20:03 19.12.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը UWC Դիլիջան քոլեջում հանդիպել է «ՆերՈւժ» ծրագրի մասնակիցներին: Ողջունելով վերջիններիս` Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այսօր առավոտյան կարդացել է մի տեքստ, որի հեղինակը փորձել էր պատասխանել հարցին, թե ինչով է տարբերվում հաջողակ մարդն անհաջողակից:
«Իմ կարծիքով` շատ հզոր պատասխան էր գտել այդ հարցին: Ըստ այդ վարկածի՝ հաջողակ մարդը նա է, ով կարողանում է ինքն իրեն ստիպել գործել, ինչ-որ բան անել և ուղղակի չմնալ տեղում նստած՝ սպասելով ինչ-որ ուրիշ մեկի անելիքների արդյունքներին: Ինչո՞ւ եմ ես սա հիշում և մեջբերում, որովհետև կարծում եմ` հենց «ներուժ» բառն արտահայտում է այս ամբողջ տրամաբանությունը, որովհետև մենք ուժեղ և հաջողակ ենք այնքանով, որքանով մեր ներսում ունենք ուժ՝ ինքներս մեզ ստիպելու ինչ-որ բան անել և չսպասել ինչ-որ ուրիշ մեկի անելիքին: Հետևաբար, սա է նաև այն առանցքային տրամաբանությունը, որ այսօր մենք փորձում ենք Հայաստանի Հանրապետությունում գործարկել: Մենք ուզում ենք այնպես անել, որ հնարավորինս ավելի ու ավելի մեծ թվով մարդիկ ՀՀ-ում իրենք իրենց կարողանան ստիպել, համոզել սպասելու փոխարեն` գործել, մենք ուզում ենք այնպես անել, որ ոչ թե քաղաքացիները սպասեն, թե երբ է, օրինակ, կառավարությունն անելու տնտեսական հեղափոխություն, այլ իրենք ուղղակի վեր կենան և անեն իրենց բաժին տնտեսական հեղափոխությունը»,- նշել է վարչապետի պաշտոնակատարը` ավելացնելով, որ այսօրվա հանդիպումն ընկալում է հենց այդ համատեքստում:
«Ես սա ընկալում եմ որպես հրավեր ուղղված բոլորիդ` Հայաստանի Հանրապետությունում իրացնելու ձեր բաժին տնտեսական հնարավորությունը: Շատ կարևոր հարց է՝ ի՞նչ է Հայաստանի նոր կառավարությունը տալիս և առաջարկում Սփյուռքին: Մենք Սփյուռքին առաջարկում ենք նույնը՝ ինչ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին: Առաջարկում ենք հնարավորություն, որովհետև եթե հնարավորությունների հասանելիության տրամաբանությամբ նայենք, ապա Հայաստանի Հանրապետության տասնյակ հազարավոր, հարյուր հազարավոր քաղաքացիներ, եթե ոչ քաղաքացիների մեծամասնությունը, Հայաստանի Հանրապետությունում ապրելով, իրենք էլ ինչ-որ առումով եղել են սփյուռքահայ: Ինչո՞ւ, որովհետև նրանք հասու չեն եղել այն հնարավորություններին, որոնց հասու պիտի լինի քաղաքացին:
Մենք այսօր շատ ենք խոսում Սփյուռքին հնարավորություններ տալու մասին: Ես հարցն այդպես չեմ ձևակերպում, որովհետև չեմ ցանկանա տպավորություն ստեղծել, որ, ահա, Սփյուռքի երիտասարդությանը հնարավորություն ենք տալիս՝ միևնույն ժամանակ մոռանալով Հայաստանի Հանրապետությունում ապրող երիտասարդներին: Սա շատ նուրբ պահ է, որովհետև որն է մեր հեղափոխության առանցքային իմաստը Հայաստան-Սփյուռք հարաբերություններում: Մեր հեղափոխության առանցքային իմաստն այն է, որ այդ սահմանն այլևս ջնջված է, այլևս չկա Հայաստան և Սփյուռք, այլևս կա մեկ ամբողջական հայություն, և մեր խնդիրն է հենց դա արձանագրելը»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի պաշտոնակատարի խոսքով` կառավարության առանցքային նպատակն է այնպես անել, որ յուրաքանչյուրը և՛ Սփյուռքում, և՛ Հայաստանում հասու լինի հնարավորություններին:
«Ի վերջո, երբ ասում եմ, որ բազմաթիվ մարդիկ ապրելով Հայաստանում` ըստ էության ապրել են սփյուռքում, նկատի ունեմ հետևյալը. բազմաթիվ մարդիկ մտածել են, որ այս երկրում ապագա չկա, այստեղ ամեն ինչ անիմաստ է, մեկ է, այստեղ ոչ մի բան չի փոխվի: Այս կետից է, երբ մարդու մոտ սկսվում է արտագաղթելու պրոցեսը: Արտագաղթելը մի օրվա որոշում չէ, այնպես չէ, որ առավոտյան արթնանում ես, սուրճ խմում և ասում` գնամ ճամպրուկներս հավաքեմ ու մեկնեմ: Դա շատ երկար պրոցես է, բարդ հոգեբանական որոշումների, իրադարձությունների շղթա է: Այնպես որ, այո, մենք էլ շատ դեպքերում, ըստ էության, եթե ոչ ֆիզիկապես, առնվազն մտովի սփյուռքում ենք ապրել այն առումով, որ հեռու ենք զգացել մեզ` մեր իսկ երկրում հնարավորություններ ունենալուց: Եվ հետևաբար մեր հեղափոխության առանցքային իմաստը հենց սա է. մենք ջնջել ենք Սփյուռքի և Հայաստանի միջև սահմանը, որովհետև մեր գլխավոր խնդիրն է ստեղծել հնարավորություններ բոլորի համար:
Եվ կառավարության ամենակարևոր առաքելությունը դա է՝մարդկանց մղելը հաջողությունների: Կառավարության ամենամեծ խնդիրն է քաջալերել մարդուն, օգնել նրան, որ նա հաղթահարի փակուղին, հուսահատությունը և ինքն իր մեջ նաև քաղաքական մթնոլորտի, քաղաքական ուղերձի բերումով այնպիսի մի ներուժ ձևավորի, որ այդ ներուժն ամեն մեկին կարողանա ստիպել ի վերջո գործել` սպասելու փոխարեն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` ավելացնելով, որ հեղափոխությունը հենց դա է, երբ ոչ թե սպասում ենք ինչ-որ մեկի գործողությանը, որի արդյունքում կստանանք ինչ-որ նոր բան, այլ ինքներս ենք գործում և մեր, մեր երկրի համար ստեղծում ինչ-որ բան:
«Հետևաբար ես համոզված եմ, որ մենք որպես ժողովուրդ, որպես ազգ, ունենք մեծ ներուժ, և այդ ներուժի արտահայտությունը հետևյալն է՝ ոչ թե սպասել, որ ուրիշները մեր փոխարեն որոշումներ կայացնեն և որոշեն մեր ճակատագիրը, այլ մենք հասկանանք և գիտակցենք, որ ունենք բավարար կամք, ուժ, հմտություն, իմաստություն և խելք ինքներս մեր ճակատագիրը որոշելու, ինքներս մեր հաղթանակները կերտելու, որովհետև մենք այլևս արդեն որպես ժողովուրդ սովորել ենք հաղթելուն և այդ սովորությունից ոչինչ մեզ հետ չի սովորեցնի: Այնպես որ մեզ բոլորիս մաղթում եմ նորանոր հաղթանակներ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Այնուհետև վարչապետի պաշտոնակատարը պատասխանել է «ՆերՈւժ» ծրագրի մասնակիցներին հետաքրքրող մի շարք հարցերի, որոնք վերաբերվել են պետական կառավարման համակարգի օպտիմալացմանն ու արդյունավետության բարձրացմանը, Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը, վենչուրային կապիտալի ներգրավմանը և այլ թեմաների:
Հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է «ՆերՈւժ» ծրագրին մասնակից մի քանի ստարտափերի գործունեությանն ու ծրագրերին:
«ՆերՈւժ» ինտերակտիվ ստարտափ ծրագիրը նախատեսված է սփյուռքի 18-35 տարեկան հայազգի երիտասարդ ձեռներեցների համար: Այն բացառիկ հնարավորություն է բիզնես ոլորտի գիտելիքների հարստացման, գործընկերային կապերի ընդլայնման, ինչպես նաև մեկնարկային ծրագրեր ներկայացնելու, ֆինանսավորում ստանալու և դրանք իրագործելու համար:
Ծրագրին մասնակցում են մոտ 70 ստարտափերներ, որոնցից 50-ը՝ սփյուռքից: Այն անցկացվում է Հայաստանում` UWC Դիլիջան քոլեջում, 2018 թվականի դեկտեմբերի 17-ից 21-ը: Հաղթողները կստանան մինչեւ 15 միլիոն դրամ արժողությամբ դրամաշնորհ, ինչպես նաև իրավական ու հարկային անվճար խորհրդատվություն, անդամակցություն FAST ստարտափ-ստուդիային` չորս ամիս շարունակ ամբողջական «քոուչինգի» ծրագրերից և աշխատանքային տարածքից օգտվելու հնարավորությամբ, «Impact Hub Yerevan» ընկերությունում ութ ամսվա փորձառնության հնարավորություն և այլն: Ֆինանսավորումն իրականացվելու է ՀՀ պետական բյուջեից և ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներից, մասնավորապես մի շարք դոնոր կազմակերպությունների աջակցությամբ:
Քառօրյա միջոցառման գերակա նպատակն է հայազգի երիտասարդ ձեռներեցների համար Հայաստանում բիզնեսով զբաղվելու հարթակի և հնարավորությունների ստեղծումը, ստարտափային էկոհամակարգի ստեղծման համար բարենպաստ միջավայրի ապահովումը, առանցքային ստարտափային բիզնեսի զարգացման հմտությունների կիրառումը, համագործակցության և ֆինանսավորման համար հնարավորությունների ընձեռումը: Ծրագրի թիրախային ոլորտներն են գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը, նորարար տեխնոլոգիաները:
13:25 18.08.2025
Օգոստոսի 19-ին Երկրի վրա կարող է դիտվել մագնիսական փոթորիկՕգոստոսի 19-ին Երկրի վրա սպասվում է ամսվա սկզբից ի վեր երկրորդ մագնիսական փոթորիկը, որը կարող է տևել մեկ կամ երկու օր, հայտնել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտը: «Ազդեցության գագաթնակետը կանխատեսվում է օգոստոսի 19-ին, գեոմագնիսական իրավիճակը կլինի չափազանց անկայուն», – նշել են ինստիտուտում: ...
13:10 18.08.2025
Ամփոփվել է ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության «ՍևանաՑԱՆՑ» ծրագիրըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ-ի նախաձեռնությամբ իրականացվել է «ՍևանաՑԱՆՑ» ծրագիրը: Ծրագրի նպատակն էր ՀՀ Գեղարքունիքի մարզի համայնքներում երիտասարդության շրջանում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության գաղափարի տարածումը, մշակութային և բնապահպանական կրթության խթանումը: Ծրագրին մասնակցության հայտ էին ներկայացրել ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Վարդենիս, Ճամբարակ և Սևան խոշորացված համայնքների […] ...
12:57 18.08.2025
Օտարազգի քաղաքացիների միջև տեղի ունեցած վիճաբանությունն ավարտվել է սպանությամբՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ օտարազգի քաղաքացին վրեժ լուծելու շարժառիթով դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել մեկ այլ օտարերկրյա քաղաքացու մարմնի տարբեր հատվածներին՝ սպանելով նրան: Մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը): […] ...
12:44 18.08.2025
Անցած երեք օրում գրանցվել է 40 ավտովթար, 3 մարդ զոհվել է, 52-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԲացահայտվել է 224 հանցագործություն, որոնցից 10-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 33 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 31 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 24 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 20 դեպք՝ խարդախության, 19 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 9 դեպք՝ հոգեկան ներգործության, 7-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, խուլիգանության, […] ...
12:35 18.08.2025
ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 782 դեպք, որից 399-ը՝ արտակարգՕգոստոսի 11-ից 17-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 782 դեպք, որից 399-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 318, փլուզման, քարաթափման, երկրաշարժի` 1-ական, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, ուժեղ քամու, թունավորման, դժբախտ պատահարի՝ 2-ական, վայրի կենդանիների հարձակման՝ 6, ջրային տրանսպորտի մասնակցությամբ պատահարի՝ 5, որոնողափրկարարական՝ 4, կեղծ ահազանգի, ինքնասպանության փորձի՝ 10-ական, օձի նկատման՝ 28, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 61, […] ...
12:26 18.08.2025
Այսօր հանդես կգամ Ձեզ հասցեագրված ուղերձով․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ այսօր ուղերձով է հանդես գալու։ «Սիրելի ժողովուրդ, այսօր ժամը 18․00-ին հանդես կգամ Ձեզ հասցեագրված ուղերձով»,-գրել է Փաշինյանը։ ...