Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել 46-ամյա Նվեր Հովհաննիսյանի սպանության դեպքի առթիվ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 23-ին՝ ժամը 18.55-ին, «Վաղարշապատ» ԲԿ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերք, թափանցող միջնորմ՝ պերիկարդի և միոկարդի վնասումով, սրտի տամպոնադայով երրորդ-չորրորդ աստիճանի շոկ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Վաղարշապատի բնակիչ Նվեր Հովհաննիսյանը: Ավելի ուշ բժշկական կենտրոնից տեղեկացրել են, որ վիրահատության ժամանակ Նվեր Հովհաննիսյանի մոտ արձանագրվել է սիրտ-անոթային սուր անբավարարություն և կենսաբանական մահ:
Քրեական գործով Նվեր Հովհաննիսյանը ճանաչվել է տուժող: Քննությամբ պարզվել է, որ նա կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքը ստացել է Վաղարշապատի հրապարակում՝ Կոմիտասի արձանի մոտակայքում։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել դեպքի պահին տուժողի հագին եղած հագուստները, հարցաքննվել մի շարք անձինք, նշանակվել դատաբժշկական փորձաքննություն:
Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ միջոցներ ձեռնարկել՝ դեպքի մի շարք հանգամանքներ պարզելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու և քննչական մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է։
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: