Քրեական գործ է հարուցվել 39-ամյա կնոջ սպանության դեպքի առթիվ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մասիս քաղաքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է կնոջ դի՝ բռնության հետքերով։
Ձեռնարկված քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են կնոջ սպանության հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:
Նախնական քննության տվյալներով՝ 1979թ. ծնված կինը բնակարանում բնակվել է հոր հետ: Դեպքի օրը՝ գիշերը ժամը 4-ի սահմաններում, հոր և դստեր միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ էլ հայրը բռունցքներով բազմաթիվ հարվածներ է հասցրել դստեր գլխի շրջանին և մարմնի տարբեր մասերին, ապա՝ երկու ձեռքերով բռնել դստեր պարանոցից և խեղդել:
67-ամյա տղամարդը ձերբակալվել է:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: