հովսեփ ԽուրշուդյանԱյսօր «Հեռանկարը» հյուրընկալել է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանին։ Անդրադարձ է եղել վերջին օրերի աշխարհաքաղաքական զարգացումներին, մասնավորապես Պաղեստինի պետության ճանաչման գործընթացին, ռուս-ամերիկյան հարաբերությունների նոր սրացումներին։ Հովսեփ Խուրշուդյանը խոսել է նաև Զանգեզուրի թեմայից։ Նրա կարծիքով ճանապարհի վերահսկողության արտապատվիրակումը լինելու է ամերիկյան կողմին։ «Լինելու է հայ-ամերիկյան համատեղ կոնսորցիում, որը կվերահսկի լոգիստիկ սպասարկման տեխնիկական հարցերը։ Այսինքն ներդրումներ […] ...
22:12 31.07.2025
Ռուբիո. Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև պատերազմն անհավանական էԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ուղղակի ռազմական բախումը անհավանական է, այն երբեք չի կարելի թույլ տալ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Fox Radio-ին տված հարցազրույցում։ «Դե, դա նույնիսկ անհավանական է։ Հասկացեք, Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև պատերազմը մի բան է, որը մենք երբեք չենք կարող թույլ տալ։ Սրանք աշխարհի երկու ամենամեծ միջուկային տերություններն […] ...
21:51 31.07.2025
Ռուդիկ Մակարյանը՝ Moscow Open 2025-ի հաղթողՄիջազգային վարպետ Ռուդիկ Մակարյանը դարձել է Moscow Open 2025 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Ռուդիկ Մակարյանըը 9 հնարավորից վաստակել է 8.5 միավոր և 1.5 միավորով առաջ է անցել երկրորդ տեղը զբաղեցրած մասնակցից։ Մրցաշարին մասնակցել են 8 երկրների հազարից ավելի շախմատիստներ։ ...