Ավարտվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական այցը Արցախ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+24.09 oC

Ավարտվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական այցը Արցախ

17:37 06.06.2021

Հունիսի 6-ին՝ Կաթուղիկե Սուրբ Էջմիածնի տոնին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Այս առիթով եկեղեցում հավատացելոց խոնարհումի և օրհնության համար դրվել էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից բերված Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայրապետի մասունքները, որպեսզի զորանան հավատքով ու լավատեսությամբ իրենց նոր կյանքը կերտելու ճանապարհին։
Տաճարի առջև Ամենայն Հայոց Հայրապետին դիմավորեց եկեղեցականների թափորը։ «Հրաշափառի» երգեցողության ներքո Վեհափառ Հայրապետը, օրհնելով ներկա բարեպաշտ ժողովրդին, առաջնորդվեց դեպի խորան, ուր երկրպագությունից հետո սկսվեց Պատարագի սրբազան արարողությունը։

Возможно, это изображение (5 человек и люди стоят)

Պատարագիչն էր Արցախի թեմի առաջնորդ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։ Սուրբ Պատարագի արարողությանը ներկա էր պետական ավագանին՝ գլխավորությամբ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի, Արցախի վաստակյալ նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը, ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի պատվիրակությունը, թեմի եկեղեցականներ, զինծառայողներ և հավատավոր բազում արցախցիներ։

Возможно, это изображение (3 человека и в помещении)

Պատարագի արարողության ավարտին, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Հանրապետական մաղթանքի արարողություն Արցախի խաղաղության և անվտանգության, հավատավոր ժողովրդի՝ ապահով և բարօր կյանքի համար։ Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցը Արցախ ողջունեց թեմակալ առաջնորդ Վրթանես եպիսկոպոսը՝ ընդգծելով, որ պատմական օրեր է ապրում Արցախը, քանզի Ամենայն Հայոց Կաթողիկոսը Արարատյան շաբաթն ու Սուրբ Էջմիածնի տոնն անցկացնում է Սյունիքի և Արցախի իր զավակների հետ։ Սրբազանը նկատեց, որ առկա դժվարին պայմաններում Հայոց Հայրապետի այցը մեծ մխիթարություն էր և քաջալերանք արցախցիների համար։

Սրբազանի ողջույնի խոսքից հետո ներկաներին իր օրհնությունն ու պատգամը բերեց Գարեգին Բ․ Վեհափառ Հայրապետը։ «Տիրոջ ողորմածությամբ համախմբվել ենք Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցում մեր միասնական աղոթքը վերառաքելու առ Աստված, որ Տերը մեզ ուժն ու զորությունը տա հաղթահարելու պատերազմի արհավիրքները, վեր ելնելու վշտերի ու տառապանքների ծանր շրջանից և վիրավոր մեր կյանքը նորոգելու տերունական օգնությամբ։ Համախմբվել ենք աղոթելու Հայաստան և Արցախ մեր աշխարհի խաղաղ ու ապահով կյանքի, հայրենի մեր պետությանց զորացման ու բարօրության համար, ռազմի դաշտում անմահացած մեր հերոսների, խաղաղ բնակչության շրջանում մեր ունեցած զոհերի, պատերազմի ընթացքում վիրավորվածների, անհայտ կորածների, գերեվարված մեր զավակների համար», – նշեց Նորին Սրբությունը։

Վեհափառն անդրադարձավ նաև օրվա խորհրդին՝ Սուրբ Էջմիածնի տոնին, Աստծո Միածին Որդու էջքով Մայր Տաճարի հիմնմանը՝ ընդգծելով․«Այս լուսեղեն իրողությունը վկայությունն է մեր ազգին տրված հարության շնորհի, Տիրոջ օգնությամբ մեզ պատուհասած փորձությունների հաղթահարման։ Դարերի մեջ մենք շատ ծանր ու դաժան ժամանակներ ենք ապրել, ավեր ու կոտորած, ցեղասպանություն տեսել, բայց միշտ առ Աստված ապավինությամբ հառնել ենք բարօր ապագա կերտելու ամուր կամքով և հույսով։ Այսօր էլ մենք նույն հավատն ունենք, որ խաչյալ և հարուցյալ մեր Փրկչի շնորհով պիտի զորանանք և հաղթահարենք պատերազմի ծանր հարվածները՝ վեր ելնելով մեզ պատած նեղություններից դեպի մեր կյանքի նոր արևաշող հորիզոններ»:

Նորին Սրբությունն անդրադարձ կատարեց նաև Արցախին պատուհասած դժվարություններին և վերազարթոնքի անհրաժեշտությանը։ «Սիրելիներ, Արցախը հայրենի մեր բնօրրանի սրբազան մասն է, քրիստոնյա մեր ժողովրդի հարստությունը՝ իր պատմությամբ ու սրբություններով։ Արցախի սիրով եք դուք ամուր և կանգուն ձեր հարազատ հողին, այդ ոգով եք վճռական՝ այստեղ ձեր կյանքը շարունակելու և նոր իրագործումներով բարեզարդելու։ Դուք հիանալի օրինակն եք տվել այս նվիրական երկրում արիասիրտ սխրանքների ու աստվածահաճո արարումների։ Դուք խիզախորեն պաշտպանել եք ձեր երկիր հայրենին, նորոգել ու պայծառացրել եք ձեր քաղաքներն ու շեները, ձեր այգեստանները, ձեր սրբավայրերը, նոր աղոթավայրեր կառուցել, որի լուսաշող վկայություններից մեկն է Սուրբ Աստվածածին հոյակերտ այս եկեղեցին։ Մեր նախնյաց փորձառությունը և ոգին հավաստում են, որ մեզ պատուհասած ավերներն ու պատերազմի արհավիրքները և ոչ մի նեղություն չեն կարողանալու մեզ ընկճել և սասանել հայրենիքում անկախ ապրելու մեր հաստատակամությունը։ Հայի ոգին չի ընկրկում դժվարությունների առջև, չի կոտրվում ցավից ու վշտից։ Մենք ահասարսուռ պատուհասների հաղթահարումի ու մեր ազգի հարության փորձառությունն ունենք, որը մեզ ուժ է տալու այս նոր ժամանակներում ևս ելնել նոր արարումների, հավատալ մեր ապագային, հավատալ մեր հայրենիքի ու կյանքի զարթոնքին։

Սիրելիներ, վեր հառնելու ճանապարհին, պահելով հավատն առ Աստված և սերն առ հայրենին, մենք առավել պիտի զորանանք, առավել պիտի զորանա մեր կամքը ապրելու և արարելու նոր եռանդով ու ձեռքբերումներով։ Մեր վերելքներով ու հաջողություններով է նաև, որ արժևորելու ենք մեր նահատակների անձնազոհության ու հայրենանվիրումի մեծագույն սխրանքը։ Պատերազմի ընթացքում մենք կորցրեցինք հարազատ երկրի զգալի մասը։ Սակայն գիտենք՝ ձեր ոգին աննկուն է, և հույսը անջնջելի, որ հակառակ ամեն խոչընդոտի վերականգնելու և շենացնելու եք Արցախը: Արցախը մեր ժողովրդի իրավունքների պաշտպանության և ազատ ու անկախ ապրելու վճռականության խորհրդանիշն է։ Մեր պատմական հայրենիքի այն նշխարը, որի վրա շարունակում ենք ապրել, պիտի հզորացնենք և դարձնենք անվտանգ ու բարգավաճող, ամուր պետականությամբ, համազգային միաբանությամբ, համընդհանուր ջանքերով», – ասաց Նորին Սրբությունը՝ պատգամելով հույսով ամուր մնալ, հավատով՝ անսասան, աննկուն լինել նեղությունների հանդիման։ Վեհափառը հորդորեց չվհատվել ընդդեմ դժվարությունների, այլ միաբան լինել մարտահրավերների դիմագրավման և միասնական՝ փորձությունների հաղթահարման մեջ։ «Այս ծանր փորձությունից պետք է հետևություն անենք՝ սխալներ թույլ չտալու, մեր ազգային միաբանությունը չտկարացնելու, գործելու ազգի ու հայրենիքի գերագույն շահով, մեծագույն պատասխանատվությամբ», – ընդգծեց Հայոց Հովվապետը՝ հայրական իր սերն ու օրհնությունները բերելով ամենքին և վստահեցնելով, որ համայն հայ ժողովուրդը, Սուրբ Եկեղեցին իր թեմերով ու կառույցներով արցախցիների հետ է Արցախի խաղաղ ու ազատ կյանքը հաստատելու և կորուստները վերականգնելու իրենց ջանքերում։

Հայոց Հայրապետը հայցեց Տիրոջ զորակցությունն ու օգնականությունը Արցախի ժողովրդին և պետական այրերին պատերազմի հետևանքների հաղթահարման, Արցախի կյանքի բնականոն ընթացքը վերահաստատելու կարևոր գործում։ Նորին Սրբությունը իր օրհնությունը բերեց Պաշտպանության բանակի սպաներին ու զինվորներին, որ անձնվիրումով կանգնած են հայրենյաց պաշտպանության դիրքերում՝ ընդգծելով նաև, որ Արցախի յուրաքանչյուր զավակ հայրենյաց մարտիկ է և Արցախում իր կեցությամբ է պահում հայրենի երկիրը։ Հայրապետն իր բարձր գնահատանքը բերեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությանը, ազգային-եկեղեցական անդաստանում շարունակական նպաստ բերող և պատերազմական դժվարին պայմաններում էլ Արցախին աջակցած բարերար բոլոր զավակներին, աշխարհասփյուռ մեր ողջ ժողովրդին։

Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը բերեց Արցախի թեմի երկարամյա առաջնորդ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին, Արցախի թեմի ներկայիս առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին և հոգևոր դասին՝ Արցախի թեմը շենացնելու, հայորդյաց հավատքն ամրապնդելու, նաև պատերազմական ծանր շրջանում հավատավոր իրենց զավակների հետ լինելու, նրանց քաջալերելու և մխիթարելու գովարժան ծառայության համար։

Արցախի սրտից Ամենայն Հայոց Հայրապետն իր գնահատանքն ու շնորհակալությունն ուղղեց Ռուսաստանի Դաշնության իշխանություններին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին խաղաղության հաստատման ջանքերի համար, որով կանխվեցին մարդկային նոր կորուստները և հայկական բնակավայրերի ավերումները Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմում: Նորին Սրբությունը նաև իր եղբայրական սերն ու շնորհակալությունը հայտնեց Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքին խաղաղության հաստատման, ի մասնավորի Դադիվանքի հոգևոր կյանքի անխաթար ապահովման գործում իր բերած ջանքերի համար։ Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը գնահատանքով անդրադարձավ նաև Արցախում ռուս խաղաղապահների՝ անվտանգության ու իրավիճակի կայունության ապահովման գործում կարևոր առաքելությանը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսն աղոթք բարձրացրեց արցախյան պատերազմում զոհված զինվորների համար՝ վերստին մխիթարություն հայցելով Տիրոջից զոհվածների հարազատներին, ամենքի սրտերին ու հոգիներին։ և շուտափույթ վերադարձ մաղթելով գերիներին և անհայտ կորածներին։

Իր պատգամի վերջում Նորին Վեհափառությունը, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայրապետի մասունքներով օրհնելով Արցախի հավատավոր ժողովրդին, հայցեց, որ Փրկիչ Տերը ամենազոր Իր Սուրբ Խաչի հովանու ներքո անսասան խաղաղության մեջ պահի Արցախի Հանրապետությունը և Աստծո ողորմությամբ զորանա արցախահայությունը՝ կերտելով ստեղծագործ ու զարգացող կյանքի նորանոր հաջողություններ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԵՄ-ն քննարկում է Ուկրաինային աջակցելու համար 100 միլիարդ եվրոյի հիմնադրամի ստեղծումը

10:00 09.07.2025

ԵՄ-ն քննարկում է Ուկրաինային աջակցելու համար 100 միլիարդ եվրոյի հիմնադրամի ստեղծումը

Եվրամիությունը ուսումնասիրում է Ուկրաինային աջակցելու համար 100 միլիարդ եվրոյի հատուկ հիմնադրամ ստեղծելու հնարավորությունը, հաղորդում է Bloomberg-ը։ «Եվրամիությունը քննարկում է 100 միլիարդ եվրոյի հիմնադրամ ստեղծելու հարցը՝ Ուկրաինային աջակցելու համար, քանի որ Ռուսաստանի հետ նրա պատերազմը ավարտի նշաններ չի ցույց տալիս», – ասվում է զեկույցում։ Bloomberg-ի աղբյուրները հայտնել են, որ եթե անդամ պետությունները համաձայնության գան բյուջեի շուրջ […] ...

Մակրոնը բրիտանական խորհրդարանին ասել է, որ Եվրոպան չի լքի Ուկրաինան

09:47 09.07.2025

Մակրոնը բրիտանական խորհրդարանին ասել է, որ Եվրոպան չի լքի Ուկրաինան

Եվրոպացիները երբեք չեն լքի Ուկրաինան, երեքշաբթի օրը Մեծ Բրիտանիայի խորհրդարանում ունեցած ելույթում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որտեղ նա գտնվում է եռօրյա այցով։ «Ռիսկի տակ են մեր անվտանգությունն ու մեր սկզբունքները, Եվրոպայում խաղաղության հնարավորությունը», – ասաց Մակրոնը՝ հղում անելով Փարիզից և Լոնդոնից Կիևին տրամադրված օգնությանը։ Միաժամանակ, Ֆրանսիայի նախագահը պնդել է, որ երկու երկրները պետք […] ...

Գվատեմալայում երկրաշարժերի շարքի հետևանքով մարդիկ են զոհվել

09:31 09.07.2025

Գվատեմալայում երկրաշարժերի շարքի հետևանքով մարդիկ են զոհվել

Գվատեմալայում երեքշաբթի օրը տեղի ունեցած մի շարք երկրաշարժերի հետևանքով զոհվել է առնվազն երկու մարդ, հաղորդում է Prensa Libre թերթը։ «Երկու մարդ մահացել է Էսկուինտլա դեպարտամենտի Պալին քաղաքից Սանտա Մարիա դե Խեսուս ուղղությամբ տանող մայրուղու 47-րդ կիլոմետրում։ Մեծ քար է ընկել այն մեքենայի վրա, որով նրանք երթևեկում էին», – ասվում է հրապարակման մեջ։ Զոհերն էին 53-ամյա […] ...

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 9-ին

09:15 09.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 9-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 447 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 454․50 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․86 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․94 դրամ: ...

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժած

09:00 09.07.2025

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժած

Հուլիսի 8-ին, ժամը 18:16-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։  Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։  Պարզվել է, որ «lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին։  Վարորդը և ուղևորը […] ...

Սալիվանը բացահայտել է Բայդենի վարչակազմի հիմնական նպատակները Ուկրաինայի հակամարտության մեջ

23:00 08.07.2025

Սալիվանը բացահայտել է Բայդենի վարչակազմի հիմնական նպատակները Ուկրաինայի հակամարտության մեջ

ԱՄՆ ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջեյք Սալիվանը հերքել է այն պնդումները, որ Ջո Բայդենի վարչակազմը կենտրոնացած է Ուկրաինայում հակամարտության սրման վերահսկման վրա, և ասել է, որ գլխավոր խնդիրը Կիևին զենք մատակարարելն է։ Նա այս մասին ասել է «Օբշչեստվեննի»-ին տված հարցազրույցում։ Սալիվանը «ամբողջովին մերժեց» այն պնդումները, որ Բայդենի նախագահության ընթացքում Վաշինգտոնի հիմնական ռազմավարությունը «էսկալացիայի կառավարումն» էր։ […] ...

BACK_TO_TOP