13:24 06.01.2019
Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը պատգամ է հղել Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առիթով։ Ինչպես տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, հայրապետական պատգամում ասված է․
«Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն:
Փառք հրաշափառ Ծննդեան և Յայտնութեան Քո, Տէր:
Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,
Այսօր ունկնդիր ենք Քրիստոսի Սուրբ Ծննդյան ավետիսին և խնդությամբ օրհնաբանում ենք Աստծուն փրկության Իր շնորհի համար: Նրան ենք փառաբանում, ասում է առաքյալը, «Ով կարող է մեզ պահել անբիծ ու անարատ և կանգնեցնել Իր փառքի առաջ անխառն ցնծութեամբ» (Հուդա 24):
Մսուրում ծնված և աշխարհ եկած Մանկան մասին հրեշտակն ավետում է. «Այսօր Դաւթի քաղաքում ձեզ համար ծնուեց մի Փրկիչ, որ Օծեալ Տէրն է» (Ղուկ. Բ 11): Քրիստոս ծնվեց Աստծո երկյուղով լեցուն, երկնային առաքինություններով զարդարված Սուրբ Կույսից: Աստծո Որդին հասակ առավ բարեպաշտ ընտանեկան հարկում Սուրբ Տիրամոր և Սուրբ Հովսեփի, ովքեր ամեն նեղության ու հալածանքի համբերեցին, հոգ տարան Մանուկ Հիսուսին՝ իրենց հավատավոր կյանքով դառնալով Նրա աստվածային առաքելության մասնակիցը:
Սուրբ Ծննդյան հրաշազարդ պատկերի մեջ, սիրելիներ, տեսնում ենք, որ փրկության ուղին սկիզբ առավ ընտանիքից: Ընտանիքից ծագեց մարդկանց երկնային արքայության ժառանգորդը դարձնելու լուսեղեն ճանապարհը: Քրիստոսով, արդարև, մենք որդեգիրներն ենք Աստծո: Քրիստոսով մեզ Հայր է Արարիչն Աստված, Ով սիրում է մեզ և նորոգում է մեր կյանքը Սուրբ Ծննդյան հուսառատ ու օրհնաբեր ուրախությամբ: Փրկչի Ծննդյան ավետիսը ոռոգում է մեր հոգիները, լիացնում մեր հոգևոր ապրումներն ու զգացումները, պարգևում է ուժ ու զորություն աստվածային կամքի մեջ մնալու, մեր կյանքում ու գործերում զորացնելու խաղաղության, արդարության, սիրո, համերաշխության ուղիները և մշտահունչ պահելու առ Աստված փառաբանությունը. «Փառք հրաշափառ Ծննդեան և Յայտնութեան Քո, Տէր»:
Սուրբ Ծննդյան հոգեպարար զգացումների մեջ, սիրելի բարեպաշտ ժողովուրդ, մեր աղոթական մտքերն ուղղված են նաև աշխարհի մեծ ընտանիքի հավատակից մեր այն քույրերն ու եղբայրները, ովքեր նվիրական այս տոնը դիմավորում են վշտի ու նեղությունների մեջ: Մեր մտածումներն ուղղված են այնտեղ, որտեղ մարդկության կյանքը տևականորեն ալեկոծում են անարդարությունը, գերիշխելու անհագուրդ տենչը, ագահությունը, որտեղ մարդիկ շարունակում են կրել աղքատության, իրավունքների ոտնահարման, պատերազմների առաջ բերած ավերներն ու ցավերը, որտեղ բռնությունը բռնություն է ծնում, ատելությունը՝ ատելություն, խաբեությունն ու սուտը բազմապատկվում են նոր կեղծիքներով: Այս չարիքները, լինեն դրանք միջանձնային հարաբերություններում, ընտանիքներում, թե ազգերի ու պետությունների միջև, տանում են դեպի փակուղիներ ու ճգնաժամեր, որոնց հաղթահարման համար շարունակ մեծ ջանք ու ճիգեր են պահանջվում: Փակուղիների են տանում նաև կեղծ ազատականության աստվածամարտ ընթացքները՝ հեռացնելով տերունապատվեր կյանքից, հոգևորից, խաթարելով հիմերը առողջ հասարակության և ամուր ընտանիքի: Քրիստոսի պարգևած փրկության աստվածպատվեր ուղիներով է, որ մարդկությունը պիտի կարողանա Երկիր մոլորակի վրա լինել ու մնալ որպես մեծ ընտանիք՝ փոխադարձ սիրով ու օգնությամբ ամոքելով իր վերքերը, հոգալով կարիքները, կարգավորելով այս աշխարհի խնդիրները և ծառայելով «յերկիր խաղաղութիւն, ի մարդիկ հաճութիւն» հրեշտակաձայն պատգամին, որը հնչեց շնորհաբեր ժամին Քրիստոսի Սուրբ Ծննդյան:
Մեր պատմության օրհնյալ ժամանակաշրջանում մեր ժողովուրդը Քրիստոսով դարձել է հավատավոր մեկ ընտանիք՝ լուսավորվելով Տիրոջ կենարար շնորհներով: Առ Տերը հավատարիմ ընթացքը բարեպաշտ մեր նախնյաց, մենք, որպես նրանց հարազատ զավակները, պիտի շարունակենք պահպանել անսասան հավատով և ապրել ու գործել առաջընթացի վճռականությամբ: Այսօր մեր կյանքի նոր փոփոխություններում թևածում են հույսն ու լավատեսությունը՝ նորանոր ձեռքբերումներ արձանագրելու, հաջողություններ ու հաղթանակներ կերտելու: Միմյանց ապավինելով ու սատարելով ի զորու ենք շենացնել մեր կյանքը հայրենիքում ու սփյուռքում, պաշտպանել մեր սահմանները, ազգային արդար իրավունքները, հզորացնել Հայաստան ու Արցախ հայրենի մեր երկիրը: Հայրենիքի արժանավոր զավակ դաստիարակելու, պետության քաղաքացի կրթելու առաջին հանգրվանը ընտանիքն է: Ընտանիքում է կերտվում ազգի ապագան, դրվում հիմները հզոր պետության: Ընտանիքի գորովաշատ միջավայրում են մանուկ հոգիներում պտղաբերում Աստծո խոսքի սերմանված հունդերը, սնուցվում հոգևոր-բարոյական արժեքները, բարին ընտրելու աներկյուղ ոգին: Ընտանիքում մատուցված օրինակով կրթվում են միմյանց հանդեպ սերը, վստահությունը և հոգատարությունը: Արդ, նախանձախնդիր մնանք նվիրականությանն ու ամրությանը ընտանիքի: Անխաթար պահպանենք աստվածահաստատ ընտանիք հասկացությունը, նրա սրբությունը, ազգային ավանդույթները, խնամենք ու բարձրացնենք մեր հոգևոր ու ազգային կյանքը և մնանք մշտապես Տիրոջ որդեգրության շնորհի մեջ՝ որպես հավատավոր մեկ ընտանիք, որպես Աստծո սեփական ժողովուրդ:
Աստվածօրհնյալ ընտանիքի արժեքը և հիմնարար առաքելությունը կարևորելով ազգային, պետական ու հասարակական մեր կյանքում՝ 2019 թվականը հռչակում ենք ընտանիքի տարի: Հորդորում ենք եկեղեցական և թեմական մեր կառույցներին և հոգևոր սպասավորներին նախաձեռնել ընտանիքներին ուղղված աջակցության ծրագրեր ու միջոցառումներ, կազմակերպել ուխտագնացություններ մայր հայրենիք, Սուրբ Էջմիածին, Տերունական և հայրենական սրբավայրեր՝ զորանալու հավատքով, տոգորվելու հայրենյաց սիրո ջերմությամբ և ազգի ու հայրենիքի զավակը լինելու նվիրական գիտակցությամբ:
Սուրբ Ծննդյան բերկրալի ավետիսով եղբայրական Մեր ողջույնն ենք հղում Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու Նվիրապետական Աթոռների Գահակալներին` Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին: Աղոթում ենք հիվանդության մահճում գտնվող Ամենապատիվ Տ. Մեսրոպ Արքեպիսկոպոս Մութաֆյան Պատրիարքի համար: Փրկչի շնորհների հայցով Մեր ողջույնն ենք հղում քույր Եկեղեցիների հոգևոր Պետերին: Հայրապետական օրհնությամբ ողջունում և Մեր բարեմաղթանքներն ենք բերում Սրբազան Պատարագի արարողությանը ներկա Հայաստանի Հանրապետության Վարչապետի պաշտոնակատար տիար Նիկոլ Փաշինյանին իր ազնիվ տիկնոջ հետ: Ողջույն ենք հղում Հայաստանի Հանրապետության Նախագահ տիար Արմեն Սարգսյանին, Արցախի Հանրապետության Նախագահ տիար Բակո Սահակյանին, հայոց պետական ավագանուն, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին: Հայրապետական Մեր սերը, օրհնությունն ու բարեմաղթանքները՝ մեր Սուրբ Եկեղեցու հոգևոր դասին և համայն հավատավոր Մեր ժողովրդին:
Սուրբ Ծննդյան հոգենորոգ այս օրը աղոթում և հայցում ենք, որ աշխարհում բազմապատկվեն երկնային շնորհները, մարդիկ առատությամբ պտղաբերեն բարի գործեր, սեր, արդարություն, խաղաղություն, գութ ու ողորմածություն, որոնք դիմադարձում են չարիքներին և ճանապարհ հարթում դեպի լուսավոր գալիքը մարդկության: Աղոթքով առ Աստված հայցում ենք, որ Իր ամենախնամ հոգածության և սիրո մեջ պահի մեր ժողովրդին և պարգևի ուժ ու զորություն՝ կերտելու նոր օրը իր կյանքի և մնալու օրհնյալ, նվիրյալ ընտանիքը Քրիստոսի` հավատարիմ սրտով միշտ փառաբանելու. «Փառք հրաշափառ Ծննդեան և Յայտնութեան Քո, Տէր»:
Գոհաբանական այս զգացումով աշխարհասփյուռ հավատավոր մեր ժողովրդին ցնծությամբ ավետում ենք՝
Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ,
Ձեզ և մեզ մեծ աւետիս»։
16:27 05.07.2025
Ստամբուլում երկրաշարժ է տեղի ունեցելՍտամբուլում 4.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է Türkiye թերթը։ «Ստամբուլում տեղի է ունեցել 4.2 մագնիտուդով երկրաշարժ», – գրում է հրատարակությունը։ Թուրքիայի աղետների կառավարման վարչության տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3.8 մագնիտուդ։ Հնարավոր վնասների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: ...
16:12 05.07.2025
Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. կամ 1 զոհ, 4 տուժածԱյսօր՝ հուլիսի 5-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 13:45-ի սահմաններում «Dodge Caliber» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 33 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին, հողաթմբերին, մի քանի պտույտ շրջվել ու հայտնվել ճանապարհի մեջտեղում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 […] ...
15:56 05.07.2025
Փարիզում 102 տարվա ընթացքում առաջին անգամ Սեն գետը բացվել է հանրային լողի համարՓարիզի Սեն գետը ավելի քան 100 տարվա ընթացքում առաջին անգամ բացվել է հանրային լողի համար, շաբաթ օրը հաղորդել է France-Presse գործակալությունը։ Մայիսին Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն հայտարարեց, որ հուլիսի 5-ից մինչև օգոստոսի վերջը Սեն գետի վրա կստեղծվի հանրային լողի երեք գոտի։ Մյուս գոտիներում լողալը կմնա արգելված։ «Հանրությունը վերջապես կարողացավ կրկին զգալ Սենում լողալու ուրախությունը», – […] ...
15:40 05.07.2025
Ձեր ամուր կամքով ու Ձեր ընտրությամբ մեր երկրում իշխանությունը պատկանում է Ձեզ` Հայաստանի Հանրապետության ժողովրդին, և դա անշրջելի է այլևս. ՏԿԵ նախարարՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության 30-ամյակի առթիվ: «Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա առիթով: Ձեր ամուր կամքով ու Ձեր ընտրությամբ մեր երկրում իշխանությունը պատկանում է Ձեզ` Հայաստանի Հանրապետության ժողովրդին և դա անշրջելի է այլևս: Ձեր ամուր կամքով և Ձեր ընտրությամբ Հայաստանը հիմա ավելի անկախ է, քան երբևէ, […] ...
15:28 05.07.2025
ՀՀ-ին անհրաժեշտ է նոր՝ ժողովրդի քվեով հաստատված Սահմանադրություն, որպեսզի ժողովուրդն այն համարի իրենը, իր հայրենիք-պետության մեջ ապրելու այն կանոնը, որն ինքն է ստեղծել. վարչապետՀայաստանի Հանրապետության Սահմանադրության 30-ամյա հոբելյանի առթիվ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել տոնական միջոցառում: Վերջինիս ներկա են գտնվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, օրենսդիր, գործադիր մարմինների ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ: Շնորհավորական խոսքով հանդես են եկել վարչապետ Փաշինյանը, նախագահ […] ...
15:14 05.07.2025
ՀՀ ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է ԵԽ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման կոմիտեի լիագումար նիստինՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 30-ից հուլիսի 4-ը Ստրասբուրգում մասնակցել է Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման կոմիտեի (ԽԿԿ/CPT) 117-րդ լիագումար նիստին` որպես Կոմիտեի` Հայաստանը ներկայացնող անդամ։ Նիստի շրջանակում հաստատվել է 2026 թվականի պարբերական այցերի ծրագիրը, ընդունվել են 2024 և 2025 թվականներին մի շարք երկրներ կատարված այցերի վերաբերյալ […] ...