13:29 05.01.2022
Այսօր տեղի է ունեցել Կառավարության՝ 2022 թվականի առաջին նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նախքան օրակարգի քննարկումը, վարչապետ Փաշինյանն անդրադարձել է 2022 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող մի շարք բարեփոխումներին, որոնց վերաբերյալ պարզաբանումներ են ներկայացրել ոլորտային պատասխանատուները:
Ստորև ներկայացվում է Կառավարության նիստի նախաբանի սղագրությունը.
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Բարև ձեզ, հարգելի գործընկերներ:
Շնորհավորում եմ բոլորիդ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ և սկսում ենք Կառավարության՝ 2022 թվականի առաջին նիստի աշխատանքները:
Հարգելի գործընկերներ,
ուզում եմ ընդգծել, որ մենք 2022 թվական ենք մտնում բարեփոխումների բավական լուրջ մեկնարկով:
Նախ առաջինը՝ ուզում եմ նկատել, որ մենք շատ երկար տարիների քննարկումներից հետո, ի վերջո, կայացրինք այս որոշումը՝ որ ամանորյա ոչ աշխատանքային օրերի թիվը կրճատենք, ինչը, կարծում եմ, արդարացված որոշում է: Ըստ էության, մենք պետք է արձանագրենք՝ այս որոշմամբ մենք ընդգծում ենք, որ առաջիկա տարիներին ավելի շատ կենտրոնանանք աշխատանքի և կոնկրետ արդյունքների վրա: Միևնույն ժամանակ պետք է ընդգծել, որ սրանով մենք մեր քաղաքացիների հանգստի իրավունքը որևէ կերպ չենք նսեմացնում, որովհետև նախ օրենսդրությամբ սահմանված է 20 աշխատանքային օրվա արձակուրդ աշխատող քաղաքացիների համար, սրան գումարած մենք 12 օր ունենք ոչ աշխատանքային օրեր: Ուզում եմ ընդգծել, որ այս քաղաքականությունն անցողիկ չէ, մենք պետք է կյանքի այս ռեժիմին սովորենք, որովհետև մտադիր չենք որևէ փոփոխություն անել: Ընդ որում, այս տարի կարծիք կար, որ գուցե նաև հաջորդ օրերը ոչ աշխատանքային հայտարարենք և այլն, բայց մենք մեր քաղաքական որոշումը կայացրել ենք և այսպես շարժվելու ենք առաջ: Այսինքն՝ բոլորս պետք է պլանավորենք այսպես՝ ըստ էության, իհարկե, չբացառելով որոշ դեպքեր, երբ շաբաթ-կիրակիները կամ տոնական օրերը կարող են հինգշաբթի, ուրբաթ լինել: Այսպիսի դեպքեր կարող են լինել, բայց ընդհանուր առմամբ մեր քաղաքականությունը լինելու է սա:
Հաջորդ կարևոր փոփոխությունը, որ ուժի մեջ է մտնում հունվարի 1-ից, որի մասին կուզենամ խոսել, հակածխախոտային օրենսդրությունն է: Գիտեք, որ հունվարի 1-ից արդեն հակածխախոտային օրենսդրության առաջին հատվածը մտնում է ուժի մեջ: Տիկին Ավանեսյան, խնդրում եմ պարզաբանեք, թե որոնք են այդ օրենսդրության նրբությունները: Համեցեք:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան – Շնորհակալություն: Մեծարգո պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, իսկապես կարծում ենք, որ այս քայլը ևս մեկ շատ կարևոր խթան կհանդիսանա ընդհանուր առմամբ ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի և քաղաքացիներին, նաև երիտասարդներին ավելի առողջ պահելու մեր հանձնառությանը: Նշեմ, որ Հայաստանում ընդհանուր առմամբ 16 տարեկանից բարձր բնակչության 27.9 տոկոսը ծխում է: Ծխողների գերակշռող մասը տղամարդիկ են՝ 51 տոկոսը, և յուրաքանչյուր երկրորդ տղամարդը ծխող է: Մեր քաղաքականությունն է, հանձնառությունն է՝ հնարավորինս նպաստել ծխախոտի օգտագործման նվազեցմանը և այդ օգտագործման արդյունքում նաև առողջությանը պատճառած վնասների կանխմանը: 2020 թվականին ընդունվեց ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին օրենքը, որը որոշ դրույթներով 2021 թվականից արդեն իսկ կյանքի է կոչվել, բայց իհարկե, հնարավորություն և ժամանակ է տրվել տնտեսվարողներին՝ իրենց գործունեությունն այնպես դասավորել, որպեսզի հնարավորինս նվազ վնասներով մենք ունենանք նաև այսօրվա դրույթների կիրառումը: Այսպիսով, հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում ծխախոտային արտադրատեսակների և դրանց պատկանելիքների, փոխարինիչների հրապարակային ցուցադրման արգելքը վաճառասրահներում և հանրային սնդդի օբյեկտներում, բացառությամբ օդանավակայանի անմաքս առևտրի խանութների:
Պետք է նշեմ նաև, որ ուժի մեջ է մտնում նույն արտադրատեսակների մակետների և դրանից գովազդային ցուցադրությունը: Մենք գիտենք, որ նախկինում կրպակներում շատ տեսանելի վայրերում հստակ կերպով տուփերը, մակետները ցուցադրելու միջոցով ակտիվ գովազդ էր տարվում: Մեր կարծիքով՝ սա կնպաստի գովազդի ազդեցության շնորհիվ նաև մեր երիտասարդների շրջանում ծխախոտի օգտագործման և, ընդհանուր առմամբ ոչ վարակիչ հիվանդությունների բեռի նվազեցմանը: Հայաստանում, ցավոք, սրտանոթային հիվանդությունների, քաղցկեղի և տղամարդկանց մոտ հիմնականում թոքի քաղցկեղի տարածվածությունը մեզ հուշում է, որ ամեն ինչ պիտի անենք՝ այս առումով պայքարը հետևողական տանելու համար:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շնորհակալություն: Տիկին Ավանեսյան, ճիշտ եմ հասկանում, որ այս կարգավորմամբ մենք, ըստ էության, կյանքում, առօրյայում ծխախոտ, ծխախոտի տուփ վաճառքի կետերում, խանութներում, սուպերմարկետներում, չպետք է տեսնենք՝ ո՛չ փոքր, ո՛չ մեծ, ո՛չ նկարած, ո՛չ պատի վրա: Ոչ մի տեղ: Այսինքն՝ ծխախոտի տուփը վիզուալ մեզ համար հանրային կյանքում վերանում է, բացառությամբ այն դեպքերի, երբ մարդն ասենք ձեռքին ուղղակի ունի: Նկատի ունեմ՝ կոմերցիոն տարածքներում մենք ծխախոտի տուփի հետ պետք է չառնչվենք: Հիմա հաջորդ հարցը՝ ո՞վ է վերահսկելու օրենքի կատարումը:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան – Այո, պարոն վարչապետ, մեր քաղաքականությունն ուղղված է հենց դրան, որ տեսանելի վայրերում, վաճառքի սրահներում ծխախոտը կամ դրան առնչվող գովազդն ընդհանրապես տեսանելի չլինի: Մենք բոլորս էլ քաջատեղյակ ենք, որ դրանք հիմնականում տեղակայված են լինում խանութի ամենաբանուկ մասում՝ քաղցրավենիքների և վճարելու հատվածում և ամենատեսանելի վայրերում: Այսուհետ պետք է խանութների այդ հատվածում ծխախոտի կամ դրա փոխարինիչների որևէ տուփ պետք է ցուցադրված չլինի: Վերահսկողությունն իրականացնում են տեսչական մարմինները, և մենք նախօրոք արդեն մեր գործընկերների հետ աշխատել ենք: Տեսչական մարմինները որոշակի տեղեկատվական աշխատանք են իրականացրել նաև տնտեսվարողների հետ, և պետք է որ վերահսկողության հստակ կատարման արդյունքում մենք, կարճ ժամանակում, պետք է ականատես լինենք մաքուր և ճիշտ ցուցափեղկերի:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Տիկին Ավանեսյան, Դուք նշեցիք ելքի մոտ տեղադրված ծխախոտի ստենդները: Բայց ընդհանրապես ցուցափեղկերում պետք է չերևան ծխախոտները, ճի՞շտ է: Այսինքն՝ եթե խորհրդային ժամանակներից հայտնի բառապաշարով խոսենք՝ ծխախոտը պետք է «տակից» վաճառեն:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան – Այո՝ երբ հաճախորդը կհարցնի, կուզի իր մատնանշած ծխախոտային արտադրատեսակը, նրան կվաճառեն:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Եվ որևէ տեղ` գովազդի վրա, մակետ, նվեր և այլն, մարդը ծխախոտի տուփ չպետք է տեսնի։ Երբ Դուք նշում էիք, որ ծխախոտի ստենդները դրվում են հենց ելքի մոտ, ամեն ինչ արված է, որ մարդը չմոռանա ծխախոտ գնել: Հիմա մենք ամեն ինչ անում ենք, որ մարդը մոռանա ծխախոտ գնել: Սա է մեր քաղաքականության էությունը։ Նախկինում մենք արդեն գովազդն արգելել էինք, արդեն վաղուցվանից է գովազդը արգելված նաև հանրային տարածքներում, այնպես որ մենք այս ճանապարհով պետք է գնանք։
Ընդհանուր առմամբ սա շատ կարևոր է, և խնդրում եմ որևէ մեկը չթերագնահատի ծխախոտի նեգատիվ ազդեցությունը մեր հանրային առողջության վրա։ Իհարկե, առողջապահությունը կարևորագույն քաղաքական ոլորտներից է, որտեղ Կառավարությունն ունի անելիք և կարգավորում, բայց մեր նպատակն ամենևին էլ այն չէ, որ թողնենք մարդն անարգել հիվանդանա և հետո նրան բուժենք կամ չբուժենք։ Ամենակարևորը կանխարգելիչ գործողությունն է, և շատ ուրախ եմ, որ այստեղ մենք քաղաքական կամք ենք դրսևորել։
Ընդ որում, պիտի ասեմ, որ այս կարգավորումը պետք է ուժի մեջ մտներ 2021 թվականի հունվարից, բայց հաշվի առնելով հետպատերազմական իրավիճակը և այլն՝ մենք մեկ տարով հետաձգեցինք: Շատ կարևոր է արձանագրել, որ արդեն մարտից արգելվելու է ծխախոտի օգտագործումը բոլոր փակ և նաև բաց տարածքներում, ներառյալ բացօթյա սրճարաններում և այդպես շարունակ։ Բոլոր տնտեսվարողները և քաղաքացիները պետք է պատրաստվեն սրան։ Կոչ եմ անում նաև երեխաներին և ոչ միայն երեխաներին՝ տանը արգելել իրենց ծնողներին ծխախոտի օգտագործումը, որպեսզի այս քաղաքականությունը լիարժեք տեղ հասնի։ Տեսչական մարմիներն են վերահսկողությունն իրականացնում: Ակնկալում եմ, որ ամենախիստ վերահսկողությունն իրականացնենք, որպեսզի այն, ինչ հիմա խոսում ենք, ամբողջությամբ դառնա իրականություն։ Խնդրեմ, պարոն Ասոյան:
Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյան – Շնորհակալություն, պարոն վարչապետ։ Իրականում այս ոլորտի վերահսկողությունը շատ մեծ, ընդգրկուն ասպեկտ ունի: Այս առումով վերահսկողական ուղղությունները բաժանված են մի քանի տեսչական մարմինների վրա, և այդ աշխատանքներին մասնակից են նաև համայնքները՝ Տեղական ինքնակառավարման մարմինները, ինպես նաև Ոստիկանությունը։ Եվ ինչպես նշվեց, մենք արդեն իսկ՝ մոտավորապես 6 ամիս առաջ, լայնածավալ իրազեկման աշխատանքներ ենք իրականացրել բիզնես ոլորտում, որպեսզի հնարավորինս նախապատրաստվեն այս նոր կարգավորումներին: Հուսով եմ, որ բիզնեսն արդեն որոշակի առումով ադապտացվել է, և վերահսկողությունը պատշաճ կարգով կիրականացվի։
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շնորհակալ եմ, պարոն Ասոյան։ Հարգելի գործընկերներ, հաջորդ էական բարեփոխումը, որի մասին կուզենայի խոսել, հետևյալն է՝ հունվարի 1-ից արգելվել է որոշակի տիպի պոլիէթիլենային տոպրակների վաճառքը և անվճար տրամադրումը առևտրի կետերում։ Պարոն Սիմիդյան, խնդրում եմ ներկայացրեք էությունը, թե ինչ է փոխվում այդ առումով։
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյան – Շնորհակալություն: Մեծարգո պարոն վարչապետ, այո, 2022 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել պոլիէթիլենային մեկանգամյա օգտագործման տոպրակների վաճառքի արգելքը։ Օրենքն ընդունվել է դեռևս 2020 թվականի գարնանը, և ինչպես նախորդ օրենքի դեպքում, այս օրենքը նույնպես այսքան ուշ է ուժի մեջ մտնում, որպեսզի արտադրողները հարմարվեն իրավիճակին, իրենց արտադրողական կարողությունները փոխեն և նոր հումքատեսակներով սկսեն արտադրել նոր տեսակի տոպրակներ։ Գիտենք, որ պոլիէթիլենային և պլաստիկից պատրաստված իրերը շատ մեծ վնաս են հասցնում շրջակա միջավայրին, և կարծում ենք, որ շատ կարևոր արգելք է, սահմանափակում է։ Եվ կարող եմ ասել, որ սա Կառավարության գործող և նախորդ ծրագրով առաջնահերթություն է համարվում, և հունվարի 1-ից ՏԻՄ-երը պետք է ակտիվորեն ներգրավվեն և օրենքի կիրարկումն ապահովեն։
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շնորհակալ եմ: Այստեղ պարզաբանենք, որ խոսքը որոշակի տեսակի մասին է։
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյան – Այո, խոսքը մինչև 50 միկրոն հաստության տոպրակների մասին է՝ այն տոպրակներն են, որոնք վաճառքի կետերում մարդկանց տալիս են բռնակներով։ Կան բացառություններ՝ երկրորդային հումքից պատրաստված և կշռափաթեթավորման համար նախատեսված տոպրակները, կիլոգրամով չափվող առանձին դրված տոպրակներ: Բացի դրանցից մինչև 50 միկրոն հաստության բոլոր տեսակի տոպրակներն արգելվում են։
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շատ լավ: Այստեղ երկու արձանագրում՝ սա այս գործընթացի առաջին քայլն է, որ անում ենք, որովհետև բոլորս պետք է իմանանք, որ ժամանակի ընթացքում պետք է ընդհանրապես պոլիէթիլենից հրաժարվենք կամ ընդհանրապես դուրս մղենք պոլիէթիլենային տոպրակները մեր կյանքից: Հիմնավորումն այն է, որ այդ տոպրակները մարդիկ օգտագործում են առավելագույնը մեկ ժամ, երկու ժամ, լավ, մեկ օր, որից հետո այն հայտնվում է բնության մեջ և էական վնաս է հասցնում:
Հաջորդ խնդիրը, որ այստեղ ունենք՝ ի տարբերություն առաջին փոփոխությունների, այս պարագայում վերահսկողությունն օրենքով դրված է Տեղական ինքնակառավարման մարմինների վրա: Պարոն Սանոսյան, այստեղ պետք է շատ սերտ աշխատենք Տեղական ինքնակառավարման մարմինների հետ, որպեսզի կարգավորումը լիարժեք գործի և հասնի իր նպատակին: Ընդ որում, մենք մոնիթորինգ կանենք ժամանակի ընթացքում: Այս պարագայում մենք փորձում ենք Տեղական ինքնակառավարման մարմինների վերահսկողական գործառույթները նաև որոշակիորեն զարգացնել: Հույս ունենք՝ դա պատշաճ մակարդակով կիրականացվի, բայց մոնիթորինգի արդյունքում եթե հանկարծ տեսնենք, որ չի աշխատում վերահսկողությունը, դա էլ կդնենք տեսչական մարմինների վրա: Բայց մեր հույսն այն է, որ մանավանդ հիմա՝ համայնքների խոշորացումից հետո, կարգավորումը կաշխատի, և Տեղական ինքնակառավարման մարմինները հսկողական իրենց գործառույթները պատշաճ ձևով կիրականացնեն: Ամեն դեպքում, պարոն Սանոսյան, պետք է Տեղական ինքնակառավարման մարմինների հետ աշխատել, քննարկել: Նաև մեր մարզպետներն են ներկա՝ խնդրում եմ քաղաքապետերին, համայնքների ղեկավարներին հրավիրել, կարգավորումը պարզաբանել և առաջարկել, որպեսզի պատշաճ վերահսկողություն իրականացվի և տեսնենք, որ վերահսկողական ավելի շատ գործառույթներ կարող ենք պատվիրակել համայնքներին և ավելի քիչ գործառույթներ դնել տեսչական մարմինների և Կառավարության՝ վերահսկողական գործառույթ ունեցող մյուս օղակների վրա: Համեցեք, պարոն Քերոբյան:
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյան – Հարգելի գործընկերներ, ուզում եմ հիշեցնել մեկ այլ շատ կարևոր նախաձեռնության մասին, որը հունվարի 1-ից մտնում է ուժի մեջ: Դա ավտոմեքենաների թրեյդինի մասին օրենքն է, որը հունվարի 1-ից սկսում է աշխատել: Դա, ըստ էության, թույլ է տալիս, որ մարդիկ իրենց հին մեքենաները տան ավտոդիլերներին և փոխարենը վերցնեն նոր մեքենաներ: Մենք անցած տարի կարգավորումները փոխեցինք այնպես, որպեսզի հարկային տեսանկյունից դա գրավիչ լինի: Օրենքն արդեն ուժի մեջ է՝ բոլոր կարգավորումներով: Ճիշտ է, հիմա նոր մեքենաների մի փոքր դեֆիցիտ կա, բայց կարծում եմ ժամանակի ընթացքում ավտոդիլները նոր լավ ծառայություններ կառաջարկեն մարդկանց, որպեսզի նրանք կարողանան հեշտությամբ փոխել իրենց, թարմացնել իրենց մեքենաները:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շատ լավ: Ճիշտ նկատեցիք, պարոն Քերոբյան, որ նախկինում էլ չէր արգելվում, որ մարդն իր հին մեքենան տա, նորը վերցնի, ուղղակի հարկեր էին առաջանում, որոնք գործարքի գրավչությունը գցում էին: Մենք օրենսդրական կարգավորմամբ այնպես արեցինք, որ այդ եղանակով նոր մեքենա ձեռք բերելն ավելի գրավիչ լինի քաղաքացիների համար:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...