Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպել է ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+17.09 oC

Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպել է ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչներին

21:21 24.09.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ` Նյու Յորք: Կառավարության ղեկավարը սեպտեմբերի 23-ի երեկոյան հանդիպում է ունեցել Նյու Յորքի, ինչպես նաև ԱՄՆ համայնքային կառույցների, հայկական կազմակերպությունների բազմաթիվ ներկայացուցիչների հետ:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նրանց ջերմ ընդունելության համար և նշել, որ շատերին Հայաստանում արդեն իսկ հանդիպել է և հույս հայտնել, որ նրանք կվկայեն` հայրենիքում այսօր տիրում է բոլորովին այլ տրամադրություն, այլ մթնոլորտ:

«Երկու օր առաջ նշվեց Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձը: Անկախության տոնակատարությունների այդպիսի տոնական մթնոլորտ ՀՀ-ում անկախության հանրաքվեից ի վեր հաստատված չէր: Այդ տրամադրությունն, ըստ էության, այսօր հաստատվեց ևս մի փաստով: Տեղյակ եք, որ այսօր տեղի են ունեցել Երևանի ավագանու ընտրությունները և հիմա արդեն տվյալների 99 տոկոսն ամփոփված են, «Իմ քայլը» դաշինքն այդ ընտրություններում, որոնք անցել են բացարձակ արդար, ազատ, թափանցիկ պայմաններում, ստացել է ընտրողների 81 տոկոս ձայները: Սա նշանակում է, որ սին են բոլոր այն պնդումները, խոսակցությունները, որոնք հիշատակում են ինչ-որ ուժերի, որոնք կարող են հակահեղափոխություն անել: Դա հնարավոր չէ և այսօր դա արձանագրվեց նաև ընտրությունների արդյունքներով»,- նշել է վարչապետը` ավելացնելով, որ միակ բանը, որ այլևս հնարավոր է Հայաստանում` դա օրինականությունն է, ժողովրդավարությունը, անկախ դատական համակարգը, ազատ տնտեսական մրցակցությունը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ի տարբերություն երկար տարիների, այսօր ՀՀ-ում չկան մենաշնորհներ, չկան մարդիկ, ովքեր արտոնյալ են օրենքի առաջ:

«Կան բազմաթիվ խնդիրներ, որոնք կառավարության լուծելու առաջնահերթությունների թվում են. դրանք արտաքին քաղաքական են, տնտեսական, իրավական և այլն: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը երկու օր առաջ իր առաջին վճիռը հրապարակեց 2008 թվականի մարտի 1-2-ի դեպքերի գործերի հետ կապված, և ինչպես պնդում են իրավաբանները, այդ վճռի իրավական նշանակությունը հետևյալն է, որ մարտի 1-ին և դրանից հետո Հայաստանի ողջ դատական համակարգը գործել է ապօրինի, որը ՄԻԵԴ-ի պնդումն է, որի անկախությունը և անաչառությունը որևէ կասկած չի թողնում: Սա նշանակում է, որ այն, ինչի մասին խոսում էի օգոստոսի 17-ի հանրահավաքին, խոսքը դատական համակարգի խնդիրների մասին է, հաստատվեց նաև ՄԻԵԴ դատավճռով»,- ասել է կառավարության ղեկավարը:

Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանն այսօր մեծ մարտահրավերներ ունի, որոնց լուծման գործում հույս է կապում նաև սփյուռքի հետ:

«Հայաստանի զարգացման մոդելի առանցքային փոփոխությունը հետևյալն է. Հայաստանում կային մարդիկ, ովքեր բոլորից պահանջում էին ինչ-որ բան անել: Հեղափոխությունը եղավ, երբ մարդիկ արձանագրեցին, որ ինչ-որ բան պետք է անի մեզնից յուրաքանչյուրը: Հեղափոխության առանցքային իմաստն այն է, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ինչ-որ պահի զգաց իր դիրքորոշման շրջադարձային ուժը, զգաց, որ դա է Հայաստանի այսօրն ու ապագան որոշելու ճանապարհը: Ամենևին էական չէ, թե ով կլինի ՀՀ վարչապետի կարգավիճակում՝ ես կամ որևէ մեկը, ամենակարևորն այն է, որ այսօր այլևս միայն ՀՀ քաղաքացին է ազատ, արդար, թափանցիկ, ժողովրդավարական ընտրություններով որոշելու, թե ով պետք է լինի իշխանություն, ով` ընդդիմություն, ով լինի պատգամավոր և ով` ոչ: Սա ամենակարևոր փոփոխությունն է, որը որևէ պարագայում չի փոփոխվի: Կարող է տարօրինակ թվալ, որ իշխող քաղաքական ուժը Երևանի ավագանու ընտրություններում ստանում է այդքան ձայն, բայց բոլորդ գիտեք, որ այս ընտրություններին առանձնահատուկ քաղաքական կոնտեքստ էր հաղորդվել. ես խնդրել էի այս ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի օգտին քվեարկելով քվեարկել նաև Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների օգտին կամ ընդդեմ դրա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ առաջիկայում բանակցություններ կհրավիրի խորհրդարանական և ոչ խորհրդարանական քաղաքական ուժերի հետ` քննարկելու խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակացույցն ու պայմանները:

«Կար տրամադրություն, որ դրանք անցկացվեն մինչ հաջորդ տարվա հունիս, բայց այն սպասողական վիճակը, որ ունեն պոտենցիալ ներդրողները, որոնց հարկավոր են երկարաժամկետ քաղաքական արձանագրումներ, ինչպես նաև տնտեսական միջավայրը բարենապաստ դարձնելու համար, ընտրությունները պետք է անցկացնենք ավելի վաղ, որպեսզի առավել շուտ սկսենք տնտեսության վերականգնման ընթացքը: Այսօր մեր տնտեսության կառուցվածքը որևէ լավատեսության հիմք չի տալիս, և այն պետք է փոխենք: Այսօր այն բաղկացած է երեք հիմնական ճյուղից. մեկը գյուղատնտեսությունն է, որը ժամանակակից պայմաններին չի բավարարում, մյուսը` հանքարդյունաբերությունը, որն ազգային հարստության վաճառք է նշանակում, մյուսը խաղադրույքների ոլորտն է: Հուլիսին մեր տնտեսությունը ակտիվության երկնիշ ցուցանիշ էր արձանագրել. դրա պատճառը ֆուտբոլի աշխարհի առաջնությունն էր: Այս կառուցվածքը մեզ ձեռնտու չէ, և մենք ուզում ենք Հայաստանն ագրարային, հանքարդյունաբերական, խաղադրույքներ կատարող երկրից վերածել բարձր տեխնոլոգիական երկրի, որը մեր ամենակարևոր հրամայականն է, ինչը բխում է մեր անվտանգային միջավայրից: Մեր կառավարությունը 4 ամսում արել է իրենից կախվածը` երկրում իրավիճակը կայուն պահելու համար, որովհետև հետհեղափոխական շրջանի ամենակարևոր մարտահրավերը հենց դա է, ինչը հաջողվել է մեզ: Այսօր մեր ամենակարևոր խնդիրը նոր ներդրումներ ներգրավելն է: Այդ նպատակով գնում ենք հարկային օրենսգրքի բարեփոխումների, անկախ դատական համակարգի հաստատմանը, քաղաքական կայուն վիճակի պահպանմանը, ինչի համար պետք է մոտ ժամանակներս անցկացնենք արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներով բոլորին ակնհայտ է, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններն անխուսափելի են, և դրանք պետք է հնարավորինս շուտ տեղի ունենան»,- ընդգծել է վարչապետը:

Գործադիրի ղեկավարը հավելել է, որ Հայաստանում այսօր մենաշնորհներն ու կոռուպցիան հաղթահարված են, ավագանու ընտրություններն անցել են առանց կոռուպցիայի, թաղային, քրեական հեղինակությունների միջամտության:

«ՀՀ քաղաքացիները հնարավորություն են ունեցել քվեարկել նրա օգտին, որին ցանկանում են, և ի վերջո նրանք քվեարկել են հեղափոխության, արտահերթ խորհրդարանական ընտրությունների, ազատ և երջանիկ Հայաստանի օգտին: Այսօր փողն ընտրությունների արդյունքների վրա չունի որևէ ազդեցություն, կստեղծենք գործիքներ, որ փողը քաղաքականության մեջ օգտագործվի ոչ թե ձայն գնելու, այլ ասելիքն ավելի հասանելի դարձնելու համար»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով Հայաստան-Սփյուռք հարաբերություններին` վարչապետը նշել է, որ դրանց համատեքստում պետք է խրախուսվի ոչ թե բարեգործությունը, այլ աշխատանքը:

«Հայությունը կարող է Հայաստանին աջակցել ընդամենը մի տարբերակով` Հայաստանում ծավալել տնտեսական գործունեություն, հիմնադրել որևէ բիզնես և աշխատել: Այսօր Հայաստանի ընկալումը հետևյալն է. այն մի երկիր է, որտեղ կարելի է ծավալել տնտեսական գործունեություն, բիզնես հիմնադրել, շահույթ ստանալ, հարստանալ և հարստացնել: Մեր ուղերձը բոլորին հետևյալն է. հարստացեք և հարստացրեք: Մենք ուզում ենք, որ Հայաստանն ընկալվի այդպիսի երկիր, Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր, այնպիսին, ինչպիսին նաև «Թումո» կենտրոնն է, որը դարձել է ժամանակակից Հայաստանի ամենակարևոր կենտրոններից մեկը: Հույս ունենք, որ Հայաստանում կստեղծվեն նորանոր միջազգային բրենդներ, որոնք կփոխեն պետության և հայ ժողովրդի ճակատագիրը ռազամավարական առումով: Գոյատևող Հայաստանի ժամանակն ավարտվել է, եկել է զարգացող Հայաստանի ժամանակը: Հայաստան-Արցախ-Սփյուռք հարաբերություններին պետք է վերաբերվենք որպես մեկ միասնական օրգանիզմ»,– ասել է կառավարության ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանն ի պատասխան հնչեցված հարցի` անդրադարձել է նաև Հայաստանի արտաքին քաղաքականությանը:

 «Մենք պատրաստվում ենք զարգացնել հարաբերությունները բոլոր միջազգային գործընկերների հետ, բայց չենք պատրաստվում դա անել մեկ այլ գործընկերոջ հետ հարաբերությունների հաշվին: Փորձելու ենք ՌԴ-ի, ԵԱՏՄ գործընկերների, Իրանի, Վրաստանի, ԵՄ-ի ու ԱՄՆ-ի հետ հարաբերությունները բարձրացնել նոր մակարդակի: Այդ հարաբերություններում պետք է լինենք ավելի վստահ, ինքնիշխան պետությանը հատուկ մոտեցումներով, իսկ արտաքին քաղաքականությունը վարենք ազգային շահերը սպասարկելու, այլ ոչ թե իշխանությունը պահպանելու անհրաժեշտությունից ելնելով»,– շեշտել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ամերիկահայերի մի շարք այլ հարցերի, որոնք վերաբերել են Հայաստանում խոսքի ազատությանը, զանգվածային լրատվական միջոցների ազատ գործունեությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, անկախ դատական համակարգի ապահովմանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեությանը, կրթության, թեթև արդյունաբերության, բանկային համակարգի զարգացմանը և այլ թեմաների:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Չեխիայի նախագահը Պրահայում կընդունի Զելենսկիին. Irozhlas

22:49 04.05.2025

Չեխիայի նախագահը Պրահայում կընդունի Զելենսկիին. Irozhlas

Չեխիայի նախագահ Պետր Պավելը Պրահայի ամրոցում կընդունի Վլադիմիր Զելենսկիին։ Այս մասին հայտնում է Irozhlas լրատվական պորտալը։ Զելենսկիի ինքնաթիռը վայրէջք է կատարել Պրահայի Վացլավ Հավելի միջազգային օդանավակայանում։ Այցը, ըստ պորտալի, տեղի է ունենում անվտանգության առավելագույն միջոցների պահպանմամբ։ Չեխական ԶԼՄ-ները հայտնում են, որ ենթադրվում է, որ Զելենսկին աջակցություն է փնտրում Ուկրաինայում առնվազն մեկ ամսով հրադադար հայտարարելու իր […] ...

NYT. Կիևը կարող է լրացուցիչ Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր ստանալ Իսրայելից և Եվրոպայից

22:29 04.05.2025

NYT. Կիևը կարող է լրացուցիչ Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր ստանալ Իսրայելից և Եվրոպայից

Ուկրաինան կարող է լրացուցիչ հակաօդային պաշտպանության համակարգեր ստանալ՝ Իսրայելից և Եվրոպայից Patriot համակարգերի տեղափոխմամբ։ Այս մասին հայտնում է New York Times-ը (NYT)՝ վկայակոչելով աղբյուրներy։ Հրատարակության համաձայն՝ մեկ համակարգ արդեն պատրաստվում է վերանորոգումից հետո առաքման համար։ Բացի այդ, Գերմանիան և Հունաստանը քննարկում են մեկ այլ համալիրի տեղափոխման հարցը։ Աղբյուրները չեն հստակեցրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումը […] ...

AP. Պորտուգալիայի իշխանությունները մտադիր են վտարել 18 հազար անօրինական միգրանտների

22:10 04.05.2025

AP. Պորտուգալիայի իշխանությունները մտադիր են վտարել 18 հազար անօրինական միգրանտների

Պորտուգալիայի կառավարությունը նախատեսում է արտաքսել երկրում առանց օրինական հիմքերի ապրող 18 հազար օտարերկրացու։ Այս մասին հայտնում է Associated Press (AP) գործակալությունը՝ վկայակոչելով կառավարությունում նախարարի պատվիրակ Անտոնիո Լեյտաո Ամարուին։ Նրա խոսքով՝ երկրի իշխանությունները նախնական հրամաններ կուղարկեն օտարերկրացիներին՝ պահանջելով 20 օրվա ընթացքում կամովին լքել Պորտուգալիան։ Ծանուցումները կսկսեն ուղարկել հաջորդ շաբաթ, առաջին փուլում դրանք կստանա 4,5 հազար մարդ։ ...

«Երևանի քաղաքապետի գավաթ» վոլեյբոլի առաջնության մրցաշարին մասնակցել է 6 երկրի 108 մարզիկ

21:55 04.05.2025

«Երևանի քաղաքապետի գավաթ» վոլեյբոլի առաջնության մրցաշարին մասնակցել է 6 երկրի 108 մարզիկ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ ««Երևանի քաղաքապետի գավաթ» վոլեյբոլի առաջնության միջազգային մրցաշարին մասնակցել է 6 երկրի 108 մարզիկ: Երևանի քաղաքապետարանը մեծ ուշադրություն է դարձնում տարբեր մարզաձևերի մասսայականացման գործընթացին. գործընթաց, որը նպաստում է մեր համայնքում սպորտի զարգացմանը և առողջ ապրելակերպի խթանմանը: Մենք համոզված ենք, որ «Երևանի քաղաքապետի գավաթ» վոլեյբոլի առաջնությունը կդառնա հիշարժան […] ...

Նեթանյահուն վստահեցրել է, որ Իսրայելը Գազայում բացարձակ հաղթանակի կհասնի

21:50 04.05.2025

Նեթանյահուն վստահեցրել է, որ Իսրայելը Գազայում բացարձակ հաղթանակի կհասնի

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նշել է, որ Իսրայելը բացարձակ հաղթանակի կհասնի Գազայի հատվածում արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման դեմ պատերազմում։ «Իսրայելը պատերազմը չի ավարտել։ Մենք Գազայում կհասնենք բացարձակ հաղթանակի։ Մենք դրանից ոչ մի րոպե չենք հրաժարվի և կիրականացնենք այս գործողությունը մեր շատ հզոր բանակի հետ։ Գազայի հատվածում ինտենսիվ մարտեր են ընթանում։ Իսրայելը «աշխատում է կարգավորման պլանի վրա» […] ...

Կուբայի նախագահը մեկնել է Ռուսաստան՝ Հաղթանակի 80-ամյակի առթիվ

21:28 04.05.2025

Կուբայի նախագահը մեկնել է Ռուսաստան՝ Հաղթանակի 80-ամյակի առթիվ

Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը հայտարարել է, որ մեկնում է Ռուսաստան՝ մասնակցելու Հաղթանակի 80-ամյակի և երկու երկրների միջև դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնման 65-ամյակի տոնակատարություններին։ «Մի քանի ժամից մենք կլինենք սիրելի Ռուսաստանում՝ մասնակցելու ֆաշիզմի դեմ հաղթանակի 80-ամյակի և մեր երկու երկրների միջև դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնման 65-ամյակի տոնակատարություններին։ Կուբան մայիսի 9-ին ներկա կլինի Կարմիր հրապարակում։ Դա պատիվ է»,- գրել […] ...

BACK_TO_TOP