13:54 22.04.2021
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Մինչ օրակարգի քննարկումը վարչապետն անդրադարձել է տնտեսության վերականգնման միտումներին և 2021 թվականի մարտի ցուցանիշներին: Ստորև ներկայացվում է կառավարության նիստի նախաբանի սղագրությունը.
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Սկսում ենք կառավարության 2021 թվականի ապրիլի 2-ի հերթական նիստի աշխատանքները: Մինչ օրակարգային հարցերին անդրադառնալը, ուզում եմ ընդգծել, որ մենք տնտեսության վերականգնման հերթական ազդակն ենք ստացել և կարող ենք արձանագրել, որ 2021 թվականի մարտին եկամուտ և աշխատավարձ ունեցող աշխատատեղերի թվի աճ ենք ունեցել:
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյան -Շնորհակալություն, պարոն վարչապետ: Մենք ամփոփել ենք 2021 թվականի մարտ ամսվա աշխատատեղերի վերաբերյալ տեղեկությունները, և պատկերը հետևյալն է. անցյալ տարվա հետ համեմատած՝ հարկման բազա ունեցող, այսինքն՝ 0-ից բարձր վարձատրվող աշխատատեղերն ավելացել են 2500-ով: Առհասարակ, հաշվի առնելով նախորդ տարի արդեն մարտ ամսից համավարակի առկայությունը և դրա հնարավոր ազդեցությունը, համեմատական վերլուծություններ իրականացվել են նաև 2019 թվականի համեմատ՝ իրավիճակն ավելի պատկերավոր հասկանալու նպատակով: Եվ 2019 թվականի մարտ ամսվա համեմատ՝ նույն աշխատատեղերի քանակն ավելի է 38 000-ով: Հարկման բազան կազմել է ավելի քան 131 մլրդ դրամ, և այդ ցուցանիշը 2020 թվականի համեմատ ավելի է 7.5 մլրդ դրամով, իսկ 2019 թվականի համեմատ՝ 24 մլրդ դրամով: Միջին հարկման բազան կազմել է շուրջ 211 500 դրամ, որը 2020 թվականի նկատմամբ ավելի է 12 000 դրամով, իսկ 2019 թվականի նկատմամբ՝ շուրջ 28 000 դրամով: Ավելի է հաշվարկվել նաև եկամտային հարկը և՛ 2020 թվականի, և՛ 2019 թվականի նկատմամբ՝ համապատասխանաբար 0.5 մլրդ դրամ և 1.3 մլրդ դրամ գումարի չափով: Շնորհակալություն:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Պարոն Հովհաննիսյան, իսկ մենք ունե՞նք վերլուծություն՝ այնուամենայնիվ, այս աշխատատեղերը նոր բացված աշխատատեղե՞ր են, թե՞ ուղղակի ստվերից դուրս եկող աշխատատեղեր են:
Ուզում եմ նաև թվերի հավաստիության խնդրին անդրադառնալ և արձանագրել, որ այս թվերը ձևավորվում են գործատուների կողմից ներկայացված հաշվետվությունների հիման վրա, և խոսքն այն աշխատատեղերի մասին է, որոնցում աշխատավարձ է վճարվել, եկամտային հարկ է հաշվառվել և հաշվետվություններով ներկայացվել է՝ կամ վճարվել է, կամ կվճարվի: Համեցեք:
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյան – Այո, պարոն վարչապետ, ինչպես ներկայացրիք, թվերը բխում են հենց այդ բազայից՝ հարկային տեղեկատվական բազայից, որտեղ հաշվետվությունը ներկայացրել են հենց հարկ վճարողները՝ այն աշխատատեղերի վերաբերյալ, որտեղ հաշվարկվել և եկամուտ է վճարվել և դրանցից եկամտային հարկ է պահվել: Թվերի հավաստիության մասով կասկածելն ուղղակի անմտություն է:
Ինչ վերաբերում է վերլուծությանը՝ այո, մենք որոշակի վերլուծություն արել ենք. այդ զանգվածի մեջ կա ինչպես ստվերից դուրս եկած հատված, բնականաբար, այնպես էլ, ենթադրվում է, դատելով առևտրաշրջանառության ծավալներից, ապրանքաշրջանառության և գործարքների քանակով ապրիլ ամիսը, 2019 թվականի համեմատ, ունի 20-22 տոկոսի աճ: Վերլուծության մասով նշեմ, որ ստվերի հատվածը բավական մեծ է, քանի որ մենք ունենք կոնկրետ հսկողական աշխատանքներ, որտեղ պատկերները հստակ են, այսինքն՝ թվային պատկերներ ունենք, հսկողական աշխատանքներ և դրա արդյունքում ավելի գրանցված վարձու աշխատողներ:
Վերջերս մեր վերլուծական ստորաբաժանման կողմից ուղղակի մեկ վարժության արդյունքում, ընդամենը մեկ օրվա ընթացքում, 200 աշխատատեղերի գրանցման հայտ ներկայացվեց: Խոսքը վերաբերում է այն դեպքերին, երբ վերլուծական վարչությունն ուսումնասիրել էր այն անհատ ձեռնարկատերերին, որոնք միաժամանակ այլ հարկ վճարողի մոտ հանդիսանում էին վարձու աշխատող: Իրավիճակը մեկնաբանելու նպատակով նրանց ծանուցումներ ուղարկվեցին, քանի որ ֆիզիկական անձ անհատ ձեռնարկատերը չէր կարող աշխատել այլ հարկ վճարողի մոտ և միաժամանակ իր գործունեությունն իրականացնել: Այդ վարժության արդյունքում, ինչպես նշեցի, մեկ օրում 200 գրանցման հայտ ստացվեց: Սա ուղիղ վերաբերում է ստվերի կրճատմանը: Շնորհակալություն:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շատ լավ: Ես կարծում եմ, այնուամենայնիվ, առևտրաշրջանառության մասով պետք է հաշվի առնենք, որ որոշակի գնաճ էլ կա, բայց ենթադրում եմ, որ եթե 20-22 տոկոս աճ ունենք՝ ենթադրենք 5-6 տոկոս գնաճ ունենք, այստեղ մեթոդաբանությունը ո՞րն է: Այսինքն՝ դա էլ վերլուծության նյութ է, թե որքանով է գնաճը նպաստել շրջանառության աճին, և որքանով է, այսպես ասած, բնական կամ բուն բովանդակային աճը: Այս պահին նման վերլուծություն ունե՞նք:
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյան – Պարոն վարչապետ, Դուք շատ ճիշտ եք: Գնաճի գործոնը, բնականաբար, կա այստեղ, ուղղակի ապրիլ ամսվա ցուցանիշները դեռևս հրապարակված չեն, և այս պահին այդպիսի վերլուծություն չենք կարող անել: Շատ ավելի ուշ, երբ կունենանք ապրիլ ամսվա վերաբերյալ օպերատիվ տեղեկատվությունը, համապատասխան վերլուծությունը, այո, հնարավոր է իրականացնել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Բայց, ամեն դեպքում, 20-22 տոկոս աճի մեջ չի կարող ամբողջը գնաճը լինել: Պարոն Հովհաննիսյան, վերջին անգամ, երբ մենք աշխատանքային հանդիպում ունեցանք, Դուք տեղեկանք ներկայացրեցիք, որ ապրիլի առաջին 15 օրվա ընթացքում ՀԴՄ կտրոնների թիվը մոտավորապես 4 մլն հատով ավելացել էր: Այնպես որ, երևի գնաճը և գումարած, այնուամենայնիվ, քանակական աճ նույնպես ունենք:
Հարգելի գործընկերներ, աշխատատեղերի հետ կապված ուզում եմ ասել, որ բացարձակ թիվը շուրջ 622 000 է, և ուզում եմ հիշեցնել, որ առաջին անգամ գրանցված աշխատատեղերի 600 000-ի շեմը մենք հաղթահարել ենք 2019 թվականի մայիսին: Դրանից առաջ Հայաստանում երբեք գրանցված 600 000 աշխատատեղ չի եղել: Եվ ուզում եմ ասել, որ 2021 թվականի մարտին, պարոն Հովհաննիսյանը 2019 թվականի ցուցանիշի նկատմամբ ասաց, բայց 2018 թվականի մարտի նկատմամբ ունենք 85 038 աշխատատեղի տարբերություն: Պարոն Քերոբյան, վերլուծե՞լ եք՝ աշխատատեղերի թվի աճը, այնուամենայնիվ, 100 տոկոսով ստվերի կրճատո՞ւմ է, թե՞ կան նաև նոր ստեղծվող աշխատատեղեր:
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյան – Պարոն վարչապետ, մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ որքան ստվերից դուրս են գալիս, կան տնտեսվարողներ, որ ստվեր էլ են գնում, այնպես չէ, որ մեկ ուղղությամբ է այստեղ: Վերլուծությունները ցույց են տալիս, որ սա իսկապես տնտեսական աճի արդյունք է: Իհարկե, անցած տարվա մարտին կորոնավիրուսի պատճառով դեռ աշխատատեղեր չէին կրճատվել, բայց աճի տրենդն էլ էր մի փոքր կոտրվել: Եվ եթե համեմատենք՝ ստացվում է, որ եթե այս տեմպերով գնանք, մյուս ամիս արդեն ապրիլ ամսվա համար կունենանք գրանցված աշխատատեղերի ռեկորդ ընդհանուր Հայաստանի պատմության մեջ: Կարծում եմ՝ այս ցուցանիշները խոսում են նրա մասին, որ աշխատատեղերի շուկան, կարելի է ասել, ամբողջությամբ վերականգնվել է: Անհամբեր սպասում ենք ԱՎԿ՝ մյուս շաբաթվա տվյալներին, որպեսզի տեսնենք, թե ինչ արդյունքներ ունենք ՀՆԱ-ի և տնտեսական ակտիվության ցուցանիշի մասով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Եթե ճիշտ եմ հասկանում՝ մենք ամիս ամսվա հետ ենք վերլուծում, համեմատում, որովհետև սեզոնայնության խնդիր կա: Այդ տրամաբանությամբ էլ, ես նայել եմ վիճակագրությունը…
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյան – Նաև կորը կորի հետ ենք համեմատում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մարտ ամսվա համար մենք հիմա ունենք բացարձակ ռեկորդ: Այսինքն՝ Հայաստանի պատմության մեջ մարտ ամսվա ընթացքում երբեք ավելի մեծ թվով գրանցված, կրկին ուզում եմ ընդգծել, գրանցված աշխատատեղեր չեն եղել: Բայց իսկապես պետք է վերլուծվի, որպեսզի հասկանանք, թե ինչ է տեղի ունենում: Խնդրեմ, պարոն Գրիգորյան:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյան – Պարոն վարչապետ, գուցեև մարտ ամսվա վրա (2020թ.) կորոնավիրուսի ազդեցություն դեռևս այդքան չկար, բայց ես վստահ եմ՝ այսօրվա թվերը վկայում են այն մասին, որ 5-րդ, 18-րդ ու 21-րդ միջոցառումներով մենք, այնուամենայնիվ, մի ֆոն ենք ապահովել, որը հնարավորություն է տվել 2021 թվականի մարտի այս տվյալները ստանալ: Իհարկե, ավելի մանրամասն գնահատական կտրվի, բայց վստահ եմ, որ մեր միջոցառումները, որոնք միտված են եղել աշխատատեղերը պահպանելուն և այդ ընթացքն անցնելուն, արդյունավետ են եղել, հակառակ դեպքում՝ չէինք կարող մարտին այս թվերն ունենալ: Սա իմ համոզմունքն է, բայց կարծում եմ՝ նաև վերլուծության արդյունքներում կգանք այս նույն եզրահանգմանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Նաև այդ ֆոնին ուզում եմ հիշեցնել, որ մենք 2020 թվականի մայիսին մոտ 70 000 աշխատատեղ կորցրել էինք. մայիսի հաշվարկներով՝ ապրիլին արդեն 70 000 աշխատատեղ կորցրել էինք: Բայց հիմա նաև այդ բացարձակ թիվն արդեն գերազանցված է: Համենայնդեպս թվաբանությամբ: Պարտադիր չէ՝ այդ նույն աշխատատեղերը վերականգնված լինեն, կարող են այլ տեղերում բացված լինել, բայց, համենայնդեպս, բացարձակ թվով վերականգնված են:
12:20 21.06.2025
Տարադրամի փոխարժեքները հունիսի 21-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 448 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․88 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․97 դրամ: ...
12:07 21.06.2025
ՄԱԳԱՏԷ-ն ապացույցներ չունի, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել. ՊուտինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կփորձի Թեհրանի հետ հակամարտությունը լուծել դիվանագիտական միջոցներով, բայց միաժամանակ կանի այն ամենը, ինչ անհրաժեշտ է Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու համար, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը: «Նա ասել է, որ կշարունակի դիվանագիտությունը այնքան ժամանակ, որքան կարող է։ Եվ երբ նա որոշի, որ դիվանագիտությունն ամբողջությամբ սպառել է իր ներուժը, որ հետագա […] ...
11:59 21.06.2025
ՀՀ-ի համար առանցքային են հարաբերությունների կարգավորումը և խաղաղությունը. ՄիրզոյանՀայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիա կատարած այցին։ «Ուղեկցում էի վարչապետ Նիկոլ Փաշինյանին Թուրքիա կատարած իր նշանակալի այցի ընթացքում՝ նման կարևոր պահին։ Երկխոսությունը, հարաբերությունների կարգավորումը և խաղաղության խթանումը տարածաշրջանում, մեր անմիջական հարևանությունում, առանցքային են Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ»,-գրել է Միրզոյանը։ ...
11:47 21.06.2025
Արթուր Բազեյանն աշխարհի հավաքականի կազմում պրոֆեսիոնալ մենամարտ կանցկացնիՀայ բռնցքամարտիկ Արթուր Բազեյանն աշխարհի հավաքականի կազմում պրոֆեսիոնալ մենամարտ կանցկացնի: Սանկտ Պետերբուրգում կայանալիք մրցաշարում Բազեյանի մրցակիցը կլինի ռուս բռնցքամարտիկ Վսեվոլոդ Շումկովը։ Աշխարհի հավաքականը կմրցի Ռուսաստանի թիմի դեմ: ...
11:30 21.06.2025
Արաղչին հայտնել է, թե որ դեպքում Իրանը պատրաստ կլինի հարձակվել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաների վրաԹեհրանը պատրաստ կլինի պատասխան հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան զորքերին, եթե Միացյալ Նահանգները միանա Իսրայելի կողմից սանձազերծված ռազմական գործողություններին: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին NBC News-ին տված հարցազրույցում: «Ինքնապաշտպանությունը յուրաքանչյուր երկրի օրինական իրավունքն է», – ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Իրանը կձեռնարկի պատասխան հարվածներ, այդ թվում՝ տարածաշրջանում գտնվող […] ...