07:30 01.06.2018
Վրաստան կատարած պաշտոնական այցի ավարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջան: Կառավարության ղեկավարը եղել է Փոկա, Գանձա, Սաթխա գյուղերում, Նինոծմինդա և Ախալքալաք քաղաքներում: Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, այցելել Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցի, կատարել մոմավառություն:
Հանդիպումների ընթացքում վարչապետն անդրադարձել է Վրաստան կատարած այցի բանակցությունների արդյունքներին, հայ-վրացական հարաբերությունների հետագա զարգացմանը, ինչպես նաև Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական իրադարձություններին: Ախալքալաքում տեղի հայ համայնքի հետ հանդիպմանը ներկա է եղել նաև Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն:
«Ուրախ եմ այստեղ հաստատված մթնոլորտի համար: Ես մեծ հրճվանքով էի հետևում, թե ինչպես էին պարոն փոխվարչապետի ելույթի ամեն պարբերությունից հետո դահլիճում հնչում բուռն ծափահարություններ, և այդ ծափահարություններն իսկապես անկեղծ էին:
Սա իմ առաջին պաշտոնական այցն է վարչապետի կարգավիճակում, և դուք գիտեք բոլորդ, որ ես վարչապետ եմ դարձել ժողովրդի կամքով մի քաղաքական գործընթացի արդյունքում, որը կոչվեց սիրո և համերաշխության հեղափոխություն: Եվ ես Վրաստան պաշտոնական այցով եկել եմ հենց Վրաստան պետությանը, վրաց ժողովրդին ուղղված սիրո և համերաշխության ուղերձով և չափազանց երջանիկ եմ՝ տեսնելով, որ այդ ուղերձը տեղ է հասել, և համարում եմ, որ այսօրվա դահլիճի մթնոլորտը հենց այդ ուղերձի ամենակարևոր արտահայտումն է:
Վրաստանի վարչապետի, նախագահի հետ հանդիպումների ընթացքում մենք շատ արագ այդ պաշտոնական, արարողակարգային թղթերը դնում էինք մի կողմ և անցնում էինք ուղիղ խոսակցության՝ բաց, անկեղծ եղբայրական խոսակցության, որովհետև կարծում եմ, որ փաստաթղթերից, պայմանագրերից առավել կարևոր է, որ կա հնարավորություն նայելու ուղիղ իրար աչքերի մեջ և տեսնելու, թե ինչ է արտահայտում հայացքը: Ես եկել էի, այո՛, սիրո և համերաշխության ուղերձով, ես եկել էի Վրաստանի բարձրագույն իշխանության ներկայացուցիչների աչքերի մեջ ուղիղ նայելու, որպեսզի նրանք տեսնեն, համոզվեն և կարողանան ընթերցել, թե ինչ է գրված այդ հայացքի մեջ: Իսկ այդ հայացքի մեջ գրված է մի բան, որ մենք վճռական ենք հայ-վրացական դարավոր եղբայրական հարաբերությունները բոլորովին նոր մակարդակի բարձրացնելու, մեր հարաբերություններում նոր էջ բացելու և մեր ժողովուրդներին բարեկամության և եղբայրության նոր լիցք և նոր էներգիա հաղորդելու:
Ես լիովին համաձայն եմ պարոն փոխվարչապետի արտահայտած այն մտքի հետ, որ Վրաստանի հզորությունը Հայաստանի հզորությունն է, Հայաստանի հզորությունը Վրաստանի հզորությունն է:
Երբ այս տեսակետից ենք նայում իրավիճակին և խնդրին, մեր անելիքը շատ պարզ է դառնում, մեր անելիքը հստակ է՝ ամուր, պինդ կանգնել կողք կողքի, ուս ուսի և՛ հզորացնել մեր պետությունները, և՛ հզորացնել մեր ժողովուրդներին, և՛ հզորացնել մեր հավատը, ՛և հզորացնել մեր վստահությունը դեպի ընդհանուր ապագա:
Ես այս այցի արդյունքներով համոզվել եմ, որ այսօր Վրաստանում հաստատված է Հայաստանի Հանրապետության համար բարեկամ իշխանություն, հայ ժողովրդի համար բարեկամ իշխանություն: Եվ ես որևէ կասկած չունեմ, որ Վրաստանի կառավարությունը բոլոր ջանքերը կգործադրի Հայաստանի հզորացմանը, հայ ժողովրդի հզորացմանը, բարգավաճմանն ու երջանկությանն աջակցելու համար, ինչպես և մենք մեզնից կախված ամեն ինչ կանենք վրաց պետության հզորացման և վրաց ժողովրդի երջանկության համար:
Նաև մի այսպիսի դիտարկում եմ ուզում անել՝ գիտեք, որ մեզ համար հիմա կարևորագույն առաջնահերթություն է, որ Հայաստանից արտագաղթը դադարի, և ընդհակառակը՝ սկսվի ներգաղթ, այսինքն՝ բոլոր հեռացածները վերադառնան հայրենիք: Մենք Հայաստանի Հանրապետությունում այսպիսի քաղաքականություն ենք վարում»,-ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ:
Իր ողջույնի խոսքում Վրաստանի փոխվարչապետ Միխեիլ Ջանելիձեն Նիկոլ Փաշինյանին մաղթել է նորանոր հաջողություններ իր պատասխանատու պաշտոնում և նշել , որ Վրաստանի կառավարությունը առաջիկայում հայտարարելու է Նինոծմինդա-Հայաստանի սահման ավտոճանապարհի վերակառուցման ծրագրի մրցույթը: Փոխվարչապետ Ջանելիձեն ընդգծել է, որ Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանում նախատեսվում են ենթակառուցվածքային նոր ծրագրեր, որոնք կնպաստեն նոր աշխատատեղերի ստեղծմանը և տարածաշրջանի զարգացմանը:
«Չնայած մեր ձեռքբերումներին՝ երեկվա քննարկումների ժամանակ մենք եկանք այն եզրակացության, որ շատ բան ունենք անելու մեր երկրների առաջընթացի, երկու երկրների հարաբերությունների խորացման համար և ամեն ինչ կանենք, որպեսզի առավել զարգացնենք մեր երկու հարևան բարեկամ պետությունների հարաբերությունները:
Մենք կառուցում ենք ապագայի Վրաստան, մեր հարևան Հայաստանը ևս պարոն Փաշինյանի ղեկավարությամբ կառուցում է ժամանակակից Հայաստան, և մենք միմյանց կողք կողքի կանգնած կկառուցենք լավագույն, զարգացած, ապագայի համար պատրաստ Վրաստան և Հայաստան: Մենք այս ամենը կանենք բարեկամաբար, եղբայրաբար, միասին, սիրով, կողք կողքի և ի բարօրություն երկու երկրների»,-ասել է Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն:
18:33 14.05.2025
Տեղի է ունեցել Կանանց հարցերով խորհրդին կից աշխատանքային խմբի հանդիպումըՀՀ գենդերային քաղաքականության իրականացման 2025-2028թթ․ ռազմավարության շրջանակում 2025 թ․ ընթացքում կատարման ենթակա միջոցառումները քննարկելու նպատակով այսօր տեղի է ունեցել Կանանց հարցերով խորհրդին կից աշխատանքային խմբի հանդիպումը, որին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների, կանանց հիմնահարցերի ոլորտում ակտիվ գործունեություն իրականացնող միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ընդգծելով Ռազմավարության մշակման և իրականացման գործընթացում փորձագիտական համայնքի, զարգացման գործընկերների ակտիվ մասնակցության դերը՝ […] ...
18:23 14.05.2025
Սուրեն Պապիկյանը ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման շրջանակում հանդես է եկել ելույթովՄայիսի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման շրջանակում հանդես է եկել ելույթով: Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Սուրեն Պապիկյանն իր ելույթում նշել է միջազգային խաղաղապահ գործընթացներին Հայաստանի աջակցության մասին և ներկայացրել ՀՀ նոր հանձնառությունները՝ ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններում ներգրավվելու համար համապատասխան պատրաստությամբ անձնակազմի տրամադրում, խաղաղապահների պատրաստության միջազգային դասընթացների կազմակերպում Հայաստանում և ՄԱԿ-ի առաքելություններում կին […] ...
18:14 14.05.2025
Թրամփը չի բացառել իր մասնակցությունը Ստամբուլում կայանալիք ռուս-ուկրաինական բանակցություններինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև մայիսի 15-ին Թուրքիայում նախատեսված բանակցություններին իր մասնակցությունը, սակայն չգիտի՝ արդյոք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի՞, թե՞ ոչ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Reuters-ից, այս մասին Կատար մեկնելիս նախագահական ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում նշել է Թրամփը։ «Նա (խմբ.՝ Պուտինը) կցանկանար, որ ես այնտեղ լինեմ, և դա հնարավոր […] ...
18:07 14.05.2025
Քաղաքաշինության կոմիտեի նախագահն այցելել է Եղվարդի բժշկական կենտրոնի շինհրապարակՔաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն այցելել է Կոտայքի մարզում կոմիտեի համակարգմամբ կառուցվող Եղվարդի (Նաիրի) բժշկական կենտրոնի շինարարական հրապարակ։ Շրջայցին մասնակցող բժշկական կենտրոնի տնօրենի, Քաղաքաշինության կոմիտեի պատասխանատու ստորաբաժանումների մասնագետների, նախագծային, շինարարական և տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ նա դիտարկել է կատարված աշխատանքները՝ ընդգծելով որակի սահմանված նշաձողը պահպանելու կարևորությունը։ Ներկայում ընթանում են արտաքին պատերի երեսապատման, միջնորմների […] ...
17:54 14.05.2025
Բենզինի ռեզերվուարում բռնկված հրդեհը մարվել էՄայիսի 14-ին` ժամը 09:37-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արին Բերդի փողոցում, նախնական տվյալներով, այրվում է բենզինի դատարկ ռեզերվուար: Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային […] ...