16:29 29.12.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի ամփոփիչ նիստը:
Բացելով նիստը՝ վարչապետ Փաշինյանը նշել է.
«Բարև ձեզ հարգելի գործընկերներ:
Ինչպես գիտեք, սույն թվականի հունվարի 15-ին վարչապետի որոշմամբ ստեղծվեց Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խումբ, և մենք այսօր հավաքվել ենք՝ ամփոփելու աշխատանքային խմբի այս տարվա արդյունքները: Պիտի արձանագրեմ, որ 2021 թվականի ընթացքում Սյունիքի մարզում աշխատանքային խմբի խողովակով հատկացվել և իրականացվել է շուրջ 1.1 մլրդ դրամի ծրագիր: Այդ ծրագրերն ունեն բավական լայն ընդգրկում՝ գյուղատնտեսությունից մինչև սպորտ, և կարծում եմ, որ այս նոր միջավայրում կարևոր նշանակություն են ունեցել և ունեն Սյունիքի մարզի դիմակայունությունը բարձրացնելու ու ամրապնդելու նկատառումով:
Ցանկանում եմ ընդգծել, որ այսօր էլ, իհարկե, հիմա այս պահին կարճ ժամանակով ընդհատված են մինչև ամանորյա տոների ավարտը, Սյունիքի մարզում լայն թափով ընթանում, իրականացվում է այլընտրանքային ճանապարհների շինարարություն: Սա նույնպես չափազանց կարևոր ծրագիր է:
Ուզում եմ ասել նաև, որ մենք Սյունիքի մարզում միայն աշխատանքային խմբի խողովակով չէ, որ ծրագրեր ենք իրականացնում: Կուզենայի մի քանի ծրագրերի մասին խոսել: Մասնավորապես՝ կրթական ոլորտի: Հանրակրթության ոլորտում մեր ռազմավարական բարեփոխումները որոշել ենք սկսել հենց Սյունիքի մարզից, և այդ նոր մոդելն առաջինը փորձարկվում է Կապան խոշորացված համայնքում՝ Սյունիքի մարզկենտրոնում, որտեղ ծրագիր իրականացնելու համար կառավարությունը 9 մլրդ դրամի հատկացում է իրականացնում: Այսպիսի ծրագրեր կներդրվեն նաև Սյունիքի մյուս խոշորացված համայնքներում:
Ցանկանում եմ հիշեցնել նաև, որ Եվրամիության հետ համագործակցության արդյունքում նախատեսվում է շուրջ 80 մլն եվրոյի ծրագիր իրականացնել Սյունիքի մարզում՝ զուտ մարզի դիմակայունությունը բարձրացնելու ծրագրի շրջանակում:
Այսօր մենք ակտիվ աշխատում ենք «Հյուսիս-հարավ» ծրագրի իրականացման վրա՝ մասնավորապես, Սիսիան-Քաջարան և Քաջարան-Ագարակ հատվածների շինարարությունը: Հույս ունենք գործընթացն արդեն մեկնարկել 2022 թվականի ընթացքում: Դա շատ խոշոր ծրագիր է, ընդ որում, ներառում է մի քանի կամուրջներ, 2 թունել՝ 7 և 8 կմ երկարությամբ: Ծրագիրը նույնպես շատ էական ազդեցություն է ունենալու ոչ միայն Սյունիքի մարզի, այլև ընդհանրապես Հայաստանի Հանրապետության հետագա զարգացման համար:
Ուզում եմ ընդգծել նաև, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեման նույնպես էական գործոն է Սյունիքի մարզի հետագա զարգացման համար: Մենք արդեն հայտարարել ենք, որ մեկնարկում ենք Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու Մեղրիի հատվածի շինարարության նախապատրաստական աշխատանքները: Պիտի ընդգծեմ, որ այո, իհարկե, մեզ բոլորիս հայտնի հանգամանքների բերումով, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեման ակնհայտորեն և հանրահայտ ձևով նաև որոշակի խնդիրներ և վտանգներ է պարունակում, բայց պիտի ընդգծեմ նաև, որ շատ մեծ հնարավորություններ է պարունակում: Մենք պետք է հետևողականորեն և համբերատար աշխատենք, որպեսզի վտանգները կառավարենք, իսկ հնարավորություններն ընդգծենք և կարողանանք ծառայեցնել Հայաստանի Հանրապետության, այդ թվում՝ Սյունիքի մարզի հետագա բնականոն զարգացմանը»:
Վարչապետի խորհրդական, աշխատանքային խմբի ղեկավար Ռոբերտ Ղուկասյանը, անդրադառնալով խմբի գործունեությանը, նշել է, որ առայսօր գումարվել է 17 նիստ՝ Սյունիքի տարբեր բնակավայրերում: Խումբը գործել է շուրջօրյա աշխատանքի ռեժիմով և փորձել հնարավորինս օպերատիվ արձագանքել խնդիրներին՝ շեշտը դնելով հատկապես սոցիալական, տնտեսական, անվտանգային բաղադրիչների վրա:
Ապա աշխատանքային խմբի անդամ՝ պատկան գերատեսչությունների ներկայացուցիչները զեկուցել են ըստ ոլորտների կատարված աշխատանքների մասին: Ներկայացվել են պաշտպանության, անվտանգ երթևեկության, ճանապարհաշինության, բնակարանաշինության, սոցիալական հարցերի լուծման, ենթակառուցվածքների բարելավման, շրջակա միջավայրի պահպանության ուղղությամբ միջոցառումները:
Վարչապետին զեկուցվել է Սյունիքի մարզի այլընտրանքային ճանապարհների՝ Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Գորիս-Կապան տեղամասի առանձին հատվածներում երթևեկության անխափանությունն ապահովելու նպատակով Հ-46 (Քաշունի գյուղի խաչմերուկից) – Բարձրավան, Տանձավեր – Շուռնուխ, Որոտան – Խոտ և Տ-8-49, /Տ-8-48/ – Լծեն ճանապարհահատվածների կառուցման/վերակառուցման ընթացքի մասին: Նշվել է, որ ընթացքի մեջ են գրունտային վիճակի ապահովման աշխատանքները, որոնք կերաշխավորեն այս ճանապարհահատվածների երթևեկելիությունը բոլոր տիպի մեքենաների համար, տարվա բոլոր եղանակներին: Նախատեսվում է, որ 2022թ. դրանք ամբողջությամբ ասֆալտապատված կլինեն: Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծել է նշված ճանապարհների կարևորությունը և հանձնարարել հնարավորինս արագացնել շինարարության ընթացքը:
Կառավարության ղեկավարին մանրամասներ են ներկայացվել Շուռնուխում կառուցվող թաղամասի շինարարության վերաբերյալ: Զեկուցվել է, որ աշխատանքները շարունակվում են, նախատեսվում է դրանք ավարտել պայմանագրով սահմանված ժամկետում՝ 2022 թ. առաջին կիսամյակում:
Վարչապետը հետաքրքրվել է նաև Սյունիքում գյուղոլորտի ներուժի ուսումնասիրության ուղղությամբ քայլերով: Ներկայացվել են ջրարբիացման համակարգերի կառուցման, գյուղտեխնիկայի տրամադրման, բիզնես նախաձեռնությունների խթանման, մի շարք համայնքներում նոր ենթակառուցվածքների ձևավորման ուղղությամբ իրականացված միջոցառումները: Այս համատեքստում ընդգծվել է օժանդակություն ցուցաբերող փորձագիտական խմբի կարևոր դերը: Ռոբերտ Ղուկասյանը զեկուցել է, որ փորձագիտական խմբի կողմից ներկայում կատարվում է գյուղատնտեսական նշանակության հողերի թվայնացման աշխատանք, որը նախատեսվում է ավարտել մեկ ամսից: Արդյունքում ակնկալվում է ունենալ տնտեսական ներուժի գնահատում ըստ համայնքների, որի հիման վրա էլ յուրաքանչյուր համայնքի համար մշակվելու է գյուղատնտեսական ապագայի ծրագիր: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է աշխատանքն ավարտելուց հետո արդյունքները քննարկել շահագրգիռ գերատեսչությունների հետ և, որպես արդյունավետ գնահատվելու դեպքում, այն իրականացնել նաև մյուս մարզերի համար:
Մտքերի փոխանակության ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր և գաղափարներ, ներկայացվել են առաջարկներ:
Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել աշխատանքային խմբի և փորձագիտական խմբի անդամներին կատարված աշխատանքի համար և ընդգծել՝ Սյունիքի մարզի զարգացման օրակարգը բավական ընդգրկուն է և պետք է համբերատար աշխատել նախանշված առաջնահերթությունների կյանքի կոչման ուղղությամբ:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...