Հայաստանի պատմության ամենաքիչ քաղաքական ուժեր ներկայացնող խորհրդարանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+22.09 oC

Հայաստանի պատմության ամենաքիչ քաղաքական ուժեր ներկայացնող խորհրդարանը

20:30 04.01.2019

Մոտ 10 օրից իր աշխատանքը կսկսի 7-րդ գումարման Ազգային ժողովը: Շատերը համոզված են, որ այս խորհրդարանն իր պատգամավորների թվով աննախադեպ է հայոց խորհրդարանի պատմության մեջ ու կարող է մեծ բեռ դառնալ ոչ այնքան մեծ պետական բյուջե ունեցող երկրի համար:

Իրականում, սակայն, 7-րդ գումարման խորհրդարանն իր թվային կազմով այնքան էլ չի գերազանցում իր նախորդներին, ավելին, որոշ դեպքերում նույնիսկ կարելի է ասել՝ շատ ցուցանիշներով զիջում է նախորդներին:

Իր թվային կազմով Հայաստանի Հանրապետության ամենափոքր խորհրդարանը շարունակում է մնալ 1918թ. ձևավորված Հայաստանի առաջին հանրապետության Ազգային ժողովը կամ Ազգային խորհուրդը:

Սա նաև միակ պառլամենտն է հայոց պատմության մեջ, որը ձևավորվել է ոչ թե ընտրությունների, այլ քաղաքական պայմանավորվածությունների հիման վրա: Առաջին խորհրդարանն ուներ 46 պատգամավոր: Նրանցից 38-ը հայեր էին, իսկ մնացած 8-ը ներկայացնում էին ազգային փոքրամասնությունները: Ազգային խորհուրդն ուներ 4 խմբակցություն, որոնք ներկայացնում էին Հայ Հեղափոխական դաշնակցություն, Սոցիալ-դեմոկրատական Հնչակյան, Սոցիալ-հեղափոխական և Հայ ժողովրդական կուսակցությունները:

1919 թ. հունիսի 4-ին համապետական ընտրությունների արդյունքում գումարվում է խորհրդարանի երկրորդ կազմը, որի մեջ էին մտնում 80 պատգամավոր, այդ թվում՝ 12-ը Արևմտյան Հայաստանից, ինչպես նաև պատգամավորներ Դոնի Ռոստովից, Թիֆլիսից, Բաքվից ու Պոլսից։

Խորհրդարանում ձևավորվեց երկու խմբակցություն «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և Սոցիալ-հեղափոխական կուսակցություններից: Ի դեպ, խորհրդարանում ներկայացված էր նաև 3 կին պատգամավոր, ինչն այդ ժամանակի համար չլսված ու չտեսնված երևույթ էր նույնիսկ եվրոպական շատ երկրների համար:

Գերագույն խորհրդի նիստ, 1986

Թվային կազմով ամենամեծ խորհրդարանները Հայաստանում ձևավորվել են Խորհրդային Միության տարիներին: ՀՍՍՀ Գերագույն խորհուրդը ընտրվում էր 5 տարի ժամկետով, միապալատ էր և կազմված էր 340 դեպուտատից, որոնք ընտրվում էին` ըստ հավասար թվով բնակչություն ունեցող ընտրական շրջանների:

Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհրդի նիստ

1990 թվականին մեծամասնական ընտրակարգով ընտրվեց Հայաստանի առաջին գումարման Գերագույն խորհուրդը: Այն բաղկացած էր 260 պատգամավորից: Սկզբնական շրջանում Գերագույն խորհուրդն ուներ ընդամենը երկու խմբակցություն, որոնք ներկայացնում էին Կոմունիստական կուսակցությունն ու «Հայոց համազգային շարժումը»: Հետագայում կազմավորվեց 5 խմբակցություն և 4 պատգամավորական խումբ:

Հայաստանի նորագույն պատմության ամենամեծ խորհրդարանը ձևավորվել է 1995 թվականին: Առաջին գումարման Ազգային ժողովն ուներ 190 պատգամավոր, որոնցից 150-ն ընտրվել էր մեծամասնական, 40-ը՝ համամասնական ընտրակարգերով: Անցողիկ շեմը հաղթահարած կուսակցություններն Ազգային ժողովում ձևավորվեցին 5 խմբակցություն: Ձևավորվեցին նաև «Բարեփոխումներ» և «Երկրապահ» անվանումներով պատգամավորական խմբերը:

1999 թվականին ընտրված երկրորդ գումարման խորհրդարանն ուներ արդեն 131 պատգամավոր, որոնցից 75-ն ընտրվել էր մեծամասնական համակարգով, 56-ը՝ կուսակցական ցուցակներով: Քաղաքական ուժերի ներկայացվածությունն այս խորհրդարանում ևս բարձր էր՝ 6 խմբակցություն և 3 պատգամավորական խումբ:

131 պատգամավոր ուներ նաև 2003թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձևավորված երրորդ գումարման Ազգային ժողովը: Նախորդի համեմատ տարբերությունը մեկն էր՝ 75 պատգամավոր ընտրվել էր համամասնական ցուցակներով, իսկ 56-ը՝ մեծամասնական ընտրակարգով: Կուսակցական ներկայացվածությունն այդ խորհրդարանում ևս բարձր էր՝ 6 խմբակցություն և 1 պատգամավորական խումբ:

2007 թվականին ձևավորված 4-րդ գումարման խորհրդարանում ևս պատգամավորների թիվը 131 էր: 41 պատգամավոր ընտրվեց մեծամասնական համակարգով, 90-ը՝ կուսակցական ցուցակներով: Խորհրդարանում կազմավորվեց 5 խմբակցություն: Մեծամասնական ընտրակարգով ընտրված 10 անկախ պատգամավորները պատգամավորական խումբ չձևավորեցին:

131 պատգամավորից բաղկացած վերջին խորհրդարանը 2012-ի ընտրությունների արդյունքում ձևավորված հինգերորդ գումարման Ազգային ժողովն էր: Այն ևս կուսակցությունների ներկայացվածության թվով չէր զիջում իր նախորդներին և ուներ 6 խմբակցություն:

2017թ. նոր Ընտրական օրենսգրքով անցկացրած ընտրությունների արդյունքում 6-րդ գումարման խորհրդարանում պատգամավորների թիվը նվազեց՝ հասնելով 105-ի: Նվազեց նաև քաղաքական ուժերի ներկայացվածությունն Ազգային ժողովում: Ընտրությունների արդյունքում անցողիկ շեմը հաղթահարեց երկու կուսակցություն և երկու դաշինք, որոնք էլ կազմավորեցին ՀՀԿ, ՀՅԴ, «Ծառուկյան դաշինք» և «Ելք» խմբակցությունները:

2018թ. արտահերթ խորհրդարանական ընտրություններով մեկնարկեց 7-րդ գումարման խորհրդարանի ձևավորման գործընթացը: Քաղաքական մրցապայքարի մեջ մտած 11 ուժից ընդամենը 3-ին հաջողվեց հաղթահարել ընտրական արգելքը:

Արդյունքում, եթե չհաշվենք Գերագույն խորհուրդը, Հայաստանում կձևավորվի իր մեծությամբ երկրորդ խորհրդարանը՝ 132 պատգամավորով, սակայն այն կլինի նաև Հայաստանի նորագույն պատմության առաջին խորհրդարանը, որտեղ ներկայացված կլինի  ընդամենը երկու կուսակցություն և մեկ դաշինք:

7-րդ գումարման Ազգային ժողովը նաև խորհրդարանի պատմության մեջ միակն է, որտեղ իշխող ուժն ունի սահմանադրական բացարձակ մեծամասնություն և ցանկացած օրենք կարող է ընդունել կամ փոփոխել իր հայեցողությամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս

09:34 28.06.2025

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս

Հունիսի 28-ին` տեղական ժամանակով ժամը 01:40-ին (Գրինվիչի ժամանակով` հունիսի 27-ին ժամը 21։40-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.90⁰ և արևելյան երկայնության 44․28⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 2․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը […] ...

SHANTNEWS

22:00 27.06.2025

SHANTNEWS

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:55 27.06.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

21:50 27.06.2025

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

Վահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...

Պուտինը ավարտել է իր այցը Բելառուս

21:43 27.06.2025

Պուտինը ավարտել է իր այցը Բելառուս

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...

Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆ

21:37 27.06.2025

Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆ

ՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...

BACK_TO_TOP