16:00 02.05.2018
Այս պահին SHANTNEWS-ի թղթակիցները քաղաքի տարբեր հատվածներում են, և աշխատանքի հասնել չեն կարող, բայց իրենց գտնվելու վայրերից լուսանկարներ ու տեսանյութեր են ուղարկում, որոնք վկայում են քաղաքի տարբեր փողոցների փակված լինելու մասին: Ձեզ այդ ամենը կներկայացնենք պարբերական թարմացումներով: Հետևե՛ք նաև մեր ուղիղ միացումներին:
15:57 02.05.2018
Նիկոլ Փաշինյանը կոչ է արել ցուցարարներին ժամը 17.00-ից բացել բոլոր փողոցները, որպեսզի քաղաքացիները կարողանան հասնել Հանրապետության հրապարակ:
15:46 02.05.2018
Հաշվի առնելով հանրապետության սահմաններին առաջացած սննդամթերքով լի բեռների կուտակումները՝ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն անցնում է աշխատանքային հատուկ ռեժիմի:
15:37 02.05.2018
Վաղ առավոտից երկկողմանի փակ է Սևան-Երևան ավտոճանապարհի Սևան քաղաքի հատվածը և Գագարինի հատվածը:
15:34 02.05.2018
Պետական եկամուտների կոմիտեն, արձագանքելով երեկ՝ մայիսի 1-ին, ԱԺ հատուկ նիստի ընթացքում ՊԵԿ գործունեության վերաբերյալ հնչած քաղաքական գնահատականներին, տեղեկացնում է, որ կոմիտեն ապաքաղաքական կառույց է, որն օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում իրականացնում է իր գործառույթները, և, որի առաքելությունը ՊԵԿ-ի կողմից վերահսկվող պետական բյուջեի եկամուտների ապահովումն է:
15:00 02.05.2018
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 2-ին այցելել է պաշտպանության նախարարություն և հանդիպում ունեցել պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմի հետ:
14:46 02.05.2018
Հանրապետության տարբեր մարզերում քաղաքացիները շարունակում են բողոքի ակցիաներ կազմակերպել և իրականացնել:
14:34 02.05.2018
«Պետք է սթափ գնահատեն իրավիճակը և հրաժարվեն իրենց B, C և D ստվերային պլաններից»,- այսօր SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
14:31 02.05.2018
«Ազատություն» ռադիոկայանի լրագրող Արուս Հակոբյանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար մեղադրանք է առաջադրվել: Այս մասին հայտնում են Հայաստանի քննչական կոմիտեից:
14:27 02.05.2018
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը դիտարկում է արել Աժ պատգամավորների՝ մանդատից հրաժարվելու պահանջի վերաբերյալ:
14:26 02.05.2018
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հորդորում է ձեռնպահ մնալ ավտոճանապարհներին արհեստական խոչընդոտներ ստեղծելուց:
14:23 02.05.2018
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մայիսի 1-ի ուշ երեկոյան պաշտոնապես հայտարարել է, որ իսրայելական հատուկ ծառայությունների ձեռքում են հայտնվել իրանական միջուկային ծրագրի գաղտնի փաստաթղթերը:
14:07 02.05.2018
Պետական եկամուտների կոմիտեից հայտնում են, որ Հայաստան մտնող բեռնատար՝ հատկապես սննդամթերքով բեռնված մեքենաներն արգելքի առաջ են կանգնում՝ պայմանավորված ճանապարհները փակելու քաղաքական ակցիայով:
14:00 02.05.2018
Ոստիկանությունից հայտնում են, որ հանրահավաքի որոշ վայրերում, մասնավորապես` Հանրապետության հրապարակում, երթևեկում են բեռնատար մեքենաներ, որոնց թափքերում քաղաքացիների խմբեր կան, որոնց մեջ զգալի թիվ են կազմում անչափահասները:
13:43 02.05.2018
SHANTNEWS-ի աշխատակիցն ԱԺ կարողացել է հասնել հեծանիվով: Այլ կերպ ասած՝ հեծանիվը ոչ միայն էկոլոգիապես, մաքուր այլև այս օրերին նույնիսկ անհրաժեշտ փոխադրամիջոց է մասնագիտական պարտակությունները կատարելու համար:
13:38 02.05.2018
Արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է ավտոճանապարհներին և մարդաշատ վայրերում պահպանել զգուշություն:
13:32 02.05.2018
Ֆրանսիայի հրապարակում ցուցարարները նարդի են խաղում, իսկ տարբեր խմբեր վեր ու վար են անում Մաշտոցի պողոտայով:
13:27 02.05.2018
Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հորդորում է ցուցաբերել զսպվածություն, հրաժարվել սոցիալական ցանցերում, փողոցներում և հանրային այլ վայրերում Ազգային ժողովի պատգամավորների հասցեին վիրավորանքներ և սպառնալիքներ հնչեցնելուց, դադարեցնել Ազգային ժողովի պատգամավորների հեռախոսահամարների և հասցեների հրապարակումը: