Ի պատիվ Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի՝ Սինգապուրի վարչապետի անունից տրվել է պաշտոնական ճաշ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.77
  • 439.01
WEATHER
+27.09 oC

Ի պատիվ Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի՝ Սինգապուրի վարչապետի անունից տրվել է պաշտոնական ճաշ

20:57 08.07.2019

Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի անունից ի պատիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տիկին Աննա Հակոբյանի տրվել է պաշտոնական ճաշ, որի ընթացքում երկու երկրների կառավարությունների ղեկավարները հանդես են եկել բաժակաճառերով:
Սինգապուրի վարչապետն իր խոսքում, մասնավորապես, նշել է.

«Հայաստանի Հանրապետության վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյան,
տիկին Աննա Հակոբյան,
տիկնայք և պարոնայք,

Ողջունում եմ Ձեզ և ձեր պատվիրակությանը Սինգապուրում: Ուրախ եմ մեր երկիր կատարած Ձեր առաջին պաշտոնական այցի համար:

Մեր երկու երկրները դիվանագիտական հարաբերություններ են հաստատել 1992 թվականին, սակայն մեր պատմական առնչությունները շատ ավելի հեռուն են գնում: Մոտ 200 տարի առաջ մի խումբ հայ գաղթականներ տեղափոխվեցին Սինգապուր: Նրանք փոքրաթիվ էին՝ ոչ ավել, քան 100 մարդ, բայց նրանց ազդեցությունը մեր երկրի հասարակական կյանքում զգալի էր: Հայկական ներկայության նշաններ կարելի է գտնել ամբողջ Սինգապուրում:

Որպես նախկին լրագրող, վարչապետ Փաշինյանին, անկասկած, կհետաքրքրի այն փաստը, որ Սինգապուրի գլխավոր օրաթերթը՝ Street Times-ը, հիմնադրվել է 1845 թվականին Խաչիկ Մովսես անունով հայի կողմից: Բազմաթիվ շինություններ այստեղ կրում են Սարգիս եղբայրների անունը, ովքեր հիմնել են Սինգապուրի նշանավոր Raffles հյուրանոցը: Նույնիսկ մեր ազգային ծաղիկն է ստեղծվել հայկական ծագում ունեցող բուսաբույծ Ագնես Ջոակիմի կողմից, իսկ Ջոհակիմ խոլորձի քանդակը, որ վարչապետը երեկ բացեց Սինգապուրի հայկական փողոցում, հանդիսանում է մեր երկու ժողովուրդների միջև խաչաձև կապերի խորհրդանիշը:

Մենք հպարտանում ենք այն հայերով, ովքեր շարունակում են իրենց նպաստը բերել մեր երկրի զարգացմանը: Օրինակ, անցյալ տարվա հունիսին Սինգապուրի հայկական փողոցում բացվեց երկրորդ հայկական եկեղեցին: Հայ համայնքը պահպանում է իր ինքնությունը, ինչն օտարներին ևս թույլ կտա ծանոթանալ Հայաստանի ու հայերի պատմությանը:

Մենք բանակցում ենք Սինգապուրի և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի համաձայնագրի (ԱԱՀ) շուրջ: Մենք ձգտում ենք խթանել մեր երկու երկրների միջև գործարար և տնտեսական կապերը: Մենք գնահատում ենք Հայաստանի աջակցությունը ԱԱՀ-ի ստորագրման գործընթացին և հուսով ենք, որ այն հնարավորինս շուտ կկնքվի:

Այս այցի ընթացքում պարոն վարչապետը հանդիպելու է Սինգապուրի գործարար շրջանակների հետ, և ես հուսով եմ, որ մեր գործարարները միասին կաշխատեն՝ օգտվելով ստորագրված կրկնակի հարկումից խուսափելու մասին համաձայնագրից:

Մենք ամրապնդում ենք կապերը նաև այլ ոլորտներում, ներառյալ զբոսաշրջությունը, մշակույթը և կրթությունը: Մենք կօգտագործենք տարբեր հարթակներ՝ խորացնելու մեր հարաբերությունները: Մենք ողջունում ենք փոխադարձ այցելություններն ու փորձի փոխանակումները, քանի որ մենք նույնպես շատ բան ունենք սովորելու Հայաստանից:

Մեծարգո պարոն վարչապետ Փաշինյան, ես ևս մեկ անգամ ողջունում եմ Ձեզ Սինգապուրում: Շնորհակալություն»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր բաժակաճառում նշել է.

«Ձերդ գերազանցություն պարոն վարչապետ,
հարգելի ներկաներ, տիկնայք և պարոնայք,

Ինձ համար մեծ պատիվ է գտնվել այս գեղեցիկ երկրում, որն իր փոքր տարածքով, սակայն վիթխարի կարողություններով արժանանում է շատ-շատերի հիացմունքին: Սինգապուրը բացառիկ է իր տնտեսական նվաճումներով, համընդհանուր բարեկեցության, սոցիալական արդարության ու հասարակական առաջընթացի ուրույն մոդելով և իր մշակութային առանձնահատկություններով։

Սինգապուրը մեզ՝ հայերիս համար, անշուշտ, նաև այն երկիրն է, որի նկատմամբ մենք առանձնահատուկ զգացմունքներ ենք տածում:

Սինգապուրի հետ հայերն ունեն վաղեմի պատմական կապեր: Պատահական չէ, որ Սինգապուրի ամենահին քրիստոնեական տաճարը՝ հայկական եկեղեցին, 184 տարեկան է: Եվ այսօր մենք, ինչ խոսք, հպարտ ենք, որ աշխարհի այս գեղեցիկ անկյուններից մեկում, որով զմայլվում է ողջ աշխարհը, փոքր և ձեռներեց հայ համայնքն իր արժանի հետքն է թողել: Ուրախ ենք, որ Սինգապուրի հայկական նյութական և հոգևոր ժառանգությունն այստեղ հիշում են և պահպանում ամենայն հոգատարությամբ:

Մենք, հիրավի, հպարտ ենք անցյալով, սակայն չենք ցանկանում սահմանափակվել դրանով: Ուզում ենք, որ այսօր ևս մեր երկու երկրներն առևտուր անեն միմյանց միջև և մարդկային հարաբերությունները զարգացնեն այնպես, ինչպես դա անում էին 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբին:

Մեր պատվիրակությունը Սինգապուր է ժամանել նոր էջ բացելու մեր հարաբերություններում: Սինգապուրն աշխարհի տնտեսապես ամենազարգացած երկրներից է, և մենք ցանկանում ենք զարկ տալ մեր երկրների միջև փոխադարձ առևտրի ու ներդրումների աճին: Կարծում եմ, դրա համար այսօր առկա են անհրաժեշտ նախադրյալներ: Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի կառավարությունը ձեռնարկել է քայլեր, որոնք արմատապես վերափոխել են երկրի տնտեսական միջավայրը: Ամրապնդվել է օրենքի գերակայությունը, ստեղծվել են հավասար պայմաններ տնտեսական բոլոր դերակատարների և, մասնավորապես, արտասահմանյան ներդրումների համար: Շեշտակի նվազել է կոռուպցիան: Այն այլևս չի գնահատվում որպես տնտեսական գործունեության արդյունավետությունը նվազեցնող գործոն: Մենք այլևս չենք տառապում հետխորհրդային երկրներից շատերին բնորոշ ախտանշաններով: Նոր Հայաստանը նոր հնարավորություններ է բացում ներդրումներ անելու և տնտեսական գործունեությամբ զբաղվելու համար:

Ասվածին ավելանում է նաև Եվրասիական տնտեսական միության, որին անդամակցում է նաև Հայաստանը, և Սինգապուրի միջև ազատ առևտրի մասին կնքվելիք պայմանագրի գործոնը: Այն լրացուցիչ կարևոր խթան կարող է հանդիսանալ մեր երկրների միջև տնտեսական համագործակցության զարգացման համար:

Տիկնայք և պարոնայք,

Բավարար է հպանցիկ հայացք նետել մեր երկու երկրների վրա՝ նկատելու համար նրանց միջև գոյություն ունեցող նմանությունները: Երկուսն էլ գտնվում են բարդ կամ անբարենպաստ աշխարհաքաղաքական միջավայրում: Երկուսն էլ զուրկ են բնական հարուստ ռեսուրսներից և իրենց զարգացման ռազմավարությունը կառուցում են մարդկային կապիտալի արդյունավետ օգտագործման և զարգացման գործոնի վրա: Կրթությունը, գիտելիքն ու նորարարությունը, աշխատասիրությունն ու համառությունը, համբերատարությունն ու լավատեսությունն են համարվում իրենց զարգացման գրավականն ու շարժիչ ուժը մեր երկրներում:

Սակայն, ի տարբերություն Սինգապուրի, որն իր զարգացման գործընթացը սկսել է հինգ տասնամյակ առաջ և հաղթահարելով սկզբնական շրջանի դժվարությունների շղթան, արդեն իսկ հասել է աննախադեպ բարձունքների, Հայաստանը դեռևս կանգնած է սրընթաց վերելքի անհրաժեշտության շեմին: Այո՛, մենք այսօր ստեղծում ենք պայմաններ անհատի աշխատասիրության, ստեղծագործ մտքի ու ձեռներեցության անխափան դրսևորման համար: Մեր ապագան մենք տեսնում ենք գիտելիքի վրա հենված տնտեսության, նորարարությունների, բարձր տեխնոլոգիաների զարգացման մեջ: Հայաստանը դրան այլընտրանք չունի: Մեր արտաքին միջավայրը մեզ ստիպում է գնալ այդ ճանապարհով:

Սինգապուրի տնտեսական հրաշքն իրոք աննախադեպ էր: Ձեր բացառիկ փորձն այս առումով մեծ հետաքրքրություն է ներկայացնում մեզ համար, և մենք երախտապարտ կլինեինք ձեր խորհուրդների համար:

Այս առումով չեմ կարող չնշել, որ Հայաստանում մեծ ջերմությամբ են հիշում Սինգապուրի զարգացման և առաջընթացի ճարտարապետ Լի Քուան Յուի այցը, որը կայացավ 2009 թվականին: Նա, ում համբավը վաղուց անցել է ազգային սահմանները, Հայաստանում ազնիվ ու արդյունավետ կառավարման խորհրդանիշ է համարվում: Իսկ մերիտոկրատիան, պրագմատիզմն ու ազնվությունը, որոնք հանդիսանում են Սինգապուրի պետական կառավարման փիլիսոփայության հենասյունները, այսօր դարձել են նաև Նոր Հայաստանի ղեկավարության սկզբունքները:

Ավարտելով խոսքս, տիկնայք և պարոնայք, ցանկանում եմ բաժակ բարձրացնել ի պատիվ բարեկամ Սինգապուրի և մեր ժողովուրդների բարեկամության: Հանու՛ն ձեր հրաշալի քաղաքի ու տաղանդավոր ժողովրդի: Հանու՛ն մեր ապագա համագործակցության»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Չինաստանը կարող է հիպերձայնային հրթիռներ ցուցադրել Պեկինի շքերթի ժամանակ

09:00 01.08.2025

Չինաստանը կարող է հիպերձայնային հրթիռներ ցուցադրել Պեկինի շքերթի ժամանակ

Չինական բանակը կարող է Պեկինում կայանալիք ռազմական շքերթի ժամանակ ներկայացնել հիպերձայնային հրթիռներ և նոր անօդաչու թռչող սարքեր, հայտնել է չինացի ռազմական փորձագետ Սոնգ Չժոնպինը։ Չինաստանը սեպտեմբերի 3-ին Պեկինի Տյանանմեն հրապարակում կանցկացնի ռազմական շքերթ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ։ «Հուսով եմ տեսնել ոչ միայն արդեն դեբյուտ արած J-35A կործանիչը, այլև նոր տեսակի զենքեր, ինչպիսիք […] ...

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը օգոստոսի 1-ին կանցկացնի Ուկրաինայի հարցով նիստ

08:50 01.08.2025

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը օգոստոսի 1-ին կանցկացնի Ուկրաինայի հարցով նիստ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը օգոստոսի 1-ին կքննարկի Ուկրաինայի հարցը՝ համաձայն կազմակերպության նախնական ծրագրի։ Հանդիպումը, որի թեման է «խաղաղության և անվտանգության պահպանումը Ուկրաինայում», նախատեսված է սկսել տեղական ժամանակով 15:00-ին (Մոսկվայի ժամանակով 22:00-ին): Հանդիպումը կազմակերպվել է Կիևի խնդրանքով: ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

08:38 01.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Թրամփը հայտարարել է Ուիթքոֆի Ռուսաստան այցի մասին

08:30 01.08.2025

Թրամփը հայտարարել է Ուիթքոֆի Ռուսաստան այցի մասին

ԱՄՆ առաջնորդի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը կայցելի Ռուսաստան։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Նա մեկնում է Իսրայել, ապա, Ռուսաստան», -Սպիտակ տանը լրագրողներին ասել է ամերիկյան վարչակազմի ղեկավարը՝ պատասխանելով Ուիթկոֆի՝ արտասահմանյան այցելությունների մասին հարցին։ Ավելի վաղ ԱՄՆ կառավարությունը հայտարարել էր, որ Ուիթքոֆը օգոստոսի 1-ին կայցելի Իսրայել և Գազայի հատված։ Թրամփը չի նշել իր […] ...

ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ին

08:20 01.08.2025

ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված նոր սակագնային պլանը ուժի մեջ կմտնի ոչ թե ուրբաթ, այլ մեկ շաբաթ անց, հաղորդում է CNN-ը։ Թրամփը հինգշաբթի երեկոյան ստորագրեց հրամանագիր, որով ավելի քան 60 երկրներից Միացյալ Նահանգներ ներմուծվող ապրանքների վրա սահմանվում են 15%-41% մաքսատուրքեր: Ակնկալվում էր, որ միջոցառումները ուժի մեջ կմտնեն ուրբաթ՝ օգոստոսի 1-ին: «Փոխարենը, տուրքերը կներդրվեն օգոստոսի […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:12 01.08.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

BACK_TO_TOP