Կան անվիճելի և հաստատված փաստեր՝ ինչպես են բազմաթիվ գերիներ խոշտանգվել, խեղվել և նույնիսկ սպանվել. ՀՀ ԱԺ նախագահ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+22.09 oC

Կան անվիճելի և հաստատված փաստեր՝ ինչպես են բազմաթիվ գերիներ խոշտանգվել, խեղվել և նույնիսկ սպանվել. ՀՀ ԱԺ նախագահ

16:06 28.04.2021

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել «Խորհրդարանականների դերը միջազգային խաղաղության և վստահության ամրապնդման գործում» խորհրդարանների ղեկավարների հանդիպմանը:

Ելույթը ներկայացնում ենք ստորև.

«Հարգելի տիկին Մամեդովա,

Հարգելի գործընկերներ, հանդիպման մասնակիցներ:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի անունից ողջունում եմ հանդիպման բոլոր մասնակիցներին և երախտագիտություն եմ հայտնում այս միջոցառմանը մասնակցելու հրավերի համար:

Ելույթի սկզբում կցանկանայի ընդգծել այս տարվա ապրիլի 14-ին կայացած Թուրքմենստանի Ազգային ժողովի (Միլի Գենգեշ) առաջին գումարման Ժողովրդական խորհրդի (Խալք Գենգեշի) առաջին նիստի կարևորությունը:

Այս նշանակալի իրադարձությամբ ավարտվեց սահմանադրական բարեփոխումների գործընթացը, որը նախաձեռնվել էր դեռ 2019-ին և այդ կապակցությամբ թույլ տվեք շնորհավորել բոլորիդ և մաղթել ձեզ նոր նվաճումներ, խաղաղություն և բարգավաճում:

Հարգելի գործընկերներ,

ինչպես բոլորս գիտենք, Թուրքմենստանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը /Ասամբլեան/ միաձայն ընդունեց բանաձև` հռչակելով 2021 թվականը Խաղաղության և վստահության միջազգային տարի, որին համահեղինակ էին աշխարհի 73 երկրներ, այդ թվում` Հայաստանի Հանրապետությունը: Այս իրադարձությունն անկասկած վկայում է համաշխարհային հանրության աջակցության մասին՝ Թուրքմենստանի խաղաղ և չեզոք արտաքին քաղաքականությանը, որն իրականացվում է հանուն համընդհանուր խաղաղության, անվտանգության և կայուն զարգացման ապահովման:

Անցյալ տարի Թուրքմենստանում նշվեց ՄԱԿ-ի կողմից մշտական չեզոք կարգավիճակի ճանաչման 25-ամյակը, որը երկրի ներքին և արտաքին քաղաքականության հիմքն է: Չեզոքության հռչակմամբ Թուրքմենստանը մտավ իր պատմության նոր փուլ, որի նպատակն էր զարգացնել միջպետական հարաբերություններն աշխարհի բոլոր պետությունների հետ բարիդրացիության, հավասարության և փոխադարձ շահերի հարգանքի սկզբունքներով: Թուրքմենստանի մշտական չեզոքությունը միջազգային խաղաղ փոխգործակցության հաստատման արդյունավետ գործիք է` նպաստող կայունության և անվտանգության ապահովմանը:

Արագ փոփոխվող աշխարհում միջազգային համագործակցությունը, որը հիմնված է վստահության վրա, հանդիսանում է համաշխարհային հանրության առջև ծառացած խնդիրների լուծման ամենակարևոր և արդյունավետ միջոցը:

Խորհրդարանականները՝ որպես իրենց ժողովուրդների ընտրված ներկայացուցիչներ, ունեն ամենակարեւոր գործառույթները` նպաստելու միջազգային խաղաղության և վստահության ամրապնդման գործընթացներին, որոնք, իհարկե, հիմնված են ներառական և կառուցողական երկխոսություն ապահովելու խնդրի վրա: Եվ օրենսդիրները կարող են կարևոր դեր ունենալ նման երկխոսության կազմակերպման գործում, որն ուղղված է ապահով, հուսալի, կայուն և խաղաղ համայնքի ստեղծմանը:

Միջխորհրդարանական երկխոսության ակտիվացումը կարող է ամուր հիմք հանդիսանալ վստահության ամրապնդման համար՝ նպաստելով երկրների միջև քաղաքական, տնտեսական, մշակութային և հումանիտար համագործակցության ներուժի աստիճանական աճին:

Միևնույն ժամանակ, գործընկերներ, անցյալ տարի մենք բոլորս ականատես եղանք այնպիսի գործողությունների և քաղաքականության, որոնք հակասում են մեր երկրների ժողովուրդների խաղաղասեր նկրտումներին: Չնայած ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կոչին և համաշխարհային հումանիտար ճգնաժամին՝ Ադրբեջանը 2020 թ. սեպտեմբերի վերջին՝ Թուրքիայի լիակատար և բացահայտ աջակցությամբ և Մերձավոր Արևելքի տարբեր ահաբեկչական կազմակերպությունների վարձու գրոհայինների ներգրավմամբ, սանձազերծեց մասշտաբային ռազմական ագրեսիա Լեռնային Ղարաբաղի դեմ:

Պատերազմի ամբողջ ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը նպատակաուղղված կրակում էին խաղաղ բնակիչների և կենսական ենթակառուցվածքների վրա, պղծում և ոչնչացնում Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվող հայկական պատմական, մշակութային և կրոնական ժառանգությունը, ներառյալ տաճարները, եկեղեցիները և այլ կրոնական և պատմական հուշարձաններ, ինչպիսիք են հայկական մարշալների և գեներալների հուշարձանները, ովքեր Հայրենական մեծ պատերազմի տարիներին կռվել և ջախջախել են նացիզմն ու ֆաշիզմը: Խաղաղ բնակչության դեմ օգտագործվել է քիմիական զենքի տարրեր պարունակող զինամթերք:

Մինչ օրս Ադրբեջանը կոպտորեն խախտում է ձեռք բերված պայմանավորվածությունները և շարունակում անօրինական կերպով պահել հարյուրավոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց: Կան անվիճելի և հաստատված փաստեր՝ ինչպես են բազմաթիվ գերիներ խոշտանգվել, խեղվել և նույնիսկ սպանվել: Այս հանցագործությունները նկարահանվել և տարածվել են սոցիալական ցանցերում և լայնորեն հավանության են արժանացել ադրբեջանական հասարակության շրջանում:

Իսկ վերջերս Բաքվում Լեռնային Ղարաբաղի պատերազմին նվիրված այսպես կոչված «այգու» բացումը մարդատյաց ու ազգամիջյան ատելության վառ վկայությունն է:

Միայն ադրբեջանական ագրեսիայի հետևանքների վերացումը և ժողովրդի ինքնորոշման իրավունքի հիման վրա Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումը կարող են պայմաններ ստեղծել տարածաշրջանում խաղաղության և կայունության համար:

Հարգելի գործընկերներ,

ևս մեկ անգամ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել թուրքմենական կողմին այս հանդիպումը կազմակերպելու համար, որն արդյունավետ հարթակ է հետագա համագործակցության նոր հնարավորությունների քննարկման, ինչպես նաև տեսակետների ու փորձի փոխանակման համար:

Հուսով եմ, որ կառուցողական և բեղմնավոր քննարկումը կծառայի բազմակողմ միջխորհրդարանական կապերի զարգացմանը՝ բոլոր կարևորագույն ուղղություններով, ինչպես նաև բարեկամության, վստահության և փոխըմբռնման ամրապնդմանը մեր երկրների միջև:

Մաղթում եմ բոլորիս հաջողություն և բեղմնավոր աշխատանք:

Շնորհակալություն ուշադրության համար»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP