Անցած հանգստյան օրերին Ճապոնիային հարվածած «Հագիբիս» թայֆունի հետևանքով զոհերի թիվը ավելացել է` հասնելով 72-ի: Այս մասին տեղեկացնում է NHK հեռուստաալիքը:
Առնվազն 10 մարդ անհայտ կորածների թվում է, ավելի քան 200-ը` վիրավոր: Ամենամեծ վնասը հասցվել է Ճապոնիայի հյուսիս-արևելքին և Տոկիոյին հարակից Կանագավա պրեֆեկտուրային:
Աղետից տուժած տարածքներում շարունակվում է ենթակառուցվածքների վերականգնման գործընթացը, շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները: Ընդհանուր առմամբ, այդ աշխատանքներին ներգրավվել է մոտ 110 հազար մարդ, ներառյալ` ինքնապաշտպանության ուժերի մարտիկները: Այժմ Տոկիոյի շրջանի շուրջ 13 հազար տուն և առանձնատներ մնում են առանց էլեկտրականության: