00:09 12.10.2020
Մարդասիրական նպատակներով հոկտեմբերի 10-ին ժամը 12-ից հրադադարի շուրջ Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունը պահպանում է հայկական կողմը, հակառակորդը շարունակում է խախտել պայմանավորվածությունն ու ոտնահարել հայկական կողմի իրավունքները:
Երեկ առավոտյան Հադրութ քաղաք ադրբեջանական դիվերսիոն խմբի ներթափանցման ժամանակ խմբի անդամները տանը սպանել են Հադրութի երկու բնակչի՝ մորը և նրա հաշմանդամություն ունեցող որդուն: Այս մասին հստակ տեղեկություններ էր ստացել ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը: Հաղորդագրության մեջ ՄԻՊ-ը խստագույնս դատապարտում է ադրբեջանական զինված ուժերի շարունակական վայրագ հանցագործությունները Արցախի բնակչության հանդեպ և պահանջում միջազգային հանրությունից այս դեպքն արժանացնել համարժեք արձագանքի և հետամուտ լինել հանցագործներին համապատասխան պատժի ենթարկելու հարցում:
Այս մասին է վկայում այն, որ ադրբեջանական կողմը շարունակում է հրթիռահրետակոծության տակ պահել Ստեփանակերտը, Հադրութը, Մարտունին և Արցախի Հանրապետության այլ բնակավայրերը: Այս մասին գիշերը ժամը 3-ին հայտնել է Պաշտպանության բանակը՝ հավելելով, որ ադրբեջանական կողմը միևնույն ժամանակ ստահոդ տեղեկություններ է տարածում այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները թիրախավորել են Գյանջա քաղաքը: ՊՆ-ն շեշտել է, որ այս պնդումները բացարձակ սուտ են և իրականության հետ որևէ առնչություն չունեն: Իրադրության մասին ամփոփ ասուլիսով վաղ առավոտյան հանդես է եկել Արցախի Հանրապետության նախագահը:
Չնայած Պաշտպանության բանակը հետևում է Մոսկվայում ձեռք բերված հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածություններին և կրակ չի վարում, ադրբեջանական կողմը շարունակում է հրթիռահրետակոծության տակ պահել Արցախի Հանրապետության մի շարք բնակավայրեր: Ի հավելումն ՊԲ հայտարարության՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը խոսեց ադրբեջանական նկրտումների մասին: Ինչ նպատակ ունեին Հադրութի գրավման շուրջ խոսակցությունները, ինչու թշնամին վերջին պահին սկսեց հարձակումն այս ուղղությամբ:
«Կեղծ տեղեկություններ էին տարածվել նախօրեին հակառակորդի կողմից, թե գրավել են Հադրութը, սակայն հակառակորդը, հասկանալով, որ շատ հեռու է Հադրութի սահմաններից, հրադադարի հայտարարումից առաջ, ժամերի ընթացքում փորձել է գրավել Հադրութը: Նպատակը՝ առաջին փուլում ՝իրականացնել ինչ-որ դիվերսիոն գործողություններ, բայց մեզ հաջողվել է վերադասավորվել, և այսօր Հադրութ քաղաքի վարչակազմի ղեկավարը գտնվում է Հադրութի վարչական շենքում»,- նշեց Հարությունյանը:
Իսկ այն, ինչ տեղի է ունենում Արցախի ժողովրդի նկատմամբ, նախագահը անվանեց ցեղասպանություն: Դա դուրս է մարդասիրական կանոններից, և պետք է լինի քաղաքակիրթ աշխարհի համապատասխան արձագանքը:
«Ադրբեջանին աատարում է Թուրքիան և միջազգային տեռորիզմը, այս առումով ակնկալում ենք քաղաքակիրթ աշխարհի աջակցությունը ոչ միայն լուսաբանելով, կոչերով, հայտարարություններով, այլև առարկայական։ Միջազգային տեռորիզմը ներթափանցում է տարածաշրջան Արցախյան ազատագրական պայքարի դեմ Ադրբեջանի ստանձնած քաղաքականության քողի տակ»,- նշեց ԱՀ նախագահը:
Ադրբեջանը ռազմական ենթակառուցվածքների կամ զինվորական օբյեկտների անվան տակ խաղաղ բնակավայրերի բնակչության դեմ օգտագործում է հրթիռային համակարգեր, անօդաչու սարքեր ու այլ միջոցներ, դրանցով հարվածներ հասցնում Շուշիի եկեղեցուն, որի տարածքում որևէ նման օբյեկտ չկա: Իսկ Արցախն իրացնում է ինքնապաշտպանության իր իրավունքը և չի լինելու Ադրբեջանի մաս, ընդգծեց Արցախի նախագահը: Նա անդրադարձավ նաև առաջնագծում կռվող զինվորների հերոսություններին, որոնց հետ հպարտության զգացում է ապրում, հպարտ է նաև այն հայրենակիցներով, ովքեր միավորվել են ու նյութական, բարոյական աջակցություն են ցուցաբերում արցախահայերին, վստահ է, որ այս համախմբվածությունն է լինելու հաղթանակի գրավականը:
«Աշխարհում խաղաղություն ամենաշատը ուզում են արցախցիները, բայց մենք նաև չենք կարող պարտադիր պայման ընդունել մի երկրից, որի նպատակն է բնաջնջել Արցախի պատմությունը, ժողովրդին։ Հայտարարելու եմ հայրենական պատերազմ, և կոչ եմ անելու բոլոր հայերին նյութական ու ցանկության դեպքում ֆիզիկական մասնակցություն ունենալ։ Եթե երկարատև պատերազմ են ուզելու, մենք չենք հրաժարվելու»,- ընդգծեց Հարությունյանը։
Իսկ առաջնագծում իրավիճակը համեմատաբար հանգիստ է, Արցախի նախագահը խուսափում է բնութագրել՝ նկատելով, որ այն րոպեների ընթացքում կարող է փոփոխվել:
Արծրուն Հովհաննիսյանն է վերջին տեղեկությունները հայտնում առաջնագծից:
«Թուրքական օդուժի օդային ղեկավարման կետերը, որոնք թռչում են Թուրքիայի օդային տարածքում, շարունակում են ղեկավարել ադրբեջանական օդուժի կազմում գործող թուրքական ԱԹՍ-ները։ Ըստ Հովհաննիսյանի՝ ԱԹՍ-ները վեց միավոր F-16-ների ծածկույթի տակ, այսինքն՝ ուղեկցմամբ, հարվածներ են հասցնում Արցախի խաղաղ բնակչությանը և ենթակառուցվածքներին»,- նշեց Հարությունյանը։
Քիչ անց ներկայացվում են հակառակորդի կորստի մասին տեղեկությունները: Ըստ այդմ՝ մոտ ժամը 13-ի տվյալներով խոցվել է ևս 3 ԱԹՍ, 2 զրահատեխնիկա, կա 350 զոհ:
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնն էլ շարունակում է հանրությանը ներկայացնել մարտական գործողությունների գոտում գտնվող զինծառայողների մասին տեղեկություններ ստանալու համար նախատեսված հեռախոսահամարները: Գործում է նաև վիրավոր զինծառայողների առողջական վիճակի մասին տեղեկություններ ստանալու համար նախատեսված հեռախոսահամար:
Պատերազմում Թուրքիայի կողմից սիրիացի վարձկանների ներգրավվածության հարցի ու տարածաշրջանի վրա դրա վտանգավոր ազդեցությունների հարցին անդրադարձել են բոլորը, խոսել փաստերով: Ներկայացնելով Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ներկայացրած արժանահավատ տեսանյութերից մեկը, նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան անդրադարձավ թեմային:
«Սա է այսօրվա պատերազմի իրական երեսը։ Թուրք-ադրբեջանական տանդեմն ընդդեմ Արցախի հավաքագրել և գործի է դրել ահաբեկչական ամենատարբեր խմբերի ներկայացուցիչներին։
Աշխարհի հայությունը պայքարի ոչ բռնի, խաղաղ, օրինական միջոցներով պետք է այս աղաղակող փաստը դնի աշխարհի առաջ և կենտրոնանա հետևյալ օրակարգի վրա. Արցախի դեմ ահաբեկչական հարձակման դատապարտում և Արցախի անկախության ճանաչում։
Եվ իհարկե, բոլոր հնարավոր մեթոդներով աջակցություն Արցախին՝ դիմակայելու այս փորձությանը»,- գրեց նա:
Այն, որ հոկտեմբերի 10-ին և 11-ին Ադրբեջանը շարունակել է հրթիռահրետանային հարվածներ հասցնել Արցախի խաղաղ բնակավայրերին, այս մասին նաևՊԲ-ն հայտարարեց՝ հավելելով, որ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը հավատարիմ է հումանիտար հրադադարի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությանը: Եթե Ադրբեջանը շարունակի խախտել հումանիտար հրադադարի ռեժիմը և դիմի նախահարձակ գործողությունների, ՊԲ-ի պատասխանը լինելու է անհամաչափ կոշտ:
Թուրքիայի օժանդակությամբ Սիրիայից, Իրաքից, Լիբիայից և այլ տարածաշրջաններից միջազգային ահաբեկիչներ և տարատեսակ ծայրահեղական խմբավորումների ներկայացուցիչների ներթափանցման մասին հայտարարությամբ հանդես եկավ նաև ԱՀ ԱԺ-ը: Հայտարարեց, որ միջազգային ահաբեկչությունը, օգտվելով Բաքվի իշխանությունների անհեռատես և կարճաժամկետ արդյունք հետապնդող քաղաքականությունից, Սիրիայում կրած խոշոր պարտությունից հետո Թուրքիայի իշխանությունների միջոցով փորձում է հաստատվել այս տարածաշրջանում և այն վերածել ահաբեկչական նոր կենտրոնի, ինչն ուղղակի սպառնալիք է ոչ միայն Արցախի, այլև անմիջական հարակից պետությունների՝ Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի անվտանգությանը և տարածքային ամբողջականությանը՝ ստեղծելով տարածաշրջանում անկայունության նոր գոտիներ:
«Արցախի Հանրապետության Ազգային Ժողովը, կարևորելով տարածաշրջանային խաղաղությունը, անվտանգությունը, տարածաշրջանի պետությունների մեջ շահավետ համագործակցությունը և պայքարը միջազգային ահաբեկչության դեմ, կոչ է անում Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի իշխանություններին.
1. Դատապարտել Ադրբեջանի կողմից միջազգային ահաբեկչական խմբավորումների և նրանց ներկայացուցիչների օգտագործումն Արցախի դեմ ռազմական ագրեսիայում
2. Ստեղծել համատեղ հակաահաբեկչական կոորդինացիոն կենտրոն՝ այս տարածաշրջան ներթափանցած միջազգային ահաբեկիչներին, նրանց տեղաբաշխման կետերը և համապատասխան ռազմակայանները հայտնաբերելու և համատեղ չեզոքացման ծրագրեր մշակելու համար
3. Ստեղծել համատեղ Հակաահաբեկչական կոալիցիա՝ այս տարածաշրջան ներթափանցած ահաբեկիչներին և նրանց խմբավորումներին օպերատիվ և արդյունավետ կերպով ֆիզիկապես չեզոքացնելու համար»,- ասվում էր հայտարարության մեջ։
ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն արդեն ոչ թե թշնամու հրետակոծություններին, այլ հայ զինվորի հերոսություններին անդրադառնալու ժամանակ ունեցավ: Դրանց պարբերաբար անդրադառնում էր ֆեյսբուքյան գրառումներով:
«Հաղթանակից հետո այն հինգ հակատանկիստ աղջիկներին անձամբ եմ ներկայացնելու ձեզ։ Ու առհասարակ կին հերոսուհիները այլ հպարտության թեմա են։ Ափսոս, որ շատերի դեմքը բացել չենք կարող, հատկապես վեց ամսական երեխուն մոր հույսին թողած ու պատերազմ գնացած գեղեցկուհուն։ Իմ հզոր ազգ, հպարտ եմ քեզանով։ Ես հերթով հատուկ նշելու եմ իմ ընկերներին ու ծանոթներին, ովքեր այս օրերին մեծ գործ են անում։ Իմ բացառիկ ընկեր Ասատրյան Վահան և իր IT հրաշք թիմը, Հովակ Ալավերդյան և իր ընկերները: Արսեն Հակոբյան և իր ընկերները։ Երջանիկ ենք ձեզանով։ Բոլորիդ հիշելու եմ»,- գրում էր նա:
Ավելի ուշ անդրադարձավ Լոս-Անջելեսից Երևան եկած «Հայաստան համահայկական հիմնադրամի» 20 տոննա հումանիտար օգնությանը։ Դեղեր և բժշկական սարքավորումներ, շարժական էլեկտրասնուցման համակարգեր։ Հզոր ենք միասին, նկատեց ՊՆ ներկայացուցիչը: Սրան զուգահեռ Իսրայելը շարունակում է զինել մեր հակառակորդին:
Իսկ Արցախի նախագահը ոչ միայն զինվորի, այլև բուժաշխատողի կողքին էր: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ այցելել էր Հանրապետության մի շարք բուժհաստատություններ և հանդիպել բուժանձնակազմերի հետ:
Ավելի ուշ Արծրուն Հովհաննիսյանը նորից գրեց պատերազմի ծանր լինելու մասին: Ժամը 19-ին կատարած գրառման մեջ նշեց, որ մեր զորքերը համառ ու ծանր մարտեր են մղում: Սակայն մեկ անգամ չէ, որ մենք եղել ենք նման դժվար կացության մեջ: Շուտով Պաշտպանության բանակը պարզաբանեց իրադրությունը: Հյուսիսարևելյան ուղղությամբ հոկտեմբերի 11-ին թշնամական ուժերը ձեռնարկել են հարձակողական գործողություններ: ՊԲ ստորաբաժանումները կասեցրել են թշնամական ուժերի հարձակման փորձը՝ խոցելով վերջինիս 2 զրահատեխնիկա և պատճառելով մեծ թվով մարդկային կորուստներ։
Իսկ ի վկայություն մեր բանակի հաղթանակների՝ Պաշտպանության բանակը ներկայացրեց նաև նախորդ օրերի մարտերի ընթացքում հակառակորդին հասցված վնասների մասին պատմող տեսանյութը:
Իսկ ժամը 18.30-ի սահմաններում Արցախի տեղեկատվական շտաբը հայտնեց գիշերվա հրթիռակոծության հետևանքների մասին: Ըստ այդմ՝ կրակի դադարեցման հայտարարությունից հետո ադրբեջանական ԶՈՒ-ն գիշերը հրթիռակոծել է Մարտունի քաղաքը, որի հետևանքով զոհվել է մեկ քաղաքացի և վնասվել են բնակելի տներ:
Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրեց խոցված իսրայելական ԱԹՍ-ների դետալները։ Ֆեյսբուքյան գրառման մեջ ընդգծեց, որ պարզ երևում է RAFAEL ընկերության լոգոն: Հիշեցնենք, որ այն իսրայելական ընկերություն է:
Խաղաղ բնակավայրերում ինչպես նախորդ գիշերը, այնպես էլ այսօր երեկոյան հարավային սահմանում հրադադարի ռեժիմի խախտումները թշնամու կողմից շարունակվեցին: Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը 19։30-ի սահմաններում տեղեկացրեց, որ հարավը կրկին անհանգիստ է, բայց Պաշտպանության բանակը գերազանց է կատարում իր առջև դրված մարտական խնդիրը։
Իսկ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խորհրդական Աշոտ Սարգսյանը ներկայացրեց լուսանկարներ, որոնք ապացույցն են հակառակորդի ահաբեկչական գործողությունների: Նրանք թիրախավորել են առաջնագծում գտնվող շտապօգնության մեքենաներին, որով տեղափոխել են վիրավորների: Խորհրդականը նշել է, որ սա ոչ այլ ինչ է, եթե ոչ ահաբեկչություն:
«Աշխարհի օրենք է՝ պատերազմի ժամանակ բուժաշխատողներն անձեռնմխելի են։ Սա կոչվում է տեռորիզմ»,- գրել է նա:
17:50 20.06.2025
ՊՍԺ-ն պարտվել է բրազիլական ակումբին․ ԱԱԱ17:50 20.06.2025
ՊՍԺ-ն պարտվել է բրազիլական ակումբին․ ԱԱԱԱշխարհի ակումբային առաջնության B խմբի երկրորդ տուրում ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2024/25 մրցաշրջանի հաղթող ՊՍԺ-ն 0-1 հաշվով պարտվել է բրազիլական «Բոտաֆոգոյին»: Գոլը 36-րդ րոպեին խփել է Իգոր Ժեզուսը: Փարիզյան ակումբը կատարել է 16 հարված, որոնցից դիպուկ էին 2-ը, իսկ բրազիլական թիմի 4 հարվածներն էլ դարպասին էին: Առաջին տուրում Լուիս Էնրիկեի թիմը 4 անպատասխան գնդակ էր ուղարկել […] ...
17:45 20.06.2025
ԱԽ քարտուղարն ընդունել է Լեհաստանի Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարինՀունիսի 20-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Լեհաստանի Հանրապետության Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լուցիան Պիետժչիկի գլխավորած պատվիրակությանը: Ա. Գրիգորյանը ողջունել է բարեկամական խմբի անդամների այցը Հայաստան և ընդգծել, որ երկկողմ փոխգործակցությունը վերջին շրջանում ակտիվորեն զարգանում է, ինչին նպաստում են նաև բարձր մակարդակի փոխայցելությունները: Քարտուղարը կարևորել է ինչպես Հայաստան-Լեհաստան հարաբերությունների բազմաոլորտ զարգացումը երկկողմ […] ...
17:41 20.06.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Չեխիայի փոխվարչապետ Մարիան ՅուրեչկայինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Չեխիայի փոխվարչապետ, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մարիան Յուրեչկային, ով ժամանել է Հայաստան՝ մասնակցելու «Միավորվելով հանուն սոցիալական արդարության» միջազգային համաժողովին։ «Շնորհակալություն միջոցառման մասնակցության համար, որի խորագիրը՝ սոցիալական արդարությունն, շատ կարևոր է։ Շատ կարևոր եմ համարում, որ Հայաստանը ցուցաբերում է ակտիվ ներգրավվածություն այս թեմայի շուրջ քննարկումներում։ Նաև ցանկանում եմ ընդգծել, […] ...
17:36 20.06.2025
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովինԱշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովին: ՀՀ փոխվարչապետը հանդես է եկել որպես խոսնակ «Հայաստան-Ռուսաստան» նիստին, որի ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերություններին վերաբերող հարցեր։ Մհեր Գրիգորյանը մասնակցել է որպես խոսնակ նաև միջազգային տնտեսական համաժողովի «ԵԱՏՄ իրական հատվածի սիներգիան՝ որպես ժամանակակից մարտահրավերների պատասխան» խորագրով նիստին, որը […] ...
17:30 20.06.2025
Էռնան Կրեսպոն՝ «Սան Պաուլուի» գլխավոր մարզիչԱրգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Էռնան Կրեսպոն նշանակվել է բրազիլական «Սան Պաուլուի» գլխավոր մարզիչ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 49-ամյա մասնագետը կնքել է պայմանագիր, որի ժամկետը կգործի մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը: Կրեսպոն երկրորդ անգամ է գլխավորում բրազիլական ակումբը. 2021-ին նա 8 ամիս է աշխատել «Սան Պաուլուում»: Այդ ընթացքում թիմը նվաճել է Սան Պաուլու նահանգի […] ...
17:28 20.06.2025
ՆԳՆ ոստիկանությունում օպերատիվ տվյալներ են ստացվել հասարակական կարգի խաթարմանն ուղղված գործողությունների նախապատրաստման վերաբերյալՆԳՆ ոստիկանությունում օպերատիվ տվյալներ են ստացվել հասարակական կարգի խաթարմանն ուղղված գործողությունների նախապատրաստման վերաբերյալ։ «ՆԳՆ ոստիկանությունը իրականացնում է ուժեղացված ծառայություն, ինչի շրջանակում ձեռնարկվում են կանխարգելիչ-բացատրական աշխատանքներ։ Կոչ ենք անում պահպանել հասարակական կարգը։ Ցանկացած հակաօրինական դրսևորում արժանանալու է կոշտ հակազդման»,-այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։ ...