Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակի շրջանակում Հայաստանում և արտերկրում կիրականացվեն մի շարք միջոցառումներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+24.09 oC

Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակի շրջանակում Հայաստանում և արտերկրում կիրականացվեն մի շարք միջոցառումներ

18:26 14.06.2021

2021 թվականի նոյեմբերի 1-ին լրանում է հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր, մանկավարժ ու հասարակական գործիչ, դիրիժոր, կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյա հոբելյանը:

Ա. Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում այսօր Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որին մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը, Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի տնօրեն Մարինա Վարդանյանը, Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ, Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի գիտական խորհրդի անդամ Դավիթ Ղազարյանը:

Շնորհավորելով բոլորին հոբելյանական ծրագրերի պաշտոնական մեկնարկի կապակցությամբ՝ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն անդրադարձել է հայ իրականության մեջ Ալեքսանդր Սպենդիարյանի դերին և կարևորությանը.

«Սպենդիարյանը մեր հոգևոր-մշակութային պատմության մեջ այն երևույթներից մեկն է, որով եվրոպական քաղաքակրթական արժեքները, եվրոպական երաժշտությունը և երաժշտական ձևերը ներարկվել են մեր իրականության մեջ: Իսկ դա փոխում է ոչ միայն մեր երաժշտական ճաշակը, երաժշտական ընկալումները, այլև նման հարաբերակցությունը, նման հաղորդակցությունը եվրոպական իրականության հետ փոխում է նաև մեր մտածողությունը, կենցաղը, կենցաղավարությունը: Ինչպես ժամանակին Խաչատուր Աբովյանն էր առաջադեմ արժեքները բերում մեր իրականություն, Սպենդիարյանն էլ իր ժամանակաշրջանում նույն աշխատանքն է արել, նույն պատասխանատվությամբ և կարևորությամբ»:

Արա Խզմալյանի խոսքերով՝ մեր պարտքն է հարգանքի տուրք մատուցել, խոսել Սպենդիարյանի արժեքի՝ որպես երևույթի մասին:

«Ամենևին պատահական չէ, որ 2019 թվականի նոյեմբերին Փարիզում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսի 40-րդ նստաշրջանում այս նշանավոր հոբելյանն ընդունվել է Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2020-2021 թթ. օրացույցում»,- նշել է նախարարի տեղակալը և շնորհակալություն հայտնել Վրաստանի, Իրանի և Ռուսաստանի գործընկերներին այդ իրողության կայացմանը նպաստելու համար:

Խոսելով Սպենդիարյանին նվիրված հոբելյանական ծրագրերի հագեցվածության մասին՝ Արա Խզմալյանը տեղեկացրել է, որ կազմված է լայնածավալ, մանրամասն մշակված միջազգային գեղարվեստական ծրագիր, որի իրականացման ուղղությամբ ջանքեր պետք է ներդրվեն՝ նկատի ունենալով համավարակով պայմանավորված խոչընդոտներն ու սահմանափակումները:

«Սպենդիարյանի հոբելյանը լրանում է նոյեմբերին, առջևում ունենք նաև մեկ տարի՝ մինչև 2022 թվականի նոյեմբերը, և եթե որևէ ծրագիր չհասցնենք իրականացնել այս տարի, ապա այն կիրականացնենք հաջորդ տարի»,- ասել է նախարարի տեղակալը և կատարած ահռելի աշխատանքի համար շնորհակալություն հայտնել Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրենին, անձնակազմին: Արա Խզմալյանը վստահություն է հայտնել, որ ամեն ինչ կարվի, որպեսզի հավուր պատշաճի իրականացվի մեծ հայի հոբելյանական տարին:

Եզրափակելով խոսքը՝ նախարարի տեղակալը տեղեկացրել է, որ հունիսի 15-ին՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում կտրվի «Սպենդիարյան-150» հոբելյանական միջոցառումների մեկնարկը՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգով: Համերգի ընթացքում կհնչեն Ա. Սպենդիարյանի ստեղծագործությունները՝ «Երեք արմավենի», «Ղրիմյան էսքիզներ», հատվածներ «Ալմաստ» օպերայից: Համերգը կղեկավարի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Թոփչյանը:

Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը ներկայացրել է Ա. Սպենդիարյանի հոբելյանական ծրագիրը

«Ա. Սպենդիարյանի հոբելյանական ծրագրի միջոցառումները բաժանվել են մի քանի խմբի, և այդ խմբերի մեջ առաջին հերթին ներառված են գիտաժողովներ, գիտական նստաշրջաններ: Ապրիլի 15-ին տուն-թանգարանում անցկացվել է «Ա. Սպենդիարյան-150» խորագրով գիտաժողովը, որին մասնակցել են Հայաստանի և Արցախի երաժշտական քոլեջների երաժշտագետ դասախոսները, ուսանողներն ու գիտաշխատողները: «Ա. Սպենդիարյան-150» խորագրով միջազգային գիտական նստաշրջանը նախատեսվում է իրականացնել 2021 թվականի հոկտեմբերի 7-8-ը Երևանում՝ ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի, Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի, Հայաստանի կոմպոզիտորների միության հետ»,- նշել է թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը և հավելել, որ միջազգային գիտաժողովի աշխարհագրությունը կլինի բավականին ընդլայնված:

Տնօրենի ներկայացմամբ՝ 2020 թվականին թանգարանն իրականացրել է բավականին մեծ ծավալի հավաքչական և ուսումնասիրման աշխատանքներ: Ղրիմի կենտրոնական արխիվի, Կախովկայի պատմության թանգարանի, Սանկտ Պետերբուրգի կենտրոնական գրադարանի, Ռիմսկի-Կորսակովի թանգարանի, Ռուսաստանի արվեստի պատմության ինստիտուտի, Չեխովի տուն-թանգարանի հետ համագործակցության արդյունքում հավաքագրվել են Սպենդիարյանին վերաբերող բազմաթիվ նյութերի ցանկեր: Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի հետ համագործակցությամբ ամբողջությամբ թվայնացվել է այնտեղ պահվող Սպենդիարյանի ֆոնդը՝ 3090 միավոր թանգարանային արժեք՝ հիմնականում թղթե հիմքով:

Հավաքված նյութերը զետեղվելու են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո տպագրվելիք բազմածավալ ալբոմում, որում կներառվի նաև սկավառակ: Կընդգրկվեն Սպենդիարյանի սիմֆոնիկ և այլ ժանրերի ստեղծագործություններ: Ձայնագրման ու թողարկման աշխատանքները կիրականացնի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը:

Անդրադառնալով համերգային ծրագրերին՝ Օթարյանը հայտնել է, որ դեռ մայիսին կոմպոզիտորին նվիրված համերգով է ներկայացել սիմֆոնիկ նվագախումբը:

Համերգային գործունեության շրջանակում հունիսի 15-ին համերգով կտրվի հոբելյանական միջոցառումների պաշտոնական մեկնարկը: Առաջին անգամ համերգասրահի ճեմասրահում կցուցադրվի Սպենդիարյանին պատկանող Սպենդիարաֆոն երաժշտական գործիքը: Սեպտեմբերի 4-5-ը Գյումրիում նախատեսվում է երկօրյա բացօթյա փառատոն, սեպտեմբերի 20-25-ը Թբիլիսիում՝ Թումանյանի տանը, կկազմակերպվի «Սպենդիարյանական օրեր», սեպտեմբերի երկրորդ շաբաթը տոնակատարություններ ու բազմաթիվ միջոցառումներ են սպասվում Ղրիմում, սպենդիարյանական վայրերով՝ Սիմֆերոպոլ, Յալթա, Սուդակ, Թեոդոսիա քաղաքներում: Լոնդոնում համերգ-ցուցահանդես է նախատեսվում հոկտեմբերին՝ ՀՀ դեսպանատան հովանու ներքո: Հայաստանից դասախոսությամբ հանդես կգա Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը: Այլ միջոցառումներ կլինեն նաև Իրանում:

Սպենդիարյանի և Թումանյանի կապը

Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի գիտական խորհրդի անդամ Դավիթ Ղազարյանի համոզմամբ՝ Սպենդիարյանը, լինելով Ռիմսկի-Կորսակովի ամենափայլուն ուսանողներից մեկը, կարողացել է ռուսական մշակույթը համադրել հայկականի հետ և ներկայացնել աշխարհին:

«Ինձ համար շատ կարևոր է Սպենդիարյանի և Թումանյանի կապը: Երբ Սպենդիարյանը մտահղացել է ստեղծել օպերա, առաջնայինը նյութն է եղել: Սպենդիարյանն ու Թումանյանը հանդիպել են Մարտիրոս Սարյանի միջնորդությամբ: Կոմպոզիտորի ուշադրությունը գրավել է «Թմկաբերդի առումը» պոեմը, որն այնուհետև դարձել է «Ալմաստ» օպերայի հիմքը: Օպերան երաժշտական մեծ արժեք է, որով մեր օպերային թատրոնը հաճախ բացում է համերգաշրջանը»,- ընդգծել է Դավիթ Ղազարյանը:

Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցը համերգներով, ճանաչողական ծրագրերով կտոնի կոմպոզիտորի հոբելյանը։

Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Մարինա Վարդանյանի խոսքերով՝ մեծ պատասխանատվությամբ են մոտենում կոմպոզիտորի հոբելյանին: Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցը, կարևորելով մեծանուն կոմպոզիտորի 150-ամյա հոբելյանը, պարբերաբար հանդես է գալիս համերգներով, գիտական-ճանաչողական նախաձեռնություններով՝ փորձելով նպաստել Սպենդիարյանի թողած հարուստ մշակութային ժառանգության հանրահռչակմանը:

«Տարվա սկզբից դպրոցի բացօթյա բեմում կազմակերպում ենք սպենդիարյանական երեկոներ, որոնք շարունակական բնույթ են կրում, իրականացնում ճանաչողական դասընթացներ սպենդիարյանական թեմաներով, որոնց շրջանակում անդրադառնում ենք «Ռիմսկի-Կորսակով և Սպենդիարյան», «Սպենդիարյան և հայ կոմպոզիտորներ» և այլ թեմաների: Այդ միջոցառումները ևս շարունակական են»,- նշել է Վարդանյանն ու հավելել, որ բոլոր համերգներն այս տարի նվիրելու են կոմպոզիտորի 150-ամյակին:

Հոբելյանի շրջանակում Ավետիք Իսահակյանի գրադարանի հետ ցերեկույթներ են կազմակերպում, հնչեցնում են կոմպոզիտորի երաժշտությունը, ինչն ուսուցողական ու ճանաչողական նպատակ ունի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 17-ին

11:00 17.08.2025

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 17-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 381.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 443.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 449 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․74 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.85 դրամ:   ...

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

10:46 17.08.2025

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Այսօր Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնն է՝ Խաղողօրհնեքը

10:28 17.08.2025

Այսօր Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնն է՝ Խաղողօրհնեքը

Այսօր՝ օգոստոսի 17-ին, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Խաղողօրհնեքը: Այն Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը: Վերափոխման տոնին՝ հավարտ Ս. Պատարագի, բոլոր եկեղեցիներում կատարվում է խաղողօրհնության կարգ: Բոլոր պտուղներից առավել օրհնվում է խաղողի ողկույզը, քանի որ Տերը խաղողի որթը ամենազորավոր ծառերից ավելի վեր բարձրացրեց […] ...

Օգոստոսի 19-ից մեկնարկելու է Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգումը

10:12 17.08.2025

Օգոստոսի 19-ից մեկնարկելու է Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգումը

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ օգոստոսի 19-ից մեկնարկելու է Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգումը։ Իրականացվելու են հողային, ճանապարհի լայնացման աշխատանքներ։ Նշված աշխատանքներով պայմանավորված, ինչպես նաև հաշվի առնելով քարաթափման վտանգը՝ ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար։ Վարորդներին հորդորում են շրջանցել նշված ճանապարհը։ Երթևեկությունը կկազմակերպվի ըստ ՆԳՆ հետ համաձայնեցված սխեմայի։ ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

10:00 17.08.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Օգոստոսի 17-ին` ժամը 09։00-ից 18։00-ն, շինարարական աշխատանքներով պայմանավորված, Վանաձորի Բաղրամյան էստակադայով երթևեկությունը փակ է լինելու։ ...

Իսրայելը պատրաստ է Գազայի հարցով համաձայնության, եթե բոլոր պատանդներն ազատ արձակվեն

23:59 16.08.2025

Իսրայելը պատրաստ է Գազայի հարցով համաձայնության, եթե բոլոր պատանդներն ազատ արձակվեն

Իսրայելը պատրաստ է Գազայի հատվածում կարգավորման համաձայնագիր կնքել միայն բոլոր պատանդների միաժամանակյա ազատ արձակման և արմատական ՀԱՄԱՍ շարժման լիակատար զինաթափման պայմանով։ Այս մասին հայտարարել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը։ «Իսրայելը պատրաստ է համաձայնագիր քննարկել միայն բոլոր պատանդների միաժամանակյա ազատ արձակման պայմանով և պատերազմը դադարեցնելու իսրայելական սկզբունքների շրջանակներում», – ասվում է հայտարարության մեջ։ «Այդ […] ...

BACK_TO_TOP