23:21 18.08.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այց է կատարել Կոտայքի մարզի մի շարք համայնքներ՝ ծանոթացել կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին: Վարչապետին ուղեկցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը և Կոտայքի մարզպետի պարտականությունները կատարող, փոխմարզպետ Առնակ Ավետիսյանը:
Վարչապետի այցի առաջին կանգառն Արամուս համայնքն էր, որտեղ առաջին անգամ ամբողջովին նոր մանկապարտեզ է կառուցվում՝ 150 երեխայի համար: Շինհրապարակում շրջայցի ընթացքում կառավարության ղեկավարին մանրամասներ են ներկայացվել սուբվենցիոն ծրագրի ընթացքի վերաբերյալ: Նշվել է, որ մինչև 2020թ. հոկտեմբերի 1-ը նախատեսվում է ավարտել շենքի կառուցման, մինչև տարեվերջ՝ բակի բարեկարգման աշխատանքները: Ծրագրի պայմանագրային արժեքը 433 մլն դրամ է, աշխատանքներն իրականացվում են պետություն-համայնք 50/50 համաֆինանսավորմամբ: Մոտ 1750 քմ ընդհանուր մակերեսով տարածքը հատկացվել է կառավարության կողմից:
Ակնկալվում է Արամուսում ունենալ ժամանակակից լուծումներով մանկապարտեզի նոր շենք՝ 6 խմբի համար: Ընդ որում, նախագիծն այնպես է մշակված, որ հետագայում երեխաների թվի ավելացման պարագայում նոր մասնաշենք կառուցելու հնարավորություն կա: Պատասխանատուների խոսքով՝ այս ծրագրի առանձնահատկությունն այն է, որ արդեն 2 տարի համայնքն իր միջոցները կարողանում է ուղղել մանկապարտեզի կառուցմանը, և համայնքի մասնաբաժնում նաև այն միջոցներն են, որոնք ձևավորվել են ապօրինի կառուցված շինությունների՝ հիմնականում խոշոր ռեստորանային համալիրների օրինականացման արդյունքում: Համայնքի ղեկավարը վարչապետին տեղեկացրել է, որ սուբվենցիոն մեկ այլ ծրագրի շրջանակում մինչև այս ամսվա վերջ կավարտվեն Արամուսի մի քանի փողոցի գազիֆիկացման աշխատանքները. արդյունքում ամբողջ գյուղը գազիֆիկացված կլինի:
Նիկոլ Փաշինյանը մոտեցել է մանկապարտեզին կից տարածքում հավաքված արամուսցիներին, ողջունել նրանց և զրուցել համայնքի զարգացման հարցերի շուրջ: Վարչապետն անդրադարձել է Արամուսում իրականացվող սուբվենցիոն ծրագրերին և կարևորել դրանցում համայնքի մասնակցությունը՝ հարկերի բարեխիղճ վճարումը:
«Պետք է գույքահարկը վճարենք, որ ավելի շատ ծրագրեր իրականացնենք: Մենք բոլորս պետք է հասկանանք, որ մեր վճարած գույքահարկը, օրինակ, այս մանկապարտեզն է: Պիտի այնպիսի գյուղապետ ընտրեք, որ չգողանա, այնպիսի կառավարություն ընտրեք, որ չգողանա: Հանգիստ հարկերը վճարեք, և ինչպես գումար եք ներդնում՝ ձեր տունը պահելու համար, այնպես էլ այս դեպքում: Դրա համար էլ առաջարկում ենք «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է» կարգախոսը», – ասել է Ն. Փաշինյանը:
Արամուսից վարչապետն ուղևորվել է Կամարիս համայնք՝ այցելել ելակի, ազնվամորու և մոշի բարձրարժեք սորտերի մշակությամբ զբաղվող «Ռոք Բերի» ՍՊԸ-ի ջերմոցային տնտեսություն և ինտենսիվ այգի: Ներհամայնքային ճանապարհների նորոգման սուբվենցիոն ծրագրի շրջանակում ասֆալտապատվում է նաև դեպի այս ջերմոցային տնտեսություն տանող 1 կմ երկարությամբ ճանապարհը:
Ընկերությունը 2018թ. օգոստոսին ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնություն է ստացել կառավարությունից ջերմատուն կառուցելու համար, իսկ 2019թ.՝ ՀՀ խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտուղների հիմնման համար պետական աջակցության ծրագրի շրջանակում ստացել է 7 040 000 դրամի չափով փոխհատուցում՝ ինտենսիվ այգի հիմնելու համար:
Վարչապետը շրջայց է կատարել ջերմոցային տնտեսության տարածքում, ծանոթացել կաթիլային ոռոգման համակարգին, ներդրված տեխնոլոգիաներին և հզորություններին, որոնք հնարավորություն են տալիս կազմակերպել արտադրական գործընթացը որակյալ և արագ: Ներկայացնելով «Ռոք Բերի» ՍՊԸ ընթացիկ և զարգացման ծրագրերը՝ գլխավոր տնօրեն Ալեքսան Առաքելյանը նշել է, որ 5 հա ելակի ջերմատնային համալիրի հիմնման ծրագիրը մեկնարկել է 2018 թ., շահագործման է հանձնվել 2019թ. հունվարին, արտադրանքի արտահանումն սկսվել է 2019թ. ապրիլից: Ներդրումերի ընդհանուր ծավալը կազմել է 5.4 մլն եվրո: 2019-2020 թթ. արտադրված ելակի ավելի քան 95 տոկոսն արտահանվել է Ռուսաստան, մնացած մասն իրացվել է Հայաստանում: 2019թ. մայիս-հունիս ամիսներին ընկերությունը հիմնել է ընդհանուր 1 հա մոշի և ազնվամորու ինտենսիվ այգի, որի արտադրանքի արտահանումն սկսվել է 2019թ. սեպտեմբերից: 2019-2020 թթ. արտադրանքի մեծ մասն արտահանվել է Ռուսաստան, մնացած մասն իրացվել է Հայաստանում: Չնայած համավարակային իրավիճակին՝ այս տարի պլանավորված արտադրական ծավալները գերազանցում են նախորդ տարվա ցուցանիշները:
Ընկերությունն ունի 149 աշխատակից, միջին աշխատավարձը կազմում է 150000-200000 դրամ: Զարգացման ծրագրերի շրջանակում «Ռոք Բերի»-ն նախատեսում է հիմնել ևս 6 հա ելակի ջերմատուն, աշխատանքները կիրականացվեն 2021-2022թթ., ներդրումների ընդհանուր ծավալը՝ 6.5 մլն եվրո, նոր աշխատատեղ՝ 160: Տնօրենի խոսքով՝ ներդրումային ծրագիրը տարածաշրջանում ջերմատնային համալիրների արդյունավետ գործունեության լավ օրինակ է ծառայել, ինչի արդյունքում Կամարիսում 2021թ. կիրականացվեն 3 հա պղպեղի ջերմատան (3.7 մլն եվրո, 40 աշխատատեղ) և 1 հա ելակի ջերմատան (1.3 մլն եվրո, 30 աշխատատեղ) ներդրումային ծրագրեր:
Նիկոլ Փաշինյանը ողջունել է արդյունավետ և ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած ներդրումային ծրագրի իրականացումը՝ կարևորելով տեխնոլոգիական գյուղատնտեսության զարգացումը և այդ ուղղությամբ համատեղ քայլերը:
«Երեկ Գեղարքունիքի մարզում էլի այսպիսի օրինակ ունեցանք, այստեղ էլ ունենք՝ եռակողմ սուբվենցիա՝ Կամարիս համայնքը, «Ռոք Բերի» ընկերությունը և կառավարությունը միասին կառուցում են համայնքի ճանապարհը: Սա շատ լավ օրինակ է, թե ինչպես կարող է այս եռակողմ համագործակցությունը լինել, որովհետև, ի վերջո, համայնքը, բիզնեսը, կառավարությունը և, ի վերջո, քաղաքացին, ով հարկերը վճարել է՝ և՛ տեղական, և՛ հանրապետական, պետք է գործընկեր լինեն: Շատ կարևոր է, որ մենք կարողանանք կառուցողական, ստեղծարար շահերը համադրել, և դրանց վրա հիմնված հանրույթ ձևավորենք: Շատ տպավորված եմ», – ասել է վարչապետը:
Շրջայցի ժամանակ մտքերի փոխանակություն է ծավալվել նաև համապատասխան որակյալ մասնագետների պատրաստման խնդրի շուրջ, որոնք, օրինակ, գյուղատնտեսության ոլորտում այնքան էլ շատ չեն: Վարչապետը նկատել է, որ այսօր բիզնեսի ամենամեծ կապիտալը մասնագետներն են, և վերջին շրջանում տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ պետական աջակցության հնարավորությունները քննարկելիս հենց այս խնդիրն է բարձրացվում: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կառավարությունն էլ համարժեք քայլեր է իրականացնում կրթության համակարգը բարեփոխելու ուղղությամբ:
«Այն ստանդարտ մասնագիտությունները, որ մենք գիտենք, առաջիկա 50 տարվա կտրվածքով չեն լինելու, և հակառակը, կան մասնագիտություններ, որոնք նոր ձևավորվում են: Պարզ է, որ գյուղատնտեսության ապագան սա է», – նշել է կառավարության ղեկավարը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այնուհետև այցելել է Գեղաշեն համայնք, հետևել ենթակառուցվածքների կառուցման ու նորոգման սուբվենցիոն ծրագրերի ընթացքին:
Առաջին կանգառը հիմնովին նոր կառուցված մանկապարտեզի տարածքն էր, որի բացումը, պատասխանատուների վստահեցմամբ, նախատեսվում է այս տարվա հոկտեմբերին: Գեղաշենը երբևէ մանկապարտեզ չի ունեցել, այն կառուցվում է առաջին անգամ: 4350 բնակիչ ունեցող Գեղաշենի նորակառույց նախակրթական հաստատություն հաճախելու հնարավորություն կունենա 140 փոքրիկ։ Ներկայում ընթացքի մեջ են բակային հատվածի նորոգման, խաղահրապարակի կառուցման և ինժեներական ցանցի ապահովման աշխատանքները: Աշխատանքներն իրականացվում են պետություն-համայնք 50/50 համաֆինանսավորմամբ:
Ապա վարչապետը ծանոթացել է Գեղաշենի մշակույթի կենտրոնում և երաժշտական դպրոցում իրականացվող աշխատանքներին. սուբվենցիոն ծրագրով ընթացքի մեջ են այս հաստատությունների գազիֆիկացման և ջեռուցման համակարգի տեղադրման աշխատանքները: Այստեղ գործում են երգի, պարի, նկարչության խմբակներ, կա մարզադահլիճ, բարերարի հովանավորությամբ կառուցվում է նաև ժամանակակից գրադարան: Սուբվենցիոն ծրագիրն իրականացվում է համայնք-պետություն 70/30 տոկոս մասնակցությամբ:
Ընդհանուր առմամբ Կոտայքի մարզում այս տարվա սուբվենցիոն ծրագրերով կառուցվում/նորոգվում է 14 մանկապարտեզ:
19:39 07.07.2025
Արագածոտնի մարզում 33-ամյա վարորդը «ԶԻԼ»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելԱյսօր՝ հուլիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 06։50-ի սահմաններում Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 33-ամյա Վիգեն Մ․-ն իր վարած «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը հետազոտման նպատակով դիմել է հիվանդանոց։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել […] ...
19:27 07.07.2025
Մայրաքաղաքի պարեկները հայտնաբերել են օրինազանց վարորդինՕրերս սոցցանցերում տեսանյութ էր հրապարակվել. վարորդը երթևեկում էր մանկահասակ երեխան գրկին։ Երևանի պարեկները պարզել են վարորդի ինքնությունը։ Հուլիսի 5-ի երեկոյան պարեկները «Հյունդային» ու վարորդին հայտնաբերել են։ Տղամարդու նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ «Հարգելի՛ վարորդներ, անհրաժեշտ է խստորեն պահպանել երթևեկության կանոնները, հատկապես՝ երեխաների հետ երթևեկելիս։ Նույնիսկ աննշան թվացող խախտումը կարող է ողբերգության հանգեցնել»։ ...
19:16 07.07.2025
ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացված բանակային խաղերում ՆԳ նախարարությունը նվաճել է 5 ոսկե մեդալՀունիսի 29-ից հուլիսի 6-ը ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվել են ամենամյա բանակային խաղերը, որին մասնակցում էին նաև ՆԳ նախարարության 4 հավաքական թիմեր՝ կազմված նախարարության, Պարեկային ծառայության, Ոստիկանության զորքերի և Փրկարար ծառայության աշխատակիցներից։ Ընդհանուր հաշվարկով ՆԳ նախարարության 4 հավաքական թիմերի ներկայացուցիչները անհատական պայքարում նվաճել են 10 մեդալ, այդ թվում՝ 3 ոսկե ինքնաձիգով, ատրճանակով […] ...
19:05 07.07.2025
Բենակի թանգարանի գիտական տնօրենի հետ քննարկվել են հայաստանյան թանգարանների հետ համագործակցության հնարավորություններըՀունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Բենակի թանգարանի գիտական տնօրեն դոկտոր Ջորջ Մանգինիսի հետ։ Ինչպես տեղեկացնում են Հունաստանում Հայաստանի դեսպանությունից, հանդիպմանը քննարկվել են հայաստանյան թանգարանների հետ բազմաշերտ համագործակցության հնարավորությունները։ Դեսպան Մկրտչյանը նշել է, որ Հայաստանում մեծ հետաքրքրություն կա Հունաստանի տարբեր թանգարանների հետ համագործակցության ուղղությամբ և Բենակի թանգարանը իր հարուստ հավաքածուներով, […] ...
18:54 07.07.2025
Հիանալի խաղացի․ ԽաչանովՌուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնի» 1/8 եզրափակչում հաղթելուց հետո կորտում ճեպազրույց է տվել: «Այսօր ես պարզապես հիանալի խաղացի։ Ես շատ ուրախ եմ, որ կրկին «Ուիմբլդոնի» քառորդ եզրափակչի մասնակից եմ։ Ես պատրաստ էի անցկացնել 5-սեթանոց մրցախաղ, բայց ուրախ եմ, որ ամեն ինչ ավարտվեց երեք սեթում»,- ասել է աշխարհի 20-րդ […] ...
18:46 07.07.2025
Փեզեշքիանը հայտնել է իր նկատմամբ մահափորձի մասին, հերքել Թրամփի դեմ մահափորձերին առնչությունըԻրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իսրայելի իշխանությունները փորձել են սպանել իրեն, բայց ձախողվել են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնին տված հարցազրույցում, որը հրապարակվել է նրա YouTube-յան ալիքում։ «Այո, նրանք փորձել են…. բայց ձախողվել են», – ասել է Փեզեշքիանը՝ պատասխանելով Կառլսոնի համապատասխան հարցին: Իրանի նախագահը […] ...