Փարիզն ու փարիզցիները մշտապես Հայաստանի ու հայ ժողովրդի կողքին են եղել ու սատարել են մեզ նույնիսկ ամենածանր պահերին. Արարատ Միրզոյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+16.09 oC

Փարիզն ու փարիզցիները մշտապես Հայաստանի ու հայ ժողովրդի կողքին են եղել ու սատարել են մեզ նույնիսկ ամենածանր պահերին. Արարատ Միրզոյան

18:41 10.12.2021

Դեկտեմբերի 10-ին Փարիզում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի մասնակցությամբ բացվել է Հայաստանի էսպլանադը: Միջոցառմանը ներկա էին պատգամավորներ, սենատորներ, պաշտոնյաներ, մտավորականներ, ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներ:

Բացման արարողությանը նախարար Միրզոյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, ասել է.

«Մեծարգո՛ տիկին քաղաքապետ, սիրելի Անն Իդալգո,

Սիրելի՛ հյուրեր, բարեկամներ,

Այսօր ինձ պատիվ է ընձեռվել ներկա գտնվելու պատմական այս իրադարձությանը՝ Հայաստանի էսպլանադի բացման հուզիչ և, միևնույն ժամանակ, գոտեպնդող արարողությանը։

Այստեղ՝ Փարիզի սրտում, մեր բարեկամ ֆրանսիացի ժողովուրդը հերթական անգամ մեծարում է հայտնում Հայաստանին ու հայ ժողովրդին։ Այս իրադարձությունն առավել քան խորհրդանշական է․ Արցախում արյունալի և հյուծիչ պատերազմից մեկ տարի անց մայրաքաղաք Փարիզն իր համերաշխությունն է հայտնում մեզ՝ հայերիս՝ հայ-ֆրանսիական բարեկամության հերթական լուսավոր էջը բացելով մեր առանձնաշնորհյալ հարաբերությունների պատմությունում։

Հայաստանի ու հայ ժողովրդի կապերը մայրաքաղաք Փարիզի հետ դարերի պատմություն ունեն և հարուստ են համագործակցության ու պատմական առնչությունների բազմաթիվ դրվագներով։ Դրանք սկիզբ են առնում դեռևս Կիլիկյան Հայաստանի թագավորության ժամանակաշրջանից և շարունակություն գտնում հաջորդ դարերում, երբ հայ առևտրականներն աշխույժ կապեր են ստեղծում Ֆրանսիայի մայրաքաղաքի հետ՝ ամրապնդելով արևելյան քրիստոնեական համայնքների և Եվրոպայի կենտրոնի միջև քաղաքական ու մշակութային կապերը։ Խորհրդանշական է, որ Փարիզի արվարձաններից մեկում գտնվող տաճարներից մեկում է հանգչում հայոց վերջին արքան՝ Լևոն 6-րդը։

Փարիզի նշանակությունը հայ ժողովրդի կյանքում մեծացավ հատկապես 20-րդ դարի սկզբին, երբ Հայոց ցեղասպանությունից փրկված հազարավոր հայեր և նրանց սերունդներ Փարիզում և նրա շրջակայքում ձևավորեցին ֆրանսահայ ստվար համայնք՝ իրենց ներդրումն ունենալով նաև այս հիանալի քաղաքի զարգացման գործում։

Մենք չենք մոռանում, որ հենց Փարիզը դարձավ այն միջազգային կենտրոններից մեկը, որտեղ բազմաթիվ հայ գաղթականներ ու ականավոր մշակութային գործիչներ ապաստան գտան ու նոր կյանքի հնարավորություն ստացան։ Այստեղ՝ Փարիզում, փարիզցիների ջերմ հյուրընկալության պայմաններում ապրել և ստեղծագործել են մեծանուն ֆրանսահայեր Շառլ Ազնավուրը, Միսակ Մանուշյանը, Միշել Լեգրանը, Անրի Տրուայան, Անրի Վեռնոյը, Ժանսեմը, Գառզուն, Զաբել Եսայանը, Շավարշ և Արփիկ Միսակյանները և ուրիշներ։

Հայաստանի առաջին Հանրապետության անկումից հետո Փարիզում է ապաստան գտել և գործունեություն ծավալել Հայաստանի վտարանդի կառավարությունը։ Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանում են հանգչում Առաջին Հանրապետության հիմնադիր հայրերից մի քանիսը՝ Ահարոնյանը, Խատիսյանը, Տեր-Մինասյանը և այլք։

Փարիզի հետ ջերմ բարեկամության ամենաակտիվ շրջանը կապված է Հայաստանի անկախության երեք տասնամյակների հետ, երբ Երևանի ու Փարիզի միջև ձևավորվեց շատ սերտ ու ընդգրկուն համագործակցություն: Այդ համագործակցության՝ վերջին տարիների ամենաշոշափելի ձեռքբերումներից մեկը հայկական Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի փարիզյան մասնաճյուղի բացումն էր, ինչը գործող քաղաքապետ տիկին Իդալգոյի նախաձեռնությունն էր և կյանքի կոչվեց իր հետևողական ջանքերի շնորհիվ։

Սիրելի՛ բարեկամներ,

Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ, Հայաստանի անկախության առաջին իսկ օրվանից սկսած, Փարիզն ու փարիզցիները մշտապես Հայաստանի ու հայ ժողովրդի կողքին են եղել և ուղեկցել ու սատարել են մեզ նույնիսկ ամենածանր պահերին։ Այս համատեքստում կցանկանայի հիշել և հիշեցնել ևս մեկ պատմական դրվագ, որը շատ խոսուն է այսօրվա մեր միջոցառման համատեքստում։ 1980-ական թվականների վերջին, երբ ղարաբաղյան շարժումը նոր էր մեկնարկել և օրեցօր ավելի էր ուժգնանում, Փարիզ քաղաքն այն եզակի միջազգային կենտրոններից էր, որն իր հանրային ուշադրությամբ պաշտպանության տակ վերցրեց այդ անկախական շարժման ղեկավարներին։ Փարիզի այն ժամանակվա քաղաքապետ Ժակ Շիրակը հյուրընկալեց Արցախը Մայր Հայաստանին վերամիավորելու համար պայքարող ՝ «Ղարաբաղ» կոմիտեի առաջնորդներին՝ հաջակցություն հայ ժողովրդի նվիրական ձգտումների։

Մեծ է եղել Փարիզի քաղաքական և մարդասիրական աջակցությունը արցախահայության արդարացի ձգտումներին նաև հետագայում։ Այս տեսանկյունից առանցքային նշանակություն ուներ նախորդ տարի՝ Արցախում արյունալի պատերազմում հրադադարից օրեր անց, Փարիզի քաղաքային խորհրդի կողմից քաղաքապետ Անն Իդալգոյի նախաձեռնությամբ ընդունված Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին բանաձևը, որն արցախահայությանը սպառնացող ֆիզիկական ոչնչացման և էթնիկ զտումների վերաբերյալ հստակ ահազանգ էր՝ ուղղված ինչպես ֆրանսիական հասարակությանը, այնպես էլ՝ ողջ միջազգային հանրությանը։ Մենք բարձր ենք գնահատում այդ մարդասիրական և քաղաքական քայլը, որը ոգևորությամբ ընդունվեց նաև հայ հասարակության լայն շրջանակների կողմից։

Մեծարգո՛ տիկին քաղաքապետ,

Վստահ եղեք, որ Հայաստանն ու հայ ժողովուրդը բարձր են գնահատում Ձեր անկեղծ բարեկամությունն ու նվիրվածությունը։ Հայաստանի Հանրապետության անունից իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում տարիներ շարունակ մեր կողքին լինելու և մեր վիշտն ու ուրախությունը կիսելու համար։ Մենք առանձնահատուկ ջերմությամբ ենք հիշում Ձեր բոլոր այցերը Հայաստան, և վստահ եղեք, որ, այսօր էլ և ընդմիշտ, Դուք մշտապես սպասված եք Հայաստանում՝ թե՛ որպես գործընկեր և թե՛ որպես հարազատ ու հավատարիմ բարեկամ։

Ձեր շնորհիվ այսօր Փարիզի հետ մեր բազմադարյա հարաբերությունների պատմությունը հարստանում է ևս մեկ, բայց իր բնույթով շատ կարևոր ու խորհրդանշական նոր դրվագով՝ Հայաստանի էսպլանադի բացման հանգամանքով, որը մեկ տարածքի մեջ է հյուրընկալելու Կոմիտաս վարդապետի արձանը և Երևանի այգին։ Այս կապակցությամբ կցանկանայի նաև շնորհակալություն հայտնել Փարիզի փոխքաղաքապետ պարոն Առնո Նգաչային՝ նախագծին հետամուտ լինելու համար, ինչպես նաև Փարիզի 8-րդ թաղամասի ղեկավար տիկին Ժան դ’Օտըսերին այս հարցում ցուցաբերած աջակցության համար։ Եվ վերջապես, շնորհակալություն եմ հայտնում Փարիզի քաղաքային խորհրդի բոլոր անդամներին՝ այս պատմական որոշումը միաձայն սատարելու համար:

Հարգելի՛ բարեկամներ, հյուրեր և հայրենակիցներ,

Եզրափակելով խոսքս՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհավորել մեզ բոլորիս՝ Փարիզի սրտում հայկական այս նոր ու գեղեցիկ անկյունի ստեղծման՝ Հայաստանի Էսպլանադի բացման կապակցությամբ։ Այս առիթով իմ մաղթանքը մեկն է՝ խաղաղություն ու բարեկեցություն հայ և ֆրանսիացի ժողովուրդներին և հարատև կյանք հայ-ֆրանսիական անխախտ բարեկամությանը։

Կեցցե՜ն Հայաստանն ու Ֆրանսիան, կեցցե՜ն Երևանն ու Փարիզը, կեցցե՜ մեր ժողովուրդների միջև բարեկամությունը»։

Տեսադարան

Տեսադարան

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Առաջարկվող փոփոխությամբ կդյուրացվի ՀՀ-ի և Ղազախստանի միջև ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների գործընթացը

12:24 30.04.2025

Առաջարկվող փոփոխությամբ կդյուրացվի ՀՀ-ի և Ղազախստանի միջև ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների գործընթացը

Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ ավտոմոբիլային հաղորդակցությունը կանոնակարգվում է 2006 թվականին ստորագրված «Ավտոմոբիլային հաղորդակցության մասին» համաձայնագրով, որով հիմնականում կարգավորվում է միջպետական կանոնավոր ու ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումներն ու բեռնափոխադրումների ոլորտը: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 30-ի նիստում: Քննարկվել է ««ՀՀ կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության […] ...

Իրանը խորհրդակցություններ կանցկացնի «եվրոեռյակի» հետ՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններից առաջ

12:20 30.04.2025

Իրանը խորհրդակցություններ կանցկացնի «եվրոեռյակի» հետ՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններից առաջ

Իրանը նախատեսում է խորհրդակցություններ անցկացնել «եվրոեռյակի» (Գերմանիա, Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա) հետ՝ իրանական միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցություններից առաջ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին։ «Կարծում եմ՝ երեք եվրոպական երկրների դերը (իրանյան միջուկային ծրագրի հարցում) նվազել է նրանց կողմից որդեգրված սխալ քաղաքականության պատճառով։ Այդ պատճառով մենք պատրաստ ենք […] ...

Ներկայացվել է մայիս ամսվա եղանակի կանխատեսումը

12:12 30.04.2025

Ներկայացվել է մայիս ամսվա եղանակի կանխատեսումը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է մայիս ամսվա եղանակի կանխատեսումը։ Նշվում է, որ օդի ամսական միջին ջերմաստիճանը և տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ։ ...

SHANTNEWS

12:00 30.04.2025

SHANTNEWS

Հայտնաբերվել է 190 գրամից ավելի մարիխուանա․ Աշտարակի համայնքային ոստիկանների բացահայտումը

11:52 30.04.2025

Հայտնաբերվել է 190 գրամից ավելի մարիխուանա․ Աշտարակի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ փաստացի Աշտարակ քաղաքում բնակվող 38-ամյա տղամարդը զբաղվում է ապօրինի թմրաշրջանառությամբ: Տղամարդը հայտնաբերվեց ու ձերբակալվեց: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց մոխրացած հետքերով կաթուցիչ ու մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթ: Ըստ նրա` փաթեթում թմրանյութ էր: Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում զննվեց նրա բնակարանը։ Արդյունքում հայտնաբերվեց 190 գրամից ավելի […] ...

Պետդեպարտամենտը սպառնում է դուրս գալ Ուկրաինայի հարցով բանակցություններից, եթե առաջընթաց չգրանցվի

11:43 30.04.2025

Պետդեպարտամենտը սպառնում է դուրս գալ Ուկրաինայի հարցով բանակցություններից, եթե առաջընթաց չգրանցվի

Միացյալ Նահանգները կհրաժարվի մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցային գործընթացին, եթե այն կանգ առնի, հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Թեմի Բրյուսը։ «Հիմա ժամանակն է, որ երկու կողմերն էլ ներկայացնեն առաջարկներ, թե ինչպես վերջ դնել այս հակամարտությանը, եթե առաջընթաց չլինի, ապա մենք՝ միջնորդներս, կհեռանանք այս գործընթացից», – ասել է նա ճեպազրույցի ժամանակ։ Սակայն նա չի մանրամասնել, թե հակամարտության […] ...

BACK_TO_TOP