20:59 28.10.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 28-ին Երևանում ներկա է գտնվել Համաշխարհային հայկական գագաթնաժողովին և հանդես եկել այնտեղ ելույթով:
Ողջունելով գագաթնաժողովի մասնակիցներին՝ երկրի ղեկավարը կարևորել է համայն հայության համար նման ներկայացուցչական միջոցառումների անցկացման նշանակությունը, նշելով, որ ներկա աշխարհաքաղաքական բարդ պայմաններում այն դառնում է կրկնակի պահանջված ու արդիական:
«Հայաստանի Հանրապետության մեծարգո՛ նախագահ,
Հայաստանի Հանրապետության մեծարգո՛ վարչապետ,
Հարգելի՛ ներկաներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Նախ ուզում եմ ջերմորեն ողջունել ձեզ՝ Համաշխարհային հայկական գագաթնաժողովի բոլոր մասնակիցներիդ:
Մենք միշտ կարևորել ենք նման ներկայացուցչական միջոցառումների անցկացման նշանակությունը համայն հայության համար՝ մայր Հայաստանում, Արցախում թե Սփյուռքում: Իսկ ներկա աշխարհաքաղաքական բարդ պայմաններում այն դառնում է կրկնակի պահանջված ու արդիական:
Այսօր հայ ժողովրդի առջև ծառացած են այնպիսի լրջագույն խնդիրներ ու մարտահրավերներ, որոնց լուծման ու դիմագրավման համար անհրաժեշտ է ողջ համազգային ներուժի ու ջանքերի համատեղում, միավորում մեկ գաղափարի շուրջ: Այդ գաղափարը հայոց անկախ պետականության ամրապնդումն ու զորացումն է, ինչի առանցքային գրավականը միշտ եղել է Հայաստան-Արցախ-Սփյուռք կուռ եռամիասնությունը: Դրա փոքր իսկ թուլացումը կարող է բերել աղետալի հետևանքների: Ուստի, խիստ կարևոր է այս եռամիասնությանը վերաբերվել որպես արժեքների ու շահերի անքակտելի ամբողջականության:
2020 թվականի 44-օրյա պատերազմը բոլորիս կանգնեցրել է նոր իրողությունների առջև: Մենք ունեցել ենք թանկ ու անդառնալի կորուստներ. կորցրել ենք մեր հերոս զավակներին, մեր պատմական հայրենիքի մի մասը: Այսօր համայն հայության աջակցությամբ Արցախը մեծ դժվարությամբ փորձում է ոտքի կանգնել ու ամոքել իր վերքերը, փորձում է ապրել ու արարել, ինչպես դարեր շարունակ՝ տեր կանգնելով իր հողին, իր պատմությանն ու ապագային:
Սակայն, ցավոք սրտի, հայ ժողովրդին սպառնացող վտանգները չեն չեզոքացել, ավելին՝ դարձել են առավել առարկայական ու ահագնացող նաև մայր Հայաստանի տարածքում: Այդ իսկ պատճառով, մենք այլ ճանապարհ չունենք, քան համախմբվել՝ անկախ ամեն ինչից: Այսօր բոլորիս համար առաջնային ու գերակա պետք է լինի միայն ու միայն ազգային ու պետական շահը:
Մենք պարտք ունենք մեր հերոս նահատակների առջև, ովքեր հանուն հայրենիքի պաշտպանության զոհաբերեցին ամենաթանկը՝ սեփական կյանքը: Պարտք ունենք մեր պապերի և գալիք սերունդների առջև: Ուժեղ Հայաստանին, Արցախին ու Սփյուռքին այլընտրանք չկա: Սա պետք է լինի մեր հստակ ու անկասելի ուղերձն աշխարհին:
Թանկագի՛ն բարեկամներ,
Այս գագաթնաժողովին ներկա են մարդիկ, որոնք ներկայացնում են տարբեր գիտական, մասնագիտական, գործարար, երիտասարդական շրջանակներ, կառույցներ ու կազմակերպություններ աշխարհի շատ երկրներից: Վստահ եմ, որ այդ ներուժը առավելագույնս կնպաստի օրակարգում ընդգրկված ռազմավարական խնդիրների համապարփակ ու բազմակողմանի քննարկմանը, դրանց լուծման արդյունավետ ուղիների ու մեխանիզմների մշակմանը, համապատասխան առաջարկությունների ու ծրագրերի ներկայացմանը: Հուսամ, որ բոլոր քննարկումներում ու ձեռնարկումներում Հայաստան-Արցախ- Սփյուռք եռամիասնությամբ շաղախված ազգային շահերի պաշտպանությունը կլինի հիմնական առանցքն ու նպատակը, և Արցախը որևէ կերպ չի անտեսվի՝ որպես այդ եռամիասնության անբաժանելի հենասյուն:
Հայ ժողովրդի ամենամեծ հարստությունն աշխարհով մեկ սփռված իր զավակներն են, որոնց միավորումը կարող է դառնալ փրկության այն միակ օղակը, որն այսօր օդի ու ջրի պես անհրաժեշտ է և՛ Հայաստանին, և՛ Արցախին, և՛ Սփյուռքին: Իսկ արցախահայությունը վճռականորեն շարունակում է իր պայքարը՝ ապրելով Արցախում և ակնկալելով համազգային անվերապահ աջակցություն բոլորիս Հայրենիքի մի կարևոր հատվածը պահպանելու և զարգացնելու գործում:
Հենց այս համոզմունքով ու հորդորով էլ ուզում եմ ավարտել խոսքս և բոլորիդ մաղթել խաղաղություն, քաջառողջություն ու մեծագույն հաջողություններ՝ ի նպաստ Հայրենիք-Սփյուռք կապերի շարունակական ամրապնդման, համահայկական շահերի անսասան պաշտպանության ու համազգային ծրագրերի իրականացման:
Շնորհակալություն»:
13:08 01.06.2025
«Հայրիկս ինձ ասում է, որ աշխատավայրում տանկ է քշում»․ ՊՆ տեսանյութը«Հայրիկս ինձ ասում է, որ աշխատավայրում տանկ է քշում»․ ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել․ ...
12:48 01.06.2025
Ձեր մեծ երազանքներն իրականացնելու ճանապարհին ձեր կողքին է ամենամեծ աջակիցը՝ պետությունը․ Նարեկ ՄկրտչյանԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ․ «Սիրելի՛ երեխաներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։ Այս տոնը՝ լինելով ձերը, միաժամանակ մեզ՝ մեծահասակներիս համար հիշեցում է՝ շարունակելու անել ամենը՝ ձեր ձայնը լսելի դարձնելու, ձեր ցանկությունները հաշվի առնելու և ձեզ համար ապահով, սիրով ու հավասար հնարավորություններով լի միջավայր […] ...
12:28 01.06.2025
Տեղի է ունեցել վարչապետ Փաշինյանի հեռախոսազրույցը Պուտինի հետՏեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմր Պուտինի հետ։ ՌԴ նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետին ծննդյան 50–րդ տարեդարձի առիթով եւ իր բարեմաղթանքները հղել։ ՀՀ վարչապետը ՌԴ նախագահին շնորհակալություն է հայտնել զանգի եւ բարեմաղթանքների համար։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաեւ երկկողմ հարաբերություններին եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերվող հարցեր։ ...
12:15 01.06.2025
Nikkei. G7 գագաթնաժողովը կարող է անցնել առանց վերջնական հայտարարության՝ Թրամփի հետ անհամաձայնության պատճառովՀունիսի 15-17-ը Կանադայում կայանալիք «Յոթի խմբի» (G7) գագաթնաժողովի մասնակիցները կարող են որոշել սկզբից հետաձգել համատեղ հայտարարության հրապարակումը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և G7-ի մյուս առաջնորդների միջև տարաձայնությունները չընդգծելու համար։ Ճապոնական առաջատար «Նիկեյ» տնտեսական թերթի հաղորդմամբ՝ նախագծի վերաբերյալ ներկայումս որևէ քննարկում չկա։ Մեկ հայտարարության փոխարեն, ըստ նրա աղբյուրների, առաջարկվում է ընդունել յոթ առանձին փաստաթուղթ։ Դրանք նվիրված […] ...
11:56 01.06.2025
Մաղթում եմ զվարճալի օր ունենաք՝ չչարաշահելով պաղպաղակը, քաղցր հյութերն ու կոնֆետները․ Անահիտ Ավանեսյանը՝ երեխաներինՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի շնորհավորանքը Երեխաների պաշտպանության օրվա առթիվ․ «Սիրելի՜ երեխաներ, ամենաջերմ ու բարի ցանկություններով շնորհավորում եմ ձեզ։ Ձեր` թե´ֆիզիկական և, թե հոգեկան առողջության պահպանումը մեր գերակայությունն է: Որպես առողջապահության նախարար` իմ ամենամեծ նպատակն է, որ յուրաքանչյուր երեխայի տրամադրվի որակյալ, հասանելի և հոգատար առողջապահական ծառայություններ` Երևանում և մարզերում հավասարապես: Մենք էլ հաճախ հիշենք, որ […] ...
11:45 01.06.2025
ՌԴ նախագահ Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ծննդյան 50-ամյակի կապակցությամբՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ 50-ամյակի կապակցությամբ, կիրակի օրը հաղորդել է Կրեմլի կայքը։ Ուղերձում ասվում է. «Հարգելի՛ Նիկոլ Վովաևիչ, Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Ձեր 50-ամյա հոբելյանի կապակցությամբ։ Ռուսաստանին և Հայաստանին պատմականորեն միավորում են բարեկամական հարաբերությունները։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կարող ենք ապահովել այդ հարաբերությունների հետագա զարգացումը բոլոր ուղղություններում։ […] ...