10:48 25.07.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ալթայում մասնակցել է Բնության և շրջակա միջավայրի պաշտպանությանը նվիրված միջազգային համաժողովին։ Միջոցառմանը մասնակցել են նաև Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Բելառուսի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի կառավարությունների ղեկավարները:
Իր ելույթում, վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.
«Հարգելի Միխայիլ Վլադիմիրի,
Պատվիրակությունների հարգելի ղեկավարներ,
Տիկնայք և պարոնայք,
Նախևառաջ՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել միջազգային բնապահպանական համաժողովին մասնակցելու հրավերի համար և երախտագիտություն հայտնել Ռուսաստանի Դաշնության Կառավարության ղեկավարին՝ հյուրընկալության և այսօրվա միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու համար։
Խորհրդանշական է, որ այս չափազանց կարևոր թեմայի քննարկումը տեղի է ունենում Ալթայում, որը հայտնի է իր բնական գեղեցկությամբ։
Պատվիրակությունների հարգելի ղեկավարներ,
հարգելի տիկնայք և պարոնայք,
Հայաստանը լեռնային երկիր է, որի տարածքի 80%-ը կազմված է բարձրլեռնային շրջաններից: Մեր երկիրը հայտնի է իր կլիմայական գոտիների բազմազանությամբ՝ չորային մերձարևադարձայինից մինչև ալպյան: Հայաստանն ունի բուսական և կենդանական աշխարհի բազմաթիվ էնդեմիկ տեսակներ: Չորս ազգային պարկերը և երեք արգելոցները զբաղեցնում են երկրի տարածքի ավելի քան 10%-ը: Դրանց թվում է Խոսրովի արգելոցը, որի հիմքում ընկած է մարդածին անտառը, որը հիմնադրվել է 4-րդ դարում՝ որպես թագավորական որսորդավայր: Հայաստանի մարգարիտը՝ Սևանա լիճը, տարածաշրջանի ամենամեծ քաղցրահամ ջրամբարն է:
Երկրի լեռնային էկոհամակարգերը չափազանց խոցելի են կլիմայի փոփոխության նկատմամբ։ Երաշտները, հեղեղումները և վարարումներն ավելի հաճախակի են դառնում։ Չնայած Հայաստանի ածխաթթու գազի արտանետումները համաշխարհային մասշտաբով չափազանց աննշան են, մեր երկիրը գլոբալ տաքացումից ամենաշատ տուժածներից մեկն է։ Կլիմայի փոփոխության հետևանքներն արտահայտվում են սառցադաշտերի արագացված հալեցմամբ, տեղումների նվազմամբ, սողանքներով, հողի էրոզիայով և անապատացմամբ։ Ջրային ռեսուրսների պակասը հանգեցնում է արոտավայրերի և վարելահողերի արդյունավետության նվազման, ինչպես նաև անտառային ռեսուրսների կրճատման։ Այս համատեքստում կարևորում ենք ջրօգտագործման արդյունավետության բարձրացումը, նորարարական տեխնոլոգիաների ներդրումը և կաթիլային ոռոգման ծրագրերի իրականացումը։
Այդ իսկ պատճառով Հայաստանի Կառավարությունը հաստատել է «Ջրային ռեսուրսների ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության 2022-2026 թթ․ ծրագիրը»։ Մշակվել է «Կլիմայի մասին» ՀՀ օրենքի նոր նախագիծ։ Օրինագծի նպատակն է ստեղծել իրավական և ինստիտուցիոնալ հիմք երկրում կլիմայական քաղաքականության մշակման և իրականացման համար։
Ազգային կարիքներին և միջազգային պարտավորություններին ի պատասխան, 2021 թվականի մայիսին Կառավարությունը հաստատել է Կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային գործողությունների ծրագիրը և 2021-2026 թվականների միջոցառումների ցանկը՝ այդպիսով սահմանելով հարմարվողականության ռազմավարական շրջանակը և դրա պլանավորման ջանքերը երկրում՝ ապագայում մշտական և շարունակական հիմունքներով:
Հայաստանը ողջունում է ԵԱՏՄ անդամ պետությունների համագործակցությունը կլիմայական օրակարգի շրջանակներում, կարևոր են նաև Եվրասիական ցածր ածխածնային զարգացման ծրագրերը:
Տիկնայք և պարոնայք,
Կարևորելով կենսաբազմազանության պահպանումը՝ Հայաստանն իրականացնում է վայրի կենդանիների պոպուլյացիաների վերականգնման ծրագրեր: 2002 թվականից ի վեր Բնության համաշխարհային հիմնադրամի հետ համատեղ իրականացվող կովկասյան ընձառյուծի պոպուլյացիայի վերականգնման ծրագիրը տալիս է զգալի արդյունքներ: Արդեն իսկ արձանագրվել է այս կենդանատեսակի մշտական բնակությունը և ձագերի բազմացումը Հայաստանում, ինչը վկայում է կովկասյան ընձառյուծի բնակավայրի և սննդապահովման կայունության հասնելու մասին: Հիմնադրամի հետ համատեղ իրականացվում է նաև կովկասյան ազնվացեղ եղջերուի պոպուլյացիայի վերականգնման ծրագիրը Դիլիջանի արգելոցի տարածքում:
Հայաստանը նաև աջակցում է ՄԱԿ-ի շրջանակներում լեռնային երկրների օրակարգին: Մենք ակտիվ մասնակցում ենք ՄԱԿ-ի շրջանակներում Լեռնային երկրների բարեկամների խմբի աշխատանքներին, որը նախաձեռնել է Ղրղզստանը: Մենք նաև միացել ենք ղրղզական կողմի «Լեռնային գործընկերության խումբ» նախաձեռնությանը՝ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի շրջանակներում: Մենք հույս ունենք, որ խումբը կդառնա կլիմայական համաժողովի շրջանակներում բանակցային գործընթացների ակտիվ մասնակից, որի նպատակով պատրաստ ենք ակտիվորեն նպաստել խմբի շրջանակներում անհրաժեշտ օրակարգի ձևավորմանը:
Հարգելի գործընկերներ,
Ինչպես գիտեք, Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովը 17-րդ հանդիպումը՝ COP17-ը կանցկացվի Հայաստանում 2026 թվականին:
Մենք ակնկալում ենք ձեր երկրների բարձր մակարդակի պատվիրակությունների, ինչպես նաև ակադեմիական և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների մասնակցությունը COP17-ի աշխատանքներին: Որպես նախագահող և հյուրընկալող երկիր՝ Հայաստանը կգործադրի բոլոր ջանքերը, որպեսզի ապահովի արդյունավետ երկխոսություն, մերձեցնի կողմերի դիրքորոշումները և կայացնի հավասարակշռված և բովանդակալից որոշումներ, որոնք հաշվի կառնեն բոլոր կողմերի շահերն ու առաջնահերթությունները:
Վստահ ենք, որ միասին կարող ենք զգալի ներդրում ունենալ կենսաբազմազանության պահպանման և բնական միջավայրի ռացիոնալ օգտագործման համաշխարհային ջանքերում՝ մեր մոլորակի համար համատեղ պատասխանատվության ոգուն համապատասխան:
Շնորհակալություն ուշադրության համար»:
17:53 26.07.2025
Օրբան. ԵՄ բյուջեի առաջարկը նպատակ ունի շարունակել Ուկրաինայի պատերազմը Ռուսաստանի հետԵվրահանձնաժողովի կողմից պատրաստված ԵՄ 2028-2034 թվականների բյուջեի նախագիծը ռազմական փաստաթուղթ է, որը նպատակ ունի աջակցել Ուկրաինային և շարունակել զինված հակամարտությունը Ռուսաստանի հետ։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ իր կառավարությունը չի համաձայնի Բրյուսելի նման առաջարկին և չի ընդունի այն որպես բանակցությունների հիմք։ «Եթե նայեք դրան, կտեսնեք, որ դա ռազմական բյուջե է։ Այնտեղ ամեն ինչ […] ...
17:42 26.07.2025
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է արհեստական բանականության վերաբերյալ բանաձևՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Տաջիկստանի նախաձեռնությամբ ընդունել է արհեստական բանականության (ԱԲ) վերաբերյալ բանաձև, հայտնում է Տաջիկստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության դեպարտամենտը։ «ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Տաջիկստանի նախաձեռնությամբ հաստատել է Կենտրոնական Ասիայի կայուն զարգացման համար արհեստական բանականության օգտագործման վերաբերյալ հատուկ բանաձև», – ասվում է զեկույցում։ Արտաքին գործերի նախարարությունը նշում է, որ այս նախաձեռնությունը պատկանում է Տաջիկստանին և դրա […] ...
17:30 26.07.2025
Արամ Հակոբյանը` Biel Chess Festival 2025 մրցաշարի «Challengers» խմբի արծաթե մեդալակիրՀայաստանը ներկայացնող գրոսմայստեր Արամ Հակոբյանը Շվեյցարիայում ավարտված Biel Chess Festival 2025 միջազգային մրցաշարի «Challengers» խմբում գրավել է երկրորդ տեղը։ Հայ շախմատիստը զիջել է միայն հույն Նիկոլաս Թեոդորուին։ Բրոզնե մեդալը նվաճել է Ռինատ Ջումաբաևը Ղազախստանից։ ...
17:20 26.07.2025
«Government Day» «Սևան Ստարտափ Սամմիթ 2025»-ի շրջանակում․ նորարարական կառավարումը օրակարգումՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ` «Սևան Ստարտափ Սամմիթ 2025»-ի շրջանակում hուլիսի 25-ին անցկացվեց «Government Day» միջոցառումը՝ Innovative Governance: Solutions for the future խորագրով։ Մեկօրյա այս միջոցառումը դարձավ հարթակ՝ ուղղված նորարարական մտքերի և ռազմավարական երկխոսության խթանմանը՝ միավորելով պետական պաշտոնյաներին, տեխնոլոգիական ոլորտի մասնագետներին, ձեռնարկատերերին և քաղաքականություն մշակողներին՝ քննարկելու կառավարման նոր գործելակերպերը և Հայաստանի դերն այն տեխնոլոգիական […] ...
17:10 26.07.2025
Մերցը Մակրոնի և Սթարմերի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի քաղաքականությունըԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ, որի ընթացքում քննարկվել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը և մերձավորարևելյան քաղաքականության ընթացքը։ «Հուլիսի 26-ի առավոտյան ես մանրամասն հեռախոսազրույց ունեցա Ֆրանսիայի նախագահի և Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ, որի ընթացքում քննարկեցինք մեր կուրսը Մերձավոր Արևելքում: Էմանուել Մակրոնի և Քիր […] ...