Ո՞րտեղ է հիմա իր երազանքը թղթին նկարած տղան. Ինչպե՞ս դասավորվեց նրա ապագան իրական կյանքում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+22.38 oC

Ո՞րտեղ է հիմա իր երազանքը թղթին նկարած տղան. Ինչպե՞ս դասավորվեց նրա ապագան իրական կյանքում

10:46 26.08.2019

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, սեպտեմբերի 2-ից մեր եթերում կցուցադրվի «Թղթե երազանք» բազմասերիանոց ֆիլմը, որը հիմնված է իրական պատմությունների վրա, և որի հերոսների կերպարներն իրական նախատիպեր ունեն: Նրանցից մեկի՝ համակարգիչ նկարած տղայի մասին է մեր այս տեսանյութը։

Ինչպես դասավորվեց նրա ապագան կինոյում և իրական կյանքում: Ո՞րտեղ է հիմա իր երազանքը թղթին նկարած տղան: Արդյո՞ք նա կարողացավ հաղթահարել կյանքի բազմաթիվ դժվարությունները, որ ամեն պահի ստիպում էին պայքարել, և տղայական սկզբունքների ու  ապագայի մասին երազանքների միջև ընտրել գուցե ազնիվ, բայց ոչ ամենաճիշտ ճանապարհը: Հովիկն արդեն հասուն տղա է, 19 տարեկան:  Բայց այսօրվա Հովիկի  մասին մի փոքր ավելի ուշ… Մենք ծանոթացել էինք Հովիկի և տիկին Անահիտի հետ 5 տարի առաջ, երբ «Շանթն» իր հերթական բարեգործական նախաձեռնության շրջանակներում խելացի, ընդունակ բայց խիստ կարիքավոր ընտանիքներում ապրող երեխաներ էր փնտրում: Շատ հաճախ կարիքն ու ընտանեկան ծանր վիճակը խոչընդոտ են դառնում նման երեխաների հետագա առաջխաղացման համար: Այդպիսի երեխաներ հասկանալի պատճառներով դեռ շատ կան Գյումրիում: «Շանթի» նախաձեռնության նպատակը Գյումրիում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ստեղծումն էր, որը նման երեխաների համար սոցիալական դժվարությունները հաղթահարելու մի հարթակ կլիներ: Հովիկն այդ երեխաներից մեկն էր: Տարիներ անց, երբ արդեն կար և՛ «Թումոն», և՛  «Շանթի» բնակարանային ծրագրով բազմաթիվ այդպիսի երեխաների նաև օթևանության ու կենցաղային խնդիրներ էին լուծվել, մի նոր նախաձեռնություն ծնվեց՝ այս իրական պատմությունների մասին ֆիլմ նկարահանելու գաղափարը: Եվս մեկ տարի անց գաղափարն իրականություն դարձավ՝ «Թղթե երազանք» վերնագրով, որի գլխավոր հերոսի կերպարում, Հովիկն իր մանկությունից շատ դրվագներ  կգտնի:

Հովիկն այն ժամանակ 14 տարեկան էր, սովորում էր 9-րդ դասարանում: Եկել էր ընտրության պահը: Կամ ընդունվել ավագ դպրոց ու շարունակել ուսումը ֆիզիկա-մաթեմատիկական թեքումով բաժնում, կամ դուրս գալ դպրոցից ու արհեստ սովորել, զուգահեռ աշխատել ինչ-որ տեղ, ցանկացած մի տեղ, որտեղ օրվա հացը կարելի էր վաստակել: Ուսումը շարունակելու հեռանկարը, իհարկե, շատ ավելի գրավիչ էր, լուսավոր, բայց ծանր իրականությունը Հովիկին բնազդաբար դեպի մյուս ճանապարհն էր տանում՝ պետք էր մայրիկին օգնել, պետք էր տունը պահել:

Հովիկի նպատակները գուցե փոխվեին, եթե մեր առաջին նկարահանումից ընդամենը օրեր անց բարի մարդիկ Հովիկին չնվիրեին այդքան երազած համակարգիչը, եթե «Շանթի» նախաձեռնությունը չլիներ ու Գյումրիում «Թումո» չկառուցվեր, եթե Հովիկը չդառնար «Թումոյի» առաջին ու լավագույն սաներից մեկը, եթե Հովիկը չշարունակեր ուսումը Գյումրիի ամենահեղինակավոր վարժարաններից մեկում, իր նախընտրած ֆիզիկա-մաթեմատիկական ուղղությամբ, եթե «Շանթն» ու Հայաստան համահայկական հիմնադրամի բարերարներն ամեն ինչով կահավորված բնակարան չնվիրեին Հովիկին ու տիկին Անահիտին:

Հովիկն արդեն ճիշտ ճանապարհին էր, և պատմությունը կարելի էր այսքանով ավարտել, եթե չլիներ «Թղթե երազանք» ֆիլմի նախաձեռնությունը: Նորից սկսեցինք Հովիկին փնտրել. պարզվեց՝ զինվոր է, արդեն 8 ամսվա զինվոր ու ծառայում է Հայաստանի զորամասերից մեկում:  Պաշտպանության նախարարության հատուկ թույլտվությամբ մեկնեցինք զորամաս, հասանք այն ժամանակ, երբ շարային պարապմունքներ էին ընթանում: Ստորաբաժանումներից մեկի հրամանատարն ասաց՝ Հովիկը շարքերում է:

Մի փոքր հեռվից դժվար էր միանգամից նրան ճանաչել: Հայացքս վերջին շարքերում էր փնտրում, կարճահասակ զինվորների մեջ: Հետո, երբ շարային քայլով դասակներն անցան, տեսա, որ Հովիկն առաջին շարքում է: Գնացինք ֆիզպատրաստության հրապարակ, Հովիկի ձգումներն էինք հաշվում, հետո զուգահեռափայտերին անցավ: «Է՞լ ինչ անեմ»,- ժպիտով հարցրեց Հովիկը: Մի քիչ էլ զինվորականի մասնագիտությանդ մասին  պատմիր, – պատասխանեցի Հովիկին: Քիչ հետո արդեն իր ռազմական գործիքի մոտ էր:

«Արծիվ 1՝  Արծիվ 2-ին: Կապի ստուգում…. Սիկ ռադիոկայան է, որով մենք կրնանք կապ հաստատենք վերադաս շտաբի հետ: Այսքանը, ավելին ասել քաղաքացիական անձանց չի թույլատրվում», – Հովիկը ներողություն խնդրեց, բայց ասաց, որ մասնագիտությունը միայն կապավորը չէ: Հրետանային զորամասում յուրաքանչյուրը նաև հրետանավոր է: Հովիկն էլ իր երկրորդ զինվորական մասնագիտությամբ նշանառու-հրետանավոր է: Հարցնում եմ, թե ի՞նչ է պետք լավ նշանառու լինելու համար: Պատասխանեց, որ հաշվարկներից պտի լավ էղնիս, մեկ էլ ուշադիր էղնիս, որ երբ թվեր կուտան ճիշտ լսես..․։

Թվերը Հովիկի մոտ արդեն հեշտ են ճշգրիտ կոորդինատների վերածվում:  Իրական թիրախ չի խոցել, թեև վստահ է, որ հաստատ չի սխալվի,  եթե իրական պատերազմական վիճակ ստեղծվի: Զրույցը զորանոցում ենք շարունակում: Հովիկի կրծքին երկու նշան եմ նկատում, մեկը պահապան խաչն է`  բոլոր զինվորիներին են տալիս, մյուսը ուսումնական զորամասի ավարտական նշանը, որը ինձ սկզբում մեդալ թվաց:   Ասում է,  թե զինվորների համար երեք մեդալ կա՝ Հայոց բանակի գերազանցիկ, Քաջարի զինվոր և Լավագույն զինվոր-մարզիկ:

Առաջարկում եմ ավելի լրջացնենք մեր զրույցը: Հարցնում եմ Հովիկին, թե ի՞նչ է մտածում իր անցած ճանապարհի, հաղթահարած դժվարությունների մասին ու թե ինչի է հասել հիմա․

«Հասա ընուր, որ սորվածս իզուր չգնաց կորավ… հնարավորություն ունեցա սորվելու իմ ուզածս տեղը՝ ակադեմիական վարժարան ու հետո կշարունակեմ իմ ուզած մասնագիտությամբ. ծրագրավորող կդառնամ, ես իմ ուզածիս վստահ եմ, որ կհասնիմ»:

Հովիկը ծրագրավորման 4 լեզուների է տիրապետում: Երկուսը դեռ Գյումրիի «Թումոյում» էր սովորել:  Վարժարանն ավարտելուց հետո  բարձր գնահատականներով, պետպատվերով՝ այսինքն անվճար, ընդունվել էր Ճարտարագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի կիրառական մաթեմատիկայի  և ինֆորմատիկայի բաժինը: Առաջին կիսամյակը գերազանց ավարտելուց հետո զորակոչվել էր բանակ:

«Իսկ տեղյա՞կ ես «Շանթի» նոր ֆիլմի մասին, որտեղ նաև քո պատմությունն է», – հարցնում եմ Հովիկին ու տալիս եմ հեռախոսս, որպեսզի դիտի ֆիլմի թիզերը։

«Լիքը հիշողություններ կան իմ մանկությունից, լիքը հատվածներ կան, որոնք իրականում իմ կյանքում եղել են…..))»,-ասաց նա։

Չկոտրվելու, չնահանջելու, պայքարելու, կյանքի դժվարությունները հաղթելու մասին են ֆիլմն ու Հովիկի և նման մյուս պատմությունները:  Դրանց հիմքում աշխատասիրությունն է,  համառությունը,  ազնվությունը ու, անպայման, երազանք ունենալը, որը չի մնա թղթի վրա:

Հիշեցի նկարած համակարգիչն ու հարցրեցի, թե կ՞ա այն արդյոք:

«Իհարկե, կա,- պատասխանեց Հովիկը: Տանն է, նկարի շրջանակի մեջ՝ պատին փակցված…. Չէ՞ որ ամեն ինչ այդ նկարից էր սկսվել»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. մայիսի 5-11-ը

15:35 12.05.2025

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. մայիսի 5-11-ը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. մայիսի 5-11-ը։ Շաբաթվա ընթացքում հովտային և նախալեռնային շրջաններում շարունակվել է կորիզավոր պտղատուների աճը, լեռնային շրջաններում՝ հնդավորների ծաղկումը։ Արարատյան դաշտում շարունակվել է բանաջարանոցային մշակաբույսերի սածիլումը, տեղ-տեղ առաջացել են լոլիկի և սմբուկի կողային ընձյուղները։ Նախալեռնային շրջաններում դիտվել են կարտոֆիլի կողային ընձյուղները, լեռնային շրջաններում՝ ծիլերը։ Լեռնային շրջաններում աշնանացան ցորենը գտնվել է […] ...

Հայաստանի գավաթի եզրափակչի մրցավարական անձնակազմը

15:30 12.05.2025

Հայաստանի գավաթի եզրափակչի մրցավարական անձնակազմը

Հայաստանի գավաթի «Նոա» – «Արարատ-Արմենիա» եզրափակիչը կսպասարկի Աշոտ Հարությունյանի գլխավորած մրցավարական անձնակազմը: Նրան եզրերում կօգնեն Մեսրոպ Ղազարյանը և Արթուր Գդլյանը, չորրորդ պաշտոնյան կլինի Վարդան Մանուկյանը: VAR համակարգի մրցավարներն են Զավեն Հովհաննիսյանը և Ատոմ Սևգուլյանը։ ՀՖՖ պատվիրակ է նշանակվել Արամ Առաքելյանը, մրցավարների տեսուչ՝ Արման Ալաբերքյանը: Վճռորոշ խաղը տեղի կունենա մայիսի 13-ին «Հանրապետական» ստադիոնում։ ...

Համայնքային ոստիկաններն ու պարեկները գողության դեպք են բացահայտել

15:30 12.05.2025

Համայնքային ոստիկաններն ու պարեկները գողության դեպք են բացահայտել

Մայիսի 8-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Մոլդովական փողոցի շենքերից մեկի բակում երկու տղամարդ «Շևրոլետ» մակնիշի ավտոմեքենայից գողություն են կատարում: Նշված հասցե մեկնած Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողներն ու պարեկները պարզել են, որ գողացել են մեքենայի թափարգելը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Մոլդովական փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և Նոր Նորքի բաժին է […] ...

Համագյուղացիներին սպանելու նպատակով փորձել էր հրկիզել նրանց վագոն-տնակը

15:25 12.05.2025

Համագյուղացիներին սպանելու նպատակով փորձել էր հրկիզել նրանց վագոն-տնակը

Մայիսի 9-ի գիշերը՝ ժամը 1.30-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Այնթապ գյուղի 13-րդ փողոցի 12-րդ նրբանցքում ինչ-որ բան է այրվում, և խնդրել է շտապ ոստիկաններ մոտենան: Այնթապ մեկնած Մասիսի բաժնի համայնքային ոստիկանները և պարեկները պարզել են, որ համագյուղացիներին սպանելու նպատակով նրանց վագոն-տնակը բենզինով փորձել է հրկիզել 47-ամյա տղամարդը: 47-ամյա այնթապցին […] ...

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը

15:18 12.05.2025

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը։ Ավտոմքենայից հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված, ատրճանակեր, հրացաններ և փամփշտակալներ։ Ոչ օրինական ճանապարհով ծխախոտների, շարժիչի յուղի, դիզելային վառելիքի ներկրման փորձերը կանխվել են։ Քաղաքացու ուղեբեռում եղել է չհայտարարագրված ձեռքի ժամացույց` «Cartier» գրառմամբ։ Մաքսային ծառայողները հայտնաբերել են ավտոմեքենայի չհայտարարագրված լեդ լամպեր։ Օդային ճանապարհով ՀՀ են տեղափոխել […] ...

Հրդեհ Կարենիս գյուղում

15:12 12.05.2025

Հրդեհ Կարենիս գյուղում

Մայիսի 12-ին, ժամը 09:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Կարենիս գյուղի 2-րդ փողոցի տներից մեկից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տանը կից տաղավարի տանիքում և տան խոհանոցում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:21-ին, […] ...

BACK_TO_TOP