Կենտրոնական բանկը նոր հուշադրամներ է թողարկել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+24.09 oC

Կենտրոնական բանկը նոր հուշադրամներ է թողարկել

11:27 18.01.2021

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը հայտնում է 2 հուշադրամի թողարկման մասին: Ինչպես հայտնեցին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, թողարկել են «Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակ» և «Գրիգոր Տաթևացու ծննդյան 675-ամյակ» հուշադրամները:

Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակ

Առնո Բաբաջանյանը (1921-1983 թթ.) հայտնի հայ կոմպոզիտոր է, դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1970 թ․):

Ավարտել է Երևանի և Մոսկվայի կոնսերվատորիաները: 1950-1956 թթ. դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում: Որպես բարձրարվեստ դաշնակահար աչքի է ընկել իր ստեղծագործությունների կատարմամբ։ Ստեղծագործական ոճը ձևավորվել է Ա. Խաչատրյանի և Ս. Ռախմանինովի ազդեցությամբ և առավելապես արտահայտվել վաղ շրջանի ստեղծագործություններում՝ դաշնամուրի (1944 թ.) և ջութակի (1949 թ.) համար կոնցերտներում։ «Վաղարշապատի պար», «Պրելյուդ» և «Էքսպրոմտ» գործերը 1947 թ. Պրահայում կայացած Երիտասարդության և ուսանողների համաշխարհային 1-ին փառատոնում արժանացել են առաջին մրցանակի: Կոմպոզիտորի ստեղծագործական անհատականությունը դրսևորվել է դաշնամուրի և նվագախմբի համար 1950 թ. գրված «Հերոսական բալլադում» (ԽՍՀՄ պետական մրցանակ, 1951 թ․), ապա դաշնամուրային տրիոյում (1952 թ․):

Բաբաջանյանը ստեղծագործել է տարբեր՝ դասական, պոպ, ջազ ոճերով։ Նա սովետական երգի ականավոր վարպետներից է: Գրել է բազմաթիվ քնարական երգեր, երաժշտություն դրամատիկական ներկայացումների (Վ. Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է») և կինոնկարների («Առաջին սիրո երգը», համահեղինակ՝ Ղ. Սարյան, «Ամպրոպի արահետով», «Երջանկության մեխանիկան») համար:

Բաբաջանյանը սովետական ժողովրդի կողմից սիրված կոմպոզիտորներից է, ով բացառիկ բնատուր տաղանդի, խոր զգացմունքայնության ու երաժշտական արտահայտչականության շնորհիվ իր ուրույն տեղն է զբաղեցնում հայկական և սովետական երաժշտության պատմության մեջ:

Դիմերես՝ հարսանեկան զույգի, սոլի բանալու, ոճավորված վարդի և ձայնասկավառակի պատկերներ:

Դարձերես՝ Առնո Բաբաջանյանի դիմապատկերը, ձայնասկավառակի, դաշնամուրի ստեղների, նոտաների և գրչի ոճավորված պատկերներ:

Էսքիզների հեղինակ՝ Վարդան Վարդանյան:

Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում:

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը 1000

Մետաղը/հարգը արծաթ 925

Քաշը 33,6

Տրամագիծը 40,0

Քանակը 500

Դրամաշուրթը ատամնավոր

Որակը պրուֆ

Գրիգոր Տաթևացու ծննդյան 675-ամյակ

Գրիգոր Տաթևացին (1346-1409 թթ.) Հայոց Եկեղեցու Եռամեծ վարդապետ է, փիլիսոփա, աստվածաբան, բանասեր, մանկավարժ, մանրանկարիչ, երաժիշտ:

Սովորել է Տաթևի վանքի վարդապետարանում, աշակերտել է մեծ աստվածաբան և իմաստասեր Հովհան վարդապետ Որոտնեցուն, որի մահից հետո գլխավորել է Տաթևի և Ապրակունիսի հոգևոր բարձրագույն դպրոցները, վարել աստվածաբանության, փիլիսոփայության, քերականության, երաժշտության տեսության և այլ դասընթացներ: Դասավանդել է նաև Մեծոփավանքի և Սաղմոսավանքի հոգևոր դպրոցներում: Միաժամանակ զբաղվել է ազգային-եկեղեցական հարցերով, պայքարել կաթոլիկ քարոզիչների՝ ունիթորների դեմ՝ պաշտպանելով Հայ Եկեղեցու ուղղափառ դավանությունն ու ինքնուրույնությունը:

1390 թ. նա հաստատվել է Տաթևում, իր շուրջը համախմբել Սյունիքից ու Հայաստանի տարբեր վայրերից ուսանելու եկած աշակերտների։ Իր մանկավարժական հայացքները ներկայացրել է «Սահմանադրություն դաստիարակության» աշխատությունում, որը բացառիկ երևույթ էր միջնադարի հայ մանկավարժական գրականության մեջ: Տաթևացու օրոք Տաթևի վանքի վարդապետարանը վերածվել է համալսարանի՝ հասնելով իր ծաղկման գագաթնակետին և դառնալով գիտության, մշակույթի, արվեստի, հոգևոր կյանքի կենտրոն:

Տաթևացին գրել է աստվածաբանական, դավանաբանական, մեկնողական, իմաստասիրական մեծարժեք աշխատություններ: Նշանավոր գործերից են «Գիրք հարցմանց» և «Ոսկեփորիկ» հանրագիտական երկերը, որտեղ ի մի են բերված հայ աստվածաբանական մտքի դարավոր ձեռքբերումները, ինչպես նաև «Ձմեռան» ու «Ամառան» քարոզգրքերը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Մաշտոցյան Մատենադարանում պահվում են նրա ընդօրինակած և ծաղկած Ավետարանները:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Գրիգոր Տաթևացուն դասել է սրբերի կարգը, հիշատակը տոնում է Մեծ Պահքի 4-րդ կիրակիի նախընթաց շաբաթ օրը

Դիմերես՝ Տաթևի վանքը:

Դարձերես՝ Գրիգոր Տաթևացու խորաքանդակը՝ Մոսկվայում Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպության հայկական եկեղեցու (ճարտարապետ` Արտակ Ղուլյան) պատին:

Էսքիզների հեղինակներ` Կարապետ Աբրահամյան (դիմերես) և Լուսինե Լալայան (դարձերես):

Հուշադրամնը հատվել է Լիտվայի դրամահատարանում:

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը 1000

Մետաղը/հարգը արծաթ 925

Քաշը 33,6

Տրամագիծը 40,0

Քանակը 500

Դրամաշուրթը ատամնավոր

Որակը պրուֆ

Ծանուցում

Հուշադրամները թանկարժեք մետաղներից պատրաստված դրամներ են, որոնք թողարկվում են երկրի ազգային, միջազգային, պատմամշակութային, հոգևոր և այլ արժեքները հասարակությանը ներկայացնելու, դրանք մետաղի տեսքով հավերժացնելու, ինչպես նաև դրամագիտական շուկայի պահանջարկը բավարարելու նպատակով:

Ինչպես ցանկացած դրամ, հուշադրամներն ունեն անվանական արժեք, որով և ներկայանում են որպես վճարամիջոց: Սակայն հուշադրամների անվանական արժեքը շատ ավելի ցածր է ինքնարժեքից, որը բաղկացած է հուշադրամի պատրաստման համար օգտագործված թանկարժեք մետաղի արժեքից, արտադրության և այլ ծախսերից: Ցածր անվանական արժեքն ու բարձր ինքնարժեքը հնարավորություն են տալիս այս տեսակի դրամը դիտարկելու ոչ թե որպես դրամաշրջանառության մեջ օգտագործվող վճարամիջոց, այլ որպես հավաքորդական առարկա: Հուշադրամներն ունեն նաև ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված վաճառքի գին:

Հուշադրամները՝ հանդիսանալով հավաքորդական առարկա, թողարկվում են խիստ սահմանափակ քանակով և չեն վերաթողարկվում:

Դրամագետները, հավաքորդներն ու պարզապես ցանկացողները կարող են գնել ՀՀ հուշադրամները ՀՀ կենտրոնական բանկի «Դրամագետ» վաճառասրահից, որը գործում է բանկի ներսում և բաց է բոլորի համար:

ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական տեղեկատվությունը հուշադրամների շրջանառության մեջ դնելու օրվա մասին չի ենթադրում, որ հուշադրամների վաճառքը կազմակերպվում է տվյալ օրվանից: Վաճառվող հուշադրամների և դրանց վաճառքի գնի մասին տեղեկատվությունը տեղադրվում է ՀՀ կենտրոնական բանկի «Թղթադրամներ և մետաղադրամներ» – «Դրամագետ» վաճառասրահ տիրույթում, «Դրամագետ» վաճառասրահում վաճառվող դրամագիտական արժեքներ բաժնում:

Ձեռքբերված հուշադրամները և այլ դրամագիտական արժեքները ենթակա չեն վերադարձման և փոխանակման:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արման Ծառուկյանի գրառումը՝ UFC-ում Չիմաևի չեմպիոնությունը նվաճելու պատվին

22:50 17.08.2025

Արման Ծառուկյանի գրառումը՝ UFC-ում Չիմաևի չեմպիոնությունը նվաճելու պատվին

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը իր Instagram-յան էջում լուսանկար է հրապարակել միջին քաշային կարգի նոր չեմպիոն Խամզաթ Չիմաևի հետ։ «Լավագույնը»,– լուսանկարին կից գրել է հայ մարտիկը, ով Չիմաևին օգնել էր տիտղոսային մենամարտին պատրաստվելու հարցում։ ...

Սևանա լճում լողամիջոց է շրջվել․ օգնության են հասել ջրափրկարարները

22:23 17.08.2025

Սևանա լճում լողամիջոց է շրջվել․ օգնության են հասել ջրափրկարարները

Օգոստոսի 17-ին՝ ժամը 14։10-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրկարարները նկատել են, որ ափից մոտ 200 մ հեռավորության վրա լողամիջոց է շրջվել․ անհրաժեշտ է օգնություն։ Ջրափրկարարներն ափից մոտ 500 մ հեռավորությունից ափ են դուրս բերել քաղաքացու։ ...

Թրամփը նախ կհանդիպի Զելենսկիի հետ, հետո՝ եվրոպական երկրների առաջնորդների. Bild

22:00 17.08.2025

Թրամփը նախ կհանդիպի Զելենսկիի հետ, հետո՝ եվրոպական երկրների առաջնորդների. Bild

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 18-ին Վաշինգտոնում նախ կհանդիպի Վլադիմիր Զելենսկիի հետ, որից հետո Զելենսկիին ուղեկցող եվրոպական երկրների առաջնորդները կմիանան հանդիպմանը, հաղորդում է Bild թերթը՝ հղում անելով Գերմանիայի կառավարության աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ կլինի նաև աշխատանքային ճաշ և մի քանի ժամ տևողությամբ քննարկում՝ ընդլայնված կազմով։ Հանդիպմանը մասնակցելու մասին հայտարարել էին Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Եվրահանձնաժողովի […] ...

Ղազախստանի հյուսիսում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել

21:25 17.08.2025

Ղազախստանի հյուսիսում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել

Ղազախստանի հյուսիսում գտնվող Ակմոլա շրջանում վթարի է ենթարկվել Aerostar R40F թեթև շարժիչով ինքնաթիռ, կիրակի օրը հաղորդել է հանրապետության տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունը։ Մի շարք ղազախական լրատվամիջոցներ, այդ թվում՝ պետական, հայտնել են, որ կործանված ինքնաթիռում երկու մարդ է եղել՝ օդաչուն և ուղևորը. երկուսն էլ զոհվել են։ Նշվում է, որ ստեղծվել է հատուկ հանձնաժողով։ Աղետի վայր են […] ...

Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

20:50 17.08.2025

Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Օգոստոսի 17-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը: Բերքառատ տոնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։ Ներկայացնելով տոնի խորհուրդը՝ պատարագիչ Սրբազանն իր քարոզում մասնավորապես […] ...

Հոգևոր նորոգման օրակարգում ես ինքս պիտի իմ բացթողումներն ընդունեմ, էմոցիաներս ավելի լավ կառավարեմ. վարչապետ

20:22 17.08.2025

Հոգևոր նորոգման օրակարգում ես ինքս պիտի իմ բացթողումներն ընդունեմ, էմոցիաներս ավելի լավ կառավարեմ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որում ասվում է. «ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը երկու հայտնի դրվագներով վարքագծի կանոնների խախտում է արձանագրել իմ խոսքում։ Սիրելի ժողովուրդ, չնայած որոշումների մի քանի գնահատականների հետ այնքան էլ համաձայն չեմ, բոլորիցդ ներողություն եմ խնդրում։ Ճշգրիտ լինելու համար ընդգծեմ. ներողությունս վերաբերվում է կոնկրետ երկու արտահայտությունների, որոնց վերաբերյալ […] ...

BACK_TO_TOP