14:48 23.11.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 23-ին Երևանում` տնտեսական զարգացման հիմնախնդիրներին նվիրված խորհրդաժողովի ժամանակ անդրադարձավ հրապարակված տնտեսագիտական «Ի՞նչ անել» ձեռնարկին, խոստացավ, որ առաջիկայում կսկսի այդ գիրքը կարդալ սկզբից մինչև վերջ, հետագայում խոստացավ, որ կծրագրեն ավելի երկար ժամանակով հանդիպում, որպեսզի այն ավելի արդյունավետ լինի:
«Այս քննարկման արդյունքում ոգևորված եմ, որովհետև երբ գալիս էի այստեղ, գիտեի, թե ինչ լսարանում եմ այս քննարկմանը մասնակցելու, և տեսա այս սարսափազդու վերնագրով գիրքը, լարվեցի բավական: Առաջինը, երբ բացեցի ցանկը, վերնագրերը կարդացի, հասկացա, որ գտնվում ենք «նույն ալիքի վրա», մի պահ նույնիսկ մտածեցի, որ խոսողներն ուզում են մեզ դուխ տալ, հետո հասկացա, որ իրականում այդպես չէ: Առաջին հինգ զեկույցների արդյունքներով հենց թվագրմամբ էլ շարադրված է մեր քայլերի տրամաբանությունը և առաջնահերթությունը, այն քայլերի, ինչ մենք այս ընթացքում անում ենք, արել ենք և պիտի փորձենք ավելի լավ անել: Սա կարևոր խնդիր է, հեղափոխությունից հետո անընդհատ, նաև քաղաքական հարթակներում, երբ մեզ հարցնում էին տնտեսական անելիքների մասին, մենք առաջին հերթին կարևորում էինք երկրում սահմանադրականությունը, մեզ ասում էին` լավ, դա ի՞նչ տնտեսական հարց է»,- ասաց նա:
Փաշինյանն ընդգծեց` տնտեսության համար կարևոր է օրինականությունը, օրենքի առաջ բոլորի հավասարությունը, արդարության միջավայրի ձևավորումը: Հաջորդ խնդիրն, ըստ վարչապետի պաշտոնակատարի, պետական կառավարման համակարգի ծայրահեղ անարդյունավետությունն է, ինչը ձևակերպել են որպես քաղաքական խնդիր, որին անխուսափելիորեն անդրադառնալու է 2019-ին` վստահության քվե ստանալու դեպքում:
«Խոսվեց հնարավորության մասին, մեր գաղափարախոսության առանցքային կետում հենց դա է: «Իշխանությունը չարեց սա…, սա…, սա…», իմ կարծիքով` այդ ընկալումն ինչ-որ տեղ հին քաղաքական համակարգի իներցիա է, երբ իշխանությունը բոլոր լծակները վերցնում է իր ձեռքը, բնականաբար, չարածի պատասխանատուն ինքն է: Գրոտեսկի պես բան է դարձել, բայց մարդիկ իրենց բաժնեմասերի օտարման, բաժնեմաս գնելու հետ կապված հարկ են համարել գալ, հարցնել` վարչապետը կո՞ղմ է, թե՞ չէ, կլինի՞` վաճառի, թե՞ չէ, չորս հոգի ուզում է, ո՞ւմ վաճառի. սա աբսուրդ է, բայց իսկապես իրականություն է եղել: Այսօր ստեղծվել է հնարավորություն, որ խնդիրների լուծման պատասխանատվությունը ոչ միայն կառավարությանը լինի, այլև հանրային տարբեր շերտերինը»,- նշեց Փաշինյանը:
Նա հայտնեց, որ առնվազն 2015 թ.-ից, երբ իրենց քաղաքական տեսլականը ձևակերպել են, բոլոր հանրային խնդիրների լուծման համար անհատական ջանքը համարել են առանցքային: Կառավարության ղեկավարը խոսեց «մարդկանց վարքի ու վերաբերմունքի փոփոխության» կարևորության մասին, նկատեց, որ հեղափոխությունն, ըստ էության, եղել է այդ պատճառով, որ վարքի փոփոխություն է տեղի ունեցել: Նա հեղափոխության օրերից, իր գնահատմամբ, «պարզունակ» մի դրվագ հիշեց.
«Երբ մենք որոշել էինք, որ փողոցները պիտի փակենք, ես, լինելով ԱԺ պատգամավոր, խմբակցության ղեկավար, պառկել էի քաղաքային ավտոբուսի դիմաց, դա էլ է վարքի փոփոխություն: Մի տղա շատ կոպիտ վիճում էր հետս, ասում էր` ես դասի եմ, ես նրան բացատրում էի` ագրեսիվությանն ագրեսիվությամբ չպատասխանելով: Հաջորդ օրը կողքիս քայլող մի տղա ասում է` չե՞ք հիշում ինձ: Նույն տղան էր, փաստորեն վարքագծի փոփոխություն էր եղել»:
Փաշինյանը նշեց, որ թեպետ քաղաքական վարքի փոփոխություն, ըստ էության, տեղի է ունեցել, բայց երբ տնտեսական վարքի փոփոխություն տեղի ունենա, դա կլուծի նաև տնտեսական հեղափոխության խնդիրը` սկսած նրանից, թե հարկ վճարողն ինչպես է ընկալում հարկ վճարելու այդ պարտականությունը` վճարում է որպես բե՞ռ, լո՞ւծ, կաշկանդող բա՞ն, թե՞ որպես երկրի փոփոխություններին իր մասնակցություն: Ըստ Փաշինյանի` հարկ վճարողի, աշխատողի և գործարարի վարքագծի փոփոխությունը, հանրության կողմից գործարարների ընկալումն ամենաառանցքային խնդիրներն են, որ պետք է լուծեն: Նրա խոսքով` գործարարության նկատմամբ հիմնականում ձևավորվել է վատ վերաբերմունք, որովհետև նրանք անընդհատ ներքաշվել են քաղաքական պրոցեսների մեջ, և իշխանությունը դրանում շահագրգռված է եղել:
«Ըստ էության, քաղաքական պրոցեսները տարել են այնտեղ, որ առաջիկա ընտրություններում գործարար թեկնածուների թիվն աննախադեպ ցածր է, բայց ես չեմ ուզում, որ դա ընկալվի որպես գործարարի գնահատականը, համարումը նսեմացնելու երևույթ, դա հակառակ պրոցեսն է: Գործարար պետք է նշանակի շատ ավելին, քան նշանակում է պատգամավոր, որովհետև գործարարն այն մարդն է, որը ստեղծում է արդյունք, աշխատատեղ, ով առաջ է քաշում պետական եկամուտների լոկոմոտիվը, որի գործունեության արդյունքում ձևավորվում է այն հարթակը, որտեղ տեղի է ունենում տնտեսական, քաղաքական և միջազգային աշխարհաքաղաքական փոփոխություն մեր միջավայրում: Կասկածից վեր է, որ ժողովրդագրական խնդիրը մեր ամենակարևոր խնդիրն է, դրա լուծման առումով համաձայն եմ, եթե դնենք բնական աճի տրամաբանության մեջ, եթե նույնիսկ հիմա մեծ հաջողություն ունենանք, խնդիրը կլուծվի 15-20 տարի հետո միայն»,- ասաց նա:
Վարչապետի պաշտոնակատարը կարևորեց ներգաղթի գաղափարը, միաժամանակ ընդգծեց, որ զուտ ֆիզիկական տեղափոխությունը նկատի չունեն, այլ հույս ունեն, որ դրանով իրականության մեջ կտեսնեն կապիտալի, նոր մշակույթի ներգաղթ, որովհետև աշխարհասփյուռ ժողովուրդ ենք: Նա ներկայացրեց իրեն դուր եկող գաղափարը, դա հետևյալն է` մեր երկիրը պետք է սփյուռքի տարբեր համայնքներից ներգաղթի օբյեկտ դառնա, որտեղ գան` իրենց հետ բերելով նոր մշակույթ, նոր հայացք, նոր միտք, և այդ գործընթացի արդյունքում պետք է ունենանք հազարամյա, բայց նորածին և վերածնված ժողովուրդ, հասարակություն, հանրություն:
Փաշինյանը գոհունակությամբ արձանագրեց, որ այստեղ չհնչեց որևէ նախադասություն, որին ասեր «ո՛չ, համաձայն չեմ», առավելագույնը 3-4 միտք կար, որին կասեր՝ «այո՛, բայց…»:
«Սա ինձ ուրախացնում է, որովհետև դա նշանակում է, որ ինչ-որ առումով ձևավորվել է հանրային համընդհանուր զգացողություն մեր անելիքների վերաբերյալ, ընդհանրության զգացողությունը, հնարավոր է, վերականգնվում է, դա կարող է լինել հեղափոխության հաջորդ արդյունքը: Նույն փաստերի հետ առերեսվելով՝ գալիս ենք նույն եզրակացություններին և գծում ենք անելիքի ճանապարհային քարտեզը: Հուսով եմ՝ հետագայում՝ շարունակության մեջ էլ որոշակի համաձայնություն կլինի այն քայլերի շուրջ, որ մենք անում ենք: Մենք կարևոր ենք համարում այսպիսի ֆորմատները՝ որպես գաղափարների գեներացման և դրանց իրագործելու հարթակ, ճանապարհային քարտեզ մշակելու, նաև որոշակի կոնկրետ լուծումների գնալու, առաջարկներ լսելու առումով: Մենք բաց ենք այսպիսի քննարկումների համար»,- ասաց նա:
11:56 28.06.2025
Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է ազգային անվտանգության ծառայության տնօրենՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Անդրանիկ Սիմոնյանին ազգային անվտանգության ծառայության տնօրեն նշանակելու մասին. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 2-րդ մասով՝ Անդրանիկ Սիմոնյանին նշանակել ազգային անվտանգության ծառայության տնօրեն»: ...
10:26 28.06.2025
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կկալանավորվի երկու ամսովԵրևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը (Ավան նստավայր)` դատավոր Մասիս Մելքոնյանի գլխավորությամբ, բավարարեց Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքի միջնորդությունը։ Աջապահյանը կկալանավորվի երկու ամսով։ ...
10:15 28.06.2025
Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հիմքերից մեկը 2025 թվականի հունիսի 21-ին իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչն էՄիքայել (Գևորգ) Արտաշեսի Աջապահյանի նկատմամբ 2025 թվականի հունիսի 26-ին կայացված՝ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման հիմք է հանդիսացել 2025 թվականի հունիսի 21-ին, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելը, որտեղ նա վերահաստատել է 2024 թվականի փետրվարի 3-ին տրված հարցազրույցում հնչեցրած՝ հեղաշրջում կատարելու և իշխանությունը ՀՀ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակներով՝ բարձրաստիճան […] ...
09:34 28.06.2025
Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիսՀունիսի 28-ին` տեղական ժամանակով ժամը 01:40-ին (Գրինվիչի ժամանակով` հունիսի 27-ին ժամը 21։40-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.90⁰ և արևելյան երկայնության 44․28⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 2․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը […] ...
21:55 27.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...