WCIT 2019 շրջանակում վարչապետը հանդիպումներ է ունեցել ՏՏ ոլորտի հեղինակավոր ընկերությունների ներկայացուցիչների հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+13.09 oC

WCIT 2019 շրջանակում վարչապետը հանդիպումներ է ունեցել ՏՏ ոլորտի հեղինակավոր ընկերությունների ներկայացուցիչների հետ

18:19 07.10.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի (WCIT 2019) պաշտոնական բացման արարողությանը և հանդես եկել ելույթով:

Պաշտոնական բացումից հետո վարչապետը հանդիպումներ է ունեցել WCIT 2019 մասնակից ՏՏ ոլորտի առաջատար մի շարք ընկերությունների ղեկավարների հետ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին հանդիպումը WCIT 2019 մասնակից, «Infosys» կորպորացիայի համահիմնադիր, հնդկաստանցի հայտնի գործարար Նարայանա Մուրտիի հետ էր: «Infosys» ընկերությունն զբաղվում է էլեկտրոնային առևտրի և հեռահաղորդակցության ոլորտի կազմակերպությունների համար ծրագրային ապահովման մշակմամբ և խորհրդատվության տրամադրմամբ:

Կառավարության ղեկավարը ողջունել է Նարայանա Մուրտիին Հայաստանում և կարևորել ՏՏ ոլորտի նման հեղինակավոր կազմակերպության ղեկավարի մասնակցությունը Երևանում ընթացող Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային կոնգրեսին, ինչը երկկողմանի լավ հնարավորություն է՝ համագործակցության հնարավորությունները քննարկելու համար:

«Infosys» կորպորացիայի համահիմնադիր Նարայանա Մուրտին շնորհակալություն է հայտնել վարչապետին հրավերի համար և նշել, որ ուրախ է այցելել Հայաստան, որտեղ անցկացվում է ՏՏ ոլորտի՝ միջազգային նշանակության կարևորագույն միջոցառումը և քննարկել տեխնոլոգիական բնագավառի զարգացմանը վերաբերող, ինչպես նաև փոխգործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր:

Վարչապետը խոսել է Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը տրվող կարևորության մասին և ընդգծել՝ ՀՀ կառավարությունը ՏՏ ոլորտը հռչակել է առաջնահերթություն և հետևողական քաղաքականություն է իրականացնում Հայաստանը տեխնոլոգիական երկիր դարձնելու, մասնավորապես, կրթական ենթակառուցվածքները զարգացնելու և տաղանդավոր մարդկանց համար համապատասխան էկոհամակարգ ստեղծելու ուղղությամբ: 

«Մենք կրթությունը համարում ենք մեր երկրի զարգացման կարևորագույն շարժիչներից մեկը և ներկայում առաջ ենք շարժվում կրթական համակարգում բարեփոխումներ իրականացնելու ճանապարհով: Մեր ՏՏ ոլորտը կայուն զարգանում է՝ տարեկան 20-25 տոկոսանոց աճ գրանցելով և մեծացնելով մեր երկրի գրավչությունը: Նաև հարկային լայն արտոնություններ ենք նախատեսել Հայաստանում նոր ստեղծվող տեխնոլոգիական ընկերությունների համար», – նշել է Նիկոլ Փաշինյանը:


***

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել WCIT 2019 մասնակից, ԱՄԷ «Mubadala Investment» ընկերության ավիացիայի ու ինժեներական ծառայությունների ստորաբաժանման տնօրեն Հոմեյդ Ալ Շիմմարիի հետ: «Mubadala Investment»-ը միջազգային ներդրումային կազմակերպություն է, որը գործունեություն է ծավալում աշխարհի ավելի քան 50 երկրում և ներդրումային ծրագրեր իրականացնում տարբեր ոլորտներում:

Վարչապետը ողջունել է «Mubadala Investment» ընկերության պատվիրակության մասնակցությունը նման կարևոր միջոցառմանը, ինչը գործընկերության հեռանկարները քննարկելու լավ առիթ է: Կառավարության ղեկավարը խոսել է Հայաստանում իրականացված քաղաքական փոփոխությունների մասին, նշել, որ լուրջ քայլեր են իրականացվել համակարգային կոռուպցիան հաղթահարելու ուղղությամբ, ինչը մեծ կարևորություն ունի ներդրումային միջավայրը գրավիչ դարձնելու առումով:

«Մեր ռազմավարությունն է՝ Հայաստանում զարգացնել տեխնոլոգիական ոլորտը, որտեղ հսկայական ներուժ կա: ՏՏ ոլորտը մեր երկրում դինամիկ զարգանում է, մենք ստեղծել ենք Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, և ձեր ընկերության հետ հնարավոր համագործակցությունը ևս հետաքրքիր է մեզ համար»,– ասել է Նիկոլ Փաշինյանը:

Հոմեյդ Ալ Շիմմարին շնորհավորել է ՏՏ 23-րդ համաշխարհային կոնգրեսը բարձր մակարդակով կազմակերպելու կապակցությամբ և շնորհակալություն հայտնել համաժողովին մասնակցելու հրավերի համար: Նա ներկայացրել է ընկերության գործունեության ուղղությունները, նշել, որ «Mubadala Investment»-ը աշխարհի ավելի քան 50 երկրներում տարբեր ոլորտներում կայուն և եկամտաբեր ներդրումներ է կատարում՝ նպատակ ունենալով նպաստել ինտեգրված և դիվերսիֆիկացված միջազգային տնտեսության զարգացմանը:

«Մենք լավ տպավորություն ունենք Հայաստանում տեխնոլոգիաների ոլորտից և հետաքրքրված ենք համագործակցությամբ, մասնավորապես, վենչուրային ֆոնդերի ձևավորման ոլորտում», – ասել է «Mubadala Investment» ընկերության ներկայացուցիչը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՏՏ ոլորտում գործընկերության հնարավորությունների մասին:

***

Վարչապետի հաջորդ հանդիպումը WCIT 2019 մասնակից, «Pixar Animation Studios» ընկերության ավագ փոխնախագահ հայազգի Քեթրին Սարաֆյանի հետ էր: «Pixar Animation Studios»-ը ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում տեղակայված ամերիկյան կինոստուդիա է, որը գործունեություն է ծավալում համակարգչային անիմացիայի ոլորտում:

Ողջունելով Քեթրին Սարաֆյանի մասնակցությունը WCIT 2019-ին՝ վարչապետը նշել է, որ միջազգային նշանակության այս համաժողովն անցկացվում է Հայաստանի համար կարևոր փոփոխությունների ժամանակաշրջանում, երբ արմատական քաղաքական փոփոխություններից հետո երկիրը թևակոխել է տնտեսական և տեխնոլոգիական փոփոխությունների շրջան:

«Մեր նպատակը տեխնոլոգիական ոլորտը տնտեսության շարժիչ ուժ դարձնելն է, և ձեր ընկերության հետ հնարավոր համագործակցությունը մեզ համար օգտակար կլինի: Հուսով եմ՝ Դուք կգտնեք մեր երկրում ՏՏ ոլորտում որոշակի գործունեություն ծավալելու համար հետաքրքիր հարթակներ: Ուրախ կլինենք տեսնել Ձեզ Հայաստանում ոչ միայն որպես «Pixar Animation Studios» ընկերության ներկայացուցիչ, այլև որպես մեր հայրենակից, ում ձեռքբերումներով մենք հպարտանում ենք», – ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը ներկայացրել է մեր երկրում ՏՏ ոլորտի զարգացման տեմպերը, տեխնոլոգիական ձեռնարկությունների համար ստեղծված հարկային արտոնությունները՝ նշելով, որ կառավարությունը շարունակելու է այդ գործընթացը:

«Pixar Animation Studios» ընկերության ավագ փոխնախագահ Քեթրին Սարաֆյանը նշել է, որ ուրախ է արդեն 5-րդ անգամ գտնվել Հայաստանում, որտեղ վերջին անգամ եղել է 2011-ին՝ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բացմանը: Նրա խոսքերով՝ Հայաստանում ՏՏ գործիքները և ձեռնարկությունները տպավորիչ զարգացում են արձանագրել, ինչը խոսում է մեր երկրում տեխնոլոգիական ոլորտի առաջընթացի մասին: «Pixar Animation Studios» ընկերության ավագ փոխնախագահը տեղեկացրել է, որ արդյունավետ համագործակցություն է ծավալվել «Pixar Animation Studios» և PicsArt ընկերության հայաստանյան գրասենյակի միջև, մասնավորապես, անիմացիայով զբաղվող մասնագետների միջև փորձի փոխանակման ուղղությամբ, և «Pixar Animation Studios»-ը պատրաստ է շարունակել և ընդլայնել այդ գործակցությունը: Քեթրին Սարաֆյանը նաև ոգևորիչ է համարել վարչապետի՝ ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովի բացման ելույթը և մաղթել հաջողություն:

***

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել WCIT 2019 մասնակից, «VWmare» ընկերության գործադիր տնօրեն Ռաջիվ Ռամասվամիի հետ: «VWmare» ընկերությունը գործունեություն է ծավալում ծրագրային ապահովման ոլորտում, որը ներառում է հաշվարկային, ամպային, ցանցային տեխնոլոգիաները, անվտանգությունը և թվային ոլորտը: 2010 թվականից Հայաստանում գործում է նաև «VWmare» ընկերության գրասենյակը:

«Ուրախ եմ ողջունել Ձեզ Հայաստանում՝ այս կարևոր համաժողովին: Շատ ուրախ եմ, որ ի դեմս «VWmare» ընկերության հայաստանյան գրասենյակի՝ հուսալի գործընկերներ ունեք, և մենք հպարտ ենք մեր հայրենակիցների համար, որոնք նման արդյունավետ համագործակցություն են ձևավորել Հայաստանի և Ձեր ընկերության միջև: Ակնկալում ենք Ձեր ընկերության հետագա հաջողությունները մեր երկրում: Մեր կառավարությունը ներդնում է առավելագույն ջանքերը՝ տեխնոլոգիական բնագավառը մեր երկրում առաջ մղելու համար: Կարևորագույն քայլերից է ՏՏ ոլորտի ձեռնարկությունների համար եկամտային հարկի կրճատումը, որի վերաբերյալ օրենսդրական փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2020 թ. հունվարի 1-ից»,- ողջունելով հյուրին՝ նշել է հանրապետության վարչապետը: Կառավարության ղեկավարն անդրադարձել նաև մեր երկրում ՏՏ բնագավառի զարգացման տեմպերին, ներկայացրել ընթացիկ ցուցանիշները, գործադիրի կողմից ձեռնարկվող քայլերին:

«VWmare» ընկերության գործադիր տնօրեն Ռաջիվ Ռամասվամին նշել է, որ ուրախ է այցելել մեր երկիր և մասնակցել ՏՏ 23-րդ համաշխարհային կոնգրեսին: Անդրադառնալով ընկերության հայաստանյան գրասենյակի գործունեությանը՝ «VWmare» ընկերության գործադիր տնօրենը նշել է, որ 2010 թվականին, երբ «VWmare»-ը նոր է սկսել գործունեությունը Հայաստանում, ունեցել է 16 աշխատակից, իսկ այսօր աշխատակիցների թիվը հասնում է 200-ի: Սա, Ռաջիվ Ռամասվամիի խոսքերով, վկայում է Հայաստանում տեխնոլոգիաների ոլորտի մեծ ներուժի, տաղանդավոր մասնագետների և այս ճյուղի դինամիկ զարգացման մասին:

«Մենք շատ ուրախ ենք ներդրումներ կատարել մարդկային տաղանդների ոլորտում, ինչը Հայաստանում առկա է: Միայն մեկ խնդրանք ունենք Ձեզ՝ ավելացրեք տաղանդների թիվը, ներդրում կատարեք տեխնոլոգիական կրթության ոլորտում»,– ասել է «VWmare» ընկերության գործադիր տնօրենը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կրթության ոլորտի զարգացումը, բարեփոխումների իրականացումը Հայաստանի կառավարության գերակայություններից են, և ներկայումս Հայաստանն առաջ է շարժվում տաղանդավոր մարդկանց համար կրթական և մասնագիտական որակյալ էկոհամակարգ ձևավորելու ճանապարհով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Խեցեգործ Վարդանն ու նրա նկարչուհի կինը՝ Լիլիթը Սարյանի կտավները ներկայացնում են կերամիկայի միջոցով

23:59 11.05.2025

Խեցեգործ Վարդանն ու նրա նկարչուհի կինը՝ Լիլիթը Սարյանի կտավները ներկայացնում են կերամիկայի միջոցով

Խեցեգործ Վարդանն ու նրա նկարչուհի կինը՝ Լիլիթը, միասին հիմնել են «Մայոլիկա կերամիքս» ապրանքանիշը։ Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից: Համագործակցելով Մարտիրոս Սարյանի ժառանգների հետ` նկարչի կտավները ներկայացնում են կերամիկայի միջոցով՝ մայոլիկայի և մանրանկարչական ոճով։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

ՃՏՊ Թալին-Արտենի ավտոճանապարհին․ կան տուժածներ

23:48 11.05.2025

ՃՏՊ Թալին-Արտենի ավտոճանապարհին․ կան տուժածներ

Մայիսի 11-ին, ժամը 18:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած-Արտենի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Թալին-Արտենի ավտոճանապարհի 23-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշին, գլորվել (մոտ 30 մ) և հայտնվել դաշտամիջյան հատվածում։ […] ...

Երևանում գործող հայտնի սրճարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին

23:38 11.05.2025

Երևանում գործող հայտնի սրճարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին

Մայիսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության կենտրոնականի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել որ Աբովյան փողոցի 23 հասցեում գործող «De France» սրճարանում դի կա։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը: Տեղում պարզվել է, որ ստացված […] ...

Աֆղանստանում արգելվել է շախմատը

23:17 11.05.2025

Աֆղանստանում արգելվել է շախմատը

Աֆղանստանի առաքինությունների խթանման և արատների կանխարգելման նախարարությունը պաշտոնապես արգելել է շախմատը երկրում։ Այս մասին հայտնել է Khaama Press պորտալը։ Նշվում է, որ նախարարությունն արդեն լուծարել է Աֆղանստանի շախմատի ֆեդերացիան։ ...

Al Arabiya. Իսրայելը հարվածներ է հասցնում Եմենի նավահանգիստներն Ալ-Հոդեյդայում

22:56 11.05.2025

Al Arabiya. Իսրայելը հարվածներ է հասցնում Եմենի նավահանգիստներն Ալ-Հոդեյդայում

Իսրայելական ինքնաթիռները սկսել են հարվածել Եմենի Հոդեյդա, Ռաս Իսա և Աս-Սալիֆ նավահանգիստներին, որոնք գտնվում են Կարմիր ծովի ափին և գտնվում են հութիների վերահսկողության տակ: Այս մասին հաղորդում է Սաուդյան Արաբիայի Al Arabiya  հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Հութիների գլխավորած կառավարության Ներքին գործերի նախարարությունը նույնպես հայտարարել է, որ նահանգը ենթարկվել է իսրայելական հարձակման: Ավելի վաղ Իսրայելի […] ...

Reuters. ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել առևտրային դեֆիցիտը կրճատելու հարցում

22:39 11.05.2025

Reuters. ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել առևտրային դեֆիցիտը կրճատելու հարցում

ԱՄՆ-ի և Չինաստանի պաշտոնյաները հայտարարել են, որ Ժնևում երկօրյա բանակցություններից հետո համաձայնության են եկել առևտրային դեֆիցիտը կրճատելու վերաբերյալ, որի մանրամասները կհայտարարվեն մայիսի 12-ին: Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով բանակցություններին մասնակցող ամերիկյան պատվիրակության ներկայացուցիչներին: «ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը, որը մասնակցել է բանակցություններին (ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ) Բեսենտի, փոխվարչապետ Հե Լիֆենգի և երկու չինացի […] ...

BACK_TO_TOP