Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտման հետևանքով ԼՂ-ն ամբողջությամբ հայաթափվեց․ Միրզոյանը՝ Մուշիկիվաբոյին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.70
  • 442.91
WEATHER
+39.09 oC

Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտման հետևանքով ԼՂ-ն ամբողջությամբ հայաթափվեց․ Միրզոյանը՝ Մուշիկիվաբոյին

16:03 18.10.2023

Հոկտեմբերի 18-ին ՀՀ ԱԳՆ-ում կայացել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հանդիպումը, որից հետո նրանք հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով:

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարության տեքստը ներկայացված է ստորև․

«Հարգելի տիկին Գլխավոր քարտուղար,

Ողջունում եմ Ձեր և Ձեր պատվիրակության այցը Երևան և գոհունակությամբ արձանագրում, որ վերջին հինգ տարվա ընթացքում սա Ձեր չորրորդ այցն է Հայաստան, իսկ Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի կարգավիճակում՝ երկրորդը:

Երկխոսության այսպիսի դինամիկան վկայում է Հայաստանի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության միջև բարձր մակարդակի հարաբերությունների ու սերտ համագործակցության մասին, իսկ այսօր՝ մեր երկրի և տարածաշրջանի համար մարտահրավերներով լի շրջանում տեղի ունեցող այցը դիտվում է որպես կազմակերպության կողմից համերաշխության և աջակցության ուղերձ։

Հարգելի գործընկերներ,

Լինելով լայնածավալ ֆրանկոֆոն տարածքի մի մասնիկը՝ Հայաստանը նախորդ տասնամյակների ընթացքում վերահաստատել է իր արժեհամակարգային անքակտելի կապը Ֆրանկոֆոնիայի հետ։ Դրա վկայությունն են վերջին տարիների ձեռքբերումները, այդ թվում՝ Երևանում 2018 թվականին Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի հյուրընկալումը և կազմակերպության նախագահության՝ հանգամանքների բերումով 4 տարով ստանձնումը, այսինքն՝ ստանձնելիս 2 տարով էինք ստանձնում, ապա երկարաձգվեց:

Ֆրանկոֆոնիայի հետ համագործակցության առաջնային ուղղություններից են՝ ֆրանսերեն լեզվի ուսուցման և տարածման խթանումը, այդ թվում՝ Հայաստանի և ՖՄԿ միջև ստորագրված Ազգային ֆրանկոֆոն քառամյա նախաձեռնության մասին հերթական՝ 2023-2026թթ. Ծրագրի միջոցով։ Մենք շարունակում ենք նաև առաջ մղել Ֆրանկոֆոնիայի մշակութային օրակարգը, ինչի ամենավառ վկայությունն է արդեն տաս տարի շարունակ յուրաքանչյուր տարի Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի կազմակերպումը։ Այս տարին ևս բացառություն չէր, և մարտ-ապրիլ ամիսներին Հայաստանում կազմակերպվեց ավելի քան 700 մշակութային միջոցառում։ Բաց չթողնելով նաև տնտեսական ուղղությունը՝ նշեմ նաև, որ մենք կարևորում ենք ՖՄԿ երկրների գործարար շրջանակների մասնակցությամբ առևտրատնտեսական առա­քե­լութ­յուն­ների կազմակերպման նախաձեռնությունն ու դրանով ընձեռնվող հնարավորությունները:

Ֆրանկոֆոնիայի հետ համագործակցության խորացման Հայաստանի հանձնառության դրսևորումներից է նաև 2027 թվականին Հայաստանում Ֆրանկոֆոնիայի միջազգային մարզամշակութային խաղերը հյուրընկալելու պաշտոնական հայտի ներկայացումը, և մենք ակնկալում ենք կազմակերպության դրական արձագանքը: Վստահ եմ՝ դրանք բացառիկ հնարավորություն կարող են ընձեռել միջազգային ֆրանկոֆոն համայնքի երիտասարդ ներկայացուցիչներին՝ խաղաղության, մարդու իրավունքների և միասին ապրելու արժեքների շուրջ համախմբելու նպատակով։

Տիկին Մուշիկիվաբո,

Հարգելի գործընկերներ,

Բացի մեր երկրի և ՖՄԿ միջև արդյունավետ համագործակցությունից, ստեղծված իրավիճակում պետք է ընդգծեմ կազմակերպության կողմից Հայաստանի հետ համերաշխության կարևորությունը և մասնավորապես ս.թ. սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական հարձակման կապակցությամբ Ձեր, տիկին Մուշիկիվաբո, հստակ ու հասցեական արձագանքը։

Այո, այդ արձագանքը կարևոր է ոչ միայն տեղի ունեցածին՝ Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտմանը և դրա նախապատրաստման քաղաքականությանը հստակ գնահատականներ տալու, նման մտածելակերպն առհասարակ դատապարտելու և մերժելու համար, այլ նաև հայրենազրկման ենթարկված մարդկանց հետագա իրավունքները պաշտպանելու համար: Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտման հետևանքով Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ հայաթափվեց՝ հերթական անգամ ի ցույց դնելով նման իրավիճակների կանխարգելման հարցում միջազգային համակարգի մեծ բացերը: Միաժամանակ, դա ի ցույց դրեց տարածաշրջանում ուժի կիրառման գործելակերպի ուղղակի կամ անուղղակի խրախուսման վտանգավորությունն ու դրա զսպման հրամայականը:

Ներկայումս Հայաստանը գործադրում է բոլոր հնարավոր ջանքերը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 100 հազար հայերի առաջնահերթ կարիքներին արձագանքելու համար: Այս ուղղությամբ մենք համագործակցում ենք նաև միջազգային գործընկերների հետ: Գիտեմ` այսօր ինքներդ հանդիպել եք Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների, այդ թվում` երեխաների հետ:

Հավատարիմ լինելով Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հաստատման օրակարգին՝ մենք ընդգծում ենք տարածաշրջանի երկրների կողմից այդ մոտեցումը փոխադարձելու և այդ ուղղությամբ գործուն, հստակ քայլեր անելու անհրաժեշտությունը։ Այդ նպատակով, բազմիցս ենք շեշտել Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության՝ առանց երկիմաստությունների և կամայական մեկնաբանությունների փոխադարձ ճանաչումը, երկու երկրների միջև պետական սահմանի սահմանազատման ուղղությամբ աշխատելու հրատապ անհրաժեշտությունը՝ հիմնվելով ԽՍՀՄ Գլխավոր շտաբի վերջին ամենաթարմ քարտեզների վրա, ինչպես նաև տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակումը՝ ինքնիշխանության և ազգային իրավազորության ներքո, փոխադարձության և հավասարության սկզբունքներով։

Հարգելի ներկաներ,

Հավելեմ, որ մեր այսօրվա քննարկումներում անդրադարձել ենք նաև Բաքվում ապօրինի կերպով պահվող հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց անհապաղ վերադարձի, ինչպես նաև Ադրբեջանի հսկողության տակ անցած՝ Լեռնային Ղարաբաղի 100-ավոր հայկական եկեղեցիների, ամրոցների պաշտպանության ապահովման ուղղությամբ մեր միջազգային գործընկերների կողմից հետևողական ջանքերի անհրաժեշտությանը»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վահան Կոստանյանը Էստոնիայի իր գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում առկա դինամիկան

18:16 30.07.2025

Վահան Կոստանյանը Էստոնիայի իր գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում առկա դինամիկան

Հուլիսի 29-ին աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Էստոնիայի ԱԳ նախարարի տեղակալ Մինա-Լիինա Լինդի հետ: Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են վերջին շրջանում Հայաստան-Էստոնիա երկկողմ հարաբերությունների ակտիվացման հանգամանքը և ընդգծել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով, այդ թվում՝ կիբերանվտանգության, էներգետիկ անվտանգության, ապատեղեկատվության դեմ պայքարի ոլորտներում հետագա համագործակցության խորացման հեռանկարները: ՀՀ […] ...

Վլադիմիր Վարդանյանը հանդիպել է Գերմանիայի դեսպանի հետ

18:08 30.07.2025

Վլադիմիր Վարդանյանը հանդիպել է Գերմանիայի դեսպանի հետ

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը հուլիսի 30-ին հանդիպել է մեր երկրում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կլաուդիա Բուշի հետ: Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում ԳԴՀ փոխդեսպան Լարս Հենիգը: Վլադիմիր Վարդանյանը կարեւորել է հայ-գերմանական հարաբերությունների զարգացումը` նշելով, որ դրանք ունեն ակտիվ եւ դինամիկ ընթացք: Կողմերն […] ...

SHANTNEWS

18:00 30.07.2025

SHANTNEWS

Բնակարանային գողություն Մովսեսում․ տեղի ոստիկանները բացահայտել են դեպքը

17:50 30.07.2025

Բնակարանային գողություն Մովսեսում․ տեղի ոստիկանները բացահայտել են դեպքը

Հուլիսի 27-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Մովսես գյուղի իր առանձնատնից գողացել են փող։ Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնից մեկնած ծառայողները պարզել են, որ Մովսես գյուղի 46-ամյա բնակչուհու առանձնատնից գողացել են նրա դրամապատակը, որի մեջ 200 հազար դրամ է եղել։ Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ հետախուզական […] ...

«Կրասնոդարը» ցանկանում է երկարաձգել պայմանագրի ժամկետը Սպերցյանի հետ

17:40 30.07.2025

«Կրասնոդարը» ցանկանում է երկարաձգել պայմանագրի ժամկետը Սպերցյանի հետ

«Կրասնոդարը» ցանկանում է Էդուարդ Սպերցյանին առաջարկել նոր պայմանագիր՝ բարելավված ֆինանսական պայմաններով, հայտնում է Metaratings-ը: Գործող պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառը։ Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» սան է, թիմի կազմում անցկացրել է 145 խաղ, խփել 44 գոլ և կատարել 32 գոլային փոխանցում։ Ըստ Transfermarkt-ի՝ նրա տրանսֆերային արժեքը 25 միլիոն եվրո է: ...

Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի նախկին խորհրդական Աշոտ Հակոբյանից բռնագանձել անշարժ ու շարժական գույքեր

17:30 30.07.2025

Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի նախկին խորհրդական Աշոտ Հակոբյանից բռնագանձել անշարժ ու շարժական գույքեր

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի նախկին խորհրդական Աշոտ Հակոբյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 2 անշարժ գույք՝ Երևան քաղաքում. 2 տրանսպորտային միջոց. 124 միլիոն 570 […] ...

BACK_TO_TOP