Արդարադատության նախկին նախարարը ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու նախագծի վերաբերյալ փաստարկներ է ներկայացրել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 06 2025
  • $
    383.40
  • RUBLE
    4.86
  • 438.07
WEATHER
+20.09 oC

Արդարադատության նախկին նախարարը ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու նախագծի վերաբերյալ փաստարկներ է ներկայացրել

20:34 11.12.2019

Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը Pastinfo.am–ում որոշ դիտարկումներ է ներկայացրել Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու նախագծի վերաբերյալ։

Արդարադատության նախարարը 2019թ. դեկտեմբերի 9-ին Ազգային ժողովում ներկայացրեց «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագիծը, որով առաջարկվում է մինչև 2018 թվականի ապրիլ ամիսը նշանակված՝ սահմանադրական դատարանի դատավորների համար ներդնել վաղ կենսաթոշակի կառուցակարգը: Մասնավորապես, նախատեսվում է, որ այդ դատավորները, որոնք յոթն են, օրենքի ուժի մեջ մտնելուց հետո 2 ամսվա ընթացքում հրաժարական ներկայացնելու դեպքում մինչև իրենց համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը կստանան կենսաթոշակ՝ հրաժարականի պահին ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի չափով:

Արդարադատության նախարարը Ազգային ժողովի նիստում նախագծի անհրաժեշտությունը փորձեց հիմնավորել մի շարք հակասական փաստարկներով, որոնք հնչել էին նաև Կառավարության նիստում նախագծի քննարկման ժամանակ:

Ստորև ներկայացնում եմ արդարադատության նախարարի փաստարկները և դրանց վերաբերյալ իմ դիտարկումները:

Փաստարկ 1. Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակի ինստիտուտը նորություն չէ ՀՀ իրավական համակարգում, և գործող «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասում նախատեսված է նման հնարավորություն:

Նախագծի և գործող կարգավորման էական տարբերությունը նրանում է, որ գործող նորմը վաղ կենսաթոշակի գնալու իրավունք նախատեսել է միայն այն դատավորների համար, ովքեր 2015թ․ սահմանադրական փոփոխությունները ուժի մեջ մտնելու պահի դրությամբ առնվազն 12 տարի պաշտոնավարել են ՍԴ դատավորի պաշտոնում (այս պահին այդ կարգավիճակն ունեցող երկու դատավոր կա՝ Հրանտ Նազարյանը և Ֆելիքս Թոխյանը)։ Գործող կարգավորումը իսկապես տրամաբանական է և արդարացված ՍԴ դատավորների կարգավիճակի միասնականացման տեսանկյունից, քանի որ 2015թ․ սահմանադրական փոփոխություններից հետո ընտրված ՍԴ դատավորների պաշտոնավարման առավելագույն ժամկետը 12 տարի է։ Տարածել նման մոտեցումը այն դատավորների վրա, որոնք պաշտոնավարում են 12 տարուց պակաս, որևէ առումով հիմնավորված չէ:

Անհրաժեշտ է նաև նկատի ունենալ, որ ՍԴ դատավորների կարգավիճակի տարբերակումը՝ ըստ հին ու նոր դատավորների, հակասում է Վենետիկի հանձնաժողովի մոտեցմանը, որտեղ հստակ արձանագրված է, որ ՍԴ բոլոր դատավորները, անկախ այն հանգամանքից՝ նրանք նշանակվել են Սահմանադրության 2015թ․ փոփոխությունները ուժի մեջ մտնելուց առաջ, թե հետո, պետք է օգտվեն միևնույն կարգավիճակից (հանձնաժողովի կարծիքի 60-րդ կետ 1-ին նախադասություն, CDL-AD(2019)024)։

Հարկ եմ համարում ուշադրություն հրավիրել նաև մեկ այլ հանգամանքի վրա։ Եթե գործող օրենքը վաղ կենսաթոշակի անցնելու պարագայում նախատեսում է միայն «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով կենսաթոշակ (որն ավելի ցածր է, քան դատավորի պաշտոնում նրա աշխատավարձն ու հավելավճարները), ապա նախագիծը վաղ հրաժարական ներկայացնող դատավորներին տրամադրում է անհամեմատ ավելի մեծ «պարգև»՝ կենսաթոշակ, որը հավասար է հրաժարականի պահին դատավորի ստացած պաշտոնային դրույքաչափին և հավելավճարներին։

Փաստարկ 2. Նախագծի նպատակը 2015թ. փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված սահմանադրական դատարանի մոդելը կյանքի կոչելն է:

Դեռևս Կառավարության նիստում նախագծի քննարկման ժամանակ, ինչպես նաև նախագծի ընդունման անհրաժեշտության հիմնավորումներում ի հայտ են գալիս միմյանց հակասող հիմնավորումներ։ Մի կողմից՝ նախագծի ընդունման հիմնական անհրաժեշտությունը Կառավարության կողմից պայմանավորվում է 2015թ. խմբագրությամբ Սահմանադրությամբ սահմանված սահմանադրական դատարանի մոդելը կյանքի կոչելու անհրաժեշտությամբ։ Առանց որևէ իրավական հիմքի, անտեսելով Սահմանադրության 213-րդ հոդվածը, Կառավարությունը պնդում է անում, թե 2015թ․ Սահմանադրության փոփոխություններով ներդրվել է սահմանադրական դատարանի «մոդել», որը պետք է անհապաղ կյանքի կոչվեր, սակայն «իրավակիրառ պրակտիկայի» բերումով իբրև թե կյանքի չի կոչվել։ Իրականում սահմանադիրը գիտակցաբար ելել է այն հանգամանքից, որ Սահմանադրական դատարանի նոր մոդելը պետք է կյանքի կոչվի աստիճանաբար, ժամանակի ընթացքում, որպեսզի հնարավոր չլինի ամբողջ ՍԴ կազմը ձևավորել միանգամից և միայն մեկ գերակա քաղաքական ուժի կողմից։

Սահմանադրության 213-րդ հոդվածը նույնքան պարտադիր է օրենսդրի համար, որքան սահմանադրական դատարանի ձևավորման նոր կարգը նախատեսող Սահմանադրության հոդվածը, ուստի հակասահմանադրական և անթույլատրելի է օրենքով սահմանադրի կամքի նման խեղաթյուրումը։

Փաստարկ 3. Նախարարի կողմից որպես փաստարկ նաև հղում է կատարվում միջազգային փորձին: Վկայակոչվում է Վրաստանի, Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի, Դանիայի և Ավստրալիայի փորձը։ Միևնույն ժամանակ նախարարը պնդում է, որ նախագծով առաջարկվող մոդելը «ամբողջությամբ համընկնում է» Վրաստանի մոդելի հետ։

Դեռևս Նախագծի վերաբերյալ ներկայացված սկզբնական պարզաբանումներում միջազգային փորձի առումով որպես լավագույն օրինակ արդարադատության նախարարության կողմից մատնանշվում էին Լեհաստանը և Հունգարիան, որտեղ ներդրվել էր պարտադիր վաղ կենսաթոշակի ինստիտուտը: Նախարարության կողմից մատնանշված փորձը չդիմացավ քննադատության և հետագայում նախարարությունը հրաժարվեց Լեհաստանի և Հունգարիայի փորձը վկայակոչելուց: Սակայն սկսեցին հղումներ արվել այլ երկրների փորձին: Ցավոք, պատկերը կրկնվեց և միջազգային փորձը ներկայացվելիս խեղաթյուրվեց այնպես, ինչպես նախկինում՝ Լեհաստանի և Հունգարիայի պարագայում:

Այսպես, Ռուսաստանի Դաշնությունում և Ուկրաինայում առկա կարգավորման և Կառավարության կողմից առաջարկվող նախագծի էական տարբերությունը նրանում է, որ նշված երկրներում վաղ կենսաթոշակի ինստիտուտը գործում է բոլոր դատավորների համար, գործում է առանց ժամկետային սահմանափակման և նախատեսում է միայն միանվագ վճար և կենսաթոշակ և ոչ թե աշխատավարձի պահպանման իրավունք։

Դանիայում բոլոր դատավորների պաշտոնավարման տարիքը լրանում է 70 տարեկանում։ Սակայն, հաշվի առնելով կենսաթոշակային ընդհանուր տարիքը, Դանիայում սահմանադրական մակարդակով նախատեսվել է, որ ընդհանուր կենսաթոշակային տարիքի հասած դատավորները (ընդ որում՝ խոսքը գնում է բոլոր դատավորների մասին) իրավունք ունեն հրաժարական տալու և մինչև 70 տարեկանը ստանալու հրաժարականի պահին ստանալիք աշխատավարձի չափով դրամական ապահովում: Այսպիսով, Դանիայում առկա է սահմանադրական կարգավորում և խոսքը գնում է միայն 65 տարին լրացած դատավորների մասին, ուստի Դանիայի օրինակը որևէ առնչություն չունի ներկայացված նախագծի հետ։

Ավստրալիայում դատավորը կարող է կենսաթոշակի գնալ 60 տարեկանում՝ 10 տարի որպես դատավոր աշխատելուց հետո, իսկ առանձին տարածաշրջանի դատավորները՝ նույն պայմանով, 55 տարեկանում՝ ստանալով օրենքով սահմանված կենսաթոշակ: Սակայն այս պարագայում, խոսքը ոչ թե աշխատավարձի պահպանման, այլ կենսաթոշակի մասին է և ի տարբերություն նախագծով առաջարկվող մոդելի՝ տարածվում է միայն որոշակի ստաժ ունեցող բոլոր դատավորների վրա (առնվազն 10 տարվա) և չունի որևէ ժամկետային սահմանափակում:

Նախարարի կողմից մեջբերված երկրներից նախագծի հետ համադրելի է միայն Վրաստանի փորձը, քանի որ Վրաստանը աշխարհում միակ երկիրն է, որտեղ կիրառվել է դատավորների վաղ կենսաթոշակային սխեմա՝ միայն որոշակի դատավորների նկատմամբ, ժամկետային սահմանափակմամբ և աշխատավարձի պահպանմամբ։ Բայց նույնիսկ Վրաստանի փորձը խեղաթյուրված է ներկայացվել։ Նախագծի հիմնավորման մեջ Վրաստանի մասով ներկայացված սխալ տեղակատվությունը ներկայացվել է նաև ԱԺ նիստում։ Նշվում է, որ Վրաստանում այն կիրառվել է և՛ Գերագույն դատարանի և՛ ՍԴ դատավորների նկատմամբ, մինչդեռ իրականում այն կիրառվել է միայն Գերագույն դատարանի դատավորների նկատմամբ։

Երկրորդ, հարց է առաջանում՝ որքանո՞վ է Վրաստանը այս պարագայում լավագույն օրինակ վկայակոչման համար, և որքանո՞վ է Վրաստանում այդ ռեֆորմը տվել անկախ դատական համակարգ ձևավորելու ցանկալի արդյունք։ «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» կազմակերպության 2007թ․ զեկույցում անկողմնակալ քննադատություն է հնչում Վրաստանում կիրառված այս ռեֆորմների վերաբերյալ՝ դրանք բնութագրվելով որպես մի շարք փորձառու կադրերի ռեզերվ ուղարկելու, երկար ժամանակ դատարանները փորձառու կադրերով համալրել չկարողանալու, դատական համակարգը կառավարության ազդեցության տակ դնելու, իսկ Գերագույն դատարանի պարագայում՝ «դատավորներին սպառնալու միջոցով հրաժարական պարտադրելու» գործընթաց։ Ի դեպ` Վրաստանի նշված փորձը ներկայումս բացասական է գնահատվում նաև Վրաստանում:

Փաստարկ 4. Որպես հիմնավորում նշվում է նաև Վենետիկի հանձնաժողովի՝ նախագծի վերաբերյալ արտահայտած կարծիքը:

Վենետիկի հանձնաժողովի կարծիքում կառանձնացնեի երկու կարևոր տարր` կամավորությունը և ընթացիկ դատական գործընթացների վրա ազդելը:

Ազգային ժողովում որևէ հիմնավորում չբերվեց, թե ինչպես են բավարարվում այս երկու պայմանները: Թերևս պատճառն այն է, որ նման հիմնավորումներ ուղղակի գոյություն չունեն, քանի որ վաղ կենսաթոշակից օգտվելու հնարավորությունը սահմանափակելով խիստ սեղմ ժամկետով՝ երկու ամսով, նախագծի հեղինակները այդ երկու պայմանները դարձրին ֆիկցիա։ Անգամ Վրաստանում կիրառված և հիմնովին քննադատված մոտեցումը նախատեսում էր դրանից օգտվելու ավելի երկար ժամկետ՝ մեկ տարի։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 05.06.2025

SHANTNEWS

Երևանի միջազգային բալետային փառատոնի օրերին Թումանյանի անվան զբոսայգու տարածքից կգործեն անվճար ավտոբուսային երթուղիներ

21:52 05.06.2025

Երևանի միջազգային բալետային փառատոնի օրերին Թումանյանի անվան զբոսայգու տարածքից կգործեն անվճար ավտոբուսային երթուղիներ

Վաղվանից մեկնարկում է երևանյան բալետային միջազգային 3-րդ փառատոնը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Թումանյանի անվան զբոսայգուց կգործեն անվճար ավտոբուսներ` դեպի «Բարեկամություն» և «Զորավար Անդրանիկ» մետրոկայարաններ: Հունիսի 6 – Մոսկվայի Բոլշոյ թատրոն, «Ժիզել» Հունիսի 7- Մոսկվայի Բոլշոյ թատրոն, «Գալա բալետ» Հունիսի 9 – Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոն, «Շոպենիանա» և «Շահերեզադա» Հունիսի 10 – Սանկտ Պետերբուրգի […] ...

Երևանում անցկացվեց Բենուր Փաշայանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարը

21:48 05.06.2025

Երևանում անցկացվեց Բենուր Փաշայանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարը

Հունիսի 2-4-ը Երևանի «Դինամո» մարզադահլիճում անցկացվեց սպորտի վաստակավոր վարպետ, աշխարհի կրկնակի չեմպիոն Բենուր Փաշայանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարը: Մարզական ստուգատեսին այս տարի մասնակցում էին 9 երկրների՝ Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի, Իրանի, Լեհաստանի, Չեխիայի, Նորվեգիայի, Էստոնիայի և Բելառուսի 170 մարզիկներ: Հաղթողները պարգևատրվել են գավաթներով, մեդալներով, պատվոգրերով ու ստացել դրամական պարգևներ: Այս մասին հայտնել են Երևանի […] ...

Եվս մեկ ԲԿ ստացավ միջազգային հավատարմագրման «ոսկե ստանդարտ»՝ JCI որակավորում. Անահիտ Ավանեսյան

21:44 05.06.2025

Եվս մեկ ԲԿ ստացավ միջազգային հավատարմագրման «ոսկե ստանդարտ»՝ JCI որակավորում. Անահիտ Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Կարևոր ձեռքբերում` մեր երկրի առողջապահական ոլորտում. Եվս մեկ բժշկական հաստատություն` «Նաիրի» բժշկական կենտրոնը, ստացավ բժշկական կենտրոնների միջազգային հավատարմագրման «ոսկե ստանդարտ»՝ JCI որակավորում։ Հայաստանում բուժծառայությունների որակն անընդհատ կատարելագործվում է միջազգային չափանիշներին համահունչ`ապահովելով քաղաքացիներին բարձրակարգ բուժսպասարկում: Միջազգային հավատարմագրման գործընթացը նաև բժշկական տուրիզմի զարգացման կարևոր խթան է»: ...

ՏԿԵ նախարարն ընդունել է KFW Գերմանական զարգացման բանկի Արևելյան Եվրոպայի տնօրենի գլխավորած պատվիրակությանը

21:39 05.06.2025

ՏԿԵ նախարարն ընդունել է KFW Գերմանական զարգացման բանկի Արևելյան Եվրոպայի տնօրենի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այսօր ընդունել է KFW Գերմանական զարգացման բանկի Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Վերոնիկա Գարսիա դել Արկոյի գլխավորած պատվիրակությանը։ «Քննարկել ենք համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը, ընթացիկ խնդիրները և դրանց լուծման ճանապարհները։ Մասնավորապես անդրադարձել ենք Կապսի ջրամբարի ծրագրի իրականացման ընթացքին, ծրագրում առաջընթաց ապահովելու խնդիրներին։ […] ...

Մասկը պնդում է, որ առանց իրեն Թրամփը չէր հաղթի նախագահական ընտրություններում

21:31 05.06.2025

Մասկը պնդում է, որ առանց իրեն Թրամփը չէր հաղթի նախագահական ընտրություններում

Իլոն Մասկը կոշտ է արտահայտվել ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի դեմ՝ ասելով, որ առանց նրա աջակցության ինքը չէր հաղթի ընտրություններում։ «Առանց ինձ Թրամփը կպարտվեր ընտրություններում, դեմոկրատները կվերահսկեին Ներկայացուցիչների պալատը (ԱՄՆ Կոնգրեսի)», – գրել է Մասկը X-ում։ Քննադատությունը հաջորդել է Թրամփի այն խոսքերին, որ նա «հիասթափված է Իլոնից»։ Ավելի վաղ The Wall Street Journal-ը գրել էր, […] ...

BACK_TO_TOP