12:40 06.10.2019
Ինչպես տեղեկացրել էինք, երեկ՝ հոկտեմբերի 5-ին, 4 անձինք «Հայելի» մամուլի ակումբի մոտ ակցիա են իրականացրել։ Նրանք ձվեր են նետել ակումբի դռներին ու պաստառներ փակցրել՝ պահանջելով փակել լրատվամիջոցը։ Ներկայացնում ենք հասարակական և քաղաքական գործիչների արձագանքները միջադեպի հետ կապված:
ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյան
«Քիչ առաջ վերադարձա Ստրասբուրգից և ֆեյսբուքից տեղեկացա «Հայելի» ակումբի միջադեպի մասին: Միանշանակ դատապարտում եմ այս դեպքը և հույս հայտնում, որ իրավապահ մարմինները համապատասխան միջոցառումներ կիրականացնեն: Ցանկացած ոտնձգություն ազատ խոսքի նկատմամբ ետ կշպրտի մեր երկիրը այսօրվա ժողովրդավարական ձեռքբերումներից: Ինչպես Թոմաս Ջեֆֆերսոնն էր ասել. «Մեր ազատությունը կախված է մամուլի ազատությունից, և վերջինս չի կարելի սահմանափակել առանց այն կորցնելու»»:
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյան
«Խստորեն դատապարտում եմ մամուլի, մասնավորապես Հայելի ակումբի, դեմ հարձակումները: Ժամանակին կրծքով պաշտպանել ենք, օրինակ, Հայկական Ժամանակը: Սրա՞ համար»:
ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյան
«Զորակցությունս եմ հայտնում Անժելա Թովմասյանին՝ «Հայելի ակումբ»-ի վրա այսօրվա հարձակման կապակցությամբ։
Վերջին մեկուկես տարում անընդհատ բարձրաձայնել եմ, որ, եթե միջոցներ չձեռնարկվեն ատելության խոսքի տարածումը, այլակարծության նկատմամբ անհադուրժողականությունը կանխելու համար, շատ մեծ է հավանականությունը, որ դրանք առցանց տիրույթից ներթափանցելու են իրական կյանք։Այսօրվա հարձակումը ասածիս վկայությունն է։ Այս հարձակումը փորձաքար է իշխանությունների համար՝ մասնավորապես, թե ինչպես է պետությունը արձագանքում խոսքի ազատության նկատմամբ ոտնձգությանը՝ անկախ տվյալ զանգվածային լրատվության միջոցի եւ դրա ներկայացուցիչների նկատմամբ իշխող ուժի ունեցած վերաբերմունքից։ Այս հարցում իշխանության ցանկացած տապալում տապալում է խոսքի ազատության, ժողովրդավարական արժեքների, արդյունքում՝ իրավական պետության համար»։
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյան
«Րոպեներ առաջ վերադարձա Ստրասբուրգից և հենց օդանավակայանում տեղեկացա, որ հարձակում է տեղի ունեցել լրատվամիջոցի վրա: Որպես քաղաքացի, որպես նախկին լրագրող և որպես Մարդու իրավունքների պաշպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, խստորեն դատապարտում եմ մամուլի դեմ ցանկանած ոտնձգություն: Ազատ խոսքը մեր երկրում այլընտրանք չունի, սա պիտի հասկանան բոլորը, և ցանկացած նման դեպք պիտի ստանա իրավական խիստ գնահատական»:
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյան
«Բացարձակ մերժելի բան է լրատվամիջոցի վրա հարձակումը, որքան էլ այդ լրատվամիջոցի լրատվությունը կամ հաղորդածը, կամ խմբագրի կամ հիմնադրի մտքերը անընդունելի, կամ տհաճ լինեն այս կամ այն խմբի, մեծամասնության կամ փոքրամասնության համար:
«Հայելի» խմբագրության դեմ հարձակումը պիտի վերջինը լինի, իսկ հարձակվողները պետք է պատշաճ պատասխանատվության ենթարկվեն արածների համար, խուլիգանության հոդվածով»:
«Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր Ռուբեն Մելիքյան
«Հենց նոր հեռախոսակապ հաստատեցի Անժելա Թովմասյանի հետ։ ՀՀ-ից բացակայում է մինչև երկուշաբթի։
Ազդարարված դրդապատճառի հետ ակնհայտորեն կապ չունեցող ոտնձգությունը «Հայելու» վրա ոչ այլ ինչ է, քան, մի կողմից, Հրայր Թովմասյանի ընտանիքի վրա նոր հոգեբանական ճնշում գործադրելու, իսկ մյուս կողմից, կառավարությանը ոչ ենթակա մամուլը ճնշելու փորձ։
Ամենևին վստահ չեմ, որ ՀՀ իրավապահ համակարգի արձագանքը համարժեք է լինելու։ Ուստի ակնկալում եմ միջազգային իրավասու կառույցների, Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների օրակարգ ունեցող դեսպանությունների կոշտ արձագանքը»։
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյան
«ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահին, ՄԻՊ-ին, “հարձակում”, “ոտնձգություն” ու նմանատիպ բառեր օգտագործողների համար թեթև լիկբեզ անեմ.
Հարձակումն այն է, երբ Երևանի կենտրոնի փողոցներից մեկի վրա՝ ՀԿ գրասենյակի դիմաց “կայանած” սպիտակ ավտոմեքենայում մի անբարոյական կին, մեկ գյադա, որը գիշերվա 22:30-ին մուգ արևային ակնոցներ է կրում որ չճանաչվի, կապ են տալիս մասիվ՝ շենքերից մեկի կողքը կայանած մեկ այլ սպիտակ ավտոմեքենայի՝ կրկին մեկ անառակ-մեկ գյադա զույգով, որ թիրախը Կենտրոնից բարձրանում է Մասիվ, իսկ երկու նարկոշ մոլախոտ էլ 20-30 րոպե դարանակալում են շենքի մուտքի մոտ, ու թիրախի տեղ հասնելուն պես հարձակվում նրա վրա, հափշտակում հեռախոսն ու թաքնվում, քանի որ թիրախը նրանց այլ ընտրություն չի թողնում, նրանք չեն էլ կարողանում կայանած ավտոմեքենայով փախչել, ընկնում են տեսախցիկների տակ, քանի որ թիրախը նրանց հետապնդել էր 500 մետր:
Կամ հարձակումը այն է, երբ երկու նարկոշ ողջ օրը հետևում են դատավորին, սիլիկոնե տասնապետուհու օնլայն հրահանգներով երեկոյան բռնացնում տուն գնացող դատավորին, ամբողջ մոլախոտ բոյով փորձում մտնել նրա բերանը, ահաբեկել, հոգեբանական բռնության այլ ձևեր են գործադրում նրա նկատմամբ:
Իսկ ակումբի դեմը տեսախցիկի առջև պատի ու փակ դռան վրա ձվեր նետելն ու դժգոհություն հայտնելը, երբ կատարողները չեն թաքցնում իրենց ինքնությունը, չեն փախչում դեպքի վայրից, հաստատ հարձակում չէ, այլ լավագույն դեպքում՝ չհամակրելի կամ չաջակցելի ակցիա:
Դատապարտեմ ձեր դատապարտված ու մերժված դատապարտումը: Ձեր ընտրությունն է այդքան ընկնելը: Իսկ եթե ձեր համար ակցիան ուղղված է եղել ԶԼՄ-ի դեմ ու դուք այն ԶԼՄ եք համարում, ապա կրկին ընտրությունը ձերն է: Եթե նա ԶԼՄ է, ես էլ ուրեմն տիեզերագնաց եմ»:
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի նախագահ Թևան Պողոսյան
«Այս անգամ էլ պետք է ասեմ` Անժելա ջան և «Հայելի» ակումբի ողջ աշխատակազմ ջան, ներողություն։
Ասեմ նաև, որ մի հետաքրքիր բան եմ նկատել։ Այսօր քաղաքական գործիչներից որևէ մեկը երբ դատապարտում է, անպայաման ենթարկվում է ֆայքերի կամ ոչ այդքան ֆեյքերի հարձակումների։ Իմ համար ցավալի մշակույթ է սա: Բայց զարմանալի է նաև, որ սա իմանալով` մեր քաղաքակական կուսակցությունները դատապարտումներն իրենց անունով չեն անում։ Մենք պառլամենտական կառավարման մոդելի երկիր ենք, ու կուսակցությունների դերը ոչ միայն տեսլականներից խոսելն է, իշխող, ընդիմադիր կամ արտախորհրդարանական լինելն է, այլ նաև իր անդամների համար արժեքային դաշտ ձևավորելն է, որը նաև ուժի ու կայացվածության դրսևորում է։ Պաշտպանեք ձեր իսկ կուսակիցներին, անկախ նրանից իշխող եք թե ընդիմադիր։ Ակնկալում եմ, որ շուտով նաև քաղաքակական միավորումները կասեն իրենց խոսքը։ Պետական ինստիտուտների մի մասինը տեսել եմ, բայց հիմա կարևոր է, որ օրենքների պաշտպանները կազմակերպեն գործողություն, ու բոլոր մեղավորները խստագույնս կրեն իրենց պատիժը»։
Փաստաբան Նորայր Նորիկյան
«Արջի ծառայություն մատուցողները բոլոր ժամանակներում մեծ վնաս են հասցրել:
Միայն մղձավանջային երազում է հնարավոր պատկերացնել, որ Նիկոլի իշխանության օրոք կարող է որևէ ոտնձգություն իրականացվել որևէ լրագրողի, լրատվամիջոցի, կամ որևէ խմբագրության նկատմամբ:
Իմ խորին համոզմամբ, անկախ որևէ լրատվամիջոցի կամ լրագրողի նկատմամբ ունեցած դիրքորոշումից, անթույլատրելի է մամուլ նկատմամբ ուղղակի կամ անուղղակի ցանկացած ճնշում ու ոտնձգություն:
Սա ամոթ ու խայտառակություն է:
Այնպիսի տպավորություն է, որ ամեն մի «ջահել» կարող է իրեն իրավունք վերապահել իր արժեհամակարգին համապատասխան հարցեր լուծել:
Ազատությունը չի կարելի շփոթել սանձարձակության հետ:
Սանձե՛ք այս ամենաթողությունը և կարգի՛ հրավիրեք այս «ջահելներին»՝ այն հստակ համոզմամբ, որ այս մտայնության արմատավորումը վաղը կարող է պատուհաս դառնալ պետության համար՝ խաթարելով նրա հեղինակությունը…»։
17:53 08.07.2025
Քննարկվել է «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ի շուրջ ստեղծված իրավական գործընթացըԵրբեմնի 1500 աշխատակից ունեցող «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ի աշխատակիցները գործարանի ճակատագրով մտահոգված դիմել են ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Ստեփանյանին: Ներկայում գործարանն ունի շուրջ 450 աշխատակից, որոնք արդեն մեկ տարի է՝ աշխատավարձ չեն ստացել: Դեռեւս 2022 թվականից սկսվել է սնանկության գործընթաց, իսկ 2024 թվականի ապրիլ ամսից դադարեցվել է ընկերության գործունեությունը: […] ...
17:40 08.07.2025
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել չինական հինգ ընկերությունների նկատմամբՎլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել Չինաստանի հինգ ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է նրա կայքում։ Ցանկում ներառված են ՉԺՀ-ում գրանցված հինգ իրավաբանական անձանց անունները: Սահմանափակումները սահմանվում են տասը տարի ժամկետով: Դրանք ներառում են ակտիվների արգելափակում, առևտրային գործունեության արգելք և ակտիվների դուրսբերում Ուկրաինայից, լիցենզիաների, մասնավորապես՝ ընդերքի օգտագործման թույլտվությունների չեղարկում և այլն: Զելենսկին պարբերաբար […] ...
17:32 08.07.2025
Պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը բավարարվեցԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդագիրը՝ պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին, բավարարվեց: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։ ...
17:25 08.07.2025
«Կուկարտ–XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնում Խամաճիկների թատրոնն արժանացել է ոսկե մեդալիԵրևանի Խամաճիկների պետական թատրոնը մասնակցել է Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքի «Կուկարտ–XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնին և պարգևատրվել ոսկե մեդալով: Երևանի Խամաճիկների պետական թատրոնը հանդիսատեսի դատին է հանձնել ռեժիսոր Ս. Մովսիսյանի «Կարապի լիճը» բեմադրությունը: Այն հիմնական ծրագրի շրջանակում ցուցադրվել է Կորլսոն հաուս թատրոնում: «Կարապի լիճը» պատմություն է արքայազնի և կարապ Օդետի սիրո մասին, […] ...
17:11 08.07.2025
Մեկնարկում է «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Էդուարդ Թոփչյան) ներկայացնում է «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրը: Նվագախմբի 100-ամյակի շրջանակում մարզային հյուրախաղերի մեկնարկը կտրվի հուլիսի 18-ին Կոտայքի մարզից, այնուհետև համերգները կշարունակվեն Արմավիրի և Արարատի մարզերում: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մարզային համերգները՝ հուլիսի 18-ին՝ ժամը 14:00-ին, Չարենցավանի Ար. Խաչատրյանի անվան […] ...
17:00 08.07.2025
Ի՞նչ է փոխվել տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքումՕրեր առաջ տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքում և հարակից օրենքների նախագծերում նոր փոփոխություններ են արվել. այսօր հրավիրված մամուլի ասուլիսին թեմայի շուրջ մանրամասներ են ներկայացվել: Մանրամասները՝ տեսանյութում: ...