Մեր նպատակն է, որ ուսուցիչը Հայաստանում ստանա մինչև 1 մլն 200 հազար դրամ աշխատավարձ. վարչապետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+27.09 oC

Մեր նպատակն է, որ ուսուցիչը Հայաստանում ստանա մինչև 1 մլն 200 հազար դրամ աշխատավարձ. վարչապետ

17:42 02.11.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանը: Նա անդրադարձել է ուսուցիչների աշխատավարձերին:

«Դուք տեղյակ եք, թե կառավարությունն ինչքան մեծ ուշադրություն և կարևորություն է տալիս կրթության ոլորտում իրականացվող քաղաքականությանը: Առիթներ ունեցել եմ ասել, թե ինչու, չեմ ուզում կրկնել: Ընդամենը ուզում եմ արձանագրել, որ 2023 թվականի բյուջեով 2018 թվականի նկատմամբ կրթության ֆինանսավորման աճը կազմում է շուրջ 70 տոկոս կամ 90.6 մլրդ դրամ: Էլի եմ ուզում արձանագրել, որ տոկոսները հաշվարկված են դրամով, և դրամի արժևորումը որևէ կապ չունի այս տոկոսային աճերի հետ: Իսկ 2022 թվականին մենք հասցրել էինք արդեն կրթության ոլորտի ֆինանսավորումն ավելացնել 59 տոկոսով կամ 71.4 մլրդ դրամով:

Չափազանց կարևոր հեղափոխական գործընթաց է տեղի ունենում հանրակրթության ոլորտում: Մենք ստեղծել ենք մի մեխանիզմ, որի մասին արդեն շատ ենք խոսել, և որի մասին արժե անընդհատ խոսել, որի արդյունքում ուսուցիչներն իրենք կարող են որոշել աշխատավարձերի կրկնապատկման և երբեմն նույնիսկ եռապատկման մասին: Խոսքը ուսուցիչների կամավոր ատեստավորման համակարգի մասին է: Եվ ես ուրախ եմ, որ Հայաստանի Հանրապետությունում կան հարյուրավոր ուսուցիչներ, ովքեր կրկնապատկված կամ եռապատկված աշխատավարձն ստանում են: Տխուր եմ, որ Հայաստանի Հանրապետությունում դեռ կան հազարավոր ուսուցիչներ, որոնք դեռևս այդ հնարավորությունից չեն օգտվել: Բայց, ոչինչ, մենք շարունակաբար մեր սիրելի ուսուցիչներին կքաջալերենք, որպեսզի նրանք այդ ուղղությամբ շարժվեն:

Նաև 2023 թվականի համար ես խնդիր եմ առաջադրել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, որը ուսուցիչների ատեստավորման և համապատասխանաբար աշխատավարձերի աճի այս համակարգը ներդրվի նաև երաժշտական դպրոցներում, արվեստի դպրոցներում, մարզադպրոցներում և մանկապարտեզներում՝ համապատասխանաբար դաստիարակների համար: Իհարկե, ի սկզբանե ինչո՞ւ նրանք համակարգի մեջ չեն եղել, որովհետև այս դպրոցների և կրթական հաստատությունների մի մասը եղել են ՏԻՄ համակարգի ներքո, և այստեղ զուտ ֆինանսական և կառավարչական հարցեր կան: Այդ հարցերը պետք է լուծել, բայց միանշանակ է, որ ատեստավորման համակարգն իրեն արդարացնում է, և մենք պետք է շարունակենք գնալ այս ճանապարհով: Ընդ որում՝ մեր քաղաքական ուղերձը հետևյալն է, որ սա մեկանգամյա գործողություն չէ, և ընդհանրապես՝ ուսուցիչների կամավոր ատեստավորման համակարգի շրջանակը հետագայում ընդլայնվելու է այդ համակարգերի վրա՝ իհարկե, հաշվի առնելով դրանց առանձնահատկությունները: Եվ դա պետք է լինի պարբերական գործընթաց, այսինքն՝ ուսուցիչները և այդ համակարգի մյուս շահառուները պետք է պարբերաբար – դա քաղաքական որոշման հարց է, մենք դա կքննարկենք, կորոշենք – 3, թե 5 տարին մեկ անգամ պիտի անցնեն ատեստավորում, որը կլուծի երկու հարց: Առաջինը՝ պետությունը, հանրությունը վստահ կլինի, որ աշխատանքը վստահել է պատշաճ որակավորում ունեցող մարդկանց, իսկ նրանք՝ աշխատողները կիմանան, որ իրենց որակավորումը հաստատելով, վերահաստատելով, նաև սոցիալական լրացուցիչ երաշխիք են ստանում աշխատավարձերի տեսքով:

Այո, մենք այսօր շատ ուրախ ենք, որ կա հնարավորություն, որ ուսուցիչն այսօր Հայաստանում ստանա 400.000, 450.000 դրամ աշխատավարձ, բայց մեր նպատակադրումն է, որ ուսուցիչը Հայաստանում ստանա 800.000, 900.000, 1 200.000 դրամ աշխատավարձ: Եվ սա ամենևին էլ ուտոպիստական նպատակ չէ: Այս ատեստավորման համակարգը մեզ այդ հնարավորությունը տալու է: Բայց ես նաև ուզում եմ ասել, քանի որ դա շատ կարևոր և երբեմն շահարկումների տեղ տվող թեմա է, մենք մի շարք դեպքերում, մասնավորապես՝ մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցների պարագայում, որոնք հիմնականում գյուղական բնակավայրերում գտնվող դպրոցներ են և բնագիտական առարկաների ոլորտում աշխատող ուսուցիչների պարագայում 2023 թվականին կբարձրացնենք աշխատավարձերը առանց նույնիսկ ատեստավորման: Ի՞նչ է սա նշանակում: Սա նշանակում է, որ այն ուսուցիչները, որոնք աշխատում են մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցներում, և նրանց վարձատրությունը պակաս է մեկ դրույքաչափից, այսինքն՝ մոտավորապես 120 000 դրամից, – ընդ որում, ինչո՞ւ է պակաս, որովհետև գիտեք, որ դպրոցները ֆինանսավորվում են աշակերտների թվով, և նաև ուսուցիչների աշխատավարձն է փոխկապակցված դրա հետ, բայց կա օբյեկտիվ իրականություն, որ կան դպրոցներ, ավելի ճիշտ՝ դասարաններ, որտեղ օբյեկտիվորեն չկան այնքան աշակերտներ, որ ապահովվի ուսուցչի մեկ ամբողջական դրույքաչափը:

Հիմա մենք ի՞նչ խնդիր ենք լուծում: Դրա արդյունքում է, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում կան ուսուցիչներ, ովքեր, ի հեճուկս նրա, որ դրույքաչափը մոտավորապես 120.000 դրամ է, ստանում են աշխատավարձ 30.000, 40.000, 50.000: Մենք այդ օբյեկտիվ պատճառներով դրույքաչափից պակաս ստացող ուսուցիչների աշխատավարձը՝ առանց ատեստավորման, կբարձրացնենք: Սա նշանակում է, որ, պատկերավոր ասած, Հայաստանում 90.000 դրամից պակաս աշխատավարձ ստացող ուսուցիչ չի լինի: Բայց եթե այս ուսուցիչները կամավոր մասնակցեն ատեստավորմանը, արդեն այս դրույքաչափը համապատասխան չափերով կավելանա: Նախ՝ դրույքաչափը կրկնապատկվի՝ եթե նախկինում 120.000 դրամ էր, կդառնա 200.000 և ավելի ատեստավորման արդյունքում, դրան կգումարվի ուսուցչի ատեստավորման տոկոսից բխող հավելավճարը՝ 30-ից մինչև 50 տոկոս:

Այս առաջին մասով ուսուցիչ շահառուների թիվը 4418 է, իսկ բնագիտական առարկաներ դասավանդող 8135 ուսուցիչներ հավելավճար կստանան, այսինքն՝ բնագիտական առարկայի դասավանդման համար, միջին գործակցին կավելացվի նաև հավելյալ գործակից, և նրանք հավելյալ վճարումներ կստանան: Սա կապ չունի ատեստավորման հետ, բայց եթե այդ ուսուցիչն ատեստավորումն անցնի, բոլոր գործակիցներն արդեն կհաշվարկվեն ավելացվածի վրա, և կվերանայվի բազմահամակազմ դասարանների գործունեության սկզբունքը: Ի՞նչ է սա. գիտեք, որ մենք, ցավոք, ունենք դասարաններ, երբ նույն դասարանում կա 4-րդ, 6-րդ, 8-րդ դասարանի աշակերտ, և ուսուցիչը հիմա բոլորի հետ նույն դասն է անում: Մենք կդարձնենք հետևյալ կերպ՝ եթե 2 աշակերտ է դասարանում, ուսուցիչը դաս կանի այդ 2 աշակերտի հետ, իր ծրագրի դասը, և այդ դասաժամը կվճարվի ինչպես լիարժեք դասաժամ, այսինքն՝ չեն լինի այս խառը դասարանները, բացի 2 առարկայից՝ խոսքը ֆիզկուլտուրայի և արվեստի մասին է, որը, կարծում եմ, տրամաբանական է: Բայց այս դեպքում էլ, որպեսզի արդար լինենք ուսուցիչների նկատմամբ, ֆիզկուլտուրայի և արվեստի ուսուցիչները կստանան 50-75 տոկոսով հավելավճար, ինչը, կարծում եմ, կարևոր է:

Մենք հայտարարել ենք և պլանավորել ենք և իրագործում ենք մինչև 2026 թվականը Հայաստանում 300 դպրոց և 500 մանկապարտեզ կառուցելու ծրագիրը: Այս ծրագրի շրջանակում 2022 թվականի ավարտին կունենանք շահագործման հանձնված 24 դպրոց, 53 մանկապարտեզ, 2023 թվականի ավարտին կունենանք 64 դպրոց, 141 մանկապարտեզ, իսկ 2023 թվականին կմեկնարկի 85 դպրոցի և 130 մանկապարտեզի կառուցում, վերակառուցում կամ հիմնանորոգում: Եվ շատ կարևոր է, որ մենք բոլորս ընկալենք, որ այս ծրագրով ուղղակի ոչ միայն դպրոցների նոր ֆիզիկական ենթակառուցվածք ենք ստեղծում, այլև դրանց արդյունքում պետք է նոր ստանդարտ ձևավորվի, այսինքն՝ դպրոց ասելով մենք պետք է փակենք այն ընկալման էջը, երբ հանդուրժվում է, որ դպրոցը կարող է նույնիսկ միջինից ցածր որակի ֆիզիկական ենթակառուցվածք ունենալ: Ամեն ինչ պետք է լինի նոր ստանդարտի՝ գույնը, ներքին ձևավորումը, դիզայնը և այդպես շարունակ: Իհարկե, մեկ քայլով դրան չենք հասնի, բայց սա մեր նպատակն է, որը պետք է իրագործենք»,-ասել է վարչապետը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը թաքնվում էր Զանգակատուն գյուղում

16:36 03.07.2025

Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը թաքնվում էր Զանգակատուն գյուղում

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 1-ին Արարատի մարզի Զանգակատուն գյուղում հայտնաբերել և վարչություն են տեղափոխել Երևանի բնակիչ 36-ամյա տղամարդուն, որը հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ 36-ամյա տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […] ...

Սյունիքի մարզում իրանցի վարորդը «MAN» մակնիշի բեռնատարով կողաշրջվել է

16:30 03.07.2025

Սյունիքի մարզում իրանցի վարորդը «MAN» մակնիշի բեռնատարով կողաշրջվել է

Այսօր՝ հուլիսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 07։00-ի սահմաններում Երևան-Կապան ավտոճանապարհի 231 կմ հատվածում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 58-ամյա Աբոլղասեմ Ս․-ն իր վարած «MAN» մակնիշի կցորդիչով բեռնատարով կողաշրջվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։   ...

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ

16:23 03.07.2025

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հուլիսի 2-ին մասնակցել է ԱՄՆ Անկախության օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը, որի ընթացքում հանդես է եկել շնորհավորական ուղերձով: Մհեր Գրիգորյանը իր և կառավարության անունից շնորհավորել է տոնի կապակցությամբ՝ մաղթելով Ամերիկայի Միացյալ Նահանգների ժողովրդին ու կառավարությանը խաղաղություն, բարօրություն և շարունակական առաջընթաց: Փոխվարչապետն ընդգծել է, որ 2025 թվականի սկիզբը նշանակվորվել է Հայաստանի և Միացյալ Նահանգների […] ...

Հանցավոր խմբի անդամները գնորդներից հափշտակել են առանձնապես խոշոր չափերով գումար. ՔԿ

16:17 03.07.2025

Հանցավոր խմբի անդամները գնորդներից հափշտակել են առանձնապես խոշոր չափերով գումար. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարության ՔԿՀ-ների կալանավորներ Վ.Ս.-ն և Մ.Գ.-ն հափշտակություններ կատարելու նպատակով ստեղծել և ղեկավարել են հանցավոր կազմակերպություն՝ դրանում նյութապես շահագրգռելու միջոցով մասնակից դարձնելով մի շարք անձանց: […] ...

Պարտադիր ժամկետային զինծառայողների արձակուրդի ժամկետները երկարացվեցին

16:11 03.07.2025

Պարտադիր ժամկետային զինծառայողների արձակուրդի ժամկետները երկարացվեցին

Հետայսու պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում (մարտական հերթապահություն իրականացնող) զինծառայողները կստանան արձակուրդ՝ 30 օր ժամկետով, մյուս զորամասերի զինծառայողները՝ 21 օր ժամկետով, ընդհանուր ծառայության ընթացքում՝ հավասար մասերով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Արձակուրդների ժամկետի ավելացումը տարածվելու է նաև ներկայումս պարտադիր ժամկետային ծառայության մեջ գտնվողների վրա՝ արդեն իսկ ստացած արձակուրդի ժամկետի […] ...

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 3-ին

16:05 03.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 3-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 448 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 457 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.84 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.93 դրամ:   ...

BACK_TO_TOP