Դարբնության անցյալն ու ներկան, մշակութային արժեքն ու նշանակությունը ներկայացրել է ազգագրագետ Աղասի Թադևոսյանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+19.09 oC

Դարբնության անցյալն ու ներկան, մշակութային արժեքն ու նշանակությունը ներկայացրել է ազգագրագետ Աղասի Թադևոսյանը

16:57 14.01.2022

«Հետազոտության ընթացքում ուրախությամբ արձանագրեցի, որ Գյումրիում մարդիկ իրենց տներում շարունակում են պահպանել ավանդական դարբնության նմուշները՝ դռների, պատուհանների հին ճաղավանդակները, պատշգամբների նեցուկները, բազրիքները: Դա նշանակում է՝ բնակչությունը հասկանում է դրանց արժեքը և իր մեջ կրում է գնահատելու ավանդույթը»,- ասում է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Աղասի Թադևոսյանը:

Մեր զրուցակիցը ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացրել է «Գյումրու դարբնոցային մշակույթի արհեստագործական և համայնքային ավանդույթները» ծրագիրը, որի հիմնական գաղափարն էր Գյումրիի դարբնության ավանդույթները ներկայացնող և մշակութային ժառանգության արժեք ունեցող ազգագրական նյութի գրանցումը, պահպանումն ու հանրայնացումը։

Ծրագրի մասին

Չնայած դարբնությունը Հայաստանում տարածված արհեստներից է եղել, սակայն որպես քաղաքային արհեստ՝ այն իր լիարժեք արտահայտությունը ձեռք է բերել Գյումրիում և ծաղկուն շրջան ապրել 19-րդ դարում:

Ինչպես Աղասի Թադևոսյանն է ներկայացնում, շուրջ 5 ամիս տևած գիտարշավների ընթացքում գրանցած նյութի հիման վրա շարադրվել են դարբնոցային տեխնիկատեխնոլոգիական աշխատանքի և քաղաքային ֆոլկլորում դարբնության ու դարբինների դերի ու տեղի հետ կապված համառոտ պատմություններ, որոնք ամփոփվել են էլեկտրոնային գրքի և շտեմարանի ձևով: Բացի դրանից՝ իրականացվել է Գյումրիի դարբնոցային մշակութային ժառանգության նմուշների տեղակայման քարտեզագրում՝ դրանց գտնվելու վայրերի մասին ցանկերի ուղեցույցով և լուսանկարներով, ինչպես նաև համառոտ տուրիստական խորհրդատու Գյումրիում դարբնոցային մշակութային ժառանգության ցուցադրմանը նվիրված շրջայցի կազմակերպման վերաբերյալ:

Ծրագրի իրականացումը կարևորվում է Գյումրիի արհեստների գույքագրման, արհեստագործների համայնքի արժևորման և գնահատման, ինչպես նաև տեղական ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ու կենսունակության շարունակականության ապահովման նպատակով:

Դարբնությունը՝ ոչ նյութական մշակութային ժառանգություն

Աղասի Թադևոսյանը՝ որպես ծրագրի հեղինակ և ազգագրագետ, ներկայացնում է Գյումրիում դարբնոցային մշակույթի առանձնահատկությունները, անցյալն ու ներկան, հեռանկարները:

«Դարբնությունը Հայաստանում տարածված արհեստներից է եղել թե՛ գյուղական, թե՛ քաղաքային բնակավայրերում: Եթե գյուղերում միայն կենցաղային իրեր են պատրաստվել, ապա քաղաքում շատ ավելի լայն պահանջարկ է եղել. կիրառվել են տան արտաքին ձևավորման տարրեր՝ դռների, պատուհանների ճաղավանդակներ, բազրիքներ,- պատմում է ազգագրագետը,- որպես քաղաք՝ Գյումրին ձևավորվել է 1840-ականներին, երբ այստեղ է տեղափոխվել քաղաքային բնակչություն՝ ձևավորելով տարբեր խավեր: Դա ենթադրում էր մրցակցություն ոչ միայն տարրական կարիքների, այլև գեղագիտական պահանջմունքների բավարարման տիրույթում: Իսկ մրցակցության մեջ վարպետներն ավելի էին հմտանում»:

Քաղաքային արհեստները ունեին համքարություններ՝ որոշակի կանոններով ու արհեստի որակական չափանիշներով, և եթե որևէ արհեստագործ չէր բավարարում այդ չափանիշները կամ խախտում էր դրանք, համքարությունը կարող էր զրկել նրան առևտրական շարքում կրպակ ունենալու հնարավորությունից:

«Ինչո՞ւ է դարբնությունը ոչ նյութական մշակութային ժառանգություն համարվում» հարցին ազգագրագետ Աղասի Թադևոսյանը պատասխանում է. «Ցանկացած նյութական մշակույթ առարկայանում է ոչ նյութական մշակույթի՝ մտքի ու գաղափարի հաշվին. նյութականը վերջնական արդյունքն է: Այս համատեքստում պետք է տարբերել երկաթագործությունը ավանդական դարբնությունից: Այսօր էլ Գյումրիում կան երկաթային դեկորներով տներ: Դրանց պատրաստման ավանդական եղանակներին փոխարինում է տեխնիկական՝ եռակցման եղանակը: Գործից հասկացող մարդը տարբերությունը միանգամից կզգա. արտաքին տեսքը, որակը այլ են: Դարբնությամբ արված գործերի սիմետրիկ շարքերը, բացի կիրառականությունից, նաև գեղագիտական նշանակություն են ձեռք բերել. հենց սա է դարձել ոչ նյութական մշակութային ժառանգություն»:

Դարբնության այսօրը

Հետազոտությունների ընթացքում Ա. Թադևոսյանը զրուցել է գյումրեցի մերօրյա դարբինների՝ այդ ավանդույթը իրապես կրողների հետ: Նա պատմում է, որ դարբնության ամենածաղկուն շրջանում Գյումրին ունեցել է մոտ 96 վարպետ դարբին. այսօր նրանց թիվը քաղաքում մատների վրա կարելի է հաշվել. վեցն են: Մի քանի ընտանիք կա, որ սերնդեսերունդ պահպանում է արհեստը՝ հասնելով արդեն 7-րդ սերնդին: Նա հիշատակում է հատկապես Պապոյանների, Մնոյանների, Մարտիրոսյանների ընտանիքների մասին: Նրանք՝ թե՛ լուսանկարներով, թե՛ բանավոր պատմություններով, թե՛ պարզապես արհեստի մշակութային ինֆորմացիայի կրողները լինելով, պահպանել են այն:

Հետազոտությունների հիման վրա գրած գրքում Ա. Թադևոսյանը հայտնի դարբիններից վավերագրել է Գյումրիում դարբնության մշակույթին վերաբերող բազմաթիվ հիշարժան պատմություններ: Դրանք ցույց են տալիս ավանդույթի կենսունակությունը Գյումրի քաղաքի անցյալում և ներկայում, արժեքն ու նշանակությունը՝ որպես մշակութային ժառանգություն: Ըստ պատմություններից մեկի՝ Գյումրիի կայարանի հայտնի ջահը դարբնել են Մնոյանները: Մեկ տոննա կշռով ջահը կախելիս վարպետ Օնիկը և նրա 2 տղաները իրենց աշխատանքի որակն ու վստահելիությունը ցույց տալու համար բարձրացել են դրա վրա և ի նշանավորումն գործի հաջողության՝ շամպայն խմել:

Դարբնությունը՝ որպես մշակութային ժառանգություն արժևորելիս կարևորվում է այն հանգամանքը, որ զնդանը ծիսական վայր է համարվել: Զնդանի վրա դարբինները հաց են տվել, և դրա վրա նստելը սրբապղծություն էր: Ա. Թադևոսյանն իրավացիորեն նշում է, որ ավանդական արհեստները կորցնելու վտանգը միշտ կա, որովհետև տեխնոլոգիզացման գործընթացին զուգահեռ՝ արդյունքը էժանանում է, իսկ ձեռքի աշխատանքը ժամանակատար և թանկ:

«Միայն այն, որ այսօր կան ընտանիքներ, որոնք սերնդեսերունդ փոխանցում են դարբնությունը, հուշում է, որ արհեստը կապրի»,- ասում է Թադևոսյանը և հայտնում Հովհաննես Մնոյանի վերջին գործի մասին. նա երկաթից կին է դարբնել, շուտով կավարտի նաև Կոմիտասի կիսանդրին:

Դարբնության ավանդույթը պահպանում է ոչ միայն դարբինը, այլև բնակիչը

«Քաղաքը լուսանկարելու ընթացքում նկատեցինք մի ճաղավանդակ, որը գտնվում էր բոլորովին նոր դռան վրա. հին վարպետի ձեռքի գործ էր: Դուռը փոխել էին, բայց ճաղավանդակը պահպանել են,- ասում է մեր զրուցակիցը և հավելում,- սեփական մշակույթը ընկալելը և կրելը այդ արժեքների պահպանման հիմնական երաշխիքն են: Շատ հաճելի էր տեսնել և գիտակցել բնակիչների մոտեցումը»:

Ա. Թադևոսյանը պատմում է նաև, որ Գյումրիի Գեղարվեստի ակադեմիան ունի դեկորատիվ կիրառական արվեստի բաժին, որտեղ դարբնություն են սովորեցնում: Նա ականատես է եղել, թե ինչպես են աղջիկները ևս հետաքրքրվել այս արհեստով, փորձել երկաթից դեկոր ստանալ: Ազգագրագետը արհեստը պահպանելու և սերունդներին փոխանցելու հարցում լավատես է. միաժամանակ նշում է, որ մեծ դեր ունի նաև հանրահռչակման քաղաքականությունը՝ հասարակության լայն շերտերին ներկայացնելու մեր ավանդական դարբնությունը՝ այն պահպանելու, չվնասելու և հնարավորինս կիրառական դարձնելու համար: Ըստ Թադևոսյանի՝ դարբնության ավանդույթը աշխուժացնելու հեռանկարային տարբերակ է նաև տուրիզմը. «Ճիշտ է, մեկ այլ տեսանկյունից տուրիզմը մշակույթի ապրանքայնացման վտանգ կարող է ներկայացնել, բայց գրագետ քաղաքականության պայմաններում այն նաև մեր ունեցածը հանրահռչակելու լավ միջոց է»:

Նա իր ծրագրում ներառել է նաև համառոտ խորհրդատվություն տուրիզմի համար՝ ինչպես Գյումրիում կարելի է դարբնության մշակույթի երթուղի ստեղծել. «Օրինակ՝ զբոսավարները Ասլամազյան քույրերի թանգարանը ներկայացնելիս կարող են զբոսաշրջիկի ուշադրությունը հրավիրել նաև թանգարանի դարպասին, որը ևս մշակույթի բաղադրիչ է: Կարծում եմ՝ զբոսաշրջությունն այդ կերպ ավելի հետաքրքրական և բազմազան կդառնա թե՛ տեղացի, թե՛ օտարերկրյա այցելուների համար»:

Եզրափակելով խոսքը՝ Աղասի Թադևոսյանը կարծում է, որ դարբնությունը հանրահռչակելու համար կարելի էր նաև Գյումրիում դարբնության փառատոն անցկացնել, ինչը ևս կնպաստեր հանրության իրազեկվածության բարձրացմանը և մեր մշակութային ժառանգության պահպանմանն ու փոխանցմանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարչապետը հետևել է բանակային խաղերի մարտական փոխանցումավազքի մրցումներին

19:09 05.07.2025

Վարչապետը հետևել է բանակային խաղերի մարտական փոխանցումավազքի մրցումներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում ներկա է գտնվել բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ, որոնք մեկնարկել են հունիսի 29-ից և կավարտվեն հուլիսի 6-ին: Մրցումներին մասնակցում են ՀՀ պաշտպանության, Ներքին գործերի, Արդարադատության նախարարությունների, Ազգային անվտանգության ծառայության, Պետական եկամուտների, Քննչական, Հակակոռուպցիոն կոմիտեների, Դատախազության և Պետական պահպանության ծառայության հավաքական թիմերը, […] ...

Թուրքիայի ընդդիմության առաջնորդը կոչ է արել իշխանություններին անցկացնել արտահերթ ընտրություններ

19:05 05.07.2025

Թուրքիայի ընդդիմության առաջնորդը կոչ է արել իշխանություններին անցկացնել արտահերթ ընտրություններ

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Հանրապետական ​​ժողովրդական կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Օզգյուր Օզելը կոչ է արել գործող կառավարությանը նոյեմբերին անցկացնել արտահերթ նախագահական ընտրություններ։ Իրավապահ մարմինները շաբաթ վաղ առավոտյան ձերբակալել են Թուրքիայի երեք խոշոր քաղաքների՝ Ադանայի, Անթալիայի և Ադըյամանի քաղաքապետերին՝ CHP-ի անդամների կողմից ղեկավարվող վարչակազմերում կոռուպցիայի վերաբերյալ հետաքննության շրջանակներում։ Այնուհետև կուսակցության առաջնորդը հրավիրել է CHP-ի գործադիր կոմիտեի արտակարգ նիստ: […] ...

Առաջիկայում արաբական միացյալ ուժեր կարող են տեղակայվել Գազայի հատվածում․ Al Masry Al Youm

18:55 05.07.2025

Առաջիկայում արաբական միացյալ ուժեր կարող են տեղակայվել Գազայի հատվածում․ Al Masry Al Youm

Ապագայում Գազայի հատված կարող են մտցվել արաբական միացյալ ուժեր՝ պաղեստինյան անվտանգության և հետախուզության ուժերին մարզելու համար, հաղորդում է եգիպտական ​​Al Masry Al Youm թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ավելի վաղ պաղեստինյան «Համաս» շարժումը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել: Ynet պորտալը, հղում անելով անանուն իսրայելցի պաշտոնյայի, հայտնել […] ...

Ֆիդանը կներկայացնի Թուրքիան Բրազիլիայում կայանալիք BRICS գագաթնաժողովում

18:45 05.07.2025

Ֆիդանը կներկայացնի Թուրքիան Բրազիլիայում կայանալիք BRICS գագաթնաժողովում

Արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը կներկայացնի Թուրքիան հուլիսի 6-7-ը Բրազիլիայում կայանալիք BRICS գագաթնաժողովում: Այս մասին TASS-ին հայտնել են Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրները: «Արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը մեր նախագահի անունից կմասնակցի ԲՐԻԿՍ-ի 17-րդ գագաթնաժողովին Ռիո դե Ժանեյրոյում հուլիսի 6-7-ը», – հայտնել են աղբյուրները։ Նրանց խոսքով՝ արտաքին գործերի նախարարության ղեկավարը կմասնակցի «Բազմակողմանիության ամրապնդում, տնտեսական և […] ...

Իսրայելի պաշտպանության բանակի անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով քաղաքացիական անձ է զոհվել Լիբանանի հարավում

18:33 05.07.2025

Իսրայելի պաշտպանության բանակի անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով քաղաքացիական անձ է զոհվել Լիբանանի հարավում

Իսրայելի ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ) մի շարք հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող Բինտ Ջբեյլ քաղաքի ծայրամասին, որի հետևանքով զոհվել է առնվազն մեկ քաղաքացիական անձ, վիրավորվել՝ հինգը, ասվում է երկրի առողջապահության նախարարության կողմից հրապարակված հաղորդագրության մեջ։ «Սաֆա ալ-Հավա շրջանում իսրայելական անօդաչու սարքերի կողմից մեքենայի վրա հարձակման ժամանակ մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել։ […] ...

Փրկարարներն օգնության են հասել քամուց տուժած քաղաքացուն

18:22 05.07.2025

Փրկարարներն օգնության են հասել քամուց տուժած քաղաքացուն

Հունիսի 30-ին, ժամը 16:42-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խանջյան փողոցում ծառը կոտրվել և ընկել է քաղաքացու վրա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ծառի ճյուղերը և նստարանը ընկել են քաղաքացու վրա: Փրկարարներն օպերատիվորեն օգնության են հասել քաղաքացուն, դուրս բերել […] ...

BACK_TO_TOP