11:30 14.02.2018
2017 թվականի հուլիսի 6-ն էր, երբ ՀՀ ԱԺ-ն արտահերթ նիստ հրավիրեց ու երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Սևանա լճից 100 միլիոն խմ հավելյալ ջրառի օրինագիծը: Կողմ քվեարկեց «Հայաստանի Հանրապետական կուսակցություն», «Ծառուկյան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունների 74 պատգամավոր, դեմ` «Ելք» խմբակցության 4 պատգամավոր` Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը, Լենա Նազարյանը և Արտակ Զեյնալյանը:
Հիմնական զեկուցող, ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը հավելյալ ջրառն այսպես էր բացատրում. «Ջրամբարներում ջուրը բավարար չէ, իսկ պոմպակայաններով ջրարտադրությունը կգոյացնի 1.2 մլրդ դրամ էլեկտրաէներգիայի ծախս»։
Որոշեցին 270 միլիոն խմ ջուր բաց թողել, թեև «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում տարեկան ջրառի առավելագույն շեմ է ամրագրված 170 մլն խմ-ը: Բայց այնպես չէ, որ օրենք է խախտվել: Նույն՝ Սևանի մասին օրենքում ասվում է. «տնտեսական խիստ անհրաժեշտության, ինչպես նաեւ չնախատեսված արտակարգ իրավիճակների դեպքում կառավարությունը կարող է Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնել չափաքանակի փոփոխության մասին ժամանակավոր ծրագիր, որը հաստատվում է համապատասխան օրենքի ընդունմամբ»: Այնպես որ, նախագիծը ներկայացվեց ըստ կարգի և հաստատվեց:
Այդ պահից սկսվեց բնապահպաններ-կառավարություն բանավեճը: Բնապահպաններն պնդում էին, որ բացասական հաշվեկշիռ է լինելու, Սևանի ջրի մակարդակի բարձրացման ծրագիրն է ձախողվելու։ Կառավարությունը հակառակը պնդում էր, որ չի լինի նման բան: Տարվա վերջում բնապահպանության նախարարությունը պետք է հաստատեր՝ Սևանա լիճը բացասական հաշվեկշիռ ունի:
«Սևանա լճի մակարդակը 25.12.2017թ. դրությամբ կազմել է 1900.42 մ, ինչը նախորդ տարվա նույն օրվա դրությամբ (1900.47 մ) նվազել է 0.05 մ-ով»,- ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը նախարարության 2017թ. գործունեության հիմնական արդյունքները ներկայացնելիս:
Այսինքն՝ ռիսկերից առաջինը հետևյալն է. Սևանա լիճը 2018-ը սկսել է բացասական հաշվեկշռով։
Ինչի՞ կարող է հանգեցնել բացասական հաշվեկշիռը
Վերջին 10 տարվա վիճակագրության համաձայն՝ Սևանա լճից հավելյալ ջրառ է իրականացվել 2008, 2012, 2014, 2017 թվականներին: Բոլոր 4 դեպքերում էլ բացասական հաշվեկշիռ չի եղել միայն 2008թ-ին:
«Եթե լճի մակարդակը 1 տարվա ընթացքում մի քանի սմ իջնում է, դա միանգամից չի անդրադառնա լճի վրա, բայց եթե իջեցումը շարունակվի, մենք կունենանք ավելի վատ վիճակ, քան նախկինում ենք ունեցել: Անգամ սանտիմետրերով իջեցումը չպետք է դառնա նորմա, դա պետք է լինի արտառոց դեպքերի համար: … Եթե մի քանի տարի այդպես կրկնվի, մենք կունենանք և ջրի որակի վատացում, և ձկան պաշարների նվազում: Հիմա ափերի լվացում է գնացել, ավելացել են ափերից լվացված օրգանական, կենսածին նյութերը: Եթե ջրի ծավալի մեծացում չլինի, մենք այդ նույն ծավալում կունենանք ավելի շատ կոնցենտրացիա», – իր հարցազրույցներից մեկում նշել է ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը:
Հիշեցնենք, որ Սևանա լճի մակարդակի յուրաքանչյուր սանտիմետրի իջեցումը ծավալային առումով կազմում է 12.5 միլիոն խմ ջուր: 100 մլն խմ ավելի ջուր բաց թողնելը նշանակում է մակարդակը նվազեցնել գրեթե 8 սմ-ով:
Ջրի որակը կհանգեցնի ֆլորայի և ֆաունայի փոփոխությանը
Ջրային տնտեսության պետական կոմիտեն օրեր առաջ հայտարարեց, որ պետք է կառուցել Արգիճի և Աստղաձորի ջրաբարները: Նախնական գնահատականների համաձայն`ջրամբարները պետք է ծառայեն 12 բնակավայրերի ոռոգման համար, ինչպես նաև նպաստեն էներգախնայողությանը: Բանն այն է, որ կդադարեցվի Սևանա լճից ոռոգման ջուր մղող 6 պոմպակայանի աշխատանք: Բայց ջրամբարների կառուցման մեջ բնապահպանական ռիսկեր է տեսնում Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի կենսաբանության և դրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր, կենսաբանական գիտությունների դոկտոր Սամվել Պիպոյանը: Նա «Ecolur»-ին ասել է, որ ջրամբարների կառուցումը կարող է հանգեցնել ջրի որակի ամբողջական փոփոխության.
«Ջրամբարի ամբողջ ջուրը կգնա ոռոգման, և կկտրվի կապը Սևանա լճի և Արգիճի գետի վերին հոսանքների միջև, ինչը հղի է Սևանի ավազանում ձկնային պաշարների, Կարմիր գրքում գրանցված Սևանի կողակի, Սևանի բեղլուի և իշխանի 2 ենթատեսակների բազմացման հնարավորությունների կտրուկ նվազմամբ: Հնարավոր է այդ հատվածում նրանց վերացման ռիսկը: Անողնաշարավորների և ջրային բույսերի ծավալները նույնպես կարող են կրճատվել», – մանրամասնել է Պիպոյանը:
Աստղաձոր գյուղի բնակիչներն ասել են, որ Աստղաձոր գետը, որպես այդպիսին, գոյություն չունի: Այդ գետը կարող է լավագույն դեպքում ջուր տալ գարնանը, երբ ձնհալներ են լինում: Այն տեղում, որտեղ նախատեսվում է կառուցել ջրամբար, գետում այդքան ջուր չկա:
Եվս մեկ ռիսկ
Սևանա լճում՝ Լճափ համայնքի տարածքում, ափից 350-ից 400 մետր հեռավորության վրա, ցանցավանդակներ են տեղադրվել՝ լճում իշխանի պաշարները վերականգնելու, Սևանի հիմնախնդիրների լուծմանն աջակցելու համար: Ցանցավանդակները 4-ն են, բայց առայժմ: Գարնանը դրանց թիվը կհասնի 10-ից 12-ի, իսկ հետո ամեն տարի էլի ու էլի կավելանա:
Ընդհանուր առմամբ՝ «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիրը» իրականություն է դառնում 2014 թվականից: Տարեկան շուրջ 133 միլիոն դրամի միջոցներ են ձևավորվելու և ուղղվելու Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ Սևանա լճի ավազանի խնդիրների լուծմանը: Ուստի, 2016 թվականից պետությունն այլևս գումարներ չի տրամադրում Սևանա լիճ մանրաձուկ բաց թողնելու համար՝ այդ գործառույթը վերապահելով Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրին:
Բայց, բնապահպաններն անհանգստացած են, որ «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիրն» իր հերթին կարող է խնդիրներ առաջացնել Սևանա լճի էկոհամակարգի վրա: Իսկ ռիսկերից սրանք են առանձնացնում.
• ձկների հիվանդությունների և մակաբույծների ինկուբացում և փոխանցում տնտեսություններում աճեցված ձկներից` ձկների վայրի հանրույթին
• ցանցավանդակային տնտեսություններից առաջացած օրգանական աղտոտում
• ցանցավանդակային տնտեսություններից առաջացած քիմիական աղտոտում
• գենետիկորեն տարբերվող ձկների փախուստ ցանցավանդակային տնտեսություններից և նրանց խաչասերում վայրի ձևերի հետ
• տնտեսություններում ձկան զանգվածային մահացում և հեռացում
• տնտեսությունների գործունեությունից առաջացած թափոններ:
Այս ռիսերի մասին գրված է նաև «Գեղարքունիքի մարզի Սևանա լճի Բերդկունք համայնքին հարող հատվածում «Սևան ակվա» ՓԲԸ կողմից նախատեսվող ցանցավանդակային տնտեսության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտում», որը փորձաքննություն է անցել 2017թ-ին:
Առանց ձկնային պաշարի մնալու ռիսկը
Իշխանից բացի Սևանա լճում չի հաջողվում վերականգնել նաև սիգի պաշարը՝ հատկապես, որ այս ձկան մանրաձուկ բաց չի թողնվում, իսկ եղածն էլ, չնայած արգելքին, որսում են ու վաճառում:
2017 թվականի վերջին, երբ ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը այսպիսի վիճակագրություն է ներկայացնում.
«Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարները մոտավոր հաշվարկներով չեն անցնում 2860 տոննայից: 2200 դա սիգի ընդհանուր պաշարն է, որի մեջ մտնում են և մանրաձկները, և արդյունագործական պաշարը: Դրանից մոտավորապես 550-ը արդյուանագործական պաշարի ձկներ են: Մոտավորապես 16 տոննա ունենք իշխանի պաշար, մոտավորապես մի 40-ի մոտ լճածածանի պաշար», – նշում է Բարդուխ Գաբրիելյանը
Բանն այն է, որ Սևանա լճում կրկնակի նվազել է նաև խեցգետնի պաշարը: Եթե 2016 թվականին արդյունագործական պաշարը կազմում էր 4800 տոննա (արդյունագործական է համարվում 9սմ և ավելի մեծություն ունեցող խեցգետինը), ապա՝ 2017թ-ին այդ պաշարը կազմեց ընդամենը՝ 2600 տ: Պատճառը դարձյալ առաջին հերթին գերորսն է:
«Սկսեցին օգտագործել ոչ ցանկալի որսագործիքներ: Խոսքը գնում է չինական զսպանակաձև խեցգետնորսիչների մասին, որոնք որսում են և՛ մանր, և՛ մեծ: Եվ դա բերում է ոչ միայն մանրացմանը, այլև՝ կրճատմանը, քանի որ փոքր առանձնյակները ևս որսվում են: Որսի կարգավորման համար նախ պետք է արգելվեն չինական որսագործիքները: Իսկ երկրորդը՝ կառավարվի, որ չորսան 9 սմ-ից մանր առանձնյակները», -նշում է Բարդուխ Գաբրիելյանը:
Ոչ միայն անձուկ, այլև անջուր մնալու ռիսկ
2018թ -ի փետրվարի 6-ն էր՝ լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը չբացառեց Սևանա լճից այս տարի ևս նախատեսված 170 մլն խմ-ից ավելի ջրթողի հավանականությունը.
«Սևանից ջուր վերցնելու չափերի մասին չեմ կարող ոչինչ ասել: Այս պահի դրությամբ եղանակը խոստումնալից չէ, եթե այսպես շարունակվի, անխուսափելի կլինի Սևանից հավելյալ ջուր բաց թողնելը: Բայց մենք հույս ունենք, որ եղանակը բարենպաստ կլինի, «Հիդրոմետ» ծառայությունը խոստանում է, որ փետրվարի երկրորդ կեսը, մարտը լինելու են բավականին անձրևաշատ, որոնց միջոցով հնարավոր կլինի լրացնել ջրային բացը»:
Ով ասաց, որ նախորդ տարվա համեմատ այս տարի ջրամբարներում 75 միլիոն խորանարդ մետրով պակաս ջուր կա: Միայն Ախուրյանի ջրամբարում ջրի պակասը հասնում է 56 միլիոն խմ-ի:
Սևանից դուրս հանրապետության 80 ջրամաբարներում կարողանում ենք կուտակել առավելագույնը 875 մլն խմ ջուր: Իսկ Սևանի ջուրը, պաշտոնական ուսումնասիրությունների համաձայն, 48-50%-ով կորչում է քայքայված ոռոգման ցանցերում:
«Յուրաքանչյուր 2 խմ ջրից համարյա 800-900 լիտրը կորչում է», -նշել է ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Վոլոդյա Նարիմանյանը 2016թ.: Մինչ օրս առանձնապես ոչինչ չի փոխվել:
Ավելի քիչ ֆինանսներ
2017 թվականի սեպտեմբերից պարզ է դարձել, որ ՀՀ կառավարությունը նվազեցրել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանության և վերականգման համար պետական ֆինանսավորումը:
«Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների 2018 թվականի տարեկան ծրագրում» նշվում է, որ 2018թ-ին պետական բյուջեից գումարներ չեն հատկացվի Սևանա լճի ափամերձ տարածքներում ջրածածկման ենթակա 93 հա անտառաշերտի, ինչպես նաև ջրի տակ մնացած շինությունների ու ենթակառուցվածքների մաքրման համար:
Հիշեցնենք, որ 2017թ-ին անտառաշերտի մաքրման համար պետբյուջեից 125 միլիոն 400 հազար դրամ է հատկացվել՝ հետևյալ հիմնավորմամբ` չմաքրված վիճակը նպաստում է ջրի որակի վատացմանը, ճահճացմանը:
«Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների 2018 թվականի տարեկան ծրագիրում նաև ասված է, որ 2018թ-ին շուրջ 65 միլիոն դրամով պակաս գումար կհատկացվի Արփա-Սևան թունելի շահագործման և պահպանման համար: Եթե 2017-ին այս նպատակի համար նախատեսված էր 270 միլիոն 500 հազար դրամ, ապա 2018-ին 205 միլիոն 800 հազար դրամ:
Ինչպես 2017թ-ին, 2018թ-ին էլ պետբյուջեն գումարներ չի հատկացնի նաև Սևանա լճի շրջակայքում նոր անտառաշերտի հիմնման համար:
2008 թվականին, երբ ՀՀ նախագահի կարգադրությամբ ստեղծվեց Սևանի հիմնահարցերի հանձնաժողովը, Սևանը ճահճացումից փրկելու, կենդանական աշխարհը պահպանելու համար որոշվեց լճի հայելու մակարդակը պետք է հասնի 1903.5 մ բարձրության: Այդ պահին՝ 1899 մ էր: Այսինքն՝ 2008-ից 2029 թվականների ընթացքում ջրի մակարդակը պետք է բարձրանա 6 մետրով: 6 մետր բարձրացնել նշանակում է կուտակել ևս 8 մլրդ խմ ջուր: Ավելին լճի համար ցանկալի է, բայց հնարավոր չէ, քանի որ Արփա-Սեւան ջրատարի ելքային մասը գտնվում է 1903.5 մետր նիշի վրա, այդ նիշից վերև գտնվելու դեպքում լճի ջրերը կարող են հոսել դեպի Կեչուտի ջրամբար:
2018 թ-ի փետրվարի սկզբին՝ Սևանա լճի մակարդակը 1900.42 սմ է, ինչը 3 սմ-ով ցածր է նախորդ տարվա նույն ժամանկահատվածի ցուցանիշից:
Սևանը դեռ պայքարում է, որ մնա աշխարհի՝ քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ բարձրադիր լիճը`Հարավային Ամերիկայի Տիտիկակա լճից հետո։
16:53 01.05.2025
Վերջին ութ կամ ինը տարվա ընթացքում ես նման ֆուտբոլիստ չեմ տեսել․ Ինձագի«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Բարսելոնայի» հետ հանդիպումից (3-3) հետո խոսել է կիսապաշտպան Լամին Յամալի մասին։ Իսպանացին մեկ գոլ ունի իր ակտիվում այդ հանդիպմանը։ «Վերջին ութ կամ ինը տարիների ընթացքում ես Լամին Յամալի նման ֆուտբոլիստ չեմ տեսել։ Մենք ստիպված էինք նրա դեմ երեք ֆուտբոլիստ դնել, որովհետև «Բարսելոնան» ազատ տարածք ուներ։ Յամալը մեզ […] ...
16:45 01.05.2025
Իրանը դատապարտում է ԱՄՆ նոր պատժամիջոցների փաթեթըԻրանի ԱԳ նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային դատապարտել է Վաշինգտոնի կողմից Թեհրանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի սահմանումը։ «Արտաքին գործերի նախարարության խոսնակ Բաղային խստորեն դատապարտել է ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներն Իրանում ֆիզիկական և իրավաբանական, ինչպես նաև մի շարք այլ երկրներում ֆիզիկական անձանց դեմ՝ Իսլամական Հանրապետության հետ տարբեր տնտեսական և առևտրային ոլորտներում համագործակցության պատրվակով», – ասվում է Իրանի ԱԳՆ […] ...
16:35 01.05.2025
Երևանում «Mazda CX 5»-ը բախվել է կայանված 2 ավտոմեքենայի և կողաշրջվելԱյսօր՝ մայիսի 1-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաննեոում Երևանի բնակիչ 47-ամյա Արմինե Հ.-ն իր վարած «Mazda CX 5» մակնիշի ավտոմեքենայով Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Hyundai» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաներին և կողաշրջվել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Վթարի փաստով […] ...
16:27 01.05.2025
Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբԱպրիլի 29-ին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենքում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հանրային քրեական հետապնդում է հարուցվել ևս 2 անձի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (խուլիագանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով): Այս մասին ֆեյսբուքյան իր էջում […] ...
16:19 01.05.2025
Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժել է 29 մարդՀինգշաբթի առավոտյան Իրանի հյուսիսարևելյան Խորասան Ռազավի նահանգում տեղի է ունեցել 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ ըստ Ռիխտերի սանդղակի: Տուժել է 29 մարդ, հայտնում է Mehr գործակալությունը։ «Չնայած երկրաշարժը նյութական վնաս չի պատճառել, սակայն տուժել է 29 մարդ»,- ասվում է գործակալության հաղորդագրությունում։ Mehr-ի փոխանցմամբ՝ բոլոր տուժածները վնասվածքներ են ստացել երկրաշարժից փրկվելու փորձի ժամանակ։ Հինգշաբթի ավելի վաղ իրանական […] ...
16:10 01.05.2025
Ադրբեջանը հրամանատարաշտաբային զորավարժություններ է անցկացրել ՆախիջևանումԱդրբեջանը հրամանատարաշտաբային զորավարժություններ է անցկացրել Նախիջևանում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ նշելով, որ զորավարժությունները տեղի են ունեցել առանձին համազորային բանակի 2025 թվականի պատրաստության պլանի համաձայն։ Նշվում է, որ զորավարժությունների ընթացքում ստորաբաժանումները տագնապ ազդանշանով առաջ են քաշվել նախապես սահմանված շրջաններ։ Ստուգվել են անձնակազմի մանևրելիությունը, ինչպես նաև հրամանատարական կազմի գործողությունները՝ օպերատիվ իրադրության պայմաններում։ Ադրբեջանի […] ...