Ի՞նչ ռիսկերով է Սևանը սկսելու գարունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+23.09 oC

Ի՞նչ ռիսկերով է Սևանը սկսելու գարունը

11:30 14.02.2018

2017 թվականի հուլիսի 6-ն  էր, երբ ՀՀ ԱԺ-ն արտահերթ նիստ հրավիրեց ու երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Սևանա լճից 100 միլիոն խմ հավելյալ ջրառի օրինագիծը: Կողմ քվեարկեց «Հայաստանի Հանրապետական կուսակցություն», «Ծառուկյան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունների 74 պատգամավոր, դեմ` «Ելք» խմբակցության 4 պատգամավոր` Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը, Լենա Նազարյանը և Արտակ Զեյնալյանը:

Հիմնական զեկուցող, ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը հավելյալ ջրառն այսպես էր բացատրում. «Ջրամբարներում ջուրը բավարար չէ, իսկ պոմպակայաններով ջրարտադրությունը կգոյացնի 1.2 մլրդ դրամ էլեկտրաէներգիայի ծախս»։

Որոշեցին 270 միլիոն խմ ջուր բաց թողել, թեև «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում  տարեկան ջրառի առավելագույն շեմ է ամրագրված 170 մլն խմ-ը: Բայց այնպես չէ, որ օրենք է խախտվել: Նույն՝ Սևանի մասին օրենքում ասվում է. «տնտեսական խիստ անհրաժեշտության, ինչպես նաեւ չնախատեսված արտակարգ իրավիճակների դեպքում կառավարությունը կարող է Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնել չափաքանակի փոփոխության մասին ժամանակավոր ծրագիր, որը հաստատվում է համապատասխան օրենքի ընդունմամբ»: Այնպես որ, նախագիծը ներկայացվեց ըստ կարգի և հաստատվեց: 

Այդ պահից սկսվեց բնապահպաններ-կառավարություն բանավեճը: Բնապահպաններն պնդում էին, որ բացասական հաշվեկշիռ է լինելու, Սևանի ջրի մակարդակի բարձրացման ծրագիրն է ձախողվելու։  Կառավարությունը հակառակը պնդում էր, որ չի լինի նման բան: Տարվա վերջում բնապահպանության նախարարությունը պետք է հաստատեր՝  Սևանա լիճը բացասական հաշվեկշիռ ունի:

 

 «Սևանա լճի մակարդակը 25.12.2017թ. դրությամբ կազմել է 1900.42 մ, ինչը նախորդ տարվա նույն օրվա դրությամբ (1900.47 մ) նվազել է 0.05 մ-ով»,- ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը նախարարության 2017թ. գործունեության հիմնական արդյունքները ներկայացնելիս: 

Այսինքն՝ ռիսկերից առաջինը հետևյալն է. Սևանա լիճը 2018-ը սկսել է բացասական հաշվեկշռով։

 

                                            Ինչի՞ կարող է հանգեցնել բացասական հաշվեկշիռը


Վերջին 10 տարվա վիճակագրության համաձայն՝ Սևանա լճից հավելյալ ջրառ է իրականացվել 2008, 2012, 2014, 2017 թվականներին: Բոլոր 4 դեպքերում էլ բացասական հաշվեկշիռ չի եղել միայն 2008թ-ին: 

 «Եթե լճի մակարդակը 1 տարվա ընթացքում մի քանի սմ իջնում է, դա միանգամից չի անդրադառնա լճի վրա, բայց եթե իջեցումը շարունակվի, մենք կունենանք ավելի վատ վիճակ, քան նախկինում ենք ունեցել: Անգամ սանտիմետրերով իջեցումը չպետք է դառնա նորմա, դա պետք է լինի արտառոց դեպքերի համար: … Եթե մի քանի տարի այդպես կրկնվի, մենք կունենանք և ջրի որակի վատացում, և ձկան պաշարների նվազում: Հիմա ափերի լվացում է գնացել, ավելացել են ափերից լվացված օրգանական, կենսածին նյութերը: Եթե ջրի ծավալի մեծացում չլինի, մենք այդ նույն ծավալում կունենանք ավելի շատ կոնցենտրացիա», – իր հարցազրույցներից մեկում  նշել է ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը:

Հիշեցնենք, որ Սևանա լճի մակարդակի յուրաքանչյուր սանտիմետրի իջեցումը  ծավալային առումով կազմում է 12.5 միլիոն խմ ջուր: 100 մլն խմ ավելի ջուր բաց թողնելը նշանակում է մակարդակը նվազեցնել գրեթե 8 սմ-ով:  


   

                                      Ջրի որակը կհանգեցնի ֆլորայի և ֆաունայի փոփոխությանը 

Ջրային տնտեսության պետական կոմիտեն օրեր առաջ հայտարարեց, որ պետք է կառուցել Արգիճի և Աստղաձորի ջրաբարները: Նախնական գնահատականների համաձայն`ջրամբարները պետք է ծառայեն 12 բնակավայրերի ոռոգման համար, ինչպես նաև նպաստեն էներգախնայողությանը: Բանն այն է, որ կդադարեցվի Սևանա լճից ոռոգման ջուր մղող 6 պոմպակայանի աշխատանք: Բայց ջրամբարների կառուցման մեջ բնապահպանական ռիսկեր է տեսնում Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի կենսաբանության և դրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր, կենսաբանական գիտությունների դոկտոր Սամվել Պիպոյանը: Նա «Ecolur»-ին ասել է, որ ջրամբարների կառուցումը կարող է հանգեցնել ջրի որակի ամբողջական փոփոխության.

«Ջրամբարի ամբողջ ջուրը կգնա ոռոգման, և կկտրվի կապը Սևանա լճի և Արգիճի գետի վերին հոսանքների միջև, ինչը հղի է Սևանի ավազանում ձկնային պաշարների, Կարմիր գրքում գրանցված Սևանի կողակի, Սևանի բեղլուի և իշխանի 2 ենթատեսակների բազմացման հնարավորությունների կտրուկ նվազմամբ: Հնարավոր է այդ հատվածում նրանց վերացման ռիսկը: Անողնաշարավորների և ջրային բույսերի ծավալները նույնպես կարող են կրճատվել», – մանրամասնել է Պիպոյանը:

Աստղաձոր գյուղի բնակիչներն ասել են, որ Աստղաձոր գետը, որպես այդպիսին, գոյություն չունի: Այդ գետը կարող է լավագույն դեպքում ջուր տալ գարնանը, երբ ձնհալներ են լինում: Այն տեղում, որտեղ նախատեսվում է կառուցել ջրամբար, գետում այդքան ջուր չկա:    


                                                                                                            Եվս մեկ ռիսկ


Սևանա լճում՝ Լճափ համայնքի տարածքում, ափից 350-ից 400 մետր հեռավորության վրա, ցանցավանդակներ են տեղադրվել՝ լճում իշխանի պաշարները վերականգնելու, Սևանի հիմնախնդիրների լուծմանն աջակցելու համար: Ցանցավանդակները 4-ն են, բայց առայժմ: Գարնանը դրանց թիվը կհասնի 10-ից 12-ի, իսկ հետո ամեն տարի էլի ու էլի կավելանա: 

 

Ընդհանուր առմամբ՝ «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիրը» իրականություն է դառնում 2014 թվականից: Տարեկան շուրջ 133 միլիոն դրամի միջոցներ են ձևավորվելու և ուղղվելու Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ Սևանա լճի ավազանի խնդիրների լուծմանը: Ուստի, 2016 թվականից պետությունն այլևս գումարներ չի տրամադրում Սևանա լիճ մանրաձուկ բաց թողնելու համար՝ այդ գործառույթը վերապահելով Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրին:

Բայց, բնապահպաններն անհանգստացած են, որ «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիրն» իր հերթին կարող է խնդիրներ առաջացնել Սևանա լճի էկոհամակարգի վրա: Իսկ ռիսկերից սրանք են առանձնացնում.

• ձկների հիվանդությունների և մակաբույծների ինկուբացում և փոխանցում տնտեսություններում աճեցված ձկներից` ձկների վայրի հանրույթին

• ցանցավանդակային տնտեսություններից առաջացած օրգանական աղտոտում

• ցանցավանդակային տնտեսություններից առաջացած քիմիական աղտոտում

• գենետիկորեն տարբերվող ձկների փախուստ ցանցավանդակային տնտեսություններից և նրանց խաչասերում վայրի ձևերի հետ

• տնտեսություններում ձկան զանգվածային մահացում և հեռացում

• տնտեսությունների գործունեությունից առաջացած թափոններ:

Այս ռիսերի մասին գրված է նաև «Գեղարքունիքի մարզի Սևանա լճի Բերդկունք համայնքին հարող հատվածում «Սևան ակվա» ՓԲԸ կողմից նախատեսվող ցանցավանդակային տնտեսության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտում», որը փորձաքննություն է անցել 2017թ-ին: 

Առանց ձկնային պաշարի մնալու ռիսկը


Իշխանից բացի Սևանա լճում չի հաջողվում վերականգնել նաև սիգի պաշարը՝ հատկապես, որ այս ձկան մանրաձուկ բաց չի թողնվում, իսկ եղածն էլ, չնայած արգելքին, որսում են ու վաճառում:

2017 թվականի վերջին, երբ ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը այսպիսի վիճակագրություն է ներկայացնում. 

«Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարները մոտավոր հաշվարկներով չեն անցնում 2860 տոննայից: 2200 դա սիգի ընդհանուր պաշարն է, որի մեջ մտնում են և մանրաձկները, և արդյունագործական պաշարը: Դրանից մոտավորապես 550-ը արդյուանագործական պաշարի ձկներ  են: Մոտավորապես 16 տոննա ունենք իշխանի պաշար, մոտավորապես մի 40-ի մոտ լճածածանի պաշար», – նշում է Բարդուխ Գաբրիելյանը

Բանն այն է, որ Սևանա լճում կրկնակի նվազել է նաև խեցգետնի պաշարը: Եթե 2016 թվականին արդյունագործական պաշարը կազմում էր  4800 տոննա (արդյունագործական է համարվում 9սմ և ավելի մեծություն ունեցող խեցգետինը), ապա՝ 2017թ-ին այդ պաշարը կազմեց  ընդամենը՝ 2600 տ: Պատճառը դարձյալ առաջին հերթին գերորսն է:

  

 

«Սկսեցին օգտագործել ոչ ցանկալի որսագործիքներ: Խոսքը գնում է չինական զսպանակաձև խեցգետնորսիչների մասին, որոնք որսում են և՛ մանր, և՛ մեծ: Եվ դա բերում է ոչ միայն մանրացմանը, այլև՝ կրճատմանը, քանի որ փոքր առանձնյակները ևս որսվում են: Որսի կարգավորման համար նախ պետք է արգելվեն չինական որսագործիքները: Իսկ երկրորդը՝ կառավարվի, որ չորսան 9 սմ-ից մանր առանձնյակները», -նշում է Բարդուխ Գաբրիելյանը:

 

                                           Ոչ միայն անձուկ, այլև անջուր մնալու ռիսկ


2018թ -ի փետրվարի 6-ն էր՝ լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը չբացառեց Սևանա լճից այս տարի ևս նախատեսված 170 մլն խմ-ից ավելի ջրթողի հավանականությունը.  

«Սևանից ջուր վերցնելու չափերի մասին չեմ կարող ոչինչ ասել: Այս պահի դրությամբ եղանակը խոստումնալից չէ, եթե այսպես շարունակվի, անխուսափելի կլինի Սևանից հավելյալ ջուր բաց թողնելը: Բայց մենք հույս ունենք, որ եղանակը բարենպաստ կլինի, «Հիդրոմետ» ծառայությունը խոստանում է, որ փետրվարի երկրորդ կեսը, մարտը լինելու են բավականին անձրևաշատ, որոնց միջոցով հնարավոր կլինի լրացնել ջրային բացը»:

Ով ասաց, որ նախորդ տարվա համեմատ այս տարի ջրամբարներում 75 միլիոն խորանարդ մետրով պակաս ջուր կա: Միայն Ախուրյանի ջրամբարում ջրի պակասը հասնում է 56 միլիոն խմ-ի:


 

Սևանից դուրս հանրապետության 80 ջրամաբարներում կարողանում ենք կուտակել առավելագույնը 875 մլն խմ ջուր: Իսկ Սևանի ջուրը, պաշտոնական ուսումնասիրությունների համաձայն, 48-50%-ով կորչում է քայքայված ոռոգման ցանցերում:

 

 

«Յուրաքանչյուր 2 խմ ջրից համարյա 800-900 լիտրը կորչում է», -նշել է ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Վոլոդյա Նարիմանյանը 2016թ.: Մինչ օրս առանձնապես ոչինչ չի փոխվել:

 


 

 

 

                                                         Ավելի քիչ ֆինանսներ

2017 թվականի սեպտեմբերից պարզ է դարձել, որ  ՀՀ կառավարությունը նվազեցրել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանության և վերականգման համար պետական ֆինանսավորումը:

«Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների 2018 թվականի տարեկան ծրագրում» նշվում է, որ 2018թ-ին պետական բյուջեից գումարներ չեն հատկացվի Սևանա լճի ափամերձ տարածքներում ջրածածկման ենթակա 93 հա անտառաշերտի, ինչպես նաև ջրի տակ մնացած շինությունների ու ենթակառուցվածքների մաքրման համար:

Հիշեցնենք, որ 2017թ-ին անտառաշերտի մաքրման համար պետբյուջեից 125 միլիոն 400 հազար դրամ է հատկացվել՝ հետևյալ հիմնավորմամբ` չմաքրված վիճակը նպաստում է ջրի որակի վատացմանը, ճահճացմանը:

«Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների 2018 թվականի տարեկան ծրագիրում նաև ասված է, որ 2018թ-ին շուրջ 65 միլիոն դրամով պակաս գումար կհատկացվի Արփա-Սևան թունելի շահագործման և պահպանման համար: Եթե 2017-ին այս նպատակի համար նախատեսված էր 270 միլիոն 500 հազար դրամ, ապա 2018-ին 205 միլիոն 800 հազար դրամ:

Ինչպես 2017թ-ին, 2018թ-ին էլ պետբյուջեն գումարներ չի հատկացնի նաև Սևանա լճի շրջակայքում նոր անտառաշերտի հիմնման համար: 

2008 թվականին, երբ  ՀՀ նախագահի կարգադրությամբ ստեղծվեց Սևանի հիմնահարցերի հանձնաժողովը, Սևանը ճահճացումից փրկելու, կենդանական աշխարհը պահպանելու համար որոշվեց լճի հայելու մակարդակը պետք է հասնի 1903.5 մ բարձրության: Այդ պահին՝ 1899 մ էր: Այսինքն՝ 2008-ից 2029 թվականների ընթացքում ջրի մակարդակը պետք է բարձրանա 6 մետրով: 6 մետր բարձրացնել նշանակում է կուտակել ևս 8 մլրդ խմ ջուր: Ավելին լճի համար ցանկալի է, բայց հնարավոր չէ, քանի որ Արփա-Սեւան ջրատարի ելքային մասը գտնվում է 1903.5 մետր նիշի վրա, այդ նիշից վերև գտնվելու դեպքում լճի ջրերը կարող են հոսել դեպի Կեչուտի ջրամբար: 

2018 թ-ի փետրվարի սկզբին՝  Սևանա լճի մակարդակը 1900.42 սմ է, ինչը 3 սմ-ով ցածր է նախորդ տարվա նույն ժամանկահատվածի  ցուցանիշից:

Սևանը դեռ պայքարում է, որ մնա աշխարհի՝ քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ բարձրադիր լիճը`Հարավային Ամերիկայի Տիտիկակա լճից հետո։ 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հունիսի 20-ին կդադարեցվի Լոռու մարզի մի շարք հասցեների գազամատակարարումը

11:13 19.06.2025

Հունիսի 20-ին կդադարեցվի Լոռու մարզի մի շարք հասցեների գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 20-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Թումանյան քաղաքի Գարադոկ թաղամասի, Դսեղ, Լորուտ, Մարց, Քարինջ, Չկալով, Դեբեդ բնակավայրերի գազասպառողների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...

Ռուբինյանց փողոցում ավտոմեքենաներ են այրվել

11:01 19.06.2025

Ռուբինյանց փողոցում ավտոմեքենաներ են այրվել

Հունիսի 19-ին, ժամը 02։57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվում է կայանած ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։15-ին, մարվել՝ 03։25-ին։ Մասամբ այրվել են «Nissan» և հարակից կայանած «BMW» մակնիշների ավտոմեքենաները․ […] ...

«Մանչեսթեր Սիթին» մեկնարկել է հաղթանակով․ ԱԱԱ

10:52 19.06.2025

«Մանչեսթեր Սիթին» մեկնարկել է հաղթանակով․ ԱԱԱ

Աշխարհի ակումբային առաջնության G խմբի առաջին տուրում «Մանչեսթեր Սիթին» 2-0 հաշվով հաղթել է Մարոկկոյի «Վիդադին»։ Դարպասի գրավմամբ աչքի են ընկել Ֆիլ Ֆոդենն ու Ժերեմի Դոկուն։ Այս խմբում ընդգրկված են նաև «Յուվենտուսն» (Իտալիա) ու «Ալ Աինը» (ԱՄԷ)։ ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:42 19.06.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարն աշխատանքային այցով Իտալիայում է

10:29 19.06.2025

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարն աշխատանքային այցով Իտալիայում է

2025 թվականի հունիսի 15-ից 18-ը ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) ղեկավար Սլավիկ Սարգսյանը, Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալ Ժիրայր Խառատյանը, Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վահագն Գրիգորյանը և Տեսչական մարմնի թվով 8 աշխատակիցներ Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի «Մարդու սոցիալական իրավունքների ամրապնդումը Հայաստանում» ծրագրի հետ համագործակցության շրջանակում աշխատանքային այցով գտնվում են […] ...

Երևան-Մեղրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել․ բժիշկն արձանագրել է վարորդի մահը

10:24 19.06.2025

Երևան-Մեղրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել․ բժիշկն արձանագրել է վարորդի մահը

Հունիսի 18-ին, ժամը 20:19-ին Վայոց ձորի մարզի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ելփին գյուղի բենզալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 95-րդ կմ-ին բախվել են […] ...

BACK_TO_TOP