Այս իրավիճակում Ղարաբաղի հարցն ունի մեկ լուծում՝ անջատում հանուն փրկության. Վարչապետի հարցազրույցը Libération-ին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 08 2025
  • $
    382.70
  • RUBLE
    4.77
  • 445.92
WEATHER
+32.09 oC

Այս իրավիճակում Ղարաբաղի հարցն ունի մեկ լուծում՝ անջատում հանուն փրկության. Վարչապետի հարցազրույցը Libération-ին

22:43 16.10.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Libération թերթին, որի թարգմանությունը ներկայացվում է ստորև.

Libération – Պարոն վարչապետ, ինչո՞ւ չի գործում հրադադարը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Որովհետև Ադրբեջանը, ըստ էության, մերժեց դա: Չնայած հայտարարությունն ընդունվել է համատեղ, բայց նաև ակնհայտ է, որ Թուրքիան թույլ չի տվել Ադրբեջանին պահպանել հրադադարի պայմանավորվածությունը: Որովհետև դեռ հնարավոր հրադադարի քննարկումների ժամանակ Թուրքիայի նախագահը հրապարակային հայտարարեց, որ հույս ունի, որ Ադրբեջանը չի դադարեցնի ռազմական գործողությունները: Եվ այս համատեքստում կարևոր է ընդգծել, որ առանց Թուրքիայի միջամտության այս պատերազմը չէր սկսի, որովհետև Թուրքիան է Ադրբեջանին քաջալերել հարձակվել: Հարձակմանը մասնակցում են և մասնակցել են թուրքական ստորաբաժանումներ: Պատերազմական գործողությունների ղեկավարմանը մասնակցում են թուրք բարձրաստիճան զինվորականներ, և Թուրքիան է, որ Սիրիայից վարձկանների և ահաբեկիչների է տեղափոխել Ղարաբաղյան հակամարտության գոտի և նրանց ներգրավել Լեռնային Ղարաբաղի դեմ ձեռնարկված հարձակմանը:
Եվ սա պատահական չէր: Որովհետև այս ամենը պետք է դիտարկել այն քաղաքականության համատեքստում, որ Թուրքիան վարում է, մասնավորապես, Միջերկրական ծովում, Սիրիայում, Իրաքում, Լիբիայում, Հունաստանի, Կիպրոսի հետ հարաբերություններում: Դա ծավալապաշտական և կայսերական քաղաքականություն է: Թուրքիան վերադարձել է Հարավային Կովկաս՝ հայերի ցեղասպանության իր քաղաքականությունը շարունակելու: Եվ դա անում է մեկ շատ կոնկրետ նպատակով, որովհետև Հարավային Կովկասի հայերը վերջին խոչընդոտն են Թուրքիայի ճանապարհին՝ շարունակելու էքսպանսիան դեպի հյուսիս, արևելք և հարավ-արևելք:



Libération
 – Հայաստանի Պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը 2020թ. հոկտեմբերի 9-ին հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի բանակը «բավականաչափ ռազմական թիրախներ ունի առաջնագծի մոտ»: Ինչո՞ւ թիրախավորել Գյանջան Ադրբեջանում հրադադարի ընթացքում՝ ռիսկի տակ դնելով նաև խաղաղ բնակիչներին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Դուք ասում եք՝ «հրադադարի ընթացքում»: Հրադադար չի եղել: Ընդհակառակը, այդ հրադադարի համաձայնության ընթացքում Ստեփանակերտի և այլ բնակավայրերի հրթիռակոծումը կրկնապատկվել է: Եվ ես ուզում եմ ընդամենը մեկ փաստ բերել. տեսնելով, որ ոչ մի կերպ, այդ թվում և՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների հայտարարություններից հետո առնվազն քաղաքացիական ենթակառուցվածքների՝ բնակելի տների, գյուղերի բնակավայրերի հրթիռակոծությունը հնարավոր չի լինում դադարեցնել, Ղարաբաղի Պաշտպանության բանակը որոշել է պատասխանել: Եվ այդ պատասխանից հետո Ստեփանակերտն այլևս չի ռմբահարվում: Համենայնդեպս, դրան հաջորդած օրերին:

Libération – Դա՞ է պատճառը, որ վերջերս կոչ արեցիք կամավորներին միանալ ճակատին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այո: Որովհետև սա ուղղակի քաղաքական պատերազմ չէ: Սա հայ ժողովրդի ցեղասպանության փորձ է: Եվ հայ ժողովուրդը պետք է ինքն իրեն պաշտպանի, ինչպես և ցեղասպանության սպառնալիքի ներքո գտնվող ցանկացած ժողովուրդ: Հիմա՝ առավել ևս այս իրավիճակում, մենք տեսնում ենք, որ Ղարաբաղի հարցն ունի մեկ լուծում՝ անջատում հանուն փրկության: Այն, ինչ անվանվում է remedial secession: Որովհետև ուրիշ տարբերակ չկա: Հակառակ դեպքում հայերին սպառնում է ցեղասպանություն, ֆիզիկական ոչնչացում և էթնիկ զտում այն տարածքներում, որը կլինի Ադրբեջանի հսկողության ներքո:

Libération – Ի՞նչ եք ակնկալում Ռուսաստանից:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է և նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր: Մեր ակնկալիքն այն է, որ Ռուսաստանն ավելի գործուն և կոնկրետ քայլեր կձեռնարկի՝ տարածաշրջանում Ադրբեջանի և Թուրքիայի այս հարձակվողական գործողությունները կասեցնելու համար: Եվ, կարծում եմ, այդ ջանքերում ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահները և ընդհանրապես միջազգային հանրությունը պետք է օգնեն նրան:

Libération – Իսկ ի՞նչ եք ակնկալում Ֆրանսիայից:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մոտավորապես նույնը: Բայց քանի որ մեր տարածաշրջանում Ռուսաստանի գործիքներն ավելի հասանելի են, կարծում եմ, որ Ֆրանսիան պետք է աջակցի և քաջալերի Ռուսաստանին այդ ջանքերում:

Libération – Հակամարտության սկզբնավորումից 30 տարի անց Հայաստանը համաձա՞յն է բանակցությունների և ի՞նչ պայմաններում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մենք Մոսկվայում այդ համաձայնությունը ձեռք ենք բերել, և այնտեղ հստակ նկարագրված է: Իհարկե, մենք պատրաստ ենք բանակցությունների: Եվ եթե սա լիներ զուտ Ղարաբաղի հարց, բանակցություններն արդեն սկսված կլինեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կամ նրանցից մեկի միջնորդությամբ: Ինչո՞ւ չեն սկսում: Որովհետև Թուրքիան տարածաշրջանը վերաձևելու և տարածաշրջանում իր ազդեցությունը հաստատելու խնդիր է լուծում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 22.08.2025

SHANTNEWS

Եղբայրները հարվածներ են հասցրել Պ․Հ․-ին․ վերջինս գիտակցության չգալով մահացել է

14:57 22.08.2025

Եղբայրները հարվածներ են հասցրել Պ․Հ․-ին․ վերջինս գիտակցության չգալով մահացել է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի ապրիլի 23-ին Վաղարշապատ քաղաքում եղբայրները ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել Պ․Հ․-ին, ով գիտակցության չգալով մահացել է։ Գ․Ա․-ի և Վ․Ա․-ի նկատմամբ հարուցվել է հանրային […] ...

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան տեսանյութ է հրապարակել Յուրիկ Մխիթարյանի մասին

14:45 22.08.2025

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան տեսանյութ է հրապարակել Յուրիկ Մխիթարյանի մասին

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW) տեսանյութ է հրապարակել Յուրիկ Մխիթարյանի մասին։ Բուլղարիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ20 Աշխարհի առաջնությունում գերազանց է գոտեմարտում 60 կգ․ քաշային Յուրիկ Մխիթարյանը։ Նա 4 հաղթանակ է տարել և դուրս է եկել եզրափակիչ։ Իդեպ բոլորը գոտեմարտերում հայ ըմբիշը վաղաժամ է հաղթել։ Եզրափակչում Յուրիկ Մխիթարյանը կմրցի ադրբեջանցի ըմբիշի հետ։ ...

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումը իրատեսական է գնահատվում․ ՆԳՆ

14:32 22.08.2025

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումը իրատեսական է գնահատվում․ ՆԳՆ

ԵՄ մուտքի արտոնագրերի (վիզաների) ազատականացման ուղղությամբ աշխատանքներն ակտիվ փուլում են։ Այս մասին հայտնում է ՆԳՆ-ն։ 2024 թվականի սեպտեմբերի 9-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, եվրոպական կենսակերպի հարցերով հանձնակատար Մարգարիտիս Սխինասի համատեղ հայտարարությամբ ազդարարվեց ԵՄ մուտքի արտոնագրերի (վիզաների) ազատականացման շուրջ բանակցությունների պաշտոնական մեկնարկը: 2024 թվականի դեկտեմբերի 11-ին Երևանում կայացավ Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և […] ...

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 22-ին

14:22 22.08.2025

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 22-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 381 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 441.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 446 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․72 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.75 դրամ: ...

«Նոան» արտագնա խաղում խոշոր հաշվով հաղթել է Սլովենիայի չեմպիոնին

14:10 22.08.2025

«Նոան» արտագնա խաղում խոշոր հաշվով հաղթել է Սլովենիայի չեմպիոնին

«Նոան» ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆի դիմակայության առաջին խաղում հյուրընկալվելիս 4-1 հաշվով հաղթել է Սլովենիայի չեմպիոն «Օլիմպիային»: Լյուբլյանայում հայկական թիմը յուրաքանչյուր խաղակեսում երկու գոլ է խփել, հեթ-տրիկ է գրանցել մարոկկացի Իմրան Ուլադ Օմարը, մեկ գոլ էլ խփել է խորվաթ Մարին Յակոլիշը: Մեկ շաբաթ անց Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմը դիմակայության պատասխան խաղում կընդունի «Օլիմպիային»: Հաղթողը կնվաճի […] ...

BACK_TO_TOP