15:51 03.05.2019
Մայիսի 3-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով աշխատանքային խմբի առաջին հանդիպումը: Անդրանիկ նիստը նախագահեցին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը: Այս մասին տեղեկանում ենք Մայր աթոռի տեղեկատվական համակարգից:
Նիստի ընթացքում Ամենայն Հայոց կաթողիկոսն իր խոսքն ուղղեց աշխատանքային խմբի անդամներին և ներկաներին:
Ստորև ներկայացնենք Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի խոսքը.
«Մեծարգո վարչապետ
Հոգևոր հայրեր
Հարգարժան պետական այրեր և ներկաներ
Ողջունում և Մեր օրհնությունն ենք բերում ձեզ: Մեր ուրախությունն ենք հայտնում Եկեղեցի-պետություն հարաբերությունների արդյունավորման նպատակով աշխատանքային խմբի առաջին նիստի գումարման առիթով:
Հայրենի պետության և մեր Եկեղեցու հարաբերությունների կանոնակարգման այս նոր ձևաչափը բարեպատեհ հնարավորություն է քննարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերը և փնտրելու դրանց լուծման ուղիներ՝ ի խնդիր մեր Եկեղեցու առաքելության արդյունավորման՝ հանուն մեր երկրի և ժողովրդի:
Մեր պատմությունը լավագույնս վկայում է, որ Եկեղեցին հոգեփրկչական իր առաքելության ծիրում անուրանալի ներդրում է ունեցել հայկական պետության զորացման և ամրապնդման գործում, նաև պետության սատարումով արգասավորել է իր հոգևոր ծառայությունը մեր ժողովրդին: Եկեղեցու և պետության հարաբերությունները Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայրապետի և Սուրբ Տրդատ Գ թագավորի սերտ գործակցության շնորհիվ նվիրագործվել են Հայաստանի՝ առաջին քրիստոնյա պետություն հռչակումով, որը եղել և մնում է մեր ժողովրդի փառքն ու պարծանքը: Պետականության բացակայության պայմաններում Եկեղեցին շարունակել է խնամել ու առաջնորդել մեր ժողովրդին՝ արթուն պահելով անկախ պետականության վերականգնման գիտակցությունը և ջանքեր ներդնելով հայոց պետության վերահաստատման համար:
Հայրենի պետականությունը անսասան պահելու և պետական շահերով առաջնորդվելու Հայոց Եկեղեցու դիրքորոշումը լավագույնս արտացոլված է Սուրբ Սահակ Պարթև Հայրապետի հայտնի ձևակերպման մեջ, որը Հայոց Եկեղեցու ողջ պատմության ընթացքում առանցքային է եղել մեր հայրապետների ու եկեղեցականների գործունեության մեջ:
Մեր Եկեղեցու առաքելությունը վերափոխել է մեր ժողովրդի կյանքը հոգևոր, կրթական, գիտական և մշակութային նշանակալի ձեռքբերումներով: Եկեղեցու հոգեփրկչական առաքելության առանցքում հոգևոր-բարոյական արժեհամակարգով անձի կերտումն է, ազգի հավատավոր, հայրենասեր, օրինապահ զավակի կրթությունն ու դաստիարակումը, ինչը նաև պետության առաջնահերթությունն է քաղաքացու ձևավորման պատասխանատու գործում: Այս առումով մեծապես կարևոր է պետության և Եկեղեցու համագործակցությունը՝ թելադրված ազգային մեր շահերով ու գերակայություններով, մեր ազգային ինքնությունը, ոգին, նկարագիրը պահպանելու հրամայականով:
Փառք ենք տալիս Տիրոջը, որ անկախության անցնող տարիների ընթացքին նշանակալի քայլեր են կատարվել մեր պետության և Եկեղեցու հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Այդուհանդերձ, առկա են լուծման կարոտ կարևոր հարցեր ու խնդիրներ: Մենք հույս ունենք, որ այս աշխատանքային խմբի շրջանակներում կգտնվեն արդյունավետ լուծումներ ազգային մեր կյանքում Եկեղեցու առաքելության անխոչընդոտ իրականացման համար:
Քննարկումների ընթացքում, կարծում ենք, նկատի պիտի առնվեն ելակետային որոշ իրողություններ ու դիտարկումներ, որոնք ներկայացնում ենք ստորև.
1. ՀՀ Սահմանադրությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ճանաչում է որպես Ազգային Եկեղեցի՝ հաշվի առնելով Եկեղեցու բացառիկ առաքելությունը մեր ժողովրդի կյանքում: Միաժամանակ Սահմանադրությամբ երաշխավորված է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը: Հայ Առաքելական Եկեղեցուն առանձնահատուկ կարգավիճակի տրամադրումը երբեմն միտումնավոր ներկայացվում է որպես խտրականության դրսևորում, ինչը միանշանակ կողմնակալ գնահատական է և չի ներդաշնակում միջազգային փորձի և ընդունված չափանիշների հետ: Տարբեր երկրների, այդ թվում նաև եվրոպական մի շարք պետությունների կրոնական օրենսդրությունների ուսումնասիրությունը և փորձը փաստում են, որ տվյալ երկրի ու ժողովրդի պատմության մեջ մեծ դեր ունեցած կրոնական հաստատության առանձնահատուկ կարգավիճակը որևէ ձևով չի ենթադրում խտրականություն կրոնական կազմակերպությունների նկատմամբ:
2. Կրոնական կազմակերպությունների՝ պետությունից անջատվածության սահմանադրական հիմնադրույթը երբեմն թյուրըմբռնմամբ ընկալվում է Հայոց Եկեղեցու պատմականորեն նվիրագործված առաքելությունը սահմանափակելու իմաստով: Այս կողմնորոշումը փորձ է արվում հիմնավորել վկայակոչելով պետության աշխարհիկության սկզբունքը: Մինչդեռ «աշխարհիկ պետություն» հասկացությունը չի կրում հակաեկեղեցական կամ ապակրոնական տարր և չի բացառում պետության և Եկեղեցու գործակցությունը ու չի խոչընդոտում դրա իրականացմանը կյանքի զանազան ոլորտներում, առավել ևս՝ քրիստոնեական հարուստ ժառանգություն և հնագույն ավանդույթ ու անցյալ ունեցող Հայաստանում:
3. Եկեղեցական հիմնահարցերի օրենսդրական կարգավորումներում պետք է նկատի առնվեն նաև Հայոց ցեղասպանության, ինչպես և խորհրդային տարիներին Եկեղեցու նկատմամբ իրագործված հալածանքների հետևանքով Հայ Առաքելական Եկեղեցուն հասցված նյութական և մարդկային ահռելի վնասներն ու կորուստները, այդ թվում՝ վանքերի, եկեղեցիների, եկեղեցական ենթակառուցվածքների ավերումն ու ոչնչացումը և ունեցվածքի ու կալվածքների բռնազավթումը: Այս ամենը, ինչպես և այդ ժամանակաշրջանում Եկեղեցի-պետություն հարաբերությունների փաստացի չգոյության իրողությունը չեն թույլատրել վերականգնելու կրած կորուստները: Այս համատեքստում կարևոր է պետության զորակցությունը, որպեսզի Եկեղեցին կարողանա վերականգնել անհրաժեշտ պայմաններն ու հնարավորությունները իր առաքելության համար ի հայրենիս և ի սփյուռս:
Աշխատանքային այս խմբի գործունեության հետ կապված են դրական սպասումներ թե՛ հոգևորականության, թե՛ հավատավոր մեր ժողովրդի շրջանակներում: Վստահ ենք, որ Եկեղեցի-պետություն գործակցության ընդլայնումը պիտի նպաստի մեր ժողովրդի ազգային և հոգևոր կյանքի զորացմանը, գիտակից ու օրինապահ քաղաքացու ձևավորմանը, ընտանիքների ամրությանը, Եկեղեցու պայծառությանը և պետության հզորությանը:
Մեր աղոթքն է, որ Տերը խաղաղ երկնքի ներքո բարօրություն ու բարգավաճում պարգևի հայրենի մեր երկրին և արդյունավորի մեր ժողովրդի և հայրենի իշխանությունների բոլոր ջանքերը՝ հանուն մեր հայրենիքի, մեր ազգային կյանքի առաջընթացի և շեն ու պայծառ գալիքի»:
11:58 03.07.2025
Բերդ համայնքի Պառավաքար բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՀուլիսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Պառավաքար բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...
11:50 03.07.2025
ԱՀԿ-ն կոչ է անում երկրներին բարձրացնել ծխախոտի և ալկոհոլի գներըԱռողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կոչ է անում երկրներին մինչև 2035 թվականը առնվազն 50%-ով բարձրացնել ծխախոտի, ալկոհոլի և շաքարային ըմպելիքների գները, ասվում է կազմակերպության կայքում հրապարակված հայտարարության մեջ։ «Այսօր ԱՀԿ-ն մեկնարկեց նոր, կարևոր նախաձեռնություն, որով կոչ է արվում երկրներին մինչև 2035 թվականը առողջապահական հարկերի միջոցով բարձրացնել ծխախոտի, ալկոհոլի և շաքարային ըմպելիքների իրական գները առնվազն 50%-ով՝ քրոնիկ […] ...
11:39 03.07.2025
ԱՄՆ-ն և Հնդկաստանը կստորագրեն պաշտպանական համագործակցության համաձայնագիրՊենտագոնի քարտուղար Փիթ Հեգսեթը և Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը համաձայնության են եկել այս տարի ստորագրել պաշտպանական համագործակցության վերաբերյալ ևս մեկ շրջանակային երկկողմ համաձայնագիր՝ տասը տարի ժամկետով, ասվում է ԱՄՆ ռազմական գերատեսչության հայտարարության մեջ՝ գերատեսչությունների ղեկավարների միջև հեռախոսազրույցից հետո։ «Նախարար Հեգսեթը և նախարար Սինգհը համաձայնության են եկել այս տարվա վերջին իրենց հաջորդ հանդիպման ժամանակ ստորագրել […] ...
11:30 03.07.2025
ՄԱԿ-ը մտահոգված է Իրանի կողմից ԱԷՄԳ-ի հետ համագործակցության դադարեցմամբԻրանի իշխանությունների կողմից Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ համագործակցությունը դադարեցնելու որոշումը մտահոգության տեղիք է տալիս: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է համաշխարհային կազմակերպության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: «Մենք տեսել ենք պաշտոնական որոշումը, և դա ակնհայտորեն մտահոգության առարկա է։ Կարծում եմ՝ ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը շատ հետևողական է եղել Իրանին ուղղված՝ ԱԷՄԳ-ի հետ […] ...
11:21 03.07.2025
Բալիի ափերի մոտ լաստանավ է խորտակվել. կան զոհերԻնդոնեզիայի Բալի կղզու մոտ խորտակվել է ավելի քան 60 մարդ տեղափոխող լաստանավ։ Փրկարարներին հաջողվել է ջրից դուրս բերել ավելի քան 20 ուղևորի, իսկ մնացածի որոնումները շարունակվում են։ Այս մասին հայտնել է AP-ն հինգշաբթի՝ հուլիսի 3-ին։ Ողբերգությունը տեղի է ունեցել գիշերը՝ Ջավա և Բալի կղզիների միջև գտնվող Ջավա նեղուցում։ Կետապանգ նավահանգստից դուրս գալուց ընդամենը կես ժամ […] ...
11:21 03.07.2025
Թմրաշրջանառությունից հանվել է 7 կիլոգրամից ավելի մարիխուանա. կալանավորվել է յոթ անձՔրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողները մայիսի 27-ին ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ մաքսանենգ ճանապարհով Հայաստան է ներմուծվելու մեծ քանաքի թմրանյութ: Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ: Տեղեկությունը ստուգելուց և կոնկրետ գործողությունների նախապատրաստումից հետո հունիսի 15-ին իրավապահներն անցան տեղեկությունն իրացնելու գործին, որին մասնակցեցին նաև Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողներ ու […] ...