Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, աշխատակազմի բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքի զբոսայգիներում և ընդհանուր օգտագործման այլ տարածքներում ընթանում են մասնագիտորեն հիմնավորված ծառերի էտման աշխատանքներ, որոնցում ներգրավված են նաև բնապահպաններ և համապատասխան մասնագետներ:
Միաժամանակ նշվել է, որ մինչ համապատասխան աշխատանքների իրականացումը տեղերում կազմակերպվում է նաև գործընթացի մասին հանրային իրազեկումը, հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Ի կատարումն Երևանի քաղաքապետի հանձնարարականի՝ զեկուցվել է, որ ոլորտի մասնագետների հետ կայացած քննարկման արդյունքում առաջարկվել է գարնանային ծառատունկն այս տարի կազմակերպել մարտի վերջին:
Հաշվի առնելով մասնագետների առաջարկը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է մարտի 31-ը սահմանել որպես համաքաղաքային ծառատունկի և շաբաթօրյակի օր՝ ըստ այդմ արդեն իսկ սկսելով այդ ուղղությամբ նախապատրաստական աշխատանքները: