«Ձեր հաղթանակները ոգևորելու են մեր երեխաներին՝ գնալու իրենց երազանքների հետևից». Ժաննա Անդրեասյանն ընդունել է պատանի բռնցքամարտիկներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+26.09 oC

«Ձեր հաղթանակները ոգևորելու են մեր երեխաներին՝ գնալու իրենց երազանքների հետևից». Ժաննա Անդրեասյանն ընդունել է պատանի բռնցքամարտիկներին

20:44 05.12.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանի բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների հավաքականի անդամներին, որոնք Երևանում անցկացված աշխարհի առաջնությունում 4 ոսկե, 5 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել:

Մեդալակիր մարզիկների հետ հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը, ֆեդերացիայի այլ ներկայացուցիչներ:

Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է պատանի բռնցքամարտիկներին գրանցած հաջող արդյունքների և նվաճած մեդալների առթիվ: ԿԳՄՍ նախարարը նաև ընդգծել է Երևանում անցկացված բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնության բարձր մակարդակը:

«Սա ձեր ու ձեր մարզիչների քրտնաջան աշխատանքի և հետևողական ջանքերի արդյունքն է: 16 մասնակցից 10-ը մեդալներ են նվաճել, ինչն աննախադեպ է: Երկու տարվա մեջ սա բռնցքամարտ մարզաձևից Հայաստանում կազմակերպված արդեն երրորդ խոշոր մրցաշարն էր, ինչը վկայում է այն մասին, որ մեր ֆեդերացիան հուսալի գործընկեր է Միջազգային ֆեդերացիայի համար»,- ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ Կառավարությունն ամեն կերպ խրախուսում է մեր երկրում խոշոր մրցաշարերի անցկացումը:

Ժաննա Անդրեասյանը, կարևորելով սպորտում աղջիկների ներգրավվածության ընդլայնումը, առանձնացրել է պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Հեղինե Պետրոսյանի հաջողությունը՝ հույս հայտնելով, որ նրա օրինակը վարակիչ կլինի բոլոր այն աղջիկների համար, որոնք ցանկանում են զբաղվել սպորտով, մասնավորապես՝ բռնցքամարտով: Նախարարը վստահություն է հայտնել՝ պատանի բռնցքամարտիկների վերջին հաջողությունները ոգևորելու են նաև մեր մյուս երեխաներին:

«Ձեր հաջող արդյունքները նպաստում են, որ Հայաստանում սպորտն ավելի մասսայական դառնա: Ձեր հաղթանակներն անպայման ոգևորելու են մեր երեխաներին՝ գնալու իրենց երազանքների հետևից ու անելու ամեն ինչ բարձր արդյունքներ գրանցելու համար: Վստահ եմ՝ առաջիկայում ևս շատ մեծ հաջողություններ եք ունենալու, քանի որ դեռ նոր եք սկսում ձեր սպորտային մեծ ճանապարհը: Կառավարությունն ամեն ինչ անելու է ձեր առաջընթացին նպաստելու և լավագույն պայմանները ստեղծելու համար»,- նշել է ԿԳՄՍ նախարարն ու հետագա հաջողություններ մաղթել պատանի մարզիկներին:

Բռնցքամարտիկներին ողջունել և գրանցած հաջողությունների առթիվ շնորհավորել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը. «Սա իսկապես մեծ հաջողություն էր: Վստահ եմ՝ մեր արծաթե մեդալներից գոնե 3-ը պետք է ոսկե լինեին: Սա պարզապես ցանկություն չէ, այլ լուրջ վերլուծության արդյունք: Մեր բռնցքամարտիկներն ամենևին չէին զիջում մրցակիցներին՝ ո՛չ տեխնիկապես, ո՛չ տակտիկապես, ո՛չ ֆիզիկապես: Ինչ վերաբերում է ոսկե մեդալակիրներին, ապա բոլորն էլ շատ վստահ մենամարտերում հաղթանակներ տարան»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծել է՝ տարեվերջին պատանի բռնցքամարտիկները միանվագ պարգևատրում կստանան, իսկ 2024 թվականի հունվարից կօգտվեն պետության կողմից բարձր արդյունքներ գրանցող մարզիկների համար սահմանված խրախուսանքներից: Նախարար Ժաննա Անդրեասյանը ևս կարևորել է այն հանգամանքը, որ խրախուսման մեխանիզմները գործում են նաև պատանիների համար.

«Հաջողությունը հաջողություն է՝ անկախ տարիքից: Ձեր քրտնաջան աշխատանքով նաև ֆինանսական միջոցներ եք վաստակում, ինչը ևս պատասխանատվություն է: Ռինգում արդեն ցույց եք տվել, որ կարողանում եք ճիշտ որոշումներ կայացնել: Վստահ եմ՝ կյանքի մյուս բնագավառներում ևս կգիտակցեք այդ պատասխանատվությունը»,- նշել է նախարար Ժաննա Անդրեասյանը:

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության, ինչպես նաև ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնության անցկացման նպատակով ՀՀ կառավարության և ԿԳՄՍ նախարարության ցուցաբերած անգնահատելի աջակցության համար:

«Առաջնությունն իսկապես անցավ շատ բարձր մակարդակով: Կհամարձակվեմ ասել, որ համատեղ ուժերով կարողացանք այս տարիքային խմբում անցկացնել լավագույն առաջնությունը պատմության մեջ: Այս մասին էին վկայում մեր միջազգային գործընկերները, որոնք բավականին տպավորված էին այն ամենով, ինչ տեսան մեզ մոտ: Մեր հավաքականի մարզիկներն էլ ցույց տվեցին, որ Ռումինիայում այս տարի անցկացված Եվրոպայի առաջնությունում գրանցած փայլուն արդյունքները պատահական չէին: Հավատացեք՝ այս հավաքականը կարող է դառնալ ապագայի մեր աստղային թիմը: Հաղթելու չափից շատ ցանկությունը խանգարեց մեր մարզիկներին, որոնք նոր են կատարում իրենց քայլերը մեծ ռինգում: Երկու տարի անց մեր այս թիմը կարող է մասնակցել պատանեկան օլիմպիական փառատոնին ու հետագայում էլ շատ լուրջ և մրցունակ թիմ լինել»,- ընդգծել է Հովհաննես Հովսեփյանը:

Հիշեցնենք՝ բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները 10 մեդալ են նվաճել: Պատվո հարթակի առաջին աստիճանին են կանգնել և ոսկե մեդալով են պարգևատրել Վաղարշակ Քեյանը (48 կգ), Տիգրան Հովսեփյանը (50 կգ), Արգիշտի Հակոբյանը (66 կգ) և Ալբերտ Հարությունյանը (75 կգ): Արծաթե մեդալակիր են դարձել Հեղինե Պետրոսյանը (48 կգ), Առնո Դարչինյանը (46 կգ), Արեն Խառատյանը (52 կգ), Անդրանիկ Մարտիրոսյանը (60 կգ) և Սամվել Սիրամարգյանը (70 կգ), իսկ Տիգրան Խաչատրյանը (+80 կգ) դարձել է բրոնզե մեդալակիր:

Հայաստանի պատանիների ընտրանին ԱԱ-ի թիմային պայքարում զբաղեցրել է 2-րդ տեղը: Հայաստանի հավաքականի անդամ Ալբերտ Հարությունյանն էլ ճանաչվել է աշխարհի առաջնության լավագույն բռնցքամարտիկ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ն պետք է շատ ավելի ուժեղ ճնշում գործադրի Ռուսաստանի վրա․ Զելենսկի

13:47 24.05.2025

ԱՄՆ-ն պետք է շատ ավելի ուժեղ ճնշում գործադրի Ռուսաստանի վրա․ Զելենսկի

Արևմուտքը պետք է զգալիորեն ավելի մեծ ճնշում գործադրի Ռուսաստանի վրա, Ուկրաինան սպասում է «պատժամիջոցային քայլերի» ԱՄՆ- ից և Եվրոպայից։ Այս մասին ասվում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու Telegram-ի ալիքում։ «Ակնհայտ է, որ մենք պետք է շատ ավելի մեծ ճնշում գործադրենք Ռուսաստանի վրա՝ արդյունքների հասնելու և իրական դիվանագիտություն սկսելու համար։ Մենք սպասում ենք պատժամիջոցային քայլերի ԱՄՆ-ից, […] ...

«Ռեալում» խաղալը փոխեց իմ կյանքը. Լուկա Մոդրիչ

13:35 24.05.2025

«Ռեալում» խաղալը փոխեց իմ կյանքը. Լուկա Մոդրիչ

Խորվաթ լեգենդար ֆուտբոլիստ Լուկա Մոդրիչը սոցցանցերում կատարած գրառմամբ անդրադարձել է Մադրիդի «Ռեալից» հեռանալուն: «Ժամանակը եկել է։ Սա այն պահն է, որը ես երբեք չէի ուզում զգալ, բայց սա ֆուտբոլ է, և կյանքում ամեն ինչ ունի սկիզբ և ավարտ… Շաբաթ օրը ես կանցկացնեմ իմ վերջին խաղը «Սանտիագո Բեռնաբեուում»։ Ես 2012 թվականին ժամանեցի աշխարհի լավագույն թիմի մարզաշապիկը […] ...

Թրամփը ստորագրել է ԱՄՆ-ում միջուկային էներգիայի զարգացմանն ուղղված հրամանագրեր

13:24 24.05.2025

Թրամփը ստորագրել է ԱՄՆ-ում միջուկային էներգիայի զարգացմանն ուղղված հրամանագրեր

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ օրը ստորագրել է գործադիր հրամանագրեր, որոնք ուղղված են առաջիկա 25 տարիների ընթացքում միջուկային էներգիայի ներքին արտադրությունը քառապատկելուն։ «Նպաստել ԱՄՆ միջուկային էներգիայի հզորության ընդլայնմանը 2024 թվականի մոտ 100 ԳՎտ-ից 400 ԳՎտ մինչև 2050 թվականը»,- ասվում է Սպիտակ տան կողմից հրապարակված գործադիր հրամանագրերից մեկում։ Նշվում է, որ «միջուկային էներգիան կարող է ազատել […] ...

Ռուբիոն մեկնաբանել է Սիրիայի դեմ պատժամիջոցները չեղարկելու ԱՄՆ որոշումը

12:53 24.05.2025

Ռուբիոն մեկնաբանել է Սիրիայի դեմ պատժամիջոցները չեղարկելու ԱՄՆ որոշումը

ԱՄՆ-ի կողմից Սիրիայի դեմ պատժամիջոցները կասեցնելու որոշումը երկու երկրների միջև նոր հարաբերությունների հաստատման առաջին քայլն էր, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Այսօրվա գործողությունները ներկայացնում են նախագահի՝ Սիրիայի և Միացյալ Նահանգների միջև նոր հարաբերությունների տեսլականի իրականացման առաջին քայլը։ Նախագահ Թրամփը Սիրիայի կառավարությանը հնարավորություն է տալիս խթանել խաղաղությունն ու կայունությունը՝ ինչպես Սիրիայի ներսում, այնպես էլ հարևանների […] ...

ԱՄՆ-ի և Շվեյցարիայի հավաքականները դուրս են եկել հոկեյի ԱԱ-ի կիսաեզրափակիչ

12:40 24.05.2025

ԱՄՆ-ի և Շվեյցարիայի հավաքականները դուրս են եկել հոկեյի ԱԱ-ի կիսաեզրափակիչ

ԱՄՆ-ի և Շվեյցարիայի հավաքականները դարձան տափօղակով հոկեյի աշխարհի առաջնության կիսաեզրափակչի առաջին մասնակիցները: ԱՄՆ-ի հավաքականը քառորդ եզրափակչում 5-2 հաշվով հաղթել է Ֆինլանդիայի թիմին: Շվեյցարացիները քառորդ եզրափակչում 6-0 հաշվով հաղթել են Ավստրիայի հավաքականին: ԱՄՆ-ի հավաքականը եզրափակչի ուղեգիրը կվիճարկի Կանադա-Դանիա զույգի հաղթողի հետ, իսկ Շվեյցարիան Շվեդիա-Չեխիա դիմակայության հաղթողի հետ կմրցի: ...

Աշխատանքային այցով Հայաստան կժամանի Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն

12:26 24.05.2025

Աշխատանքային այցով Հայաստան կժամանի Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն

Մայիսի 27-ին աշխատանքային այցով Հայաստանում կգտնվի Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։ Նախարար Սիյարտոն «Երևանյան երկխոսություն» ֆորումի շրջանակներում կմասնակցի պանելային քննարկման: Ծրագրված է հանդիպում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ: ...

BACK_TO_TOP