Կարելի է պարտվել ճակատամարտը, բայց անթույլատրելի է պարտվել որպես ազգ. Արմեն Սարգսյանի ուղերձը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+23.09 oC

Կարելի է պարտվել ճակատամարտը, բայց անթույլատրելի է պարտվել որպես ազգ. Արմեն Սարգսյանի ուղերձը

23:11 16.11.2020

Կարելի է պարտվել ճակատամարտը, բայց անթույլատրելի է պարտվել որպես ազգ:  Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյաը ուղերձ է հղել, որը ներկայացնում ենք ստորև․

«Սիրելի հայրենակիցներ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում,

Աշխարհասփյուռ հայությունը ներկայումս ապրում է մեր ազգի հազարամյա պատմության ամենաշրջադարձային պահերից մեկը։

Այն նպատակները, որոնց ազգովի ձգտում էինք մայր հայրենիքի բաղձալի անկախացումից հետո, սասանված են։

Մենք պարտվեցինք մեզ պարտադրված պատերազմում՝ ինչպես ռազմի դաշտում, այնպես էլ դիվանագիտական և միջազգային հանրային հարթակներում։

Կրկին ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին ու հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում:

Մենք զավակներն ենք Ցեղասպանությունը վերապրած և հաղթահարած ժողովրդի:

Կարելի է պարտվել ճակատամարտը, բայց անթույլատրելի է պարտվել որպես ազգ:

Սեփական ձեռքերով վառած տունը և կորցրած հայրենիքը կարելի է վերականգնել միայն մի ձևով՝ վերագտնելով մեր հաղթանակը և կառուցելով այն պետությունը, որով բոլորս իրապես հպարտ կլինենք:

Եվ մենք դա վստահաբար կարող ենք անել՝ սթափ գնահատելով իրավիճակը, դասեր քաղելով թույլ տրված սխալներից և համախմբված լծվելով ազգային վերածնունդին։

Ինչպիսին էլ լինեն անցյալի վերաբերյալ մեր գնահատականների տարբերությունները, ակնհայտ է, որ հայտնվել ենք աննախադեպ խնդիրների առջև:

Արցախը ծանր վիրավոր է:

Ունենք ալեկոծված հասարակություն:

Վիրավոր տնտեսությունը ծանրաբեռնված է սոցիալական վիթխարի խնդիրներով:

Արցախից Հայաստան տեղափոխվածների մեծ հոսքի արդյունքում առկա է մարդասիրական աղետ:

Չափազանց բարդ է նաև համաճարակով պայմանավորված իրավիճակը:

Ի վերջո, խոցված է հայի ոգին՝ աշխարհի ցանկացած անկյունում։

Մեր երկիրն այսօր այլևս այն երկիրը չէ, որն ունեինք սեպտեմբերի 26-ին, և նույնիսկ այն չէ, ինչ ունեինք նոյեմբերի 8-ին:

Մենք չենք կարող անտեսել այս իրականությունը և շարունակել ապրել սովորական կյանքով։

Վերջին մի քանի օրերի ընթացքում, պահի հրամայականին համահունչ, քաղաքական խորհրդակցություններ և մի քանի տասնյակ հանդիպումներ եմ անցկացրել խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի, հասարակական տարբեր կազմակերպությունների ու անհատների հետ: Հեռախոսազրույցներ եմ ունեցել Սփյուռքի տարբեր կառույցների և մեր հայրենակիցների հետ:

Հանդիպման մասնակիցների բացարձակ մեծամասնությունը համակարծիք են մեկ հարցում՝ Սահմանադրությանը համապատասխան վարչապետի հրաժարական կամ պաշտոնավարման դադարեցում և արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Ակնհայտ է, որ չնայած պատերազմի դադարեցմանը, Արցախի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետությունը և ողջ հայ ժողովուրդը թևակոխում են նոր փորձությունների շրջան, որում յուրաքանչյուր սխալ կարող է աղետալի հետևանքներ ունենալ:

Ստեղծված իրավիճակում հայ ժողովրդի համար այլընտրանք չկա, քան լինել միասնական և համախմբված:

Այս օրերին մեզանից յուրաքանչյուրը, հատկապես քաղաքական գործիչները և պետական պաշտոնյաները պետք է դրսևորեն բարձր պատասխանատվություն և զսպվածություն՝ ջանքերը կենտրոնացնելով բացառապես ստեղծված ճգնաժամը հաղթահարելու ուղիներ փնտրելու վրա:

Այս իրավիճակում ուզում եմ դիմել իրավապահ մարմիններին:

Դուք այսօր շատ մեծ պատասխանատվություն ունեք՝ նախ և առաջ մեր երկրում ապահովելու կարգուկանոն, լինել ամուր, վճռական, բայց, միևնույն ժամանակ, յուրաքանչյուր անգամ, յուրաքանչյուր առիթով հիշելով, որ ձեր դիմաց ձեր քույրն է կամ եղբայրը:

Որևէ շեղում, օրենքի և օրինականության որևէ խախտում, անընդունելի և աններելի է: Կոչ եմ անում ձեզ՝ պահպանել ու պաշտպանել օրենքը և օրինականությունը:

Հանդիպումների և խորհրդակցությունների արդյունքում ձևավորված իմ դիտարկումները հետևյալն են՝

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և այն արժանապատվորեն հաղթահարելու հրամայականը, ականջալուր լինելով հանրային պահանջին, ակնհայտ է, որ երկիրը ցնցումներից զերծ պահելու համար ի վերջո անխուսափելի են լինելու Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները:

Այս համատեքստում, իմ կարծիքով, միակ պատասխանատու մոտեցումը կարող է լինել կառավարության և իշխող քաղաքական ուժի կողմից սեփական ներուժի օբյեկտիվ գնահատելը և սեղմ ժամկետում ճանապարհային քարտեզ ներկայացնելը, որով կնախատեսվեն համապատասխան սահմանադրական գործընթացների նախաձեռնման ժամկետները, որոնց արդյունքում հնարավոր կդառնա իրականացնել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ, իսկ մինչ այդ կառավարումը կհանձնվի բարձր որակավորում ունեցող Ազգային համաձայնության կառավարությանը:

Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության ու աշխարհի տարբեր երկրներում բնակվող ողջ հայ ժողովրդի համար այս դժվարին օրերին ճգնաժամը հաղթահարելուն ուղղված իմ վերոնշյալ դիտարկումները բխում են բացառապես համապետական և համազգային շահերից:

Հուսով եմ, որ քաղաքական բոլոր ուժերը կգիտակցեն պահի պատասխանատվությունը և արժանապատվորեն կիրականացնեն պատմական առաքելության իրենց մասը։

Ուզում եմ հիշեցնել, որ այսօր Հայաստանին հետևում են բոլորը՝ թե՛ մեր բարեկամները, և՛ թե մեր թշնամիները:

Մենք ուրիշ պարտականություն չունենք, բացի մեր երկիրը հզորացնելը:

Մենք ուրիշ ճանապարհ չունենք, բացի ժողովրդին համախմբելը՝ տուրք չտալով հասարակության պառակտման վտանգ պարունակող որևէ խոսքի և քայլի:

Միայն միասնականությամբ մենք կկարողանանք պարտության բեռի տակ ճկված վիճակից ուղղել մեր մեջքը, և թե՛ մեզ, թե՛ ապագա սերունդներին ու համաշխարհային հանրությանը ներկայանալ որպես զավակներն այն ժողովրդի, որին հաղթելն անհնարին է:

Վստահ եմ, որ հայ ժողովուրդը պատվով և հաղթական դուրս կգա ստեղծված դժվարին իրավիճակից:

Աստված պահապան բոլորիս»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վերսկսվել է հայկական կոնյակով բեռնված բեռնատարների բացթողումը մաքսային պահեստներից․ ՊԵԿ

11:46 19.06.2025

Վերսկսվել է հայկական կոնյակով բեռնված բեռնատարների բացթողումը մաքսային պահեստներից․ ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ վերջին օրերին Վրաստանի մաքսային մարմիններում կուտակումներով պայմանավորված՝ հայկական բեռնատարների հայ-վրացական սահմանով հատումը ժամանակավորապես դադարեցնելու հետ կապված խնդիրը կարգավորվել է։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում էր հայկական շշալցված կոնյակով բեռնված բեռնատարների կուտակմանը։ Այս մասին հայտնել են ՊԵԿ-ից: ՊԵԿ-ը հայտնում է, որ Վրաստանի մաքսային մարմինների թողունակության կարգավորման արդյունքում, հունիսի 18-ից կազմակերպվել է հայկական […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 18-ից 19-ը

11:35 19.06.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 18-ից 19-ը

Բացահայտվել է 121 հանցագործություն, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 34 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 13 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 10 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 8 դեպք՝ խարդախության, 7 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 6-ական դեպք՝ հոգեկան ներգործության ու պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, 5-ական […] ...

«Ռեալն» Ալոնսոյի նորամուտի խաղում չի կարողացել հաղթել «Ալ Հիլալին»․ ԱԱԱ

11:20 19.06.2025

«Ռեալն» Ալոնսոյի նորամուտի խաղում չի կարողացել հաղթել «Ալ Հիլալին»․ ԱԱԱ

Աշխարհի ակումբային առաջնության H խմբի առաջին տուրում Մադրիդի «Ռեալն» ու «Ալ Հիլալը» ոչ-ոքի են գրանցել` 1-1։ «Ռեալից» հաշիվը 34-րդ րոպեին բացել է Գոնսալո Գարսիան, իսկ պատասխան գոլը 41-րդ րոպեին խփել է Ռուբեն Նևեշը։ Իսպանական թիմին ավելացված երկրորդ րոպեին կարող էր հաղթանակ պարգևել Ֆեդերիկո Վալվերդեն, սակայն նա չի կարողացել իրացնել 11-մետրանոցը, դարպասապահ Բոնոն հետ է մղել […] ...

Հունիսի 20-ին կդադարեցվի Լոռու մարզի մի շարք հասցեների գազամատակարարումը

11:13 19.06.2025

Հունիսի 20-ին կդադարեցվի Լոռու մարզի մի շարք հասցեների գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 20-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Թումանյան քաղաքի Գարադոկ թաղամասի, Դսեղ, Լորուտ, Մարց, Քարինջ, Չկալով, Դեբեդ բնակավայրերի գազասպառողների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...

Ռուբինյանց փողոցում ավտոմեքենաներ են այրվել

11:01 19.06.2025

Ռուբինյանց փողոցում ավտոմեքենաներ են այրվել

Հունիսի 19-ին, ժամը 02։57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվում է կայանած ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։15-ին, մարվել՝ 03։25-ին։ Մասամբ այրվել են «Nissan» և հարակից կայանած «BMW» մակնիշների ավտոմեքենաները․ […] ...

«Մանչեսթեր Սիթին» մեկնարկել է հաղթանակով․ ԱԱԱ

10:52 19.06.2025

«Մանչեսթեր Սիթին» մեկնարկել է հաղթանակով․ ԱԱԱ

Աշխարհի ակումբային առաջնության G խմբի առաջին տուրում «Մանչեսթեր Սիթին» 2-0 հաշվով հաղթել է Մարոկկոյի «Վիդադին»։ Դարպասի գրավմամբ աչքի են ընկել Ֆիլ Ֆոդենն ու Ժերեմի Դոկուն։ Այս խմբում ընդգրկված են նաև «Յուվենտուսն» (Իտալիա) ու «Ալ Աինը» (ԱՄԷ)։ ...

BACK_TO_TOP