15:11 12.01.2022
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանի համար 2021 թվականը լի էր հիշարժան իրադարձություններով. 29-ամյա մարզիկը կարիերայում առաջին անգամ դարձավ Օլիմպիական խաղերի մեդալակիր, մեծահասակների Եվրոպայի չեմպիոն և արդյունքում ընդգրկվեց 2021 թվականի լավագույն մարզիկների տասնյակում:
ԿԳՄՍՆ-ի հետ զրույցում Արթուր Դավթյանն ամփոփել է նախորդ տարին, խոսել առաջիկա ծրագրերի և ապագայի հեռանկարների մասին:
Պատմական արդյունք՝ Օլիմպիական խաղերում
Արթուր Դավթյանն ընդգծում է՝ 2021-ը թեև բարդ, բայց հաջողակ տարի էր իր համար. «Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալակիր դարձա, իսկ Օլիմպիական խաղերում բրոնզե մեդալ նվաճեցի: Բարդ, դժվար տարի էր, բայց կարողացա ամենը պատվով հաղթահարել»:
Դավթյանն Օլիմպիական խաղերում անկախ Հայաստանի պատմության առաջին մեդալը նվաճեց մարմնամարզությունում: Չնայած պատմական արդյունք գրանցելուն՝ 29-ամյա մարզիկն ափսոսում է, քանի որ շատ մոտ էր նաև ոսկե մեդալին. «Երկրորդ ցատկիս ժամանակ գծերից դուրս եկա: Ցավալի էր, քանի որ այդ ցատկս շատ լավ էի կատարում, լավ էի տիրապետում ու հենց այդ ցատկի ժամանակ վրիպեցի: Առաջին տեղով էի ընթանում իմ կատարած ցատկից հետո, բայց լիարժեք ուրախ չէի, քանի որ չկատարեցի այն, ինչ կարող էի:
Իհարկե, կա ափսոսանք, քանի որ կարող էի ոսկե մեդալ նվաճել: Ամեն դեպքում, ունենք այն, ինչ ունենք: Ուրախ եմ, որ գոնե կարողացա երրորդ տեղը զբաղեցնել ու մեդալ նվաճել: Անկասկած, եթե չորրորդ տեղը գրավեի, դա ոչինչ կլիներ, զրո արդյունք: Միայն սա էր ցավալի»:
Եվրոպայի առաջին չեմպիոնությունը՝ ապրիլի 24-ին
2021 թվականն Արթուր Դավթյանի համար նշանավորվեց նաև մեծահասակների Եվրոպայի առաջնությանը առաջին մասնակցությամբ և չեմպիոնությամբ. «Բոլորովին այլ զգացողություններ ունեի. նախ առաջին անգամ մեծահասակների պայքարում դարձա Եվրոպայի չեմպիոն, այն էլ՝ ապրիլի 24-ին: Բոլորս էլ գիտենք՝ դա ինչ ծանր օր է մեզ համար:
Կարողացա կանգնել պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին. բոլորովին այլ զգացողություն էր, որը բառերով դժվար է նկարագրել: Շատ ուրախ էի ու հպարտ, որ այդ օրն իմ շնորհիվ բարձրացավ մեր երկրի դրոշը, ու հնչեց ՀՀ օրհներգը»:
Տպավորիչ արդյունքներ՝ ոչ բավարար պայմաններում
«Ուրիշ տարբերակ չունենք: Սա է պայմանը. եթե ուզում ենք ինչ-որ արդյունքի հասնել, պետք է անենք մեր գործը: Եթե ուզում ենք մեդալ նվաճել, պետք է պայքարենք, ամեն բան անենք արդյունքի հասնելու համար»,- ընդգծում է Արթուր Դավթյանը և փաստում, որ իրենց նպատակը մեդալ նվաճելն ու մեր երկրի պատիվը բարձր պահելն է, այնպես որ այլ տարբերակ չկա:
Մարմնամարզիկն ասում է՝ սպասում են նոր մարզադպրոցի կառուցմանը. «Գիտեմ, որ նոր մարզադպրոցի կառուցման համար արդեն տեղը որոշվել է, ճարտարապետական մրցույթ է հայտարարվել: Բոլորս սպասում ենք, շատ ենք ցանկանում, որ պայմանները բարելավվեն, հանդերձարանները բարեկարգվեն:
Եթե վնասվածք չունենամ, շատ եմ ցանկանում մասնակցել Փարիզի Օլիմպիական խաղերին ու այդ խաղերին նախապատրաստվելու համար չեմ ցանկանա նորից Վրաստան գնալ՝ ուսումնամարզական հավաքի: Աստված տա՝ մեր նոր մարզադպրոցն արդեն կառուցված լինի, հենց այդտեղ էլ պատրաստվենք ու մեր երկրից էլ մեկնենք Օլիմպիական խաղերին»:
Ճկունություն, որը տարավ դեպի մարմնամարզություն
«Յուրաքանչյուր սպորտաձև սկսվում է մարմնամարզությունից: Նույն ըմբշամարտը, ֆուտբոլը… Ոչ մի վնաս չի լինի՝ բացի օգուտից: Մարմնամարզությամբ որոշ ժամանակ զբաղվելուց հետո կարող ես ցանկացած մարզաձևով զբաղվել, միայն օգուտ կլինի»,- փաստում է Արթուր Դավթյանն ու պատմում, որ այս մարզաձևով սկսել է զբաղվել 5 տարեկանից:
«Շատ ճկուն էի, ծնողներս որոշեցին ինձ տանել մարմնամարզության. անկեղծ լինեմ, չէի ցանկանում հաճախել, նույնիսկ հիշում եմ՝ լացելով էի գալիս, բայց կարծում եմ՝ ոչ մի երեխա էլ չի ցանկանում չարչարվել, այնպես որ երբեմն չպետք է նայես երեխայի կամակորություններին: Եթե ցանկանում ես արդյունքի հասնել, պետք է չարչարվես, պետք է ցավի … Չկա մի մարզիկ, որ այդ ամենի միջով անցած չլինի: 7,5 տարեկանում տեղափոխվեցի Ռուսաստանի Ռոստով քաղաք, իսկ 16 տարեկանում ընտանիքով նորից վերադարձանք: Դպրոցս այնտեղ եմ ավարտել, մանկությունս, կարելի է ասել, այնտեղ է անցել: Կարևորն այն է՝ այնտեղ էլ շարունակեցի մարզվել»,- ասում է 29-ամյա մարզիկը:
Ֆուտբոլիստի կարիերայի մասին երազանքը
Հայաստանի ամենատիտղոսակիր մարմնամարզիկներից մեկը խոստովանում է՝ ինքն ամբողջ կյանքում երազել է զբաղվել ֆուտբոլով. «Հիմա, երբ առիթ է լինում, երբ ստացվում է, անպայման խաղում եմ. ոչ միայն ֆուտբոլ, նաև թենիս, վոլեյբոլ: Ես, առհասարակ, սպորտ շատ եմ սիրում: Դիտել չեմ սիրում, բայց զբաղվել սիրում եմ: Նույնիսկ մարմնամարզությանն այդքան չեմ հետևում հեռուստացույցով»:
Ամենակարևոր մարդիկ
2019 թվականի ապրիլին լույս աշխարհ եկավ Արթուր Դավթյանի առաջնեկը՝ Ալիսան: 29-ամյա մարզիկն ասում է՝ դստեր ծննդից հետո իր հաջողությունները եռապատկվել են. «Աղջկաս ծննդից հետո հաջողություններս եռապատկվեցին: 2019 թվականի հունիսին Մինսկում մասնակցեցի Եվրոպական խաղերին ու հռչակվեցի չեմպիոն: Նույն տարում աշխարհի առաջնության ժամանակ օլիմպիական խաղերին մասնակցելու համար վարկանիշային միավորներ հավաքեցի: 2020 թվականի Եվրոպայի առաջնությանը չմասնակցեցինք, քանի որ դրանք անցկացվեցին Բաքվում, իսկ արդեն 2021 թվականին դարձա Եվրոպայի չեմպիոն և օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր:
Ընտանիքս շատ մեծ դեր ունի իմ հաջողություններում և, առհասարակ, իմ կյանքում: Բառերով կդժվարանամ նկարագրել այն զգացողությունները, որն ունենում եմ, երբ յուրաքանչյուր մրցումից հետո՝ Հայաստան ժամանելիս, աղջիկս օդանավակայանում դիմավորում է ինձ՝ անկախ օրվա ժամից: Ընտանեկան ջերմությունը շատ հաճելի է»:
2022 թվականի հետ կապված գլխավոր նպատակը
Արթուր Դավթյանի համար 2022 թվականի գլխավոր նպատակն աշխարհի առաջնությունից մեդալով վերադառնալն է. «Եվրոպայի առաջնությունից և օլիմպիական խաղերից մեդալ ունեմ, իսկ աշխարհի առաջնությունից՝ ոչ: Այս տարվա գերնպատակս հենց դա է լինելու: Մեդալի գույնն անգամ այդքան չեմ կարևորում»:
Մարզչի բարդ աշխատանքը և ապագայի հեռանկարները
Խոսելով ապագայի հեռանկարների մասին՝ Դավթյանը դժվարանում է պատասխանել՝ արդյոք կշարունակի՞ մնալ մարմնամարզությունում. «Մարզչի դերը շատ բարդ ու պատասխանատու աշխատանք է: Երևի չէի ցանկանա մարզիչ դառնալ, թեև չեմ էլ բացառում:
Երեխաների հետ աշխատելը հեշտ չէ: Ամեն մարդ չի կարող մարզիչ լինել: Ամեն դեպքում կարիերաս ավարտելուց հետո շատ կուզենամ օգնել մեր պատանի սերունդներին և իմ ուժերի ներածին չափով անել ամեն ինչ, որպեսզի մեր մարզաձևը զարգանա»:
Դավթյանը նշում է՝ մարզիչների դերը շատ մեծ է այս մարզաձևում. առանց մարզչի ոչինչ չի կարող ստացվել: Այս համատեքստում Արթուրն ընդգծում է մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի բացառիկ դերակատարությունը. «Ոչ միայն իմ, այլև մեր ամբողջ թիմի հաջողություններում շատ մեծ է Հակոբ Սերոբյանի դերը: Մեր մարմնամարզությունը հենց ինքն է ոտքի կանգնեցրել: Էլի լավ մարզիչներ ունենք՝ Սոս Սարգսյանը, Հայկ Նազարյանը»:
Ստացած ամենալավ խորհուրդը
Արթուր Դավթյանի հավաստմամբ՝ իր ստացած ամենալավ խորհուրդն է՝ «Մշտապես ձգտել առավելագույնին և պայքարել մինչև վերջ»:
14:00 05.07.2025
Սահմանադրությունն իրավական ու ժողովրդավարական պետության և հասարակության հիմնաքարն է. Անահիտ ՄանասյանՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ: «Հարգելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա կապակցությամբ։ Սահմանադրությունն իրավական ու ժողովրդավարական պետության և հասարակության հիմնաքարն է։ Այն ոչ միայն սահմանում է պետության իրավական հիմքերը, այլև ճանաչում է մարդուն որպես բարձրագույն արժեք՝ ամրագրելով նրա անօտարելի իրավունքներն ու ազատությունները։ Իրավական պետության […] ...
13:48 05.07.2025
40-ամյա կինը հետախուզվում էր խարդախության մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանքՀամայնքային ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 3-ին Վանաձորի Տիգրան Մեծի փողոցում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել 40-ամյա մի կին, որը Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական […] ...
13:20 05.07.2025
Իրավունքի գերակայությունը մեր պետական կյանքի կազմակերպման առանցքն է. նախագահի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առթիվՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ՀՀ Սահմանադրության 30-ամյակին և պետական խորհրդանիշերի օրվան առթիվ կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը: Միջոցառման մեկնարկին Հանրապետության նախագահը հանդես է եկել շնորհավորական ուղերձով. «Սրտանց շնորհավորում եմ բոլորիս մեր պետության հիմնարար իրավական փաստաթղթի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 30-ամյակի կապակցությամբ: 1995 թվականին կայացած հանրաքվեով մեր ժողովուրդը հաստատեց այն Սահմանադրությունը, որը պետք է դառնար պետականության զարգացման, […] ...
13:11 05.07.2025
Սահմանադրությամբ մեր երկիրն ընտրեց անկախության, ժողովրդավարության և իրավական պետության ուղին. Տիգրան ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ: «Այսօր նշում ենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 30-ամյակը՝ պետության հիմնարար օրենքի, որը սահմանում է մեր երկրի կառավարման համակարգը, քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, և հաստատում է իրավունքի գերակայությունը։ 1995 թվականին ընդունված Սահմանադրությամբ մեր երկիրն ընտրեց անկախության, ժողովրդավարության և իրավական պետության ուղին։ Երևանի քաղաքապետարանն իր գործունեության բոլոր […] ...
13:00 05.07.2025
«Չելսին» ԱԱԱ-ի կիսաեզրափակչի երկրորդ մասնակիցն է«Չելսին» աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչի երկրորդ մասնակիցն է։ Լոնդոնյան ակումբը քառորդ եզրափակչում 2-1 հաշվով հաղթել է «Պալմեյրասին»։ Կիսաեզրափակիչում Էնցո Մարեսկայի գլխավորած թիմը կհանդիպի բրազիլական մեկ այլ ակումբի` «Ֆլումինենսեի» հետ։ Հանդիպումը կկայանա հուլիսի 8-ին։ ...
12:50 05.07.2025
Աշտարակի համայնքային ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել․ մեկ անձ ձերբակալվել էԳողության վերաբերյալ հաղորդումը Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնում գրանցվել էր մարտի 24-ին. արտերկրում բնակվող 36-ամյա տղամարդու Արագածոտն գյուղում գտնվող տնից գողացել էին ջրի պոմպեր և մալուխ: Գողության փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ: Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քրեադատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է նույն […] ...