21:24 27.10.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել ժողովրդին, որը ներկայացնում ենք ստորև․
Սիրելի ժողովուրդ,
Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ,
Արցախի Հանրապետության հպարտ քաղաքացիներ,
Սփյուռքի հպարտ հայություն,
Եղբայրներ եւ քույրեր.
Արդեն մեկ ամիս է, ինչ թուրք-ադրբեջանա-ահաբեկչական ուժերը պատերազմ են մղում Արցախի եւ հայության դեմ։
Արցախի բանակի եւ քաղաքացիական բնակչության վրա այս ընթացքում թափվել են հազարավոր արկեր, հրթիռներ, բաց թողնվել հազարավոր անօդաչու թռչող սարքեր:
Հակառակորդը հարձակվել է տանկերով, ինքնաթիռներով, ուղղաթիռներով, ադրբեջանցիներով, ահաբեկիչներով, վարձկաններով, թուրք ու պակիստանցի հատուկջոկատայիններով։
Մեկ ամիս առաջ՝ նրանք Արցախը արագ նվաճելու, Արցախը կործանելու, ծնկի բերելու խնդիր էին դրել իրենց առաջ:
Բայց այսօր Արցախը թեկուզ վիրավոր, սակայն, կանգուն է, եւ այս ամենը առաջին հերթին մեր հերոսական բանակի, մեր հերոսական ժողովրդի, մեր հերոսական մարդու շնորհիվ:
Այս դաժան, բայց հերոսական ընթացքը մեզ վստահություն է տալիս. Արցախը կանգուն է մնալու, որովհետեւ մեր ոգին անկոտրում է, մեր կամքը՝ անսասան:
Պատերազմը մտել է մի փուլ, երբ դրա շարունակության ամեն վայրկյանը տեղապտույտի մեջ է գցում ամեն անգամ հրադադարը ուխտադրուժ կերպով խախտող հակառակորդին՝ փլուզելով նրա ունեցած իլյուզիաները:
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը այնքան է հաղթական լուրերով սնել սեփական հանրությանը, որ նրանք արդեն երկար ժամանակ ամեն օր, ամեն րոպե, ամեն վայրկյան սպասում են Արցախի անկման, իրենց վերջնական եւ անշրջելի հաղթանակի մասին լուրին:
Ադրբեջանի հանրությունը, սակայն, այդ լուրը չի ստանալու, Ադրբեջանի հանրությունը այդ լուրը չի ստանալու, եւ այս լուրի անվերջ սպասումն է, որ քանդելու է Արցախը նվաճելու ադրբեջանական պլանները:
Արցախի ժողովուրդը, հայ ժողովուրդը, ամբողջ հայությունը կռվելու է անմնացորդ՝ ամեն ծառի, ամեն քարի, ամեն սանտիմետրի եւ ամեն միլիմետրի համար, եւ անհրաժեշտ պահին ճշգրիտ հասցված հակահարվածը հակառակորդի համար կործանարար փլուզման էֆեկտ է ունենալու:
Հենց այս պահը հասունացնելն է Արցախի Պաշտպանության բանակի խնդիրը, եւ մենք պետք է ամեն ինչով աջակցենք, թեւ ու թիկունք լինենք Արցախի Հանրապետությանը, Պաշտպանության բանակին:
Վերը շարադրված խնդիրները լուծելու համար մեզ հարկավոր է ժողովրդական ուժերի բացառիկ համախմբում եւ կարգապահություն: Ռազմական դրության, առավելեւս մարտական պայմաններում պիտի գործի հրամանները անվերապահորեն եւ առանց քննարկման կատարելու տրամաբանությունը, հրամաններ չկատարողները, հրաման կատարելու կամքը սասանողները պետք է ենթարկվեն խստագույն պատժի, պատասխանատվության եւ, որ կարեւոր է նաեւ, հանրային արգահատանքի:
Որեւէ բան, որեւէ բան չպետք է արդարացում դառնա նրանց համար, որովհետեւ խաղասեղանին հայրենիքի ու ժողովրդի ճակատագիրն է, եւ մենք չենք կարող թույլ տալ Արցախի կորուստ կամ հայաթափում:
Սիրելի ժողովուրդ,
Ես տեղյակ եմ, որ երեկվա իմ ելույթը բազմաթիվ հակասական գնահատականների տեղիք է տվել: Եւ, անկեղծ ասած, տարօրինակ չթվա՝ ուրախ եմ դրա համար: Այդ ելույթը ուներ երկու նպատակ՝ միջազգային հանրությանը ի ցույց դնել հայկական կողմերի կառուցողականությունը եւ նաեւ հայ ժողովրդի հաստատակամությունը՝ Արցախի իրավունքների համար անմնացորդ պայքարելու տրամաբանության մեջ:
Երկու խնդիրն էլ լուծված են լիովին՝ մի փոքր անսովոր, բայց բավական արդյունավետ ձեւով: Եւ ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել ձեր հաստատակամության համար:
Եւ խնդիրը, ահա, երեկվա ելույթի արդյունքում առաջացած էներգիան վեր ածել կոնկրետ գործի: Բոլորս հանուն Արցախի, ամեն ինչ հանուն Արցախի: Այս տրամաբանությունն է, որ պիտի գործի այս օրերին:
Այս օրերին պետական կառավարման ողջ համակարգն աշխատում է կազմակերպչական բացերը վերացնելու, յուրաքանչյուր օղակի գործողություններն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ:
Մեր հնարավորություններն անսահմանափակ չեն, բայց Արցախի Պաշտպանության բանակն ունի բավարար չափով զենք եւ պոտենցիալ՝ իր առաջ դրված խնդիրները լուծելու համար: Այո, մենք աշխարհում ունենք բազմաթիվ թշնամիներ, բայց ունենք նաեւ բարեկամներ, որոնք դժվար պահին կանգնում են, կանգնած են եւ կկանգնեն մեր կողքին: Շնորհակալ հայ ժողովուրդը այդ վերաբերմունքը երբեք չի մոռանա: Երբեք չի մոռանա:
Եւ առավելեւս այս ֆոնին մեզ մնում է ամրացնել մեր կամքը, մեկտեղել մեր կամքը, սնել մեր վճռականությունն ու նվիրումը, առարկայացնել մեր որոշումը՝ պաշտպանելու մեր ժողովրդի, Արցախի հայության ինքնորոշման իրավունքը:
Այս պատերազմը մեզնից յուրաքանչյուրի համար պիտի դառնա բացարձակ ու անփոխարինելի առաջնահերթություն, ու մենք կհաղթենք:
Այս պատերազմի ընթացքում էապես փոխվել է ղարաբաղյան հակամարտության ընկալումը աշխարհում։ Միջազգային գլխավոր դերակատարներն այժմ ընդունում եւ բաց հայտարարում են, որ Ադրբեջանն ու Թուրքիան են ագրեսիվ կողմը։ Ահաբեկիչների եւ վարձկանների՝ Ադրբեջանի կողմից կռվելն արդեն հաստատված փաստ է աշխարհում։
Սա հնարավոր է դարձել, այդ թվում մեր ճիշտ դիվանագիտական աշխատանքի եւ հրապարակային կառուցողական շեշտադրումների արդյունքում։ Դրանք ի ցույց են դնում, որ Ադրբեջանը՝ ինչպես առաջ, այնպես էլ հիմա, պատրաստ չէ փոխզիջումների: Իսկ այս փաստը միջազգայնորեն լեգիտիմացնում է մինչեւ վերջ պայքարելու, հաղթանակներ կերտելու եւ հաղթանակները վայելելու հայ ժողովրդի իրավունքը:
Եկեք պայմանավորվենք, որ մենք չենք վախենալու ոչնչից: Թույլ չենք տալու ներքին եւ արտաքին որեւէ ուժի կասկած սերմանել Ազատ եւ Երջանիկ մեր ապագայի նկատմամբ: Մենք չենք վհատվելու նույնիսկ մեր սխալներից, վրիպումներից, անհաջողություններից:
Այս ամենը չի փոխելու վերը շարադրված մեր ռազմավարությունը, որովհետեւ՝
Մենք պարտվել ենք, պարտվել ենք քանիցս,
Եւ տեսել քմծիծաղը ստի,
Բայց մեր կամքը ամուր է քարից էլ,
Մեր ոգին հանձնվել չգիտի:
Եւ ուրեմն՝ դու հաղթող ես, հայ ժողովուրդ: Գնա եւ վերցրու քո հաղթանակը, կանգնիր եւ կերտիր քո հաղթանակը: Եւ վստահ եղիր՝ քո ընտրած կառավարությունը ոչ մի րոպե, ոչ մի վայրկյան չի շեղվել ու չի շեղվելու այս հաղթանակի ճանապարհը քեզ ցույց տալու իր գործից ու պարտականությունից:
Եւ ուրեմն,
Կեցցե՛ Ազատությունը
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը
Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը
Կեցցե՛ Հայոց բանակը ու Հայ զինվորը
Եւ կեցցե՛ն մեր երեխաները, որ ապրելու են Ազատ եւ Երջանիկ Հայաստանում,
Ազատ եւ Երջանիկ Արցախում:
10:47 26.07.2025
Կամբոջան ՄԱԿ-ի ԱԽ նիստում կոչ է արել Թաիլանդին դադարեցնել կրակըԿամբոջան Անվտանգության խորհրդի փակ նիստի ժամանակ կոչ է արել հրադադար հաստատել, հայտարարել է ՄԱԿ-ում երկրի մշտական ներկայացուցիչ Կեո Չհեան։ «Կամբոջան կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը», – լրագրողներին ասել է նա։ Իրենց հերթին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները, ըստ նրա, կոչ են արել երկու կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն և դիվանագիտություն։ ...
10:32 26.07.2025
Իրանում զինված անձինք հարձակվել են դատական վարչության վրաԻրանի Սիստան և Բելուջիստան նահանգի հարավ-արևելքում գտնվող Զահեդան քաղաքի դատական դեպարտամենտը հարձակման է ենթարկվել զինված անձանց կողմից, հաղորդում է IRIB գործակալությունը։ «Մի քանի րոպե առաջ անհայտ զինված անձինք հարձակվել են Զահեդանի դատական վարչության վրա», – ասվում է գործակալության հայտարարության մեջ։ ...
10:09 26.07.2025
Փրկարարները քաղաքացիներին իջեցրել են խափանված կռունկիցՀուլիսի 25-ին, ժամը 20:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող շինհրապարակում վերամբարձ կռունկը խափանվել է. քաղաքացիները մնացել են բարձրության վրա։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և ավտոսանդուղք: Փրկարարները երեք քաղաքացու անվնաս իջեցրել են խափանված կռունկից։ ...
09:45 26.07.2025
Թրամփը հայտարարել է, որ անտառային հրդեհներից տուժածներին օգնելու համար նախատեսված գումարը անհետացել էԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կալիֆոռնիայում անտառային հրդեհներից տուժածներին օգնություն ցուցաբերելուն ուղղված ԱՄՆ FireAid նախաձեռնությունը անվանել է խարդախ սխեմա և հայտարարել, որ դրա համար հավաքագրված միջոցներից 100 միլիոն դոլարը անհետացել է։ «FireAid-ը լիակատար աղետ է։ Դա նման է դեմոկրատների կողմից ևս մեկ խաբեության: 100 միլիոն դոլարը կորել է», – գրել է նախագահը իր Truth Social էջում: […] ...
09:29 26.07.2025
Ալավերդիում տեղի է ունեցել պատշգամբի փլուզում, քաղաքացին ընկել է ներքևՀուլիսի 26-ին, ժամը 04:09-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Էնգելս թաղամասի շենքերից մեկի 2-րդ հարկի բնակարաններից մեկում տեղի է ունեցել պատշգամբի փլուզում. պատշգամբում գտնվող քաղաքացին ընկել է ներքև։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բնակարանի պատշգամբի […] ...
09:21 26.07.2025
Սթարմեր. Մեծ Բրիտանիան կարող է ճանաչել Պաղեստինի պետությունը հրադադարից հետոՄեծ Բրիտանիան կարող է ճանաչել Պաղեստին պետությունը Գազայի հատվածում հրադադարի հաստատումից հետո: Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը X-ում հրապարակված տեսաուղերձում: «Ես մեր ամենամոտ դաշնակիցների հետ աշխատում եմ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ռազմավարության վրա՝ կենտրոնանալով գործնական լուծումների վրա, որոնք կփոխեն պատերազմի հետևանքով տառապողների կյանքը։ Այս ռազմավարությունը կներառի այն կոնկրետ քայլերը, որոնք […] ...