15:33 08.09.2021
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նախքան օրակարգային հարցի քննարկումը վարչապետն անդրադարձել է սահմանակից պետությունների հետ հարաբերությունների խորացման ու կարգավորման հնարավորություններին:
Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Ըստ այդմ նախատեսվում է իրականացնել համայնքների միավորման (վերակազմակերպման) 37 ծրագիր՝ Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան, Թալին, Մեծաձոր, Արևուտ, Արարատի մարզի Արարատ, Արտաշատ, Մասիս, Վեդի, Արմավիրի մարզի Արաքս, Արմավիր, Բաղրամյան, Խոյ, Մեծամոր, Վաղարշապատ, Փարաքար, Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Սևան, Վարդենիս, Լոռու մարզի Թումանյան, Սպիտակ, Վանաձոր, Փամբակ, Կոտայքի մարզի Աբովյան, Գառնի, Ծաղկաձոր, Հրազդան, Նաիրի, Շիրակի մարզի Ախուրյան, Ամասիա, Աշոցք, Արթիկ, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Ջերմուկ, Վայք, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքային փնջերում: «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրինագծի նպատակն է վերոնշյալ համայնքներում նշանակել համայնքի ավագանու ընտրություն, միավորվող համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները դադարեցնելու և միավորված համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ստանձնման ժամկետների վերաբերյալ տալ իրավակարգավորումներ, ինչպես նաև կարգավորել նոր համայնքի ձևավորմամբ պայմանավորված համայնքային սեփականություն համարվող գույքի փոխանցման հարցերը:
Իրավական ակտերի փաթեթի կիրառման դեպքում կապահովվի համայնքների միավորման գործընթացի իրավական բազան: 2011 թ. նոյեմբերի 10-ին հավանության արժանացած «Համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ձևավորման հայեցակարգ»-ով ՀՀ կառավարությունը հաստատել է, որ վարչատարածքային բարեփոխումներն անհրաժեշտ են՝ համայնքների զարգացման շարունակականության ապահովման, համայնքի կողմից առավել որակյալ և մատչելի ծառայությունների մատուցման, խոշորացված համայնքների միավորված ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործման տեսանկյունից: Այնուհետև, համայնքների խոշորացման գործընթացի անհրաժեշտությունը կարևորվել է նաև այլ փաստաթղթերում, մասնավորապես, ՀՀ կառավարության տարեկան ծրագրերում, Կայուն զարգացման ծրագրում, ՀՀ 2014-2025 թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրում և այլն: 2016 թ. փետրվարի 14-ից ի վեր իրականացվել է համայնքների միավորման 54 ծրագիր, ինչի արդյունքում 486 համայնքների միավորման արդյունքում ձևավորվել է 54 համայնք:
Ինչպես նշել է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, 441 համայնք միավորվում է 37 համայնքային փնջով: «Այսպիսով ՀՀ-ում այս գործընթացի ավարտից հետո կունենանք 77 համայնք և Երևանը: Ընդհանուր 78 համայնք կլինի, որից 8-ը՝ ազգային փոքրամասնություններով բնակեցված»,- ասել է նախարարը:
Անդրադառնալով օրինագծերին Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ օրենսդրական նախաձեռնությունների փաթեթը շատ կարևոր է ոչ միայն վարչատարածքային, այլև նաև՝ քաղաքական բարեփոխումների տրամաբանության մեջ: «Խոշորացված համայնքներում տեղի են ունենալու համամասնական ընտրակարգով ընտրություններ, որտեղ քաղաքապետի ընտրությունը զուգորդվում է ավագանու ընտրությունների հետ, և ընտրությունները տեղի են ունենում կուսակցական ցուցակներով: Եվ սա մեր կարևոր խոստումներից է եղել ժամանակին: Իհարկե, համայնքների խոշորացումը նոր չի մեկնարկել, և պետք է արձանագրենք, որ 2018 թվականից մենք շատ կարևոր մի ուղեգիծ ենք որդեգրել՝ սուբվենցիոն համակարգերը դնելով տարածքային համաչափ զարգացման տրամաբանության հիմքում: Ուզում եմ հիշեցնել, որ սուբվենցիոն ծրագրերն այն ծրագրերն են, երբ համայնքը կառավարության հետ համատեղ իրականացնում է կոնկրետ ծրագիր: Այսինքն՝ ֆինանսավորման մի մասը տարբեր ծրագրերով, տարբեր բաղադրիչներով, բովանդակությունից կախված՝ համայնքը և կառավարությունը տարբեր չափաբաժիններով ֆինանսավորում են: Եվ այս համատեքստում մենք շատ հաջողված օրինակներ ունենք, երբ սուբվենցիոն ծրագրին մասնակցություն են ցուցաբերել նաև մասնավոր անձինք՝ բիզնես, բարեգործական նկատառումներով: Եվ այս մեխանիզմի հետագա կատարելագործման ուղղությամբ նույնպես պետք է աշխատենք: Խոշորացված համայնքների պարագայում սուբվենցիոն ծրագրերի մասնակցության հնարավորություններն էականորեն աճում են՝ փոքր բնակավայրերը խոշորացման արդյունքում ստանում են այդ հնարավորությունը, իսկ ավելի խոշոր բնակավայրերի հնարավորություններն ընդլայնվում են:
Իհարկե, խոշորացման գործընթացը միշտ ամենատարբեր քննարկումների և քննադատությունների տեղիք է տվել, և տարբեր քննարկումներ կան բնակավայրերի շահերի պաշտպանության տեսակետից: Եվ այդ շահերն առավել արդյունավետ պաշտպանելու համար է նաև, որ զուգահեռ ներմուծվել է համամասնական ընտրակարգն ընտրությունների, ինչը մեծացնում է քաղաքացիների քաղաքական և քաղաքացիական վերահսկողության հնարավորությունը ՏԻՄ-երի նկատմամբ»:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նաև, որ այստեղ կան շահեր՝ միավորվում են 30 համայնք և դառնում մեկ համայնք, որտեղ կան այդքան համայնքի ղեկավարներ, աշխատակազմ և հասկանալի է, որ կրքեր բորբոքելու փորձեր են լինելու. «Ես ուզում եմ կոչ անել չտրվել այդ կարգի սենտիմենտներին: Քաղաքական որոշումը կայացված է, և մենք պետք է գնանք այս ճանապարհով: Վերջին տարիների մեր փորձը ցույց է տալիս, որ, այո, խոշորացված համայնքներն առավել արդյունավետ են և առավել մեծ կարողություններ են ձեռք բերում, այնպես որ, մենք այս ճանապարհով պետք է գնանք առաջ»: Վարչապետը նշել է, որ այդ հարցը պետք է լուծվի բացառապես ԱԺ–կառավարության տիրույթում. «Այսինքն՝ քաղաքական մեծամասնության քաղաքական պատասխանատվության դաշտում է: Քաղաքական մեծամասնությունը որոշումը կայացրել է և այն պետք է իրագործվի»:
Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն էլ ընդգծել է, որ համայնքների միավորման գործընթացի արդյունքում ավելի են մոտենում տարիներ շարունակ բարձրաձայնված, հռչակված ապակենտրոնացման գործընթացին. «Միավորման արդյունքում մեծանում են համայնքների տնտեսական պոտենցիալը, կարողությունները»:
Անդրադառնալով միավորված համայնքներում համամասնական ընտրակարգով նախատեսվող ընտրություններին՝ փոխվարչապետը նշել է, որ այստեղ բալանսավորվելու է նաև հաղթողների ու պարտվողների նախկինում գոյություն ունեցող խնդիրը: «Նախկինում կար միայն մեկ հաղթող, իսկ հիմա բոլոր քաղաքական ուժերը, որոնք մասնակցելու են ընտրություններին, իրենց ստացած ձայների համապատասխան 5 տարի շարունակ ներկայացված են լինելու համայնքի ավագանիում: Սրանով իրենց նախընտրական ծրագրերն իրագործելու հնարավորություն են ստանալու և տրված քվեին տեր են լինելու: Սա շատ կարևոր հանգամանք է, որը նպաստելու է տեղերում կուսակցությունների և հանրապետությունում կուսակցական համակարգի զարգացմանը»,- ասել է Սուրեն Պապիկյանը:
Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Նախկինում քաղաքապետի ընտրություններում առաջադրված էին 4 թեկնածու, մի թեկնածուն հաղթում էր, մյուսները պարտվում էին և դադարեցնում իրենց գործունեությունը: Այժմ, ըստ էության, տեղական խորհրդարաններ են ձևավորվելու, եթե մեկը ստացել է մեծամասնություն՝ այդ մեծամասնության ներկայացուցիչը դառնալու է քաղաքապետ, մյուսները՝ ավագանու անդամ, Երևանի, Գյումրիի և Վանաձորի օրինակով: Կարծում եմ, որ դա համայնքների կառավարումը կդարձնի առավել ներկայացուցչական։ Եվ այստեղ է, որ փոքր համայնքների ներկայացուցիչները ձայն բարձրացնելու հնարավորություն են ունենալու ոչ միայն որպես տեղական ինքնակառավարման մարմնի մեծամասնության, այլ նաև ընդդիմության ներկայացուցիչ, և հետևաբար այստեղ իրավիճակը բավականին բալանսավորված է լինելու»։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, անդրադառնալով բնակիչների մտահոգություններին, նշել է, որ որևէ համայնք չի փակվում, պարզապես կառավարման մոդելն է փոխվում։ «Բոլոր այն համայնքների բնակիչները, որոնք տարվա մեջ 4 անգամ գնում էին իրենց գյուղապետարան ինչ–ինչ հարցերով, հիմա նորից գնալու են։ Այսինքն՝ բոլոր ծառայությունները նորից մնում են համայնքներում։ Բնակիչների համար լրացուցիչ դժվարություններ չենք ստեղծում»,–նշել է նախարարը։
Կառավարության մեկ այլ որոշմամբ առաջարկվել է ԱԺ նախագահին սեպտեմբերի 23-ին գումարել Ազգային ժողովի արտահերթ նիստ:
21:51 18.06.2025
Իրանն Իսրայելի ուղղությամբ առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության բալիստիկ հրթիռԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Թեհրանը մարտական գործողությունների ընթացքում առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության (2000կմ) բալիստիկ հրթիռ, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ Իրանը Իսրայելի ուղղությամբ արձակել է երեք նմանատիպ հրթիռ։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Իրանի զինված ուժերը հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ: ...
21:45 18.06.2025
Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Հալե-ի ATP-500 մրցաշարումԳերմանական Հալեում ընթացող ATP-500 կարգի մրցաշարում Կարեն Խաչանովը հաղթանակի է հասել Զիզու Բերգսի նկատմամբ: Գրանցվել է 6:4, 6:3 հաշիվը: Աշխարհի 22-րդ ռակետը երկրորդ անգամ էր խաղում բելգիացու հետ և երկրորդ հաղթանակն է տարել։ 1/8 եզրափակչում Խաչանովը կմրցի աշխարհի 27-րդ ռակետ Ֆելիքս Օժյե Ալյասիմի հետ: Կանադացու հետ դիմակայությունների հաշիվն է՝ 1-2: Նրանք չէին հանդիպել 3 տարի: ...
21:41 18.06.2025
Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսումը: Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ. հացահատիկային մշակաբույսերի միջին հանրապետական բերքատվությունը (ցողունակալման փուլում) 1 հեկտարից սպասվում է․ աշնանացան ցորեն` 18.5-19ց, գարնանացան գարի՝ 16ց։ ...
21:36 18.06.2025
Փաշինյան-Էրդողան հանդիպումից առաջ Ալիևը Հայաստանի հետ համաձայնագրի կնքման նոր նախապայմաններ է առաջ քաշումԲաքվում աշխատանքն է սկսել «Սևծովյան տնտեսական համագործակցության» կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանը: Ինչպես և սպասվում էր, Ադրբեջանի իշխանությունները այդ հարթակը կրկին օգտագործել են հակահայկական հռետորաբանության ու քարոզչության համար: Ինչո՞ւ է Բաքվում անցնում ու արդյո՞ք Հայաստանի խորհրդարանը ներկայացված է պատվիրակությամբ: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Կազմակերպության 65-րդ նստաշրջանը 3 օր է տևելու Բաքվում: Այնտեղ […] ...
21:28 18.06.2025
Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունումԹենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում։ Եվրոպական գոտու երրորդ ենթախմբում հայ թենիսիստուհիները 2-1 հաշվով հաղթել են Անդորրայի թիմին։ Մենախաղում Ալինա Սողոմոնյանը 6-3, 6-1 հաշվով հաղթել է Յուդիթ Կարտանային, իսկ Անի Ամիրաղյանը 0-6, 1-6 հաշվով պարտվել է աշխարհի 135-րդ ռակետ Վիկտորյա Խիմենես-Կասինցևային։ Հայաստանի թիմը հաղթանակն ամրագրել է զուգախաղում։ Սողոմոնյան […] ...