Եկեղեցին ողջունում է յուրաքանչյուր նախաձեռնություն, այդ թվում իրավական փաստաթուղթ` կոչված բացառելու բռնությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+23.09 oC

Եկեղեցին ողջունում է յուրաքանչյուր նախաձեռնություն, այդ թվում իրավական փաստաթուղթ` կոչված բացառելու բռնությունը

17:36 26.07.2019

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից տեղեկացնում են, որ վերջին շաբաթներին հանրության կողմից լայնորեն քննարկվում են Հայաստանի Հանրապետության 2018 թ. հունվարին ստորագրած «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի նպատակները, հիմնադրույթներն ու բանաձևումները, ինչպես նաև՝ դրա հետագա վավերացման նպատակահարմարությունը:

Եկեղեցին ողջունում է յուրաքանչյուր նախաձեռնություն, այդ թվում և իրավական փաստաթուղթ` կոչված բացառելու բռնությունն ընտանիքում և սոցիալական այլ միջավայրում: Բռնության ցանկացած դրսևորում դատապարտելի է:

«Բռնության, ինչպես և ցանկացած չարիքի կանխարգելումը և դրա դեմ պայքարը պետք է իրագործվի այնպիսի միջոցառումներով, որոնք պատճառ չեն հանդիսանա նոր մեղքի ու նոր չարիքի: Այս առումով խիստ մտահոգիչ ու անընդունելի են կոնվենցիայում առկա որոշ գաղափարներ ու հասկացություններ:

Եկեղեցու բարոյագիտական ուսուցումների հետ անհամատեղելի են այն բանաձևումները և դրանց մեկնաբանությունները, որոնք կենսաբանական երկու սեռից զատ սահմանում են սեռի այլ տարբերակումներ (Կոնվենցիա, 4-րդ հոդվածի 3-րդ մաս, Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրանց դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի բացատրական զեկույց, Ստամբուլ, 11.05.2011, հոդված 4, կետ 53, հոդված 60, կետ 313): Հիշյալ սահմանումները, փաստորեն, ճանաչում են անձի՝ անգամ սեփական «սեռը ընտրելու ազատության» իրավունքը: Մարդու իրավունքների և ազատությունների քրիստոնեական ուղղափառ ընկալումը բացառում է մարդու աստվածաստեղծ ինքնության աղճատումը կամ փոփոխությունը:

Հաշվի առնելով «սեռն ընտրելու ազատության» կոնվենցիայի ենթատեքստը՝ լուրջ տարակուսանքների և մեկնաբանությունների տեղիք է տալիս նաև կոնվենցիայի պահանջը մասնակից պետություններից՝ արմատախիլ անելու այն ավանդույթները, որոնք հիմնված են «կանանց և տղամարդկանց կարծրատիպային դերաբաժանման գաղափարի վրա»` «կանանց և տղամարդկանց վարքագծի սոցիալական և մշակութային վարվելակերպերում փոփոխություններ մտցնելու նպատակով» (Կոնվենցիա, 12-րդ հոդվածի 1-ին մաս):

Կոնվենցիան մասնավոր հրահանգ է պարունակում նաև, որպեսզի «պաշտոնական ուսումնական ծրագրերում և կրթական բոլոր մակարդակներում» ներդրվեն ուսումնական նյութեր՝ առնչված նաև «կարծրատիպերից զերծ գենդերային դերերի» գաղափարին (հոդված 14), առանց հստակեցնելու ուսուցման համար տվյալ եզրաբանության բովանդակությունը:

Սեռի նկատմամբ կոնվենցիայի մոտեցումները հակադրության մեջ են նաև ընտանիքի վերաբերյալ Եկեղեցու անփոփոխ վարդապետության հետ, որի վրա խարսխված է ընտանիքի ազգային մեր ընկալումը: Եկեղեցու ուսմունքի համաձայն՝ ընտանիք կարող են կազմել այրը և կինը, որոնք սուրբ պսակով նվիրագործված ամուսնությամբ դառնում են մեկ մարմին և մեկ ամբողջություն, ինչպես ավանդում է Սուրբ Գիրքը (Ծննդ. 2.24, Մարկ. 10.7-8, Եփես. 5.31): Մեր ժողովուրդը մշտապես մեծարել է կնոջը Սուրբ Աստվածամոր օրինակով, գնահատել նրա դերն ու առաքելությունը ընտանիքում, հասարակական և ազգային կյանքում: Տղամարդու և կնոջ միությամբ ընտանիքը, հաստատված սիրո, փոխադարձ հարգանքի ու հասկացողության վրա, հիմնական երաշխիքներից է ազգի հարատևության, անհատի դաստիարակության ու հոգևոր աճի և պետության պատասխանատու քաղաքացու ձևավորման համար: Հետևաբար, ընտանիքում բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի միջոցառումները պետք է ելակետ ունենան ընտանիքի սրբության ու նվիրականության բնույթն ու արժեքը:

Արդ, նկատի առնելով, որ ազգային-հոգևոր մեր ինքնության և անվտանգության շահերի տեսանկյունից կոնվենցիայում առկա են խիստ մտահոգիչ դրույթներ ու հասկացություններ` հորդորում ենք հայրենի իշխանության պատասխանատու մարմիններին զերծ մնալ փաստաթղթի վավերացումից:

Հայրենի պետության զորացման և աշխարհասփյուռ մեր ժողովրդի լուսավոր գալիքի կառուցմանն ի նպաստ կարևորում ենք ընտանիքում և հայրենի կրթական համակարգում հոգևոր, բարոյական և ազգային արժեքներով նոր սերնդի դաստիարակությունն ու կրթությունը, ինչպես նաև այս նպատակով զանգվածային լրատվամիջոցների պատասխանատու գործունեության արդյունավորումը:

Եկեղեցին հովվական իր առաքելությամբ շարունակելու է հոգևոր խնամք ու աջակցություն ցուցաբերել հայ ընտանիքներին` հաղթահարելու ներընտանեկան կյանքի խոչընդոտները և զորանալու ընտանիքի սրբության աստվածապարգև շնորհով:

Մեր աղոթքն է, որ Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս Իր հանապազ խնամքի ներքո պահի մեր ժողովրդին, ամուր և հարատև սիրով ջերմացնի ընտանիքները և շինություն պարգևի հայրենի մեր պետությանը, արդյունավորի հանուն մեր հայրենիքի ու ժողովրդի առաջընթաց կյանքի ներդրված բոլոր ջանքերը»,- ասված է հայտարարության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծին

23:00 26.06.2025

Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծին

Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը կասեցնելու առաջարկով օրինագիծը հաստատվել է Իսլամական Հանրապետության Սահմանադրության Պահապան խորհրդի կողմից, հայտարարել է Իրանի վերահսկիչ մարմնի ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը: «Պլանը, որը պահանջում է կառավարությանը դադարեցնել համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ, հաստատվել է Պահապանների խորհրդի անդամների միջև խորհրդակցություններից հետո», – նրա խոսքերն է մեջբերում «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը։ ...

Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը

22:45 26.06.2025

Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի փողոցի թիվ 15/32, 17 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...

Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշար

22:31 26.06.2025

Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշար

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարի մրցումային առաջին օրը բռնցքամարտի Հայաստանի 6 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով։ Իրենց մրցակիցներին հաղթել են Բարեղամ Հարությունյանը (50 կգ), Դավիթ Եգորյանը (55 կգ), Ժիրայր Սարգսյանը (60 կգ), Արթուր Շախպազյանը (65 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ)։ Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ են դուրս եկել նաև […] ...

Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակը

22:15 26.06.2025

Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակը

Հունիսի 26-ին, ժամը 17:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի մոտակա լողափում երկու քաղաքացի թիանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը: Ջրափրկարարները մոտ 3,5 կմ հեռավորությունից ափ են դուրս […] ...

SHANTNEWS

22:00 26.06.2025

SHANTNEWS

Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի

21:57 26.06.2025

Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Բուզանդի փ. 1 շենք, Ֆիրդուսի փ. 52-80 առանձնատներ, Չայկովսկու փ. 15, 30, 34 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, Առևտրաարդյունաբերական պալատ, «Լամաքս Գրուպ» ՍՊԸ, […] ...

BACK_TO_TOP