Երիտասարդական միջավայրի և դպրոցներում անվտանգության ապահովման ստանդարտների մշակման հարցերը՝ ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի նիստի օրակարգում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+26.09 oC

Երիտասարդական միջավայրի և դպրոցներում անվտանգության ապահովման ստանդարտների մշակման հարցերը՝ ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի նիստի օրակարգում

14:57 26.06.2025

ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, նախարար Ժաննա Անդրեասյանը: Նիստի օրակարգում ներառված էր երկու հարց՝ «Երիտասարդական կենտրոնների/տարածքների մեթոդաբանություն» և «Դպրոցներում անվտանգության ապահովման ստանդարտների մշակում»:

Ողջունելով խորհրդի անդամներին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել վերջիններիս ակտիվ համագործակցության և շահագրգիռ քննարկումների համար. «Կարծում եմ՝ ԿԳՄՍ նախարարության պարագայում հասարակական խորհուրդն ավելի քան արդարացրել է իր գործունեությունը, և ձեր մասնակցությունը ռազմավարական որոշումների քննարկմանը մեզ համար շատ կարևոր է»: Անդրադառնալով օրակարգի առաջին՝ «Երիտասարդական կենտրոնների/տարածքների մեթոդաբանություն» հարցին՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ երիտասարդական քաղաքականության ոլորտում նախարարությունն իրապես մասնակցային քաղաքականություն է վարում, և հասարակական կազմակերպություններն և կառույցները դիտարկվում են՝ որպես համահավասար գործընկերներ. «Դրա վառ օրինակը «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքն է, որը մշակվել է համատեղ ջանքերով: Այս առումով այն դարձել է ուսանելի փորձ, և տարբեր միջազգային գործընկերներ մեզ դիմում են՝ ՀՀ փորձն ուսումնասիրելու նպատակով: Սա իսկապես ուրախալի է, քանի որ գործընկերության այս որակն է նաև, որ թույլ է տվել նման արդյունք ունենալ: Երիտասարդական կենտրոնների քաղաքականությամբ շատ կարևոր խնդիր ենք փորձում հասցեագրել՝ ՀՀ կառավարությունը մարզերում նախևառաջ տարածքային համաչափ զարգացման քաղաքականություն է վարում, և այդպիսի միջավայրերի ձևավորումն առաջին հերթին դառնում է երիտասարդների կարողությունների զարգացման, նրանց համախմբման, տարաբնույթ ծառայություններից ու ծրագրերից օգտվելու գործոն: Կան բնակավայրեր, որտեղ ձևավորված երիտասարդական կենտրոնները, ցավոք, գրեթե միակ հնարավորությունն են երիտասարդների համար որպես հանրային միջավայր՝ միասին որոշակի գաղափարներ քննարկելու: Մեր շատ բնակավայրեր զերծ են այդ հնարավորությունից, և երիտասարդական կենտրոնների քաղաքականությունը միտված է նաև լրացնելու այդ բացը: Ուրախ եմ, որ այսօր ունենք հնարավորություն ներկայացնելու մեր անելիքներն այս ուղղությամբ և լսելու ձեր կարծիքներն ու առաջարկները»,-նշել է նախարարը:

Անդրադառնալով օրակարգի երկրորդ հարցին՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ դպրոցներում անվտանգության ապահովման ստանդարտների հարցը տևական ժամանակ քննարկվել է, ուսումնասիրվել է նաև միջազգային փորձը. «Փորձել ենք հասկանալ, թե ինչ է առհասարակ նշանակում անվտանգությունը դպրոցներում, և ինչ հիմնական բաղադրիչներ այն ունի: Խոսքը թե՛ ֆիզիկական անվտանգության, թե՛ ընդհանուր առմամբ դպրոցներում ապահով միջավայրի ձևավորման մասին է: Այս հարցում, իհարկե, մոտեցումը չի կարող միատեսակ լինել, որովհետև, օրինակ՝ բոլորովին այլ խնդիրներ ունենք, երբ խոսում ենք մեծաթիվ աշակերտներ ունեցող դպրոցների կամ ավագ դպրոցների մասին, որտեղ համախմբված են դեռահասության տարիքում գտնվող մեծ թվով պատանիներ: Այլ է խնդիրը, երբ խոսում ենք փոքր դպրոցների մասին, որոնք տեղակայված են ավելի մեկուսացված բնակավայրերում, իսկ մեկ այլ անվտանգության հարց է, երբ դպրոցը, օրինակ՝ տեղակայված է փողոցների բանուկ հատվածներում: Իրականում անվտանգության խնդիրը բազմաշերտ երևույթ է՝ տարբեր բաղադրիչներով»,-նշել է նախարարը՝ ընդգծելով, որ նախատեսվում է հաստատել դպրոցների անվտանգության ստանդարտներ և դրանց համեմատ՝ քարտեզագրել դպրոցների խնդիրները և սահմանել լուծման ճանապարհները: «Սա նաև միջգերատեսչական աշխատանք է. ոստիկանության բարեփոխումների գործընթացում ձևավորվել է համայնքային ոստիկանություն, որը, կարծում եմ, դպրոցների անվտանգության ստանդարտի կարևոր մաս պետք է լինի: Հատկապես վերջին շրջանում դպրոցներում տեղի ունեցած մի քանի միջադեպեր վկայում են նման ստանդարտների հրատապության մասին, հետևաբար ցանկանում ենք նաև հասարակական խորհրդում այս հարցը քննարկել և լսել ձեր կարծիքներն ու առաջարկները»,-նշել է նախարարը՝ ներկաներին մաղթելով շահագրգիռ քննարկում:

Օրակարգի առաջին հարցը ներկայացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը՝ նշելով, որ երիտասարդական միջավայրի ուղեցույցի մշակումը բխում է «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի տրամաբանությունից և դրա կիրարկումն ապահովող միջոցառումների ծրագրից: «Դեռևս 2022 թվականին նախարարի հրամանով հաստատվել էր երիտասարդական միջավայրի մասին ուղեցույցը, որտեղ սահմանվել էր երիտասարդական կենտրոնների գործունեության շրջանակը: Նշվել էր, որ դրանք պետք է ապահովեն երիտասարդների կարողությունների զարգացումը, ակտիվ քաղաքացիական կեցվածքը և դիրքորոշումը, ինտելեկտուալ ժամանցի անցկացումը, ինչպես նաև հանդիսանան տեղեկատվական հարթակներ՝ ոչ միայն ԿԳՄՍՆ, այլ տարբեր այլ գերատեսչությունների և տեղական ու միջազգային կառույցների ներկայացրած ծրագրերը հանրությանն արդյունավետ ներկայացնելու և այդ ծրագրերի առաջնային շահառուներ դառնալու տեսանկյունից: Կարևոր է, որ համայնքները ձևավորեն երիտասարդական կենտրոններ՝ գործընկերների հետ համագործակցությամբ կամ նպաստեն դրանց հիմնմանը: Հուսով եմ, որ երիտասարդական կենտրոնները տարեցտարի կբարձրացնեն իրենց գործունեության արդյունավետությունը, որին էլ միտված նաև երիտասարդական միջավայրի ուղեցույցի նոր տարբերակի մշակումը»,-նշել է նախարարի տեղակալը՝ շնորհակալություն հայտնելով հասարակական սեկտորի ներկայացուցիչներին՝ ի դեմս Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի, նոր ուղեցույցի մշակման աշխատանքների համար:

Որպես նշյալ հարցի համազեկուցող՝ հանդես է եկել նաև Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի խորհրդի նախագահ Արթուր Նաջարյանը: Ներկայացնելով երիտասարդական միջավայրի ուղեցույցի նախագիծը՝ նա նշել է, որ ուղեցույցի նպատակն է ապահովել հստակ ու միասնական մոտեցում՝ երիտասարդական միջավայրի ընդհանուր նկարագրի և գործառույթների վերաբերյալ, ինչպես նաև ծառայել որպես մեթոդական ուղեցույց՝ երիտասարդական կենտրոնների և տարածքների գործունեության արդյունավետ կազմակերպման և դրանց կողմից մատուցվող ծառայությունների շարունակականության ապահովման համար։

Ըստ բանախոսի՝ ուղեցույցի մշակման հիմք են հանդիսացել ոլորտային փաստաթղթերի ու նյութերի ուսումնասիրությունը, տեղական ու միջազգային, ինչպես նաև հայաստանյան երիտասարդական տարբեր կազմակերպությունների փորձի և տարածքների գործունեության դիտարկումները, ինչպես նաև 2022 թվականին հաստատված ԿԳՄՍՆ համանման ուղեցույցը:

Ուղեցույցում ներկայացված են երիտասարդական միջավայրի հնարավոր գործառույթները, այն է՝ երիտասարդական կենտրոն և երիտասարդական տարածք: Ըստ այդմ՝ երիտասարդական կենտրոնն իրականացնում է շահառուների իրազեկվածության մակարդակի բարձրացում, խորհրդատվություն և ուղղորդում, կարողությունների բացահայտում ու շարունակական անձնային զարգացում, ինտելեկտուալ ժամանցի կազմակերպում, ինչպես նաև կենտրոնի տարածքից, նյութատեխնիկական ու կրթական միջոցներից օգտվելու հնարավորության տրամադրում։ Երիտասարդական տարածքն ապահովում է երիտասարդների գաղափարների, նախաձեռնությունների իրականացման, նրանց ինքնազարգացման և ժամանցի համար միջավայրի ապահովում, երիտասարդական ծրագրերի, միջոցառումների անցկացում, ինչպես նաև տարածքի, նյութատեխնիկական ու կրթական միջոցների ապահովում։ Արթուր Նաջարյանը ներկայացրել է նաև ուղեցույցով սահմանված երիտասարդական միջավայրի նյութատեխնիկական և մարդկային ռեսուրսները:

Օրակարգի երկրորդ հարցը՝ «Դպրոցներում անվտանգության ապահովման ստանդարտների մշակում», ներկայացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Նրա խոսքով՝ վերջերս դպրոցներում տեղի ունեցած մի շարք միջադեպեր հերթական անգամ նախարարության ուշադրությունը սևեռել են ուսումնական հաստատություններում անվտանգ միջավայրի ապահովման հարցի վրա. «Այս տարվա ընթացքում այդ ուղղությամբ որոշակի նախապատրաստական աշխատանքներ են իրականացվել. նախ՝ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի նախագծում լիազորող նորմ ենք դրել, որով պետք է սահմանվեն դպրոցներում անվտանգության չափանիշները: Այնուհետև, մեր համապատասխան կառույցներին հանձնարարվել է մշակել բռնությունների կանխարգելման և դրանց դեպքում արձագանքման վերաբերյալ վերապատրաստման դասընթացներ և ուղեցույցներ: Դրանք արդեն մշակվել են և տրամադրվել դպրոցներին: Հաջորդ տարի նախատեսում ենք հայտարարել անվտանգ և ապահով կրթության տարի, որի շրջանակում մի շարք գործընթացներ ենք պատրաստվում իրականացվել՝ սկսած մեթոդական ուղեցույցների տրամադրումից, որը կվերաբերի մի քանի ուղղություններով անվտանգության ապահովմանը, այդ թվում՝ ենթակառուցվածքների, ինչպես նաև ճգնաժամային կամ արտակարգ իրավիճակներում ապահովությանը: Տարվա խորհրդին համապատասխան՝ նախատեսվում է ամեն ամիս իրականացնել հանրային մեկ միջոցառում և արշավ՝ բարձրացնելու նաև հանրային իրազեկման մակարդակը»:

Փոխնախարարը կարևորել է նաև դպրոցի պատասխանատվության հարցը. սեպտեմբերին դպրոցներին կտրամադրվեն ուղեցույցներ և ընթացակարգեր՝ ինչպես արագ արձագանքել դպրոցներում և ընտանիքներում տեղի ունեցած բռնություններին և ինչ քայլեր ձեռնարկել: «Զուգահեռ՝ այդ երկու ուղղություններով մշակվել է դասընթացների սխեմա, որով Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը վերապատրաստումներ կիրականացնի ՏՄԱԿ-ների համար, իսկ վերջիններս՝ բոլոր դպրոցների փոխտնօրենների համար: Նախատեսում ենք առաջին կիսամյակում դրանք իրականացնել դպրոցներում, իսկ երկրորդ կիսամյակում՝ նաև նախադպրոցական ուսհաստատություններում: Ներկայում քննարկում ենք նաև մեծաթիվ սովորողներ ունեցող դպրոցների մուտքի սահմանափակման հնարավորության, տարածքի հստակ առանձնացման և այլ հարցեր: Հուսով ենք, որ վերոնշյալ աշխատանքների և համապատասխան իրավակարգավորումների ընդունման դեպքում ուսումնական հաստատություններում կունենանք ավելի ապահով և անվտանգ միջավայր»,-նշել է նա:

Զեկույցներից հետո խորհրդի անդամները մի շարք հարցեր են ուղղել հիմնական զեկուցողներին: Մասնավորապես՝ օրակարգի առաջին հարցի վերաբերյալ դիտարկումները վերաբերել են երիտասարդական կենտրոնների ուղեցույցի մշակման հարցում միջազգային փորձի ուսումնասիրության, նշյալ կենտրոնների տարածքի հաստակ բաշխման, տարածքի պատասխանատուի և գրադարանավարի առկայության, ծրագրի շարունակականության ապահովման և մշակութային հաստատությունների հետ համագործակցության խնդիրներին: Օրակարգի երկրորդ հարցի վերաբերյալ հասարակական խորհրդի անդամներին հետաքրքրել են դպրոցների ենթակառուցվածքների անվտանգության ապահովման, անձնակազմի պատասխանատվության, դասագրքերում անվտանգության կանոնների սահմանման, բուլինգի, այդ թվում՝ կիբերբուլինգի դեմ պայքարի, մեդիագրագիտության բարձրացման, դասղեկների դերի և երեխաների պատասխանատվության վերաբերյալ հարցերը:

Նիստի ավարտին նախարարի տեղակալները շնորհակալություն են հայտնել շահագրգիռ քննարկման համար՝ նշելով, որ բոլոր դիտարկումները հավելյալ կքննարկվեն և, ըստ անհրաժեշտության, հաշվի կառնվեն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշար

22:31 26.06.2025

Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշար

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարի մրցումային առաջին օրը բռնցքամարտի Հայաստանի 6 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով։ Իրենց մրցակիցներին հաղթել են Բարեղամ Հարությունյանը (50 կգ), Դավիթ Եգորյանը (55 կգ), Ժիրայր Սարգսյանը (60 կգ), Արթուր Շախպազյանը (65 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ)։ Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ են դուրս եկել նաև […] ...

Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակը

22:15 26.06.2025

Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակը

Հունիսի 26-ին, ժամը 17:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի մոտակա լողափում երկու քաղաքացի թիանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը: Ջրափրկարարները մոտ 3,5 կմ հեռավորությունից ափ են դուրս […] ...

SHANTNEWS

22:00 26.06.2025

SHANTNEWS

Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի

21:57 26.06.2025

Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Բուզանդի փ. 1 շենք, Ֆիրդուսի փ. 52-80 առանձնատներ, Չայկովսկու փ. 15, 30, 34 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, Առևտրաարդյունաբերական պալատ, «Լամաքս Գրուպ» ՍՊԸ, […] ...

Պյանիչը հեռացել է Մոսկվայի ԲԿՄԱ-ից

21:45 26.06.2025

Պյանիչը հեռացել է Մոսկվայի ԲԿՄԱ-ից

Անվանի կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը հեռացել է Մոսկվայի ԲԿՄԱ-ից։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Բոսնիացի ֆուտբոլիստի հետ ԲԿՄԱ-ի կազմը լքել է նաև մեկ այլ կիսապաշտպան Ռիֆատ Ժեմալետդինովը։ Պյանիչը ԲԿՄԱ էր տեղափոխվել 2024 թ. սեպտեմբերին։ ...

Հայաստանը թվային զարգացումը համարում է կայուն աճի հիմնական ուղղություններից մեկը. վարչապետ

21:33 26.06.2025

Հայաստանը թվային զարգացումը համարում է կայուն աճի հիմնական ուղղություններից մեկը. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռավար մասնակցել է Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվող Եվրասիական տնտեսական ֆորումին: Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես, նշել է. «Պետությունների հարգելի ղեկավարներ, պատվիրակությունների անդամներ, Հարգելի հյուրեր, տիկնայք և պարոնայք, Թույլ տվեք ողջունել Եվրասիական տնտեսական ֆորումի մասնակիցներին, ինչպես նաև շնորհակալություն հայտնել այս միջոցառման կազմակերպման համար կատարված աշխատանքի համար։ Հարգելի գործընկերներ, ֆորումի մասնակիցներ, […] ...

BACK_TO_TOP