19:20 13.12.2022
Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանի հարցազրույց է տվել «Թասնիմ» լրատվական գործակալությանը։ Անդրադարձել է Իրան -Հայաստան քաղաքական և տնտեսական հարաբերություններին, տարածաշրջանում ստեղծված իրավիճակին։
Ինչպե՞ս են ընթանում Իրան-Հայաստան քաղաքատնտեսական հարաբերությունները Ղարաբաղյան պատերազմից հետո վերջին երկու տարում։
– Թույլ տվեք նկատել, որ հայ-իրանական հարաբերությունները Հայաստանի Հանրապետության անկախությունից ի վեր՝ անցնող 30 տարիների ընթացքում մշտապես եղել են ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթ ուղղություններից մեկը՝ նկատի ունենալով ինչպես մեր երկու երկրների դարավոր կապերը, այնպես էլ ընդհանուր շահերը և համագործակցության մեծ հնարավորությունները։ Վերջին ժամանակահատվածում մեր տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները, այդ թվում նաև 2020թ․ 44-օրյա պատերազմը, դրանում ահաբեկչական կազմակերպությունների ներգրավումը թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից էլ ավելի ցայտուն են դարձնում Հայաստանին և Իրանին ուղղված համատեղ մարտահրավերները, ինչպես նաև առավել քան երբևե կենսական են դարձնում ՀՀ-ԻԻՀ երկկողմ հարաբերությունների առավել խորացումը՝ ուղղված տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովմանը։ Հաշվի առնելով վերոնշյալը, ինչպես նաև ՀՀ և ԻԻՀ կառավարությունների քաղաքական կամքը՝ զարգացնելու փոխգործակցությունները, հանգեցրել են նրան, որ հատկապես վերջին ժամանակահատվածում երկու երկրների հարաբերությունները թևակոխել են զարգացման նոր փուլ՝ քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում, ինչի վկայությունն են միայն ընթացիկ տարվա ընթացքում ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախագահի միջև կայացած չորս հանդիպումները։
Ո՞րն է լինելու Ձեր փոխադարձ քայլը Կապանում Իրանի հյուպատոսության հիմնումից հետո։
– Անհրաժեշտ եմ համարում նշել, որ Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոսության, և փոխադարձաբար Թավրիզում ՀՀ գլխավոր հյուպատոսության բացման հարցը նախկինում ևս քննարկվել է, անգամ այդ հարցի շուրջ 2007թ․ կողմերի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։ Այնուհանդերձ հարցը գործնական փուլ մտավ վերջին երկու տարիների ընթացքում։ Իրանի կողմից Կապանում գլխավոր հյուպատոսության բացումը հստակ կերպով ընդգծում է ՀՀ Սյունիքի մարզի ռազմավարական նշանակությունը ՀՀ-ԻԻՀ ցամաքային կապի ապահովման տեսանկյունից։ Նշված տրամաբանության մեջ հայկական կողմն իր հերթին շահագրգռված է ԻԻՀ Արևելյան Ատրպատական նահանգի կենտրոն Թավրիզ քաղաքում գլխավոր հյուպատոսության բացմամբ, ինչի նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։ Իրանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների համատեքստում ՀՀ համար Թավրիզն ունի առանձնահատուկ նշանակություն՝ նկատի ունենալով այդ քաղաքի տնտեսական, արդյունաբերական և լոգիստիկ հնարավորությունները։ Հետևաբար, ՀՀ և ԻԻՀ կառավարությունների համատեղ ջանքերով հնարավոր կլինի զարգացնել և ամրապնդել հայ-իրանական սահմանով անցնող հազարամյա երթուղին, որի կարևորության մասին իր խոսքում հիշատակել է նաև Իսլամական հեղափոխության հարգարժան առաջնորդը։
Հաշվի առնելով Վրաստանի ներկայությունը Հյուսիս-հարավ տարանցիկ ճանապարհին՝ ի՞նչ քայլեր են ձեռնարկվել Թբիլիսիին այս նախագծին միացնելու ուղղությամբ։
– Անշուշտ աշխարհագրական տեսանկյունից Վրաստանը «Պարսից ծոց-Սև ծով» միջանցքի իրագործման հարցում կարևորագույն տեղ է զբաղեցնում։ Մենք այն կարծիքին ենք, որ միջանցքի գործարկմանն ուղղված հետևողական աշխատանքը, հնարավոր տնտեսական օգուտների ուսումնասիրությունը, եվրոպական և ասիական երկրների կողմից հետաքրքրության մեծացումը այս հեռանկարային նախագծի նկատմամբ այն էլ ավելի գրավիչ և շահավետ կդարձնի մեր վրացի գործընկերների համար՝ հաշվի առնելով, որ դրա գործարկմամբ էապես կավելանան վրացական նավահանգիստների միջոցով Ասիայից Եվրոպա և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների ծավալները։ Հավանաբար դուք տեղյակ եք, որ ՀՀ կառավարությունը ներկայումս իրականացնում է «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու շինարարությունը, որի ավարտից հետո, ըստ փորձագետների գնահատման, 2-3 օրվա ընթացքում հնարավոր կլինի Չաբահար, Բանդար Աբբաս և իրանական այլ հարավային նավահանգիստներից բեռները հասցնել Սև ծովի վրացական նավահանգիստներ՝ հետագայում շարունակելով երթուղին դեպի Եվրոպա։ Հայաստանն իր հերթին շարունակում է աշխատանքներ տանել վրացի գործընկերների հետ «Պարսից ծոց-Սև ծով» ծրագրին վերջիններս միանալու ուղղությամբ։
Ինչպե՞ս են ընթանում բանակցություններն ադրբեջանական կողմի հետ հրադադարի համաձայնագրի դրույթների և այնպիսի հարցերի մասին, ինչպիսին է Ղարաբաղի իրավական-քաղաքական կարգավիճակը, և նաև Նախիջևանի տարածաշրջանը Ադրբեջանի Հանրապետությանը միացնելու ուղղությամբ։
– Հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է Ադրբեջանի հետ կնքել խաղաղության պայմանագիր, ինչպես նաև իրականացնել սահմանազատման և սահմանագծման գործընթացը։ Վերջին ամիսներին տարբեր ձևաչափերով ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև տեղի ունեցած հանդիպումները՝ միջազգային միջնորդների մասնակցությամբ, նվիրված են եղել այս խնդրին։ Միջազգային հանրության կողմից կա հստակ հորդոր՝ շարժվելու խաղաղության հաստատման ուղղությամբ, սակայն յուրաքանչյուր հանդիպումից հետո ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու փոխարեն Ադրբեջանը դիմում է նորանոր սադրանքների։ Այդ սադրանքների արդյունքում՝ սկսած 2021թ․ մայիսից, օկուպացիայի տակ են հայտնվել ՀՀ ինքնիշխան տարածքի զգալի հատվածներ։ Նման ագրեսիվ քաղաքականության մեկ այլ դրսևորում էր ս․թ․ սեպտեմբերի 13-14-ին տեղի ունեցած լայնածավալ ագրեսիան, որի ընթացքում ռմբակոծման ենթարկվեցին բազմաթիվ հայկական բնակավայրեր, ադրբեջանական զինված ուժերն ապօրինաբար զավթեցին ՀՀ Սյունիքի և Գեղարքունիքի մարզի մի շարք սահմանային հատվածներ՝ ուղղակի սպառնալիք ստեղծելով հայկական քաղաքների, քաղաքացիական ենթակառուցվածքների համար։ Ավելին, ս․թ․ նոյեմբերի 8-ին Շուշիում Ադրբեջանի նախագահի հայտարարությունները ակնհայտ ի ցույց են դնում Ադրբեջանի ագրեսիվ նպատակները։ Վերջինիս կողմից ՀՀ մի շարք քաղաքների հիշատակումը այն համատեքստում, որ դրանք Ադրբեջանի ԶՈՒ նշանառության տակ են, ոչ այլ ինչ է քան Սյունիքի մարզի նկատմամբ հետագա ագրեսիայի անթաքույց սպառնալիք։ Նման գործելաոճը սպառնալիք է ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի կայունության համար։
Ադրբեջանը իր ագրեսիվ քաղաքականությունը շարունակում է նաև Լեռնային Ղարաբաղի հայության հանդեպ՝ շարունակաբար ահաբեկելով տեղի բնակչությանը՝ զուգորդված զինված գործողություններով ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում։ Հայկական կողմը բազմիցս շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համատեքստում անկյունաքարային է տեղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության ապահովումը։
Մեղրիի շրջանում տարաձայնության մասին՝ ի՞նչ է Ադրբեջանի պահանջը, և ո՞րն է Ձեր հակառակվելու պատճառը։
– Ցավալիորեն պետք է արձանագրել, որ Ադրբեջանը շարունակաբար շրջանառում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին գաղափարը, որը հիմնավորված չէ կողմերի միջև ստորագրված որևէ փաստաթղթով։ Հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետության տարածքով որևէ երրորդ երկրի չի պատրաստվում արտատարածքային միջանցք տրամադրել և նման պարտավորություն երբևէ չի ստանձնել։ Հայաստանը հավատարիմ է 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած հանձնառությանը՝ ապահովելու հուսալի ցամաքային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ Այդ նպատակով ՀՀ-ԱՀ սահմանի մի շարք հատվածներում տեղակայվել են սահմանային անցակետեր, և ինչպես հայտարարել է ՀՀ վարչապետը, Ադրբեջանի քաղաքացիները այժմ էլ կարող են օգտվել դրանցից՝ դեպի Նախիջևան և հակառակ ուղղությամբ երթևեկելու համար։ Միաժամանակ, թեև նման պարտավորություն հայկական կողմը չունի, այնուհանդերձ պատրաստակամություն է հայտնել քննարկել ավտոճանապարհային և երկաթուղային նոր ուղիների շինարարության հնարավորությունը, սակայն այս ուղղությամբ հայկական կողմի ներկայացրած մի շարք առաջարկներ Ադրբեջանն ինքն է մերժել, փորձելով զուգահեռներ անցկացնել Լաչինի միջանցքի հետ։ Այս կապակցությամբ պետք է ընդգծել, որ բացի այն, որ Լաչինի միջանցքի գործունեությունը հստակ համաձայնեցված է եռակողմ հայտարարությամբ, այն նաև հանդիսանում է արտաքին աշխարհի հետ Լեռնային Ղարաբաղի կապի ապահովման միակ և կենսական ուղին, առանց որի այն կհայտնվի լիակատար շրջափակման մեջ, ուստի և տեղին չէ որևէ զուգահեռ անցկացնել այդ միջացնքի և Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի հետ կապող տրասպորային երթուղու միջև։
Այս պահին քննարկվում է երկաթուղային կապի ապաշրջափակման հնարավորությունը։ Կարծում եմ սա մեծ հնարավորություններ կարող է ստեղծել նաև Հայաստանի և Իրանի համար։
Ինչպիսի՞ն է Ռուսաստանի դիրքորոշումը՝ Ղարաբաղի և միացման կետերի վերաբերյալ Երևանի և Բաքվի միջև առկա տարաձայնությունների մասին, և ինչու՞ է Հայաստանի ԱԳ նախարարն այս կապակցությամբ պահանջել Մոսկվայի հստակ դիրքորոշումը։
– ՀՀ քաղաքական ղեկավարությունը, մասնավորապես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մեկ անգամ չէ, որ իր ելույթներում կարևորել է Ռուսաստանի Դաշնության դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, այդ թվում նաև՝ ՌԴ խաղաղապահ ուժերի դերը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության ապահովման հարցում։ Միաժամանակ պաշտոնապես հայտարարվել է, որ Հայաստանը պաշտպանում է ռուսական կողմից դեռևս ընթացիկ տարվա օգոստոսին ներկայացված առաջարկները, որոնք կարող են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հետագա բանակցությունների հիմք հանդիսանալ: Հայաստանի Հանրապետությունը նաև առաջարկել է երկարաձգել խաղաղապահ ուժեր ներկայությունը Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև ակնկալում է որ այդ զորակազմը ամբողջ ծավալով կկատարի Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության ապահովմանն ուղղված իր գործառույթները։
Ինչպե՞ս է առաջ ընթանում Թուրքիայի հետ կապերի բնականոն դարձնելը, և արդյո՞ք երկու երկրից մեկն է հյուրընկալելու հաջորդ շրջանի բանակցությունները, թե՞ երրորդ երկիր կա։
– Այս պահին հատուկ ներկայացուցիչների միջև հանդիպման ժամկետների և վայրի վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չկա։ Հետևելով հատուկ ներկայացուցիչների միջև ձեռք բերված պայմանավորվածություններին՝ երկու երկրների ղեկավարների հանձնարարությամբ Հայաստանի և Թուրքիայի համապատասխան աշխատանքային խմբի հանդիպում է տեղի ունեցել հայ-թուրքական սահմանին՝ քննարկելու երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանի բացման և օդային բեռնափոխադրման հաստատման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները։ Այս պայմանավորվածությունների կյանքի կոչումը կարող է նոր լիցք հաղորդել կարգավորման գործընթացին:
Արդյո՞ք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարցերի հետ որևէ կապ ունի Հայաստան-Թուրքիա կապերի բնականոն դարձնելը։
– Կարծում ենք, որ այս երկու գործընթացները առանձին գործընթացներ են և չպետք է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացը պայմանավորել Ադրբեջանի հետ հարաբերություններով։
Ինչպե՞ս եք գնահատում Հարավային Կովկասի զարգացումների ընթացքը, և արդյո՞ք Ադրբեջանի հետ տարաձայնությունները հնարավոր է վերանան մինչև տարեվերջ։
– Մենք համարում ենք, որ խաղաղության հասնելու հիմնական քայլը Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության նկատմամբ ագրեսիվ քայլերի դադարեցումն է և նորմալ բանակցային գործընթացին վերադարձը՝ միտված խաղաղության պայմանագրի կնքման։ Հայկական կողմը առավել քան կառուցողական է եղել այս հարցում, և մշտապես հանդես է եկել իրավիճակը հանգուցալուծելուն ուղղված ճկուն առաջարկություններով։ Այնուհանդերձ պետք է հստակ արձանագրել, որ 2021թ․ մայիսին, 2021թ․ նոյեմբերին և 2022թ․ սեպտեմբերին ադրբեջանական զորքերի՝ Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժման հետևանքով խախտվել է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականությունը, որը պետք է վերականգնվի։ Հատկանշական է, որ 2022թ․ հոկտեմբերի 4-ին Պրահայում կայացած քառակողմ հանդիպման արդյունքում հայտարարություն է ընդունվել, համաձայն որի Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին, փաստաթղթեր, որոնց միջոցով երկու կողմն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, և որոնք հիմք կհանդիսանան սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների, խաղաղության պայմանագրի մշակման համար:
Հայկական կողմն ամենաբարձր մակարդակով բազմիցս հայտարարել է, որ ցանկանում է և պատրաստ է մինչև տարեվերջ կնքելու խաղաղության պայմանագիրը, մնում է, որ ադրբեջանական կողմը ևս քաղաքական կամք դրսևորի այս ուղղությամբ։ Իրական խաղաղության ձգտելու դեպքում հուսանք, որ հնարավոր է հասնել դրական արդյունքի։
23:59 17.07.2025
Մեկական վորքաութ մարզահրապարակի բացման միջոցառումներ՝ Կապան, Ջերմուկ, Ճամբարակ և Բերդ համայնքներումԳործադիրն ընդունել է որոշում, որը կնպաստի հանրության շրջանում վորքաութ մարզահրապարակների քանակի ավելացմանը: Այն հնարավորություն կտա վորքաութով զբաղվելու մշակույթը ինտեգրել համայնքների սոցիալական միջավայրին, որպեսզի մարզումները և սպորտով զբաղվելն ընկալվի որպես առօրյա կյանքի բաղկացուցիչ մաս: Ըստ այդմ՝ նախատեսվում է կազմակերպել մեկական մարզահրապարակի բացման միջոցառումներ Կապան, Ջերմուկ, Ճամբարակ և Բերդ համայնքներում։ Ծրագրի մեկնարկին զուգահեռ կիրականացվի իրազեկող տեսանյութերի նկարահանում […] ...
23:56 17.07.2025
Սոֆիայում անցկացվել է Հայաստան-Բուլղարիա միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստըՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այսօր Սոֆիայում` որպես նիստի համանախագահ, մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի իններորդ նիստին։ «Նիստի բացման իմ խոսքում կարևորել եմ երկու երկրների միջև համագործակցության ուղիների ամրապնդումը` ընդգծելով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պատրաստակամությունը` նախաձեռնություններն իրական ծրագրերի […] ...
23:50 17.07.2025
Շառլ Ազնավուրի արձանի բացման արարողության շրջանակում փակ փողոցներ կլինենԵրևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հուլիսի 18-ին Շառլ Ազնավուրի հրապարակում՝ Մոսկվա կինոթատրոնի դիմաց, մեծանուն արվեստագետ, շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի արձանի պաշտոնական բացման արարողության շրջանակում ժամը 10։00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից մինչև Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկի երթևեկությունը փակ կլինի։ ...
23:47 17.07.2025
Պարոնյան փողոցում ծառի հսկայական ճյուղը կոտրվել և ընկել է կայանված «Hyundai Elantra»-ի վրաՀուլիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:00-ի սահմաններում Պարոնյան փողոցի թիվ 22 շենքի մոտ ծառի հսկայական ճյուղը կոտրվել ու ընկել է բակում կայանված «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայի վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Փրկարարները քաղաքացիների օգնությամբ ծառը հեռացրել են ավտոմեքենայի վրայից։ Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ […] ...
23:42 17.07.2025
Անհետ կորած 13-ամյա աղջիկը հայտնաբերվել էՀուլիսի 17-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ նույն օրը իր 13-ամյա աղջիկը դուրս է եկել տնից և չի վերադարձել։ Համայնքային ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում մի քանի ժամ անց երեխան հայտնաբերվել է և փոխանցվել է ծնողներին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […] ...
23:33 17.07.2025
Սալոմե Զուրաբիշվիլին մեղադրում է իր երկրի իշխանություններին հայ բեռնափոխադրողների նկատմամբ խտրականնության ու Հայաստանը մեկուսացնելու փորձի մեջՀայ-վրացական սահմանային անցակետում հայ բեռնափոխադրողների նկատմամբ խտրական վերաբերմունքը Վրաստանի ներքաղաքական դիսկուրսի թեմա է դարձել: Ընդիմությունը մեղադրում է իշխանությանը Հայաստանի հետ հարաբերությունները վնասելու մեջ: Կոնկրետ ովքե՞ր են այս գնահատականը հնչեցնողները և կա՞ արդյոք ինչ-որ դրական դինամիկա Վրաստանում հայ բեռնափոխադրողների խնդիրների լուծման հարցում: Այս հարցերին «Հորիզոնում» անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում: ...