Հայաստանում 2025-ի մայիսին արձանագրվել է աշխատատեղերի բացարձակ ռեկորդ. վարչապետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+25.09 oC

Հայաստանում 2025-ի մայիսին արձանագրվել է աշխատատեղերի բացարձակ ռեկորդ. վարչապետ

16:50 26.06.2025

Հայաստանում մայիսին տնտեսական բավականին լավ ցուցանիշներ են արձանագրել: Այս մասին Կառավարության նիստում ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այն իր նախնական դիտարկմամբ կարևոր է հետևյալով.

«Կարծես թե որոշակի բարեփոխումների, հայեցակարգային մոտեցումների, ձևակերպումների, իհարկե, նաև մեր գործարար համայնքի և տնտեսական գործունեությամբ զբաղվող մեր հայրենակիցների գործունեության շնորհիվ մեր տնտեսությունը ճկունության որոշակի դրսևորումներ է ցուցադրում՝ արագ արձագանքելու իրադրություններին և դրանց փոփոխությանը, ինչն ամենակարևոր արձանագրումը կարող է լինել, եթե, իհարկե, հետազոտական մակարդակում կարողանանք վերահաստատել, որ այս ընկալումը ճիշտ է»:

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մանրամասներ է ներկայացրել տնտեսական ակտիվության ցուցանիշների վերաբերյալ.

«Տնտեսական ակտիվության ցուցանիշը երկնիշ թվով՝ 10,4 տոկոսով, աճել է 2025 թվականի մայիսին 2024 թվականի մայիսի նկատմամբ: Այն հիմնականում պայմանավորված է շինարարության և ծառայությունների աճով, այսինքն՝ տնտեսության իրական հատվածում մեծ աճ ունենք: Չնայած այն հանգամանքին, որ արդյունաբերության ոլորտում 5,5 տոկոսով կրճատում կա, մենք Վիճակագրական կոմիտեի հետ աշխատանք իրականացրեցինք և տեսանք, որ մի շարք ոլորտներում մեծ աճ ունենք: Օրինակ՝ քիմիայի, ծխախոտի, սննդի արդյունաբերության, հանքագործության և այլ ոլորտներում արտադրությունն էական աճել է: Պարզապես նախորդ տարի եղել է ոսկու վերամշակման պրոցես, որն այս տարի 41 տոկոսով կրճատվել է, և դրա հաշվին է, որ նրանց բարձր աճերը, ըստ էության, բերվել են, և արդյունքում մենք 5 տոկոսից մի փոքր ավելի կրճատում ունենք: Այսինքն՝ տնտեսության մեջ բավականին մեծ ակտիվություն կա, նաև արտադրության ոլորտներում, և եթե մենք ոսկու գործոնը չեզոքացնեինք, էլ ավելի մեծ արդյունք կունենայինք»:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ արդեն այս արդյունքի համադրմամբ հունվար-մայիսը նախորդ տարվա հունվար-մայիսի նկատմամբ արձանագրել է 5,7 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ:

Վարչապետն ընդգծել է՝ մայիսին էլ մենք ունենք բացարձակ ռեկորդ Հայաստանում արձանագրված աշխատատեղերի. մայիսին Հայաստանում աշխատավարձով ապահոված 790 հազար 320 աշխատատեղ է գրանցվել, որը 2018 թվականի մայիսի նկատմամբ ավելի է 242 հազար 331-ով կամ 44 տոկոսով: Այսինքն՝ 2018 թվականի մայիսի համեմատ 242 հազար աշխատատեղ է ստեղծվել ՀՀ-ում: Աշխատավարձային ֆոնդն ավելի է 2018 թվականի մայիսի համեմատ 146 մլրդ դրամով կամ 151 տոկոսով, այսինքն՝ աշխատավարձի ֆոնդը 2,5 անգամ աճել է: Եկամտային հարկի հետ կապված շատ կարևոր ցուցանիշ կա. եկամտային հարկի ցուցանիշը 2018 թվականի մայիսի համեմատ կրկնապատկվել է:

«Ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ մենք եկամտային հարկի դրույքաչափը նվազեցրել ենք՝ սահմանելով համահարթ եկամտահարկի դրույքաչափ, բայց արդյունքում հարկային եկամուտներն ավելի քան կրկնապատկվել են՝ 101 տոկոսով, իսկ միջին աշխատավարձն աճել է 74 տոկոսով»,- ասել է երկրի ղեկավարը:

Վարչապետն անդրադարձել է նաև տնտեսության ներսում կառուցվածքային որոշակի խնդիրներին, մասնավորապես նրան, որ էլեկտրաէներգիայի արտադրությունը մայիսին նվազել է: Արձագանքելով՝ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը նշել է, որ նվազումը պայմանավորված է ինքնավար կայանների արտադրությամբ, երբ հիմնականում փոքր տնտեսությունները՝ մինչև 15 կվտ, իրենց արտադրածը սպառում են, և դա չի արտացոլվում արտադրանքի ընդհանուր ծավալի մեջ: Ըստ նախարարի՝ վերջին տարիներին արևային կայանների թիվն էականորեն ավելացել է, և այս պահին ունենք տեղադրված արդեն շուրջ 770 Մվտ հզորությամբ կայաններ, ինչը մեր ատոմային էներգակայանի կրկնակի հզորությունն է:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է այս հանգամանքը և հիշեցրել, որ 2018-2020 թվականներին ակտիվ քննարկվում էր էներգետիկ աղբյուրների դիվերսիֆիկացման հարցը, և այս ընթացքում վերականգնվող արևային էներգիայով գրեթե երկու ատոմակայանի հզորության արևային հզորություններ են գեներացվել: Վարչապետը այն համարել է լուրջ ձեռքբերում.

«Իհարկե, էներգետիկ ոլորտի կառավարման առումով որոշակի նոր իրավիճակ է առաջացել, որտեղ ադապտացվելու կառավարման խնդիրներ կան, բայց ինքնին այդ ցուցանիշը չափազանց կարևոր եմ համարում: Պատկերացնո՞ւմ եք՝ չնկատելով՝ երկու ատոմակայան ենք ստացել, և հարց է՝ այդ երկու ատոմակայանն ինչպե՞ս կառավարենք. դա երկրորդ խնդիրն է»:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է էներգետիկայի ոլորտում առկա խնդիրներին, մասնավորապես՝ էլեկտրաէներգիայի մատակարարման որակի, էլեկտրաէներգիայի հաճախակի անջատումների հետ կապված:

«Սա կարող է լինել երկու պատճառով՝ սաբոտաժ կամ համակարգի տեխնիկական խնդիր: Երկու դեպքում էլ նրանք բոլոր գծերն անցել են, և այն, ինչ ասել եմ, առաջիկայում պետք է անցնեք դրա իրագործման փուլին: Իհարկե, պրոցեսը չի լինի մեկփուլանի, բայց ակնհայտ է, որ պետությունը պետք է շատ արագ վերցնի ՀԷՑ ՓԲԸ-ի կառավարումը և հետագա գործընթացները՝ պետականացման և ընկերության կառավարման արդյունավետության ուղղությամբ, պետք է արագ և արդյունավետ իրականացնենք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը հայտնել է նաև, որ այդ հարցը քննարկվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում, այն քննարկել է նաև ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, և Կառավարության գործընկերների հետ համատեղ օրենքի նախագիծ է մշակվել, և նախատեսվում է, որ առաջիկայում ԱԺ արտահերթ նիստով կկատարվեն համապատասխան փոփոխությունները:

«Առաջին անհրաժեշտ գործողությունը տեղի կունենա: Դրա իմաստը կլինի այն, որ պետությունը, Կառավարությունը կստանձնի ՀԷՑ-ի կառավարումը, և այդ կետից սկսած՝ արդեն մենք ավելի հանգիստ պայմաններում հետագա սցենարները կքննարկենք: Բայց նորից ուզում եմ մի ռազմավարական հարցի անդրադառնալ՝ որ սցենարով էլ գնանք, մենք մի իքս պահի պետք է ապահովենք ՀԷՑ ՓԲԸ-ի բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության հնարավորությունը: Մեր ընթացքի փորձը հաշվի առնելով՝ պետք է այնպիսի երաշխիքներ ստանանք, որ ոչ միայն ընկերությունները, ոչ միայն կորպորացիաները, այլև ՀՀ քաղաքացիները, իրենց խնայողությունները հնարավորություն ունենան ներդնել, այսինքն՝ բաժնետոմսեր ձեռք բերել: Ուզում եմ հիշեցնել, որ մենք նման ռազմավարական նպատակ ունենք նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պարագայում, որպեսզի մեր քաղաքացիներն իրենց խնայողություններով հնարավորություն ունենան որոշակի բաժնետոմսեր ձեռք բերել: Սա մեր հարուցած գործընթացների կարևոր վերջնակետերից և արդյունքներից մեկը պետք է լինի»,- ասել է երկրի ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ Կառավարության աշխատանքի արդյունավետությունից է նաև կախված երկրի տնտեսական դինամիկան: Վարչապետն անդրադարձել է նաև զբոսաշրջության ոլորտին՝ նշելով, որ մայիսին շատ տեսանելի և էական աճ է արձանագրվել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծին

23:00 26.06.2025

Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծին

Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը կասեցնելու առաջարկով օրինագիծը հաստատվել է Իսլամական Հանրապետության Սահմանադրության Պահապան խորհրդի կողմից, հայտարարել է Իրանի վերահսկիչ մարմնի ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը: «Պլանը, որը պահանջում է կառավարությանը դադարեցնել համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ, հաստատվել է Պահապանների խորհրդի անդամների միջև խորհրդակցություններից հետո», – նրա խոսքերն է մեջբերում «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը։ ...

Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը

22:45 26.06.2025

Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի փողոցի թիվ 15/32, 17 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...

Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշար

22:31 26.06.2025

Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշար

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարի մրցումային առաջին օրը բռնցքամարտի Հայաստանի 6 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով։ Իրենց մրցակիցներին հաղթել են Բարեղամ Հարությունյանը (50 կգ), Դավիթ Եգորյանը (55 կգ), Ժիրայր Սարգսյանը (60 կգ), Արթուր Շախպազյանը (65 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ)։ Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ են դուրս եկել նաև […] ...

Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակը

22:15 26.06.2025

Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակը

Հունիսի 26-ին, ժամը 17:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի մոտակա լողափում երկու քաղաքացի թիանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը: Ջրափրկարարները մոտ 3,5 կմ հեռավորությունից ափ են դուրս […] ...

SHANTNEWS

22:00 26.06.2025

SHANTNEWS

Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի

21:57 26.06.2025

Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Բուզանդի փ. 1 շենք, Ֆիրդուսի փ. 52-80 առանձնատներ, Չայկովսկու փ. 15, 30, 34 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, Առևտրաարդյունաբերական պալատ, «Լամաքս Գրուպ» ՍՊԸ, […] ...

BACK_TO_TOP