Ադրբեջանի սպառնալիքը մատնացույց է անում կառավարության հուսահատությունն ու մտքի ճգնաժամը․ ԱԳՆ խոսնակի հարցազրույցը «Lenta.Ru»-ին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+21.09 oC

Ադրբեջանի սպառնալիքը մատնացույց է անում կառավարության հուսահատությունն ու մտքի ճգնաժամը․ ԱԳՆ խոսնակի հարցազրույցը «Lenta.Ru»-ին

11:35 18.07.2020

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հարցազրույց է տվել «Lenta.Ru»  լրատվական կայքին։

Հարց. Սահմանին կիրառվում են «Գրադ» համակարգեր, տանկեր, գործի է դրվում կենդանի զինուժը, գործի են դրվում մեծ թվով ԱԹՍ-ներ. կարո՞ղ ենք արդյոք խոսել Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի մասին։

Պատասխան. Այս մարտերը Ադրբեջանի կողմից հրահրված լայնամասշտաբ էսկալացիա են: Քաղաքացիական ենթակառուցվածքների և խաղաղ բնակչության նպատակաուղղված հրետակոծումն ադրբեջանական կողմի՝ վաղուց կիրառվող մարտավարությունն է: Տարիներ շարունակ մենք առերեսվել ենք դրան, մենք դրան ականատես ենք եղել 2016-ի ապրիլին, երբ Ադրբեջանը լայնածավալ հարձակում սանձազերծեց Հայաստանի հետ սահմանին և Արցախի պաշտպանության բանակի ուժերի հետ շփման գծում:

Ե՛վ 2016 թ. ապրիլին, և՛ 2020թ. հուլիսին ադրբեջանական բանակի գործողությունները միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտում են: Մենք բազմիցս ասել ենք, որ ռազմական ուժի կիրառման սպառնալիքը չի գործելու։ Հայաստանն ու Արցախն ունեն բավարար ներուժ՝ պաշտպանելու և ապահովելու մեր միասնական անվտանգության համապարփակությունը:

Հարց. Մինչև մարտական գործողությունների սկսվելը Հայաստանը ունեցե՞լ է տեղեկություններ նախապատրաստվող հարձակման մասին:

Պատասխան. Ձեր հարցն ավելի շատ ուղղված է զինվորականներին, քան դիվանագետներին: Ընդհանուր առմամբ, կարելի է նշել, որ Հայաստանի զինված ուժերը մշտապես պատրաստ են հետ մղելու  ցանկացած ոտնձգություն։ Իմ կողմից կարող եմ ընդգծել, որ եղել են քաղաքական նախադրյալներ:

Լարվածության աճին նախորդել են Ադրբեջանի նախագահի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ձևաչափին հասցեագրված հարձակումներ և մեղադրանքներ: Ավելին, վերջին ժամանակաշրջանում Ադրբեջանի ղեկավարը տարածքային և պատմական «պահանջներ» է ներկայացնում Հայաստանին:

Մասնավորապես, խոսքը մայրաքաղաք Երևանի, ինչպես նաև Հայաստանի հարավում գտնվող Զանգեզուրի շրջանի մասին է: Իր հրապարակային հայտարարություններում և ելույթներում նա նորից դիմեց ագրեսիվ և ռազմատենչ հռետորաբանությանը՝ վստահեցնելով իր երկրի բնակչությանն առ այն, որ Ադրբեջանն ի զորու է լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը  ռազմական ճանապարհով։ Ամենայն հավանականությամբ, ինչ-որ պահի, Ադրբեջանը ենթադրեց, որ ունի բավարար կարողություն իր հայտնի մտադրությունները կյանքի կոչելու համար, մասնավորապես՝ ի ցույց դնելու Ադրբեջանի զինված ուժերի ձգտումն ու կարողությունները՝ իրենց կամքը պարտադրելու Հայաստանին և Արցախին:

Հարց. Ո՞րն է հակառակորդի ենթադրյալ նպատակը։

Պատասխան. Այս մասին ավելի լավ է հարցնել Ադրբեջանի ներկայացուցիչներին, քանի որ ներկայիս լարվածության աճն ամբողջովին նրանց գործողությունների արդյունքն է: Մենք կարող ենք միայն ենթադրել, թե ինչի էին ցանկանում հասնել Բաքվում՝ սահմանին բախումներ հրահրելով: Ամենայն հավանականությամբ, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը հնարավոր համարեց ցուցադրել Հայաստանի նկատմամբ ռազմական գերակայությունը, սակայն մեծապես գերագնահատեց սեփական ներուժը: Միևնույն ժամանակ, պետք չէ մոռանալ, որ Ադրբեջանի ղեկավարությունն ավանդաբար օգտագործում է Հայաստանի հետ սահմանին անկայունության գործոնը՝ որպես ներքաղաքական գործիք. Ադրբեջանի ղեկավարության զինանոցում առկա հայատյացության քարոզչությունը հարմար գործիք է ծառայում ադրբեջանական իշխանությունների ձեռքում հասարակությանը համախմբելու համար:

Մարտական գործողությունները թույլ են տալիս շեղել ուշադրությունը ներքին խնդիրներից, ինչպիսիք են իշխանության բռնապետական ​​բնույթը, համատարած կոռուպցիան, մարդու իրավունքների կոպիտ խախտումները, բոլոր հիմնարար իրավունքների և ազատությունների խախտումները:

Հարց. Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի միջազգային գործընկերների արձագանքը: Ոմանք նշում են, որ այն առնվազն թույլ էր:

Պատասխան. Միջազգային հանրության կողմից ինչպես պետությունների, այնպես էլ՝ միջազգային կազմակերպությունների մակարդակով անհապաղ և միանշանակ արձագանք տրվեց վերջին օրերի իրադարձություններին: Վերջիններս միաձայն կոչ արեցին դադարեցնել մարտական գործողությունները: Մենք բարձր ենք գնահատում մեր այն գործընկերների հստակ և անզիջում դիրքորոշումը, ովքեր հանդես են եկել ռազմական արկածախնդրության անընդունելիության դիրքերից: Այնուամենայնիվ, առանձին երկրներ հանդես են եկել, առնվազն, ապակառուցողական հռետորաբանությամբ: Այս առումով ցանկանում եմ ընդգծել Թուրքիայի դիրքորոշումը, որը ոչ միայն անվերապահ աջակցեց Ադրբեջանին, այլև առաջ քաշեց անթաքույց նկրտումներ հարավկովկասյան տարածաշրջանի նկատմամբ, որոնք Թուրքիայի նախագահը և նրա աջակիցները փորձում են հիմնավորել մեր տարածաշրջանում Թուրքիայի «պատմական առաքելության» վկայակոչմամբ:

Անընդունելի ենք համարում տարածաշրջանային նման բարդ իրադրությունում Ադրբեջանի ագրեսիվ և հրահրող պահվածքի` ուղղակի կամ անուղղակի խրախուսմամբ հանդես գալը և ափսոսանք ենք հայտնում հնչած նման բնույթի  հայտարարությունների առնչությամբ։

Անչափ կարևոր է, որ երրորդ երկրները ձեռնպահ մնան այն քաղաքականությունից, որը հրահրում է անկայունություն, կամ ինչ-որ ձևով արտահայտում է աջակցություն Ադրբեջանին՝ ցեղային ընդհանրությունների հիման վրա, կամ սնում վերջինիս՝ ռազմական ձևով խնդրի կարգավորման պատրանքները:

Հարց. Բաքուն պաշտոնապես սպառնացել է հարձակվել Հայկական ատոմային էլէկտրակայանի վրա: Որքա՞ն լուրջ է Երևանը վերաբերում նմանատիպ սպառնալիքին և ինչո՞վ կարող է պատասխանել:

Պատասխան. Հայաստանի ԱԳՆ-ն արդեն հանդես է եկել համապատասխան հայտարարությամբ։ Տվյալ սպառնալիքն ուղղված է տարածաշրջանի բոլոր ժողովուրդների դեմ, ներառյալ` Ադրբեջանի բնակչություն դեմ։ Ադրբեջանը պարտավոր է հրապարակայնորեն հրաժարվել այդ սպառնալիքներից, և մենք հետևողական կլինենք այդ հարցում։

Ցանկանում եմ ընդգծել, որ տվյալ սպառնալիքը ոչ միայն մատնացույց է անում Ադրբեջանի ռազմաքաղաքական կառավարության հուսահատությունն ու մտքի ճգնաժամը, այլ նաև ընդգծում է միջազգային հանրության այդ անդամի առողջ դատողության և պատասխանատվության զգացումի բացարձակ բացակայությունը։

Հարց. Հատկանշական է, որ իրադրության այս նոր էսկալացիան տեղի չի ունեցել Արցախի տարածքում: Արդյոք պետք է այս գործողությունները պայմանավորել հակամարտությամբ:

Հարց. Վերջին օրերի իրադարձությունները, իհարկե, անհրաժեշտ է դիտարկել նաև Արցախի Հանրապետության դեմ սադրանքի համատեքստում: Ինչպես արդեն վերը նշեցի, ռազմական արկածախնդրությունը ընդհանուր առմամբ հանդիսանում է Բաքվի տարածաշրջանային քաղաքականության վարման հիմնական մեթոդը: Մեր տեսանկյունից, միջպետական սահմանին սադրանքը և ՀՀ տարածքում գտնվող պաշտպանական հենակետի գրավման փորձը սպառնալիք են` ուղղված մեր ազգային անվտանգության դեմ: Նմանօրինակ գործողությունները պետք է կանխվեն ՀՀ զինանոցում առկա բոլոր միջոցներով:

Հարց. Որո՞նք են իրադարձությունների հետագա զարգացման տարբերակները. ռազմական գործողությունների, թե, ասենք, հայկական առաջխաղացում՝ անվտանգության գոտու ձևավորման համար։

Պատասխան. Մենք բազմիցս հայտարարել ենք և շարունակում ենք պնդել, որ խնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։ Հուսով ենք, որ իր ռազմական արկածախնդրության տապալումից հետո Ադրբեջանը պատասխանատվություն կցուցաբերի հրադադարի պահպանման և ամրապնդման հարցում: Առկա են անվտանգության և վստահության ամրապնդման ուղղությամբ հստակ առաջարկներ, ներառյալ՝ տեղում միջազգային դիտորդների թվի ավելացումը և նրանց մշտական տեղակայումը, ուղիղ կապը և հրադադարի ռեժիմի ենթադրյալ խախտումների հետաքննության մեխանիզմի ներդրումը։ Դրանց իրագործումը կարող է օգնել խուսափել լարվածության աճի հետագա վերսկսումից։

Սակայն Ադրբեջանը մերժել է հետաքննության այդ մեխանիզմները, որոնց բացակայությունը նպաստում է քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի աճին, ինչպես նաև հայկական կողմին ուղղված անհիմն մեղադրանքներին:

Ընդգծեմ, որ ստեղծված իրավիճակում հրամայական են մարտական գործողությունների դադարեցման, Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի միջև կնքված հրադադարի անվերապահ և լիակատար վերականգնման, պահպանման և ամրապնդման ջանքերը:  

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

23:00 07.07.2025

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Ուկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

22:40 07.07.2025

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

22:25 07.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

22:11 07.07.2025

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

Երկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան  կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...

SHANTNEWS

22:00 07.07.2025

SHANTNEWS

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

21:57 07.07.2025

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...

BACK_TO_TOP