18:20 29.05.2020
««Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքի մասին
Ազգային ժողովի կողմից ընդունված «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքը Հանրապետության նախագահի ստորագրմանն է ներկայացվել ս.թ. մայիսի 12-ին:
Նախքան Ազգային ժողովի կողմից օրենքի ընդունումը Սահմանադրական դատարանը քննել և իր 2020թ. մարտի 31-ի որոշմամբ արձանագրել է, որ Կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
Կոնվենցիայով ընդգծվում է, որ երեխաների բարեկեցությունն ու լավագույն շահերը Եվրոպայի խորհրդի բոլոր անդամ պետությունների համար հիմնարար արժեքներ են: Կոնվենցիան ունի կանխարգելիչ նշանակություն՝ երեխաների նկատմամբ բռնության հետ կապված վտանգների, ինքնապաշտպանության միջոցների մասին երեխաներին տեղեկացնելու տեսանկյունից, ինչպես նաև կարևոր է զոհերի պաշտպանության համար:
Հայաստանն ավելի քան 20 տարի անդամակցում է Եվրոպայի խորհրդին՝ այդ ընթացքում նաև բազմաթիվ կոնվենցիաների միջոցով ընդունելով մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործող այս կարևորագույն կազմակերպության և դրա 47 անդամ պետությունների համար ընդհանուր արժեքները՝ միաժամանակ, ներդաշնակորեն հավատարիմ մնալով իր ազգային արժեհամակարգին և պահպանելով այն:
Այդ արժեհամակարգում ընտանիքը, երեխաները, նրանց անվտանգությունն ու առողջությունը մեր պետության, Հայ Առաքելական եկեղեցու և մեզանից յուրաքանչյուրի առանձնահատուկ հոգածության առարկան են: Հենց այս հոգածությունն ու պատասխանատվությունն են, որ կոնվենցիայի կարգավորման առարկան զգայուն են դարձնում մեզ համար, և դրա կիրառման հետ կապված մեր հասարակությունում առաջացել են մտահոգություններ ու հարցեր:
Ակնհայտ է սակայն, որ այդ հարցերի պատասխանները հասարակությանը պետք է տրվեին Կոնվենցիան 2010 թվականին ստորագրելիս, ինչպես նաև Ազգային ժողովում դրա վավերացմանը նախորդած տասը տարիների ընթացքում:
Ողջունելի է, որ, հրապարակայնորեն հնչած քննադատություններին ու տարաբնույթ նկատառումներին արձագանքելիս, պատասխանատու պաշտոնյաները խոստումներ են հնչեցրել համընդհանուր հավանության արժանացած լուծումներին հետագայում նախապատվություն տալու մասին: Առավել շահեկան կլիներ, իհարկե, եթե Կոնվենցիայի վավերացման գործընթացն ուղեկցվեր հենց այդ խոստումներին համահունչ, նախապես մշակված հստակ, որոշակի և կանխատեսելի հայեցակարգ ներկայացնելով:
Հասարակության մտահոգությունները փարատելու և հենց կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները լավագույնս կատարելու նպատակով է, որ իրավասու մարմինները պետք է մանրամասն և մասնագիտորեն ուսումնասիրեն ու վերլուծեն Կոնվենցիայի կիրառման միջոցներն ու հնարավոր հետևանքները, Հայաստանի առողջապահական, սոցիալական, իրավապահ համակարգերի կարողություններն ու հնարավորությունները և մշակեն Կոնվենցիայով նախատեսվող օրենսդրական և գործնական միջոցառումների իրականացման հստակ ծրագիր:
Կոնվենցիան, դատելով դրան կից բացատրագրից, պետություններին վերապահում է հայեցողական լայն լիազորություններ, ինչը նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունն ի զորու է այլ պետությունների փորձի վերլուծության արդյունքների, նեղ մասնագետների, հատկապես՝ մանկական հոգեբանների, իրավագետների, մանկավարժների և սոցիոլոգների եզրակացությունները հաշվի առնելով ընտրել առավել հիմնավորված տարբերակներ:
Կոնվենցիայի կիրառմանն ուղղված միջոցառումները պետք է մշակվեն համապատասխան մասնագետների ու հասարակության ամենալայն շերտերի ակտիվ ներգրավվածությամբ և հանրային քննարկումների հիման վրա՝ ելնելով երեխաների շահերը լավագույնս պաշտպանելու նպատակից: Պետք է գտնվեն այնպիսի լուծումներ, որոնք կհամապատասխանեն մեր պետությանը, պետականությանը, ազգային արժեքներին, մշակույթին և ապագայի ու երեխաների մասին մեր պատկերացումներին:
Կոնվենցիայի կիրառմանն ուղղված միջոցառումները մշակելիս խստորեն պետք է պահպանվեն երեխաների կրթության և դաստիարակության հարցում ընտանիքի/ծնողների առաջնային դերակատարման և պատասխանատվության սկզբունքը, պետական մարմինների, կրթական հաստատությունների կողմից նրանց հետ համագործակցելու և համաձայնեցված գործելու անվերապահ պայմանը:
Ստանձնած պարտավորություններն ընդհանուր առմամբ պետք է իրականացվեն Սահմանադրական դատարանի որոշմամբ ամրագրված «վերաբերելի սահմանադրական արժեքների պահպանության պայմաններում», և «..անհրաժեշտ օրենսդրական երաշխիքների ապահովումը և իրավակիրառական պրակտիկան պետք է ներդաշնակ լինեն սույն որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումներին»:
Հանրապետության նախագահը մշտապես առանձնակի ուշադրություն է ցուցաբերել երեխաներին առնչվող բոլոր հարցերում, մասնավորապես՝ նախագահական նախաձեռնությունների շարքում երեխաների կրթության, նրանց առողջության, անվտանգ ու անհոգ մանկության ապահովմանն ուղղված միջոցառումները սահմանելով որպես հիմնական առաջնահերթություն:
Կոնվենցիայի վավերացման մասին օրենքի ստորագրման հարցում Հանրապետության նախագահի դիրքորոշումը շատ հստակ է՝ Կոնվենցիայի՝ Սահմանադրությանը համապատասխանելու որոշման առկայության պայմաններում հնչեցվող որոշ կոչերին տեղի տալը և վավերացման մասին օրենքը չստորագրելը կնշանակի խուսափել պատասխանատվությունից, ինչը չի համապատասխանում սահմանադրական և անձնական բարձր պատասխանատվության՝ Հանրապետության նախագահի ընկալմանը և մինչ այժմ դրսևորած գործելակերպին:
Այս առումով Հանրապետության նախագահը բազմիցս ընդգծել է երեխաների նկատմամբ հոգատար վերաբերմունքի կարևորությունը, նշելով, որ նրանք Հայաստանի Հանրապետության ամենաարժեքավոր քաղաքացիներն են, մեր երկրի ապագան, և նրանց նկատմամբ մեր վերաբերմունքում արտահայտվում է մեր երկրի նկատմամբ մեր սերը, հարգանքը և հոգատարությունը:
Հանրապետության նախագահը համոզված է, որ հիմա Կոնվենցիայի ստորագրումից հետո անցած 10 տարիների ընթացքում արդյունավետ գործելու բաց թողնված ժամանակը լրացնելու պահն է, և այսօրվանից է, որ սկսվում է երեխաների կրթության և պաշտպանության ուղղությամբ մեր հիմնական աշխատանքը:
Նախագահը համագործակցության կոչ է անում բոլոր շահագրգիռ մարմիններին, կազմակերպություններին և անձանց, այդ թվում նաև իրենց մտահոգություններն ու առաջարկությունները նախագահի աշխատակազմ ներկայացնելու, համատեղ ծրագրեր իրականացնելու միջոցով: Այս գործընթացում Հանրապետության նախագահը կարևորում է Կոնվենցիայի կատարման նկատմամբ յուրաքանչյուրի ուշադրությունը և դրա նկատմամբ հանրային հսկողությունը, ինչը մեզանից յուրաքանչյուրի պարտականությունն է:
Հանրապետության նախագահն այսօր ստորագրել է «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին օրենքը» և վավերագիրը:
Հանրապետության նախագահը շարունակելու է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում իր անձնական ուշադրության կենտրոնում պահել Կոնվենցիայի բարեխիղճ և պատասխանատու կատարման գործընթացը և խստորեն հետևել դրան՝ ելնելով ընտանիքի և երեխաների՝ որպես բարձագույն արժեքների ա՛յն ընկալումից, որոնք բնորոշ են մեր ազգային նկարագրին:
18:22 07.07.2025
Հայտարարագիր լրացրած 33 հազար 104 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 928 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետՀունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 33 հազար 104 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1266 քաղաքացի) ետ է ստացել 2 միլիարդ 928 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +107 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 88.4 հազար դրամ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ […] ...
18:14 07.07.2025
Մարտունիում բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Opel Vectra»-ն․ կա տուժածԱյսօր՝ հուլիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Մարտունի քաղաքի Նարեկացի և Գետափնյա փողոցների խաչմերուկում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 63-ամյա Մելիք Մկրտչյանի վարած «УАЗ» մակնիշի շտապօգնության ավտոմեքենան և 69-ամյա Անդրանիկ Մկրտչյանի վարած «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով շտապօգնության բժիշկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական […] ...
18:06 07.07.2025
Հայաստանի հավաքականը թիմային պայքարում չորրորդն է․ Ըմբշամարտի Մ20 ԵԱԻտալիայի Կաորլե քաղաքում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը թիմային պայքարում զբաղեցրել է չորրորդ տեղը: Մեր հավաքականը առաջնությունում նվաճել էր երկու մեդալ. Սարգիս Բեգոյանը (61 կգ) ոսկե մեդալակիր էր դարձել, Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ)` բրոնզե: ...
17:54 07.07.2025
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում էՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում իրականացված փոփոխությունների շրջանակում ընդլայնվել է 4 մլն դրամ սահմանաչափով բնակավայրերի ցանկը․ նախկին 452 բնակավայրի փոխարեն՝ այժմ ցանկում ներառված է 57 համայնքի 611 բնակավայր։ Բնակավայրերի ընդլայնված ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://mlsa.am/news/974: Հուլիսի 1-ից ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների […] ...
17:46 07.07.2025
Հայաստանը մեկնարկում է «Քիմիական նյութերի մասին» օրենքի մշակման նախաձեռնությունըԱյսօր ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը՝ համագործակցելով Ստոկհոլմի շրջակա միջավայրի ինստիտուտի (SEI) և Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնի հետ, մեկնարկեց նոր նախաձեռնություն՝ «Քիմիական նյութերի մասին» Հայաստանի առաջին օրենքի մշակման համար։ Օրենքի մշակման աշխատանքները ֆինանսավորվում են Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության (Sida) կողմից՝ SEI-ի և ՀԱՀ Ակոպյան կենտրոնի կողմից իրականացվող «Կանաչ օրակարգ Հայաստանի համար» ծրագրի շրջանակում։ […] ...