Արցախի ՄԻՊ-ը ներկայացրել է Լաչինի միջանցքի արգելափակման հումանիտար հետևանքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+27.09 oC

Արցախի ՄԻՊ-ը ներկայացրել է Լաչինի միջանցքի արգելափակման հումանիտար հետևանքները

19:25 14.12.2022

Արցախի Հանրապետության  մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է Լաչինի միջանցքի արգելափակման հումանիտար հետևանքները:

«1. 2022թ. դեկտեմբերի 11-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ, ներկայանալով որպես բնապահպան ակտիվիստներ, շինծու բնապահպանական մտահոգությունների պատրվակով փակել են Արցախը Հայաստանի և աշխարհի հետ կապող միակ ճանապարհը` Լաչինի միջանցքը:

2. Ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ գտնվող ճանապարհը օգտագործվում է միայն մարդկանց և Արցախի խաղաղ բնակչության համար նախատեսված ապրանքների փոխադրման համար: Լաչինի միջանցքի արգելափակումը փաստացի նշանակում է շրջափակում 120 000 բնակչություն ունեցող ամբողջ Արցախի համար: Բացի այդ, ճանապարհի արգելափակման պատճառով Արցախի Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղցահող համայնքները հայտնվել են կատարյալ մեկուսացման մեջ մայրաքաղաք Ստեփանակերտից և ամբողջ Արցախից:
3. Վերջին 10 օրվա ընթացքում սա Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման երկրորդ դեպքն է: 2022 թ. դեկտեմբերի 3-ին մի խումբ ադրբեջանցիներ նույն հորինված բնապահպանական պատրվակներով փակել էին Լաչինի միջանցքը: Ռուսական խաղաղապահ զորակազմի ներգրավմամբ ավելի քան երեք ժամ տևած բանակցությունների արդյունքում ճանապարհը ապաշրջափակվել է:
4. Քանի որ Լաչինի միջանցքը նախևառաջ հումանիտար նշանակություն ունեցող ճանապարհ է արցախահայության կենսապահովման համար, դրա փակումը, թեկուզ կարճ ժամանակով, հղի է անդառնալի և աղետալի մարդասիրական հետևանքներով: Հայաստանի Հանրապետությունից Արցախ է ներկրվում օրական 400 տոննա առաջին անհրաժեշտության ապրանքներ, այդ թվում` հացահատիկ, ալյուր, բանջարեղեն, միրգ, տնտեսական ապրանքներ և այլն: Ներկայումս ամբողջությամբ դադարեցված է սննդի, բժշկական պարագաների և էներգակիրների մատակարարումը դեպի Արցախ:
5. Ձմռան ցուրտ պայմաններում շուրջ 1100 խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ կանայք, ծերեր և 270 երեխաներ, Լաչինի միջանցքում հայտնվել են անորոշ վիճակում` չկարողանալով վերադառնալ Արցախ` իրենց տները և ընտանիքների մոտ: Բացի այն փաստից, որ կտրված են իրենց ընտանիքներից, նրանք նաև զրկված են կրթության իրավունքից:
6. Դեպի Արցախ և Արցախից դուրս տանող միակ ճանապարհի արգելափակումը նաև բժշկական լուրջ ճգնաժամ է ստեղծել Արցախի առողջապահական համակարգի համար: Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնի և Արցախի առողջապահության նախարարության կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ Լաչինի միջանցքի շարունակական խցանման պատճառով Հայաստանի հանրապետական բժշկական կենտրոններում անհետաձգելի բուժում ստանալու և հոսպիտալացնելու կարիք ունեցող ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդների տեղափոխումը անհնարին է դարձել: Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներին և արձանագրել, որ Ադրբեջանի կողմից ներկայումս իրականացվող ահաբեկչական գործողությունների հետևանքով այդ հիվանդների կյանքին մեծ վտանգ է սպառնում:
7. Անհերքելի ապացույցներ կան, որ այդ քարոզարշավը կազմակերպված է Ադրբեջանի իշխանությունների կողմից: Նախ և առաջ, Ադրբեջանի այսպես կոչված «բնապահպանական» քարոզարշավը ուղեկցվում է մի շարք ադրբեջանական լրագրողների կողմից, որոնք ապահովում են ընթացիկ գործողությունների ամբողջական լուսաբանում ուղիղ եթերով: Բացի այդ, լրագրողները անընդհատ սադրում են ռուս խաղաղապահներին և խաթարում նրանց առաքելությունը` փորձելով ներխուժել նրանց դիրքերը և նույնիսկ քաշքշել նրանց: Նրանցից ոմանք, ովքեր ներկայանում են որպես «բնապահպան» ակտիվիստներ, իրականում որոշ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ են, որոնք ֆինանսավորվում են ադրբեջանական իշխանությունների և Ալիևի հիմնադրամի կողմից: Ավելին, ապացույցներ կան, որ ճանապարհը փակողների թվում կան նաև Ադրբեջանի հատուկ ծառայության ներկայացուցիչներ:
8. Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 18:00-ին, ադրբեջանական կողմը միտումնավոր դադարեցրել է գազամատակարարումը Արցախի ողջ տարածքում, ինչը 2022 թ. փետրվար-մարտ ամիսների իրադարձությունների կրկնողությունն է, որը հանգեցնում է մի շարք անբարենպաստ հումանիտար հետևանքների, ինչպիսիք են` 1. գազով ջեռուցվող դպրոցներում ուսումնական գործընթացի խաթարում, 2. գազով ջեռուցվող պետական գերատեսչությունների և կենսական նշանակություն ունեցող հիմնարկների աշխատանքի խաթարում, 3. մարդկանց տները գազով տաքացնելու անհնարինություն, 4. մի շարք տնային տնտեսություններում տաք ջրի բացակայություն, 5. գազով ջեռուցվող հիվանդանոցների աշխատանքի խաթարում, 6. տրանսպորտային միջոցների վառելիքի բացակայություն և այլն:
9. Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ Լաչինի միջանցքի անխափան շահագործումը, որը հիմնականում ծառայում է մարդասիրական նպատակների համար, երաշխավորված է 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությամբ: Եռակողմ հայտարարության 6-րդ հոդվածում մասնավորապես նշվում է. «Լաչինի միջանցքը (5կմ լայնությամբ), որը ապահովելու է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև հաղորդակցությունը և միևնույն ժամանակ շրջանցելու է Շուշի քաղաքը, կմնա Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ»:
Ադրբեջանական կողմը կոպտորեն խախտում է հայտարարության դրույթները և դրանով իսկ չի կատարում իր կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները:
10. Հարկ է նշել նաև, որ բժշկական և հիվանդանոցային բոլոր պարագաների ազատ փոխադրումը երաշխավորված է նաև միջազգային մարդասիրական իրավունքով, մասնավորապես` Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին ժնևյան IV կոնվենցիայով: Լաչինի միջանցքի արգելափակումը կոնվենցիայի ակնհայտ խախտում է:
11. Արցախի շրջափակումը առանձին դրվագ չէ, և այն պետք է դիտարկվի որպես Ադրբեջանի կողմից իրականացվող լայնածավալ և համակարգված քաղաքականության մի մաս, որն ուղղված է արցախցիներին հայրենի հողից իսպառ հեռացնելուն: 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ երաշխավորված հրադադարի հաստատումից ի վեր Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը բազմիցս հայտնել է ադրբեջանական կողմի նմանատիպ սպառնալիքների և սադրանքների կրկնության մասին:
Վերջին երկու տարիների ընթացքում Ադրբեջանը
1. միտումնավոր և բազմիցս հարձակվել է Արցախի ենթակառուցվածքների վրա` նպատակ ունենալով ահաբեկել և վախեցնել Արցախի բնակչությանը,
2. շաբաթներով Արցախի բնակչությանը թողել է առանց գազի և ջրի մատակարարման,
3. խափանել է սեզոնային գյուղատնտեսական աշխատանքները` թիրախավորելով գյուղացիներին,
4. բարձրախոսներով մշտապես հոգեբանական ճնշումների է ենթարկել իրենց դիրքերի մոտակայքում գտնվող հայկական համայնքների բնակիչներին,
5. փորձել է ապատեղեկատվություն և խուճապ տարածել մարդկանց շրջանում` կիբեռհարձակումներ իրականացնելով Արցախի պետական տեղեկատվական ռեսուրսների վրա:
12. Ադրբեջանի այս անսահման պահվածքի հիմնական պատճառը միջազգային հանրության և դրա դերակատարների պատշաճ արձագանքի բացակայությունն է:
Միջազգային հանրությունը պետք է անհապաղորեն միաձայն և միանշանակ դիրքորոշում ընդունի, ինչպես նաև ձեռնարկի հասցեական գործողություններ` դատապարտելու, պատժելու և կանխարգելելու Ադրբեջանին շարունակ գործել բացարձակապես անպատժելիության զգացումով և հասնել իր վերջնական նպատակին` Արցախի ժողովրդի բնաջնջմանը»։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավտոբուսների վարորդները դասընթացներ են անցնելու

13:50 19.05.2025

Ավտոբուսների վարորդները դասընթացներ են անցնելու

«Երևանի ավտոբուս» ընկերության աշխատակազմը համալրվել է հրահանգիչով և վարորդ-հրահանգիչով, որոնց հիմնական գործառույթը լինելու է վարորդների հետ դասընթացների անցկացումը գործնական և տեսական մակարդակում։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Գործընթացը կրելու է շարունակական բնույթ ինչպես նոր ընդունվող վարորդների, այնպես էլ արդեն աշխատող վարորդների համար։ ...

ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրման մասին

13:44 19.05.2025

ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրման մասին

ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրման մասին․ «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի  թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Լուսինե Աբգարյանի, Արմեն Դանիելյանի եւ Նելլի Բաղդասարյանի թեկնածությունները»: ...

Ալկարասը հաղթել է Սիներին և նվաճել Հռոմի «Մասթերսի» գավաթը

13:38 19.05.2025

Ալկարասը հաղթել է Սիներին և նվաճել Հռոմի «Մասթերսի» գավաթը

Աշխարհի երրորդ ռակետ Կառլոս Ալկարասը նվաճել է Հռոմի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի գավաթը։ Իսպանացի թենիսիստը մրցաշարի եզրափակչում 7-6, 6-1 հաշվով հաղթել է աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիներին։ 22-ամյա Ալկարասը կարիերայի 19-րդ մրցաշարն է հաղթել, ATP-ի դասակարգման աղյուսակում վաստակել 1000 միավոր և թարմացումից հետո դարձել աշխարհի երկրորդ ռակետը։ ...

Մշտադիտարկման այցեր Արագածոտնի և Արմավիրի մարզերի մի շարք  հուշարձաններ

13:30 19.05.2025

Մշտադիտարկման այցեր Արագածոտնի և Արմավիրի մարզերի մի շարք հուշարձաններ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության միջոցներով վերականգնման աշխատանքներ են կատարվում Արագածոտնի մարզի «Ագարակ» պատմամշակութային արգելոցում, Փարպիի Ծիրանավոր, Բյուրականի Սբ Հովհաննես և Արմավիրի մարզի Թարգմանչաց եկեղեցիներում: Կատարվող աշխատանքների վերահսկողության նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության մասնագետներն այցելել են նշված տարածքներ։ «Ագարակ» պատմամշակութային արգելոցում շարունակվում են վաղբրոնզեդարյան կացարանների […] ...

Մայիսի 24-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

13:22 19.05.2025

Մայիսի 24-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երևանում մայիսի19-ի ցերեկը, 20-ին, 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 21-ի երեկոյան հնարավոր է, 24-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։ ​​ Մարզերում մայիսի 19-ի ցերեկը, 20-21-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 24-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 22-23-ին սպասվում է առանց տեղումների […] ...

«Բարսելոնան» ստացել է Լա լիգայի չեմպիոնական գավաթը

13:15 19.05.2025

«Բարսելոնան» ստացել է Լա լիգայի չեմպիոնական գավաթը

«Վիլյառեալի» դեմ 37-րդ տուրի հանդիպումից (2-3) հետո «Բարսելոնան» ստացել է Իսպանիայի Լա լիգայի չեմպիոնական գավաթը։ «Բարսելոնան» 36-րդ տուրում մրցակցի դաշտում «Էսպանյոլին» 2-0 հաշվով հաղթելուց հետո էր դարձել երկրի չեմպիոն։ Սա կատալոնական ակումբի 28-րդ չեմպիոնությունն է։ ...

BACK_TO_TOP