ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում հոկտեմբերի 30-ին մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) 11-րդ լիագումար նիստի աշխատանքներին:
Նիստի ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ ԽՎ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ շրջանառության մեջ դրված մի շարք մոդելային օրենքների նախագծեր, հանձնարարականներ և այլ իրավական ակտեր, մասնավորապես ազգային անվտանգության ապահովմանը, ահաբեկչության և ծայրահեղականության դեմ տեղեկատվական պայքարին, հատուկ նշանակության տարածքների պահպանությանը, մի շարք ոլորտներում ՀԱՊԿ անդամ պետությունների օրենսդրության կատարելագործմանը և ներդաշնակեցմանը վերաբերող նախագծերը: Քննարկվել է նաև օպերատիվ-հետախուզական գործունեության բնագավառում անդամ պետությունների համագործակցության մասին մոդելային համաձայնագրի նախագիծը:
Իր խոսքում Արա Բաբլոյանն ընդգծել է, որ անկախ ներքաղաքական իրադրությունից, համագործակցությունը ՀԱՊԿ շրջանակում կշարունակի զարգանալ. դա հայ ժողովրդի կամքն է, Հայաստանի Հանրապետության կայուն դիրքորոշումը: ՀՀ խորհրդարանի ղեկավարը հույս է հայտնել, որ նորընտիր Ազգային ժողովը կաջակցի ՀԱՊԿ ԽՎ խորհրդի և վեհաժողովի հաջորդ լիագումար նիստերը Հայաստանում անցկացնելու իր հրավերին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Խոսրով Հարությունյանը և Կորյուն Նահապետյանը: