Հեղափոխությունները լրջագույն քննություն են ցանկացած պետության համար, և մեր պետական կառույցները բռնեցին այդ քննությունը. Նիկոլ Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+23.09 oC

Հեղափոխությունները լրջագույն քննություն են ցանկացած պետության համար, և մեր պետական կառույցները բռնեցին այդ քննությունը. Նիկոլ Փաշինյան

19:13 21.09.2018

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի առթիվ այսօր հրավիրել է տոնական ընդունելություն: Հանրապետության վարչապետն ընդունելության ժամանակ շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ:

Ստորև ներկայացնենք ուղերձն ամբողջությամբ.

«Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ.
Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ,
Վեհափառ Տեր,
Ազգային ժողովի մեծարգո նախագահ,
Սիրելի՛ հայրենակիցներ,
Հարգարժա՛ն հյուրեր,

Շնորհավորում եմ բոլորիս Անկախության տոնի կապակցությամբ։

Այսօր մենք նշում ենք Հայաստանի անկախության հռչակման 27-րդ տարեդարձը։ 1991 թվականի այս օրը կայացած հանրաքվեն, որպես ժողովրդի կամքի արտահայտման ուղղակի և բարձրագույն ձև, հստակ ցույց տվեց այդ հանրաքվեով, թե ինչ է ուզում մեր ժողովուրդը. քաղաքական անկախություն արտաքին աշխարհում և ժողովրդավարություն ներքին կյանքում։

Մեր ժողովրդի բոլոր շերտերը, բոլոր խավերը միահամուռ կերպով ընտրեցին մի ճանապարհ, որ, իհարկե, դժվար էր լինելու, բայց միակ ճշմարիտ և միակ պատվաբեր ճանապարհն էր։

Մենք այսօր արժանին ենք մատուցում բոլոր նրանց, ովքեր մոտեցրին այդ բաղձալի օրը, արժանին ենք մատուցում բոլոր նրանց, ովքեր մարտնչեցին այդ թանկ պարգևը` ազատությունը, անկախությունը պաշտպանելու համար։ Անցած 27 տարիները եղան երբեմն դրամատիկ, երբեմն ողբերգական, երբեմն հերոսական տարիներ, հաճախ պսակվեցին բարդագույն խնդիրների փայլուն լուծումներով։ Այդ ճանապարհին, ցավոք, արձանագրվեցին սխալներ, իսկ երբեմն՝ նույնիսկ հանցագործություններ։ Բայց մի բան մնաց աներեր և անկոտրում՝ մեր ժողովրդի կամքը։ Անշեղ մնաց մեր ժողովրդի մղումը դեպի ազատություն, դեպի ժողովրդավարություն, դեպի արժանապատվություն, դեպի անկախություն։ Այս ընթացքում ստեղծվել և ամրացել են մեր պետական հաստատությունները։ Դրան մենք հասել ենք իշխանությունների, ընդդիմության և մեր ողջ ժողովրդի համատեղ ջանքերով։

Պետականաշինության ասպարեզում մեր ձեռքբերումներն անուրանալի են։ Դրանց ամենավառ վկայությունն այն է, որ նույնիսկ երկրում տեղի ունեցող հեղափոխական իրադարձությունների ընթացքում Հայաստանի պետական մեքենան, նրա կառույցներն աշխատեցին գրեթե անխափան։ Հեղափոխությունները լրջագույն քննություն են ցանկացած պետության համար,և մեր պետական կառույցները բռնեցին այդ քննությունը։ Բայցևայնպես, մեր պետական կառավարման համակարգը լրջագույն բարեփոխումների կարիք ունի, և այդ բարեփոխումները պետք է լինեն թե բովանդակային, թե՛ կառուցվածքային, թե՛ կազմակերպչական: Երկրի հետագա զարգացումը անհնար է պատկերացնել առանց արդյունավետ, պրոֆեսիոնալ, մարդակենտրոն կառավարման համակարգ ունենալու:

Սիրելի՛ հայրենակիցներ

Մեր երկիրը թևակոխել է պատմական մի նոր ժամանակաշրջան և մեր ուսերին է ընկել նախորդ 27 տարիների խնդիրները լուծելու պատասխանատվությունը:
Դրանցից առանցքայինն այն է, որ կոռուպցիոն սխեմաները միահյուսված պետական կառույցներին, ախտահարել են մեր ողջ պետական համակարգը, ինչն էականորեն խանգարում է թե՛ մեր տնտեսության, թե՛ մեր հասարակության զարգացմանը:

Մեր այսօրվա խնդիրն է արմատախիլ անել բոլոր կոռուպցիոն սխեմաները: Ձևավորել անկախ և օրինական դատական համակարգ, երաշխավորել խոսքի և քաղաքական գործունեության ազատությունը, մարդու իրավունքների պաշտպանվածությունը: Մեր խնդիրն է նոր խթան հաղորդել մեր տնտեսությանը, որի հենասյունը պետք է լինի ազատ և ստեղծարար քաղաքացին, ով հավատում է ինքն իր ուժերին, հավատում է, որ կարող է փոխել իրականությունը, որ կարող է փոխել աշխարհը, հավատում է, որ թեկուզ սկսելով զրոյից, կարող է իր աշխատանքով, գործարար տաղանդով նոր հայկական բրենդներ ստեղծել, որոնք կնվաճեն աշխարհը, կփոխեն Հայաստանի ճակատագիրը:

Նոր Հայաստանի առանցքային դերակատարներից պետք է լինեն նոր ոճի, նոր սերնդի գործարարները, ովքեր հարստացել են սեփական աշխատանքով ու քրտինքով և ովքեր կառավարության հետ համատեղ, համահավասար իրենց պատասխանատու են զգում երկրում նոր տնտեսական համակարգ, տնտեսական նոր հարաբերություններ կառուցելու համար: Եվ մենք ամեն ինչ անելու ենք այս մարդկանց զորակցելու, աջակցելու համար: Նոր ոճի, նոր սերնդի գործարար ասելով, ի դեպ, նկատի ունեմ ոչ միայն այն գործարարներին, ովքեր նոր են ի հայտ գալու, այլև բոլոր նրանց, ովքեր մինչև այժմ գործել են կամ պատրաստ են գործել օրինականության, տնտեսական ազնիվ մրցակցության, սիրո և համերաշխության տրամաբանության ներքո:

Եվ մենք, բոլոր այս մարդկանց հետ մշտական երկխոսության և համագործակցության պայմաններում, միասին պիտի էականորեն փոխենք մեր երկրի տնտեսական կառուցվածքը՝ Հայաստանը ագրարային, հանքարդյունաբերող և խաղադրույք կատարող երկրից վեր ածելով բարձր տեխնոլոգիական արտադրանք թողարկող, արդյունաբերական, թվային և տեխնոլոգիական երկրի:

Սիրելի՛ հայրենակիցներ

Մեր արտաքին քաղաքական ամենակարևոր հիմնախնդիրը Արցախի հարցի խաղաղ կարգավորումն է։ Մեր դիրքորոշումը չի փոխվել։ Մենք կողմ ենք խնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը և անելու ենք մեզանից կախված ամեն ինչ՝ հարցը բանակցային ճանապարհով լուծելու համար։ Ադրբեջանի կողմից հնչող պատերազմական սպառնալիքները չունեն որևէ հեռանկար. ենթադրել, թե մենք վախենալու ենք այդ սպառնալիքներից և բավարարելու ենք Ադրբեջանի առավելապաշտական նկրտումները, սին են։ Այո, մենք կառուցում ենք խաղաղասեր, ժողովրդավար և մարդասիրական գաղափարներ դավանող պետություն, բայց դա չի նշանակում, թե մենք չենք պատրաստվում պաշտպանել մեզ, մեր հայրենիքը, մեր ապագան։

Արտաքին քաղաքական ոլորտում մենք աշխատում ենք, որպեսզի մեր բոլոր միջազգային գործընկերների համար հասկանալի լինի Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների իրական բովանդակությունը: Մենք ասել ենք ու ասում ենք, որ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ շրջադարձեր չեն լինելու:

Մեր գլխավոր ռազմավարական դաշնակիցը Ռուսաստանի Դաշնությունն է, որի հետ մենք կապված ենք բազում և դարավոր կապերով։ Մենք մտադիր ենք էլ ավելի խորացնել մեր համագործակցությունը Ռուսաստանի հետ թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերում։ Մենք նաև զարգացնելու ենք մեր հարաբերությունները Եվրոպական միության, ԱՄՆ-ի հետ, ինչպես նաև մեր անմիջական հարևանների՝ Վրաստանի և Իրանի հետ։

Սիրելի՛ հայրենակիցներ

Այսօր իսկապես մեծ տոն է Հայաստանում: Մեր երկիրը տոնում է իր անկախության 27-րդ տարեդարձը: Եվ այդ տոնը կրկնապատիկ արժևորվում է, եթե հաշվի ենք առնում, որ այս օրերին Հայաստանում տիրում են նույնպիսի, եթե չասենք շատ ավելի մեծ ոգևորություն և լավատեսություն, ինչ 1991 թվականին` Անկախության հանրաքվեի օրերին: Մաղթում եմ մեզ, որ այս նորահայտ և համաժողովրդական ոգևորությանն ու ուրախությանը չհետևեն հիասթափություններ և հուսահատությունը այլևս չվերադառնա մեր երկիր: Աստված մեզ բոլորիս ուժ և իմաստնություն տա՝ այս խնդիրը լուծելու համար:

Սիրելի ներկաներ, այսօրվա խոսքս ուզում եմ ամփոփել մի խորհրդանշական իրադարձության ազդարարմամբ: Այսօր՝ հենց հիմա, ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով՝ Բաղրամյան 26-ի դռները կբացվեն, ի նշան այն բանի, որ Հայաստանի իշխանությունն այլևս երբեք մեկուսացած ու կտրված չի լինի ժողովրդից: Հայաստանի քաղաքացիներն այսուհետև ազատորեն կարող են մուտք գործել վարչապետի, հետագայում՝ նախագահի նստավայրի տարածք և այն օգտագործել, որպես զբոսավայր, որպես ժամանցի վայր: Մենք հույս ունենք, որ այս դռները այլևս երբեք չեն փակվի՝ խորհրդանշելով, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունն այլևս անշրջելիորեն պատկանում է ժողովրդին, պատկանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին:

Եվ ուրեմն,
Կեցցե՛ անկախությունը,
Կեցցե ՛Հայաստանի Հանրապետությունը,
Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը,
Կեցցե՛ն մեր երեխաները, որ ապրում են և ապրելու են ազատ և երջանիկ Հայաստանում:

Սիրելի հայրենակիցներ
Եվ վերջում, ուզում եմ իմ առանձնահատուկ շնորհավորանքները հղել սահմանին կանգնած մեր բոլոր զինվորներին, Հայաստանի զինված ուժերի բոլոր սպաներին և շարքայիններին, Հայաստանի զինված ուժերի, հայ ժողովրդի բոլոր նահատակներին, և խոնարհվում եմ նրանց առաջ այս տոնական և սրբազան օրը, խոնարհվում եմ նրանց առաջ և արձանագրում, որ մենք գիտակցում ենք նրանց հիշատակի առաջ մեր ունեցած բարձր պատասխանատվությունը:

Փա՛ռք Հայոց բանակին: Փա՛ռք Հայոց զինվորներին: Փա՛ռք Հայոց նահատակներին։
Շնորհակալություն»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 19.06.2025

SHANTNEWS

Մարտունու համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

21:54 19.06.2025

Մարտունու համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

Օրերս Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության չորս դեպք։ Մասնավորապես՝ նրանք Գեղարքունիքի մարզի տարբեր բնակավայրերում նույն կասկածանքով ձերբակալել են մի խումբ անձանց։ Նրանց խուզարկությամբ հայտնաբերվել են տարբեր քաշերով մարիխուանայի նմանվող զանգվածներ։ Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարը հետևողականորեն շարունավում է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […] ...

«Նոան» ընկերական խաղում 9 գնդակ է ուղարկել սլովենական ակումբի դարպասը

21:49 19.06.2025

«Նոան» ընկերական խաղում 9 գնդակ է ուղարկել սլովենական ակումբի դարպասը

Հայաստանի չեմպիոն «Նոան» Ավստրիայում ուսումնամարզական հավաքի ընթացքում առաջին ընկերական հանդիպումն է անցկացրել ու 9-0 հաշվով հաղթել Սլովենիայի երրորդ լիգան ներկայացնող «Չարդա» ակումբին։ Հեթ-տրիկ է գրանցել Իմրան Ուլադ Օմարը, իսկ Հելդեր Ֆերեյրան ու Գոնսալո Գրեգորիոն դուբլի հեղինակ են դարձել, մեկական անգամ էլ աչքի են ընկել Մայքլ Ասիրյանն և Բիլալ Ֆոֆանան։ ...

Սպիտակ տուն. Թրամփը երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի Իրանին

21:46 19.06.2025

Սպիտակ տուն. Թրամփը երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի Իրանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ կա Թեհրանի հետ բանակցությունների զգալի հավանականություն կա միջուկային ծրագրի շուրջ, և երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի Իրանին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը։ «Քանի որ Իրանի հետ բանակցությունների զգալի հավանականություն կա, որոնք կարող են տեղի ունենալ կամ չլինել մոտ ապագայում, […] ...

Ավելի արագ ծառայություններ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ՝ այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը․ Ավինյան

21:42 19.06.2025

Ավելի արագ ծառայություններ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ՝ այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբոիքի իր էջում գրել է․ «Ավելի արագ ծառայություններ, ավելի հարմար հաղորդակցում երևանցիների հետ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ — հենց այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը։ Երևանի քաղաքային կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի կողմից ստեծված նորարարական համակարգերին արդեն իսկ փոխում են երևանցիների առօրյան՝ դարձնելով քաղաքային ծառայությունները ավելի հասանելի, արդյունավետ և ժամանակակից։ Նույն վայրում […] ...

Քաղաքագետ Հայկ Սուքիասյանի կարծիքով իրանա-իսրայելական մեծ պատերազմ աղետալի հետևանքներով չի լինի

21:36 19.06.2025

Քաղաքագետ Հայկ Սուքիասյանի կարծիքով իրանա-իսրայելական մեծ պատերազմ աղետալի հետևանքներով չի լինի

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության» փոխնախագահ, քաղաքագետ Հայկ Սուքիասյանին։ Զրույցը ծավալվել է հիմնականում Իրան-Իսրայել հակամարտության զարգացումների շուրջ։ Թրամփը վերջնագիր է ներկայացնում, Իրանը չի զիջում, փորձագետները ասում են, թե մոտենում է այն պահը երբ ԱՄՆ-ն ուղղակիորեն ներգրավվելու է այս պատերազմի մեջ։ Եվ այս ամենը տեղի է ունենում մեր տարածաշրջանում, մեզանից ոչ շատ հեռու։ Արդյո՞ք այս […] ...

BACK_TO_TOP